ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հայաստանում մտահոգիչ իրավիճակ է մարդու իրաւունքների ոլորտում: Քաղաքական դրդապատճառներով յարուցուող քրէական գործերը եւ կալանաւորումներն աւելանում են, բռնաճնշումները սաստկանում են: Ընտրութիւններից յետոյ կալանաւորուած են ընդդիմութեան գրեթէ բոլոր խոշոր ուժերի ղեկավարները: Բազմաթիւ քաղաքական եւ հանրային գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ կա՛մ բանտերում են, կա՛մ տնային կալանքի տակ, կամ այլ սահմանափակումների մէջ:
Ընտրութիւններից անմիջապէս յետոյ Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանի հանդէպ յարուցուեց շինծու եւ ցուցադրական գործ: Այս դատավարութիւնն ունի բոլոր հնարաւորութիւնները` միջազգային իրաւաբանութեան մէջ դասագրքային օրինակ դառնալու: Վերնագիրը կարող էր լինել «Ինչպէ՞ս անտեսել իրաւունքը, ինչպէ՞ս խեղդել արդարադատութիւնը»:
Առաջին հերթին` ամենազարմանալին, այս գործում Ծառուկեանին տուժողից վերածել են մեղադրեալի: Ներդրողին, որը գումար է կորցրել, նստեցրել են մեղադրեալի աթոռին: Փաստաբանները վերջերս հրապարակեցին ամիսների վաղեմութեան ծաւալուն մի տեսանիւթ, որտեղ Ծառուկեանի դէմ կեղծ ցուցմունք տուած անձինք ընդունում են, որ հէնց իրենք են պարտք Ծառուկեանին եւ ժամանակ են խնդրում վերադարձնելու համար: Ծառուկեանը համաձայնում է, նրանք մի քանի անգամ շնորհակալութիւն են յայտնում մարդկային պահուածքի համար եւ խնդրում են ժամանակացոյց սահմանել` պարտքը վերադարձնելու համար: Նոյնիսկ այս փաստերի հրապարակումից յետոյ Ծառուկեանը մնում է կալանքի տակ:
Դատական նիստի ժամանակ Ծառուկեանը յայտարարում է. «Ես գիտեմ, որ արդար եմ, իմ խիղճը հանգիստ է: Ու դա ինձ անսահման ուժ է տալիս: Բոլորն էլ գիտեն, որ իմ հանդէպ կատարուողը ապօրինութիւն է: Բոլորը օրէնքի առաջ հաւասար են: Հնարաւոր չի գալ մարդուն ասել` դու մեղաւոր ես, էն դէպքում, երբ տուժողը ինքն է: Արդարութիւնը, միեւնոյն է, յաղթելու է»:
Դատարանի դահլիճում Ծառուկեանն իրեն պահում է վստահ, արժանապատիւ, ամէն անգամ ողջունելով հաւաքուած համախոհներին, խմբակիցներին, այլ քաղաքական-հանրային ուժերի մեծաթիւ ներկայացուցիչների: Նիստերի ժամանակ դրսում հաւաքուած հազարաւոր մարդիկ վանկարկում են. «Ազատութիւն Ծառուկեանին»:
Չորս ամիս կալանքի տակ գտնուելուց յետոյ` օրերս հրապարակուած միջազգային սոցհարցման տուեալներով, Ծառուկեանը շարունակում է լինել անհատական ամենաբարձր վարկանիշով ոչ իշխանական գործիչը:
Ո՞րն Է Նրա Հեղինակութեան Գաղտնիքը
Լինելով սովորական ընտանիքից` դեռեւս Խորհրդային Միութեան վերջին տարիներից սկսում է զբաղուել ձեռնարկատիրութեամբ: Սեփական աշխատանքով աստիճանաբար հասնում է յաջողութեան: Երբեք չլինելով պետական պաշտօնեայ, երբեք չունենալով պետական պիւտճէից «օգտուելու» հնարաւորութիւններ եւ պետական լծակներ, կարողանում է դառնալ անկախ Հայաստանի գործարարութեան ու յաջողութեան խորհրդանիշներից մէկը:
Նա կամ կառուցել է զերոյից կամ ձեռք է բերել քանդուած, աւերուած ձեռնարկութիւններ, եւ դրանք վերականգնելով, խոշոր ներդրումներ անելով` հասցրել է միջազգային ամենաբարձր մակարդակի:
2000-ականներին, երբ հայկական մարմնամարզութիւնը գտնւում էր խոր անկման մէջ (չգործող մարզադպրոցներ, մարզիկների, մարզիչների զանգուածային արտագաղթ), երբ թւում էր, թէ հայկական մարմնամարզութիւնը վերջնականապէս կորցնում է իր երբեմնի համբաւը, Ծառուկեանը ստանձնում է Հայաստանի ողիմպիական կոմիտէի նախագահի պաշտօնը եւ իր անձնական ներդրումների, անձնական հեղինակութեան շնորհիւ կարողանում է կանգնեցնել մարմնակրթութեան փլուզումը, իսկ կարճ ժամանակ յետոյ սկսւում է հայկական մարմնամարզութեան վերելքը, որով մինչեւ այսօր հպարտանում է ամբողջ հայութիւնը. տարբեր տարիքային խմբերում հազարաւոր մետալներ, Եւրոպայի, աշխարհի ախոյեաններ, համաշխարհային ողիմպիականներում բոլոր տեսակի մետալներ` ոսկի, արծաթ, պրոնզ:
Ծառուկեանը համարւում է անկախ Հայաստանում բարերարութեան խորհրդանիշներից մէկը. հայաստանեան ծագման, ազգային դրամագլուխի ներկայացուցիչը նորանկախ Հայաստանում մշակոյթի, մարմնակրթութեան, գիտութեան, կրթութեան ոլորտներում անում է տասնեակ միլիոնաւոր տոլարների բարեգործութիւն, այդ թւում` փոխհատուցելով հազարաւոր երիտասարդների ուսման ծախսը, հոգալով հազարաւորների բուժման եւ այլ ընկերային կարիքները:
Աշխարհի տարբեր օդանաւակայաններում, աշխարհի տարբեր քաղաքներում Ծառուկեանին են մօտենում երիտասարդներ` հարցնելով. «Չէ՞ք յիշում ինձ» ու շարունակում են. «Ես ձեր շնորհիւ եմ սովորում այսինչ հեղինակաւոր բուհում, ձեր շնորհիւ եմ ստացել բարձրակարգ կրթութիւն ու հիմա աշխատում եմ հեղինակաւոր միջազգային հաստատութիւններում եւ այլուր»:
Ծառուկեանը հայաստանեան ազգային դրամագլուխի առաջին ներկայացուցիչն էր, որ ձեւաւորեց նոր աւանդոյթ` ոչ միայն սփիւռքը պէտք է օգնի Հայաստանին, այլեւ Հայաստանից պէտք է օգնել դժուար վիճակում յայտնուած` սփիւռքի տարբեր համայնքների հայութեանը: Ծառուկեանը օգնութեան ձեռք է մեկնել պատերազմի պայմաններում դժուար վիճակում յայտնուած Սուրիայի, Լիբանանի մեր հայորդիներին, աջակցել է սփիւռքի բազմաթիւ վարժարանների, կրթօճախների, մարզադպրոցների:
Արցախի շրջափակման ծանրագոյն փուլում Ծառուկեանը կարողացաւ մեծ ծաւալի աջակցութիւն ուղարկել մեր հայրենակիցներին: Շրջափակման ժամանակ Արցախում ծնուած բոլոր երեխաներին Ծառուկեանը նուիրեց ոսկեայ խաչեր` որպէս յոյսի եւ հայ ժողովրդի յաւերժութեան խորհրդանիշ:
Ծառուկեանի գործունէութեան մէջ առանձնայատուկ տեղ է գրաւում եկեղեցաշինութիւնը: Կառուցել եւ վերակառուցել է մի քանի տասնեակ եկեղեցիներ` Հայաստանում եւ աշխարհի տարբեր վայրերում:
Ծառուկեանի ընթացիկ ամենախոշոր նախագիծը Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի կառուցումն է: Գիտակցելով, որ այս գաղափարը արդէն դուրս է եկել իր մտայղացման շրջանակներից` Ծառուկեանը ձեւակերպեց իր մօտեցումը. «Թէեւ ամբողջ գումարը ես եմ դնում, իմ ընտանիքն է դնում, բայց Քրիստոսի արձանը արդէն դարձել է ազգային կառոյց: Եւ դա մեծագոյն ձեռքբերում է»: Հազարաւոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից որպէս կամաւորներ արդէն աշխատել են արձանի շինարարութեան վրայ, ստացել են կամաւորի հաւաստագրեր եւ իրենց անունը թողել պատմութեան մէջ: Ծառուկեանին գրեթէ ամէն օր կարելի էր տեսնել արձանի շինհրապարակում` աշխատելիս, շինարարների հետ հարցեր քննարկելիս: Իսկ արձանի կառուցման կարգախօսը, կարծում եմ, լաւագոյնս է ընտրուած. «Ազգային վերածննդի, ներքին համերաշխութեան, աշխարհին ներկայանալու խորհրդանիշ» է:
Ծառուկեանը, վստահաբար, կը կառուցի արձանը, տասնեակ միլիոնաւոր զբօսաշրջիկներ կը գան Հայաստան, երկրի տնտեսութեան համար այն լուրջ խթան կը դառնայ, եւ աշխարհը Հայաստանը կը ճանաչի ու կը սիրի նաեւ այս կառոյցի շնորհիւ:
2026-ի ԱԺ ընտրութիւններին Ծառուկեանը մասնակցում էր «Առաջարկ Հայաստանին» ծրագրով եւ ներքին համերաշխութեան կարգախօսով: Քարոզարշաւի առաջին օրը նա հրապարակաւ արգելեց իր խմբակիցներին` վիրաւորել կամ անյարգալից լինել մրցակիցներից ոեւէ մէկի հանդէպ: Յորդորեց խօսել միայն ծրագրից եւ այն լուծումներից, որն առաջարկում է ինքը` պետութեան համար այս դժուար պահին:
Յետոյ սկսուեց բռնաճնշումների ալիք, եւ շինծու, կեղծ մեղադրանքով Ծառուկեանը ձերբակալուեց: Մինչեւ այդ բոլորի աչքի առաջ Կեդրոնական ընտրական յանձնաժողովը ապօրինաբար արգելեց Ծառուկեանի քաղաքական ուժի` ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան: Ամբողջ աշխարհի աչքի առաջ կատարուեց ձայնագողութիւն. գողացուեց մի ամբողջ խմբակցութիւն: Կեղծիքն այնքան ակնյայտ էր, որ նոյնիսկ այսօրուայ անտարբեր աշխարհը չկարողացաւ աչք փակել: ԲՀԿ-ի եւ Ծառուկեանի դէմ կատարուած կեղծիքը սկզբում արձանագրեց Ռուսաստանը, իսկ կարճ ժամանակ անց Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը` իր զեկոյցում յատուկ ընդգծելով այդ հանգամանքը:
Օգոստոսի վերջին ազդարարուեց Գագիկ Ծառուկեանի պաշտպանութեան հանրային կոմիտէի ձեւաւորման մասին: Այն կազմուած է Հայաստանի եւ սփիւռքի մօտ հարիւր հեղինակաւոր գործիչներից` իրաւաբաններ, գիտութեան, արուեստի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքական, հանրային գործիչներ` աշխարհի տարբեր երկրներից: Կոմիտէի ձեւաւորման լուրի հրապարակումից երկու օր անց Գ. Ծառուկեանը կալանավայրից իր ուղերձով խնդրեց, որ խորհուրդը գործի ոչ միայն իր, այլեւ` հայաստանեան միւս քաղբանտարկեալների, ինչպէս նաեւ Պաքւում պահող հայորդիների ազատ արձակման համար: Ընդհանրապէս, այս ամբողջ ընթացքում, կալանավայրից իր ուղերձներով Ծառուկեանը միշտ իր աջակցութիւնն է յայտնում Պաքւում գերեվարուած Արցախի ղեկավարութեանն ու միւս հայորդիներին:
Հայաստանի ներսում եւ դրսում իրավիճակը շարունակում է լարուած մնալ: Ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում ունենք քաղաքական բանտարկեալներ: Երկրի ներսում չդադարող քաղաքական եւ հանրային լարուածութիւնը ոչնչով չի օգնում դրսի խնդիրների լուծմանը: Հայաստանի միջազգային խնդիրները, տարածաշրջանի բարդ իրավիճակն այսօր մեր երկրից պահանջում են բոլոր ուժերի համախմբում եւ ներքին հանդարտութիւն:
Ազատութի՛ւն Գ. Ծառուկեանին, ազատութի՛ւն բոլոր քաղբանտարկեալներին, ազատութի՛ւն Պաքւում պահուող հայորդիներին:


