Վարչապետ Փաշինեանի Ուղերձը. «Մենք Ամբողջութեամբ Վճարել Ենք 20-րդ Դարի Բոլոր Պատերազմների Մեր Պարտքը»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը ուղերձ յղած է Համաշխարհային Բ. պատերազմի յաղթանակի 75-րդ տարեդարձին, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծման օրուան առիթով:

Ուղերձին մէջ նշուած է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում եմ բոլորիս Յաղթանակի օրուան կապակցութեամբ: 75 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը նախկին Խորհրդային Միութեան միւս ժողովուրդների հետ մէկտեղ տօնում էր մարդկութեան պատմութեան ամենամեծ չարիքներից մէկի` ֆաշականութեան դէմ կրած յաղթանակը: Այդ յաղթանակը ձեռք բերուեց մարդկային հսկայական տառապանքների, զոհողութիւնների, աննախադէպ խիզախութեան ու յամառութեան շնորհիւ:

Հայ ժողովուրդը նշանակալից դերակատարում ունեցաւ այդ յաղթանակի կերտման եւ որպէս հետեւանք` ֆաշականութեան արհաւիրքից եւրոպական ժողովուրդներին ազատելու գործում: Խորհրդային բանակում աւելի քան կէս միլիոն հայ մասնակցեց պատերազմին: Հազարաւոր հայեր մարտնչում էին եւրոպական երկրների դիմադրութեան շարժման ջոկատներում: Հայ ժողովուրդը շուրջ 300 հազար կեանք դրեց յաղթանակի զոհասեղանին: Ընդամէնը քառորդ դար առաջ ցեղասպանութիւնից վերապրած ժողովրդի համար դա աներեւակայելի մեծ թիւ էր, որը համեմատելի էր միայն մեծ տէրութիւնների կրած մարդկային կորուստների հետ: Պատերազմի աւարտին Խորհրդային Հայաստանի բնակչութիւնը նուազել էր աւելի քան 13 տոկոսով, այն դէպքում, երբ մեր հողի վրայ պատերազմական գործողութիւններ բնաւ տեղի չէին ունեցել:

Մենք այսօր խոնարհւում ենք մեր նահատակների յիշատակի առջեւ, բայց նաեւ հպարտանում` մեր նախնիների հերոսութեամբ: Պատերազմի ժամանակ 107 հայ արժանացել է Խորհրդային Միութեան հերոսի կոչման` այն բարձրագոյն պարգեւին, որը տրւում էր բացառիկ սխրագործութիւնների համար: Առանձնայատուկ պարծանքի է արժանի նաեւ յաղթանակի համար Հայաստանում եւ սփիւռքում բնակուող հայ ժողովրդի զաւակների եւ յատկապէս Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու ներդրած նշանակալից նիւթական աւանդը:

Մենք ամբողջութեամբ վճարել ենք 20-րդ դարի բոլոր պատերազմների մեր պարտքը: Եւ հիմա, առաւել քան ուրիշ ոեւէ մէկը, քաջ գիտակցում ենք խաղաղութեան արժէքը: Մեր ինքնութիւնը լաւագոյնս արտայայտւում է խաղաղութեան պայմաններում, ստեղծագործ եւ կենարար աշխատանքի միջոցով: Միեւնոյն ժամանակ, իմանալով խաղաղութեան գինը, մենք միշտ պատրաստ ենք ամէն գնով պաշտպանել այն եւ հարկ եղած դէպքում վերստին մարտնչել մեր ազատութեան եւ արժանապատուութեան համար:

Զուգադիպութիւն, կամ գուցէ նախախնամութեամբ կանխորոշուած օրինաչափու¬թիւն է, որ այս օրերին մենք տօնում ենք նաեւ Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծումը: Իրադարձութիւններ, որոնք բացառիկ նշանակութիւն ունեցան մեր նորագոյն պատմութեան համար: Շուշիի ազատագրումն ազդարարեց Արցախի ազատագրման սկիզբը: Պսակուելով փայլուն յաղթանակով` այն իր հերթին դարձաւ մեր ժողովրդի անվտանգութեան ապահովման եւ խաղաղութեան պահպանութեան առհաւատչեան: Այսօր եւս մենք հաստատակամ ենք. Արցախի Հանրապետութեան ժողովրդի անվտանգութիւնն ու ինքնորոշման իրաւունքի իրացումը սակարկութեան առարկայ չեն: Դրանք բացարձակ արժէքներ են մեզ համար:

Յիշենք եւ արժանին մատուցենք Շուշիի եւ ողջ Արցախի ազատագրման համար զոհուած մեր հերոսներին: Նրանք կանգնեցին նոյնքան ամուր, որքան իրենց պապերը մօտ կէս դար առաջ` Երկրորդ համաշխարհային պատերազմում: Յիշենք ապրիլեան քառօրեայ պատերազմում ընկած մեր երիտասարդներին` մեր նորօրեայ հերոսներին, ովքեր իրենց կեանքով ապացուցեցին, որ անմար են մեր ժողովրդի ազատատենչ ոգին եւ կամքը:

Փա՛ռք հայ ժողովրդի ազատութեան համար մարտնչած բոլոր հերոսներին:

Կեցցէ՛ յաւիտենական Հայաստանը»:

 

 

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (1)
  • S. Dermelkonian 11 months

    Armenia Inside and from Outside Paid Fully WW2 by 300,000 Soldiers Death and Millions collected for “Sasoontzi Tavit” army division formation, liberating Balkan States, Berlin. Each Generous Contributors in Lebanon could become $ Millionaires today buying 100,000’s Square meter land pricing 0.1-10 Piaster/sq/meter with contribution money..WAR Over.1946 in UN, Molotov asks Armenian Republic’s Turkey’s Granted Kars-Ardahan Huge province Back to…Georgia..A FULLY GRATEFUL THANK YOU FOR OUR PHYSICAL AND FINANCIAL CONTRIBUTIONS. 1920 agreement still Valid, Armenia Still Landlocked, Celebrating ” Fatherland Victory”, exchanging Greetings…

  • Disqus ( )