Նախագահ Սահակեան. «Ապացուցեցինք, Որ Կրնանք Յառնել Փլատակներէն Եւ Կերտել Պետութիւն»

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը 9 մայիսին շնորհաւորական ուղերձ յղած է Յաղթանակի տօնին, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի հիմնադրման եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձին առիթով:

Նախագահ Սահակեան ըսած է, որ մենք ապացուցեցինք մենք մեզի եւ աշխարհին, որ կրնանք կռուիլ մինչեւ վերջին շունչ եւ պաշտպանել հող հայրենին, կրնանք յառնել փլատակներէն եւ կերտել պետութիւն:

Ստորեւ` ուղերձին ամբողջութիւնը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի եւ արցախեան ազատամարտի թանկագի՛ն վեթերաններ, պաշտպանութեան բանակի յարգարժա՛ն զօրավարներ, սպաներ, զինուորներ, Արցախի Հանրապետութեան իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից ի սրտէ շնորհաւորում եմ ձեզ Յաղթանակի տօնի, Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի եւ Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիւ: Այսօր տօն է իւրաքանչիւրիս ընտանիքում, մեր ամէնէն նուիրական տօներից մէկը, որը սրբագործուել է հայ ժողովրդի տարբեր սերունդների խիզախութեամբ ու անձնազոհութեամբ: Տասնամեակներ շարունակ մենք մեծագոյն խանդավառութեամբ ու ցնծութեամբ տոգորուած տօնում էինք մայիսի 9-ը, տօնում եւ խորին հպարտութեամբ մեծարում էինք մեր պապերին ու հայրերին, ովքեր Խորհրդային Միութեան ժողովուրդների հետ միասին կերտեցին մեծ յաղթանակը: Նրանք մեզ համար անիրական կերպարներ էին, հերոսութեան տիպար, ում օրինակով հետագայում պիտի զէնք վերցնէինք ու կրէինք մեր բաժին յաղթանակը, գրէինք պատմութեան մեր էջը: Իսկ այդ էջը հերոսական է ու փառաւոր:

«Մենք ապացուցեցինք մեզ եւ աշխարհին, որ կարող ենք կռուել մինչեւ վերջին շունչը եւ պաշտպանել հող հայրենին, կարող ենք յառնել փլատակներից եւ կերտել պետութիւն, միջազգային կանոններին ու չափանիշներին համապատասխան, ազատ, անկախ ու ժողովրդավարական պետութիւն:

«Այս տօնական օրը մենք նախ եւ առաջ յիշում ենք հայրենիքի համար զոհուած մեր բոլոր հերոսներին, գլուխ ենք խոնարհում նրանց անմահ յիշատակի առջեւ: Մեր պարտքն է` իրականութիւն դարձնել նրանց իղձերն ու նպատակները, կառուցել հզօր, անվտանգ ու զարգացած երկիր:

Կեցցէ՛ մեր հերոսական բանակը:

Փա՛ռք ու պատիւ հայրենիքի նուիրեալներին:

Փա՛ռք ու պատիւ հայ ժողովրդին»:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )