2020 թուականի դեկտեմբերի 10-ին Պաքւում անցկացուած զինուորական շքերթի ժամանակ Թուրքիայի եւ Ազրպէյճանի ղեկավարներն իրենց թոյլ են տուել ատելութեան խօսք պարունակող, հայապատկան տարածքներում հայ ժողովրդի ֆիզիքական գոյութեանը սպառնացող, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների տարածքային ամբողջականութիւնը կասկածի տակ դնող յայտարարութիւններ: Ազրպէյճանի ղեկավարը չի խորշել հերթական անգամ Սիւնիքը, Գեղարքունիքն ու մայրաքաղաք Երեւանը համարել որպէս ազրպէյճանապատկան տարածքներ: Աւելի՛ն, իր հերթին Թուրքիայի ղեկավարը, վկայակոչելով Էնվեր փաշային, ըստ էութեան հերթական անգամ իրեն դիտում է որպէս հայութեան մեծագոյն դահիճներից մէկի գործի շարունակող:
Պաքուի կենտրոնական հրապարակում արուած յայտարարութիւնների բնոյթը նաեւ վկայում է այն մասին, որ թուրք-ազրպէյճանական տանդեմի` Արցախի նկատմամբ սանձազերծած նախայարձակումը եւ դրա արդիւնքում հայկական բնակավայրերի բռնագրաւումը ո՛չ միայն չեն զսպել այդ երկրների ախորժակը, այլ նաեւ հայապատկան տարածքների նկատմամբ նոր յաւակնութիւնների են մղել:
Փաստօրէն, նախորդ դարասկզբին հայութեան նկատմամբ մարդկութեան պատմութեան խոշորագոյն ոճիրներից մէկն իրականացրած պետութիւնը նոյնիսկ այսօր էլ սպառնում է հայութեան ֆիզիքական գոյութեանն ու անկախ պետականութեանը, իսկ Հայաստանի հարաւի նկատմամբ յաւակնութիւններն օրըստօրէ դառնում են առաւել առարկայական: Ակնյայտ է նաեւ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ Թուրքիան նոր թափով է շարունակում հարեւան բացառապէս բոլոր տարածաշրջանները եւ յատկապէս Հարաւային Կովկասն ապակայունացնելու իր գործելաոճը` բացէիբաց յայտարարելով Հայաստանի հարաւով Ազրպէյճանին, ապա նաեւ Միջին Ասիայի թուրքալեզու ժողովուրդներին միանալու իր վաղեմի նպատակի մասին:
Այս հաստատումներից հետեւում է, որ թուրք-ազրպէյճանական տանդեմը մեր տարածաշրջանում անվտանգային համակարգի թիւ մէկ սպառնալիքն է, ինչը ակներեւ դրսեւորուեց վերջին պատերազմի ընթացքում ազրպէյճանաթուրքական համատեղ ռազմարշաւով եւ Թուրքիայի կողմից ժիհատական վարձկաններին տարածաշրջան փոխադրելով:
Հաշուի առնելով տարածաշրջանում թուրքական ռազմաքաղաքական գործօնի շարունակաբար աշխուժացումը, ժիհատական ծայրայեղականների տեղակայման միջոցով Հարաւային Կովկասի առանձին հատուածների ժողովրդագրական եւ կրօնական նկարագրի փոփոխութեան փորձերը, որոնք յղի են տեւական ժամանակահատուածով տարածաշրջանում բացառել կայուն խաղաղութիւնը, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոն դիմում է միջազգային հանրութեանը, ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահ պետութիւններին եւ գործընկեր միջազգային կազմակերպութիւններին` ամենայն ուշադրութեամբ հետեւելու եւ կանխելու թուրքական ծաւալապաշտական քաղաքականութիւնը: Ցանկանում ենք յիշեալ զարգացումների վրայ հրաւիրել նաեւ Ռուսաստանի ղեկավարութեան ուշադրութիւնը: Ռուսաստանի Դաշնութիւնն, իբրեւ 1994 թուականի մայիսի 12-ի զինադադարի համաձայնագիրը եւ 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը ստորագրող կողմ, առաւել ընդգրկուն պատասխանատուութիւն է կրում տարածաշրջանային խաղաղութեան եւ կայունութեան համար:
Միաժամանակ յայտնում ենք, որ ՀՅ Դաշնակցութիւնը, անկախ ամօթալի պարտութեան պատճառ դարձած Հայաստանի իշխանութեան հանդէպ դիրքորոշումից, իր համաշխարհային կառոյցով եւ Հայ դատի միջազգային ցանցով, շարունակում է Հայաստանի արտաքին քաղաքական շահերի սպասարկման, մեր ժողովրդի անժամանցելի իրաւունքների պաշտպանութեան աշխատանքները` յաճախ դիմակայելով ազրպէյճանական եւ թուրքական համատեղ լոպիստական ցանցի մարտահրաւէրներին:
ՀՅԴ ԲԻՒՐՕ
11 դեկտեմբեր 2020