Հայաստանի եւ Արցախի դէմ վերջին շրջանում Ազրպէյճանի սանձազերծած պատերազմական գործողութիւնների հետեւանքով Հարաւային Կովկասում զգալիօրէն փոխուել է ռազմաքաղաքական հաւասարակշռութիւնը:
Ստեղծուած վիճակում անհրաժեշտ է կատարել հայ ժողովրդին սպառնացող վտանգների եւ առաջացած նոր մարտահրաւէրների ամբողջական վերագնահատում եւ դրա վրայ կառուցել մեր առաջիկայ ծրագրերն ու անելիքները:
Եթէ մինչ այս պատերազմական գործողութիւնները Հայ դատի կառոյցները գործում էին շահեկան դիրքերից` արժեւորելով եւ ամրապնդելով արցախեան ազատամարտում հայութեան տարած յաղթանակի արդիւնքները, ապա հիմա ստիպուած են դիմակայել պարտութեան ծանր հետեւանքներին եւ յաղթահարել նորաստեղծ մարտահրաւէրները:
Առ այդ, այսօր հայութեան եւ Հայ դատի մեր կառոյցների առաջնահերթ խնդիրներն են` պահպանել հայկական ինքնութիւնը, հայոց պետականութիւնն ու ինքնիշխանութիւնը, տէր կանգնել հայ ժողովրդի ու նրա սերունդների անժամանցելի իրաւունքներին եւ կանխել Հայաստանի թուրքացումը:
Թուրքացումը ինչ-որ գեղարուեստական ձեւակերպում չէ, այլ յստակ բնորոշում է թուրք-ազրպէյճանական դաշինքից Հայաստանի քաղաքական, անվտանգային, տնտեսական եւ ընդհանրապէս բազմամակարդակ եւ բազմաբնոյթ կախուածութեան վիճակը:
Սա այն է, երբ Հայաստանը վերածւում է անուանական գոյութիւն ունեցող, սակայն Թուրքիայից ու Ազրպէյճանից փաստացի լիովին կախեալ կցորդ մի երկրի:
Այսօր Հայ դատի խնդիրների հետապնդման համար տարուող պայքարը արտաքին խոչընդոտներից զատ, դժբախտաբար, ձեռք է բերում նորայայտ ներքին ճակատ:
Եւ դա այն պատճառով, որ մեր ժողովրդի անժամանցելի իրաւունքների պաշտպանութեան դէմ թուրք-ազրպէյճանական դաշինքի պայքարին է ըստ էութեան միացել նաեւ Հայաստանի գործող վարչախումբը:
Վարչախումբը` յանուն իր հռչակած խաղաղութեան, ծրագրաւորուած գործընթաց է ծաւալել` հրաժարուելու համազգային նպատակներից եւ մեր կենսական շահերի ու իրաւունքների պաշտպանութիւնից:
Եւ դրանք համարելով «կոնֆլիկտածին»` (հակամարտութեան ծնունդ տուող) հետեւողականօրէն ձգտում է խարխլել հայկական ինքնութեան հիմքերը:
Իրականում, սակայն, սա ակամայ խոստովանութիւն է այն մասին, որ հայ ժողովրդի եւ թուրք-ազրպէյճանական դաշինքի հակամարտութեան բուն առարկան ոչ այլ ինչ է, քան մեր հայկական ինքնութիւնը:
Պարզ խօսքով, մեզ հասցէագրուած ուղերձը ինչպէս միշտ հետեւեալն է` քանի պահպանելու էք ձեր հայկական ինքնութիւնը, չի լինելու խաղաղութիւն:
Եւ այստեղ է, որ պէտք է փնտռել ամէն գնով խաղաղութեան ձգտող գործող վարչախմբի հայկական ինքնութեան ոչնչացմանը միտուած շղթայական զիջումները հիմնաւորելու եւ կատարելու գլխաւոր դրդապատճառը:
Սրա հետ է կապուած նաեւ ազգային բոլոր ուժերի եւ Հայ դատի մեր ողջ կառոյցի պատմական այս փուլի գլխաւոր առաքելութիւնը` կտրել ազգակործան այս զիջումների շղթան:
Մենք ազգովի պարտաւոր ենք դա անել յանուն մեր հաւաքական լինելիութեան:
Յիրաւի, այսօր ողջ հայութիւնը թէ՛ հայրենիքում, թէ՛ սփիւռքում ինքնութեան եւ անվտանգութեան տագնապ է դիմագրաւում: Այս հասկացութիւնները փոխկապակցուած են, քանզի ինքնութիւնն առանց անվտանգութեան անպաշտպան է, իսկ անվտանգութիւնն առանց ինքնութեան` անիմաստ:
Մենք պէտք է ազատագրուենք այս վարչախմբի բերած կեղծ գաղափարներից, քանզի սպառողականութիւնը գովերգող նրանց արժեհամակարգում հայն ու յաղթանակը միասին տեղ չունեն:
Այստեղ հայի իրաւունքներն ու շահերը փոխարինուած են «իրական Հայաստան»-ի քաղաքացի կոչուածի իրաւունքներով, իսկ յաջողութեան, ըստ իրենց, հասնում են ոչ թէ յաղթանակով, այլ պարտութեամբ եւ շարունակաբար հպարտանում են իրենց բերած պարտութիւններով:
Ուստի, սպասելի էր, որ Դաշնակցութեան հակադրութիւնն այս իշխանութիւնների հետ դառնալու էր աւելի խորքային: Այն այսօր առաւելապէս գաղափարական է եւ արժեհամակարգային:
Մեզ համար իրական ինքնութեան բաղադրիչներն են. մեր ընդհանուր հայրենիքը, մեր մայրենի լեզուն, մեր սերունդների ժառանգութիւնն ու մշակոյթը եւ մեր Սուրբ կրօնն ու հաւատամքը:
Մեզ համար իրական անվտանգութիւնն ու խաղաղութիւնը այն է, որ երաշխաւորւում է հայութեան հաւաքական ուժերով եւ բոլոր այն դաշնակից երկրների զօրակցութեամբ, որոնց համար պակաս կարեւոր չէ հայկական գործօնի եւ ինքնութեան պահպանումը այս տարածաշրջանում:
Հայ ժողովուրդն այսօր կանգնած է ճակատագրական ջրբաժանի առջեւ` կա՛մ ձեւաւորել ազգային իշխանութիւններ, փոխել երկրի այս հակազգային ուղեգիծը եւ Հայաստանը լինի իրականում հայկական, կա՛մ թողել, որ այս ընթացքով Հայաստանի թուրքացումը դառնայ իրական:
Ընտրութիւնը սա է` կամ մէկը, կամ միւսը:
Ուրիշ իրականութիւն չկայ:
Մենք այստեղ ենք նպաստելու, որ մեր ժողովուրդը ճիշդ կողմնորոշուի եւ ընտրի ազգայինը պահպանելու ուղղութիւնը:
* ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ խօսքը` ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովի պաշտօնական բացման արարողութեան:



