Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նիկոլ Աղբալեանը` Մարգարէացման Օրինակներէն*

January 6, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Ո ՞վ Է Նա…

Նիկոլ Աղբալեանի մասին խօսելիս առաջին իսկ պահին հարց է առաջանում. ինչպէ՞ս նրան ներկայացնել: Հարց է առաջանում` ո՞վ է նա…

– Գրականագէտ, արուեստի մշակ
– Ազգային-հասարակական գործիչ
– Պետական-քաղաքական գործիչ
– Երեւանի պետական համալսարանի հիմնադիր
– ՀՀ լուսաւորութեան նախարար
– Սփիւռքում կառոյցների հիմնադիր
– Հայաստանի հայացման նախաձեռնող
– ՀՅԴ տեսաբան եւ ՀՅԴ Բիւրոյի երկարամեայ անդամ

Այս հերթականութիւնն այլոց դէպքում կարող է այլ կերպ լինել:

Դրա համար այսօրուայ խօսքս վերնագրել եմ ընդհանրացուած`

Նիկոլ Աղբալեան. Գրչով, Խօսքով Ու Ուժով Հայացնողը

Իր գործունէութեան ողջ իմաստը, բովանդակութիւնը թերեւս նրա մէկ արտայայտութիւնն էր` «Ազգը պէտք է վերակերտել ոչ միայն զէնքի ուժով, այլեւ` մտքի»: Տարբեր փուլերում էլ այս զոյգ ուղղութեամբ էլ ծաւալեց իր աշխատանքը:

Ծնունդով Թիֆլիսի հայկական Հաւլաբարից` նա իր առաջին քայլերը սկսեց կրթութեան եւ դպրութեան դաշտում: Տարբեր համալսարաններում ուսանելուց յետոյ նա պէտք էր գործէր հայկական վարժարաններում` Պարսկահայքից մինչեւ Շուշի, ապա` Թիֆլիս ուսուցչութիւն, տնօրինութիւն, ապա նաեւ` գրական, գրաքննադատական ոլորտ: Եւ այս ուղղութեամբ իր ուսումնասիրութիւններով, գրուածքներով, յօդուածներով նա դարձաւ դրօշակիրը հայոց գրական բազմադարեան հարստութեան վերանորոգման շարժման, մինչեւ որ ունեցաւ երջանկութիւնը յայտնուելու Թիֆլիսի հայ մտաւորականների միջնաբերդում` «Վերնատանը»` Թումանեանի, Աղայեանի, Իսահակեանի, Շանթի ու միւսների ընկերակցութեամբ:

Ազգային Բիւրօ, Կամաւորական Խմբերի Կարգադրիչ Մարմինի Անդամ 

Բայց արդէն 1904-ից ՀՅ Դաշնակցութեանը անդամակցելով` փոթորկող աշխարհում ու տարածաշրջանում նրան կեանքը պէտք էր մղէր հասարակական, հանրային, քաղաքական գործունէութեան յորձանուտ:

Թիֆլիսում ընդգրկուած էր Ազգային Բիւրոյի կազմում, երբ պայթեց Ա. Աշխարհամարտը:

Արեւմտահայութեան օգնութիւն, գաղթականութեան տեղաւորում, պարենաւորում… աշխատանքներ, որոնց բեռի տակ կքած Բիւրոյի անդամ Աղբալեանը 1914-17 թուականներին արդէն Կամաւորական խմբերի կարգադրիչ մարմինի անդամ էր` Ռոստոմի, Արմէն Գարոյի, Յ. Արղութեանի, Ա. Գիւլխանդանեանի, բժ. Յ. Զաւրիեւի եւ Ս. Վրացեանի հետ միասին:

«Դարձել եմ միջնորդ` զինուորական մարմինի եւ Ազգային Բիւրոյի միջեւ: Ինձ են յանձնում դրամը եւ ինձանից հաշիւ պահանջում, մի տեսակ ելեւմտական նախարար եմ դարձել եւ օր ու գիշեր դրամի եւ հաշուի հետ գործ ունեմ…», 1915 մարտին մի առիթով Աղբալեանը գրել է ընկերոջը` ներկայացնելով իր զբաղուածութիւնն ու ծանրաբեռնուածութիւնը: Նրա դուստրը` Դորան, տարիներ առաջ ուշագրաւ դիպուած էր պատմում այդ օրերից: Օրերով, շաբաթներով տուն չեկած Աղբալեանը մի ուշ գիշերին, երբ բնակարան է գալիս, կինը նեղսրտում է, թէ դստեր ծննդեան օրն է ու չի յիշում: «Հայրիկը յանկարծ ասաց` թէ ի հարկէ, յիշում է ու նուէր ունի անելու ու նստեց դաշնամուրի առաջ ու իր թովիչ ձայնով սկսեց Սայաթ Նովա կատարել…»:

Հայկական կամաւորական խմբերի առաջխաղացման, ռազմական թատերաբեմում գործելուն զուգահեռ, Աղբալեանը չէր սահմանափակւում լոկ դրանց մասնակցութիւն ունենալով: Նրա միտքն աւելի առաջ էր, ծրագրումներ էր անում, վաղուայ օրուան էր պատրաստւում: «Գնանք այն երկիրը, որի մասին այնքան երազել ու մտածել են մեր լաւագոյն մարդիկ: Պէտք է կարգի բերել մի անկարգ աշխարհ եւ վերաշինել մի աւերակ երկիր: Բովանդակ հայութեան գործակցութիւնն է պէտք այս շինարար աշխատանքին», գրում էր ընկերոջը, մեկնելով, թէ վերաշինման ի՛նչ ահռելի գործ պէտք է արուի Արեւմտահայաստանում:

Իսկ թուրքական ճակատը սկսում էր փլուզուել` նոր հորիզոններ բացելով առաջացող ռուսական զօրքի եւ հայկական կամաւորական գնդերի համար: Յամառ ինքնապաշտպանութիւնից յետոյ 1915-ի յունիսին արդէն Վանն էր ազատագրուած, որի բերկրանքը Աղբալեանը ներկայացնում էր չափածոյ տողերով.

«Ի Վա՜ն, ի Վա՜ն,
Կոչն է օրուան
Խունունցը մեր,
Որ չգիտեր,
Թէ Հայաստան,
Մեր գիւղ, քաղաք,
Լեռ, անդաստան,
Գետ ու ծովակ,
Քանի դարեր,
Անտէր, աւեր,
Բիրտ, մոլեգին
Քիւրդ ու թուրքին
Քամին ընկան
Ի Վա՜ն, ի Վա՜ն
Կանչում է արդ
Վէս ու հպարտ»:

Անձեւ Քաոսից Դէպի Հայկական Պետութիւն

Սակայն յաղթանակների, ազատագրման բերկրանքը երկար չէր տեւելու: Կովկասում կատարուեց այն, ինչից զգուշանում էր Աղբալեանը, յայտարարելով, որ ամենամեծ վտանգը Ռուսաստանում անկայունութեան հաստատումն էր: Ցարական իշխանութեան անկում, Ժամանակաւոր կառավարութեան հաստատում, կովկասեան ճակատի փլուզում ու Անդրկովկասեան ժամանակաւոր Սէյմի ստեղծում: Այլեւս պարզ էր, որ ամէն ժողովուրդ իր ճակատագիրը պէտք է տնօրինի: Թիֆլիսում գտնուող հայկական քաղաքական վերնախաւը դեռ անորոշութեան մէջ էր, իսկ Աղբալեանը հաստատակամ էր ու ուղին էր ցոյց տալիս` «Բայց, պարոններ,… մի՛ մոռացէք, որ հայոց ժողովուրդը անհաշիւ սերունդներով անկախութիւն է երազել: Նա չի ակնկալել, որ անկախութիւնը անպատճառ ծափ ու ծիծաղով պիտի գայ: Նա պայքարել ու երազել է: Եւ ահա անկախութիւնը գալիս է: Գալիս է գուցէ անժամանակ, գուցէ մենք դեռ պատրաստ չենք նրան արժանավայել կերպով ընդունելու, բայց գալիս է…»:

Ու այդ գալը դիմաւորողների, ուղին կերտողների մէջ էր Աղբալեանը: Նա Ա. Ահարոնեանի, Յ. Քաջազնունու եւ Ա. Խատիսեանի հետ միասին ոչ միայն Անկախութեան յայտարարութեան բնագիրը մշակողների յանձնախմբի մէջ էր, այլ պէտք էր երջանկութիւնն ունենար, որ իր ձեռագրով պատմական փաստաթուղթը պատմութեանն յանձնում:

«…Ազգային խորհուրդը ժամանակաւորապէս ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գաւառների քաղաքական ու վարչական ղեկը վարելու համար:
Հայոց Ազգային Խորհուրդ
1918թ. մայիսի 30, Թիֆլիս»:

Փաստաթուղթն անգամ կազմուած էր այնքան գրագէտ, որ չվտանգէր նոր ձեւաւորուած պետութեան ապագան` գործածելով երկրի տարածքի ընդհանրական մի  «հայկական գաւառներ» ձեւակերպումը, տեղ թողնելով ապագայ գործողութիւններին: Ու պատահական չէր, որ ճիշդ մէկ տարի յետոյ այլեւս Հայաստանի Ազգային խորհուրդը պէտք էր հռչակէր Միացեալ Հայաստանի մասին:

Այլեւս գործի, անձեւ քաոսից պետութիւն կերտելու ժամանակն էր, ու Աղբալեանը այլոց հետ տեղափոխուեց Երեւան, Ազգային խորհուրդ, ուր պատգամաւոր Աղբալեանի բոլոր ելոյթներն աւարտւում էին` «Հայաստանը պէտք է հայացուի» նախադասութեամբ»:

Անկախութիւնից Դէպի Հայացում

Աղբալեանի գործունէութեան մէջ այս շրջանը հասկանալի պատճառներով քիչ է ուսումնասիրուած, լուսաբանուած, բայց փուլ է, որի արդիւնքում ունեցանք հայկական հայրենիքի մի հատուած:

Հայոց ցեղասպանութիւնից մազապուրծ հարիւր հազարաւոր գաղթականներ, անտուն, անծածկ, որոնց պէտք էր տեղաւորել, բնակեցնել, ապահովել նուազագոյն անհրաժեշտութիւններով:

Դեռ Թիֆլիսում էր Աղբալեանն ուսումնասիրել Հայաստանի ժողովրդագրական պատկերը, արձանագրել այն անվտանգային սպառնալիքները, որոնք կային Հայաստանի Հանրապետութեան համար` ըստ բնակավայրերի այլազգի բնակչութեան տեղակայման, մեծ ճանապարհների վրայ հաստատման պատճառով:

Ու Ռուբէն Տէր Մինասեանի հետ, ֆիդայական փորձառու խմբերի օգնութեամբ  Աղբալեանը դարձաւ Հայաստանի հայացման ճարտարապետը: Արագածի փէշերի տակ պատսպարուեցին տասնեակ հազարաւոր գաղթականներ, ու ասօր այդ շէնացած բնակավայրերի ժողովուրդը պարտական է հէնց աղբալեաններին ու ռուբէնների, մօրուք կարոներին ու չոլոներին` իրենց ապահով կեանքի համար:

Հայացումը մէկ գործողութիւն չէր, պէտք էր համակարգային գործողութիւններ արուէին նաեւ այլ ոլորտներում: Ահա մի քանի որոշում, նախաձեռնութիւն, որոնց արդիւնքում երկիրը դարձաւ նաեւ հայախօս:

– 1919-ին ՀՅԴ Ընդհանուր ժողովն որդեգրեց հայացման մասին բանաձեւը,
– 1919-ին ձեւաւորուեց Հայացման կոմիտէն,
– 1919 թ. դեկտեմբերի 26-ին խորհրդարանն ընդունեց «Պետական լեզուի մասին» օրէնքը,
– 1920 թուականից արդէն աշխատանքից ազատւում էին հայերէնին չտիրապետող պետական պաշտօնեաները:

Պետականաշինութիւն

Երկիրն արդէն առաջին իսկ քայլերից դնում էր հիմքը` պետականութեան, կառավարչական հաստատութիւնների, անկախ պետութիւն ունենալու հանրային գիտակցութեան:

Յետոյ արդէն Աղբալեանն իր նամակներից մէկում այսպէս ձեւակերպեց այդ առաքելութիւնը. «Հետագայ սերունդը հայ իշխան` ասելով պէտք է կարիք չունենայ մտքով թռչելու մինչեւ տասնմէկերորդ դար,  Կիլիկիան եւս հաշուելով` 15-րդ դարը: Մենք խզեցինք ստրկութեան դարերի շղթան եւ ազատ հայութեան մի նոր պատկեր տուինք հրահանգիչ բոլոր հայերի համար»:

1923, մայիս 11, Թաւրիզ

Կրթութեան Պարոն Մինիստր

Անկախ պետութիւնում կրթութեան ոլորտում բացայայտւում է Աղբալեանի ողջ էութիւնը, մեծ դաշտ բացւում դեռ տարիներ առաջուայ նրա` «Ազգը պէտք է վերակերտել ոչ միայն զէնքի ուժով, այլեւ` մտքի» բանաձեւմանը միս ու արիւն ստանալուն:

Աղբալեանական նախաձեռնութիւնների լոկ թուարկումն արդէն ինքնին խօսուն է` հաստատւում է պարտադիր հանրակրթութիւն, հիմնադրւում են` Մատենադարանը, երաժշտանոցը, Ազգային գրադարանը, աշխուժանում է մշակութային կեանքը, ֆինանսաւորում են` Կովկասի հայկական բոլոր դպրոցներին, հայրենիքում հաստատւում է ՀՄԸՄ կառոյցը, սկսւում է մշակութային-գիտական ներգաղթ…

Գիտութեան Ջահը Վառուեց…

Այս ներգաղթի խարիսխը մայր համալսարանի հիմնադրումն էր, որը տեւական աշխատանքի արդիւնք էր` կազմակերպական, օրէնսդիր, յարաբերական, որի վերջնարդիւնքը 1920 թուականի յունուարի 31-ին Ալեքսանդրապոլի ցրտաշունչ ձմեռային օրով օտար դեսպանների, հասարակական-պետական գործիչների, գիտնականների, մանկավարժների ներկայութեամբ Աղբալեանի կրակոտ ելոյթն էր համալսարանի բացման արարողութեան ժամանակ.

«Չնայած որ մեր երկիրն աւերուած է, մեր ժողովուրդը` աղքատութեան մէջ, մենք հիմնում ենք բարձր կրթարան: Այն, ինչ մենք ունենք այսօր, ձեռք է բերուած սերունդների արիւնով… Մենք վերաշինում ենք մեր տունը եւ հիմնում կրթութեան տաճարներ` առանց խորհելու, թէ ի՛նչ են մտածում մեր մասին մեր թշնամիները, որոնք միշտ քանդել են մեր շինածը: Մեր մէջ հաւատ կայ, որ այս անգամ հայոց ազգի նաւը դուրս կը գայ փոթորկից անփորձանք: Մեր թշնամիները չեն յաջողելու, եւ այն ջահը, որ մենք վառում ենք Հայաստանի բարձրաւանդակի վրայ, չի հանգչի եւ կը լուսաւորէ Առաջաւոր Ասիան»:

Թւում է, թէ Աղբալեանի խօսքը Առաջաւոր Ասիան լուսաւորելու մասին լոկ հռետորաբանութիւն էր: Բայց` ոչ երբեք, դա մարգարէութիւն էր, որ հիմա էլ իրականութիւն է:

Փաստենք. Երեւանի պետական համալսարանում, նրա հենքի վրայ ձեւաւորուած բժշկական, ճարտարագիտական, ճարտարապետական համալսարաններում դեռ խորհրդային տարիներից մինչեւ մեր օրեր կրթութիւն են ստացել, իրենց բնագաւառներում լաւ մասնագէտներ են դարձել Մերձաւոր ու Առաջաւոր Ասիայից մինչեւ Հնդկաստան, Չինաստան ու Ափրիկէ տասնեակ հազարաւոր երիտասարդներ, որոնք հոգեկան կապը Հայաստանի հետ մինչեւ հիմա էլ պահում են:

Սա է իրականութիւնը, Աղբալեանը, որ ունէր երազանքներ, ու դրանք ի վերջոյ իրականութիւն էին դառնում ու հետագայ տարիներին էլ դառնալու էին, որոնց կ՛անդրադառնանք քիչ անց:

Փորձութիւն, Բանտ, Տարագրութիւն

Սակայն խաղաղ վերաշինման գործին, հայրենիքը ազատ ու բարգաւաճ, միասնական տեսնելու երազանքների ի կատար ածման ճանապարհին բազում խութեր, փորձութիւններ ու յարձակումներ դեռ կային:

Պետական հիմքերի թուլացման առաջին լրջագոյն ահազանգը մայիսեան պոլշեւիկեան խռովութիւնն էր, որ պայթեց երկրում, ու այս հարցում շատ յաճախ քննադատութեան սլաքներ ուղղուեցին Աղբալեանի ուղղութեամբ: Նրան մեղադրում էին կրթական համակարգում անտեղի ժողովրդավարութեան, հանդուրժողականութեան համար, որի արդիւնքում էլ խռովութեան մէջ իբր մեծ էր դերը ուսուցչութեան: Սակայն հետագայում հետազօտողներ պարզում են այդ քննադատութեան անտեղիութիւնը: Այսպէս, Կարսում խռովարարների շարքում ուսուցիչ են եղել 190-ից 11-ը միայն, Ալեքսանդրապոլում` 170-ից 9-ը:

Իսկ բուն խռովութեան ծնող պատճառների ու գործողութիւնների ծրագրի վերլուծութիւնը դուրս է այսօրուայ մեր քննարկելիք թեմայից:

Ներքին թշնամուն արդէն 1920 թուականի աշնանը պէտք էր յաջորդէին արտաքին յարձակումները` թուրքական ներխուժումից մինչեւ պոլշեւիկեան բռնագրաւում, որն էլ 1920 թուականի դեկտեմբերի 2-ին վերջ դրեց Հայաստանի Ա. Հանրապետութեանը:

Հայրենիք ու երկիր սիրող Աղբալեանը, Շանթը ու միւսները դեռ յոյս ունէին, որ կարելի է անգամ օտար վարչաձեւի պայմաններում ծառայել հայութեանը: Բայց յոյսերը սին էին, քանզի Հայաստանը զաւթել էր ապազգային, թշնամական պոլշեւիզմը, հայերի դէմքով անգամ:

Ու արդէն` բանտարկութիւն, անորոշ օրեր, մահուան սպառնալիք:

Եւ Աղբալեանը, Շանթը, Ռուբէն Դարբինեանը, Քաջազնունին ու միւսները կ՛արժանանային խմբապետ Համազասպի ու շատերի ճակատագրին ու կը կացնահարուէին Երեւանի բանտում, եթէ չյորդէր համբերութեան բաժակը, արժանապատուութիւնը չյաղթէր ստրկութեանը, որն էլ Աղբալեանն է նկարագրել արդէն չափածոյ:

Բայց անհաւասար պայքարում Փետրուարեան ապստամբութեանը վիճակուած չէր երկար գոյատեւելու, նորից անկախ պետականութեան երթը շարունակելու: Ու մէկ գիշեր, ինչպէս հետագայում Աղբալեանի որդիներից մէկն է յիշում, նրանց բնակարան եկաւ Դրոն ու գուժեց` «Թողնում ենք քաղաքը…»:

Յոյսը, թէ տարագրութիւնը կարճ ժամանակով էր, շուտով ընտանիքի հետ կը վերամիաւորուի, այդպէս էլ չիրականացաւ մինչեւ Աղբալեանի մահ, մնացին` կարօտը, յոյսը, երազանքը:

Նոր Պետութիւն, Արդէն` Սփիւռքում

Երազանքների թւում էր հետագայում անկախ պետականութիւն տեսնելը, ու այդ ազատութեան համար էլ Պարսկաստան, Եգիպտոս, Լիբանան եռանկիւնում, սփիւռքի նոր կազմաւորուող բոլոր համայնքներում Աղբալեանն ու կուսակիցները գործեցին ուժերի ներածին չափով, ամէն մէկը քամուելով իրեն հոգեհարազատ ոլորտներում:

Եթէ պատկերաւոր նկարագրենք Ա. Հանրապետութեան տարագիր ղեկավարութեան յաջորդ մի քանի տասնամեակների գործունէութիւնը, ապա կարող ենք ասել` 1918-ին պետութիւն կերտելուց յետոյ նրանք պարտադրուած երկրորդ հայկական պետութիւնը կերտեցին այլեւս օտար ափերում, նոր ձեւաւորուող սփիւռքում: Հապա ի՞նչ այլ անուն տալ այն աշխատանքին, համահայկական կառոյցների կազմաւորման կամ հզօրացմանը, որ կատարուեց: Եթէ ՀՕՄ, ապա ասել է թէ` առողջապահութեան եւ խնամատարութեան նախարարութիւններ, ՀՄԸՄ` երիտասարդութեան, մարմնակրթութեան նախարարութիւն, աւելի ուշ ձեւաւորուած Հայ դատի յանձնախմբեր ու գրասենեակներ` արտաքին գործերի նախարարութիւն, այլ ոլորտային կառոյցներ ու կառուցուածքներ: Այս շարքում առաջնային նշանակութիւն էին ստանում հայապահպանութիւնը, կրթութիւնը, մշակոյթը: Դրա արժէքը եւ այդ աշխատանքի հետագայ նշանակութիւնը առաւել քան Աղբալեանն էր գիտակցում ու գնահատում:

Ահա նրա բանաձեւումը. «Երբ մեր հայրենիքը ազատուի, ի՞նչ պէտք է տանենք մեզի հետ: Պէտք է հայութիւնը աշխատի, որ երբ Հայաստանի ազատութեան զանգը հնչէ, իր հետ տանի իր հոգեկան եւ մտաւոր հարստութիւնը: Պէտք է հաւաքուենք մեր իտէալների շուրջ, որոնք մեր դէմքը կը պահեն հոս…»:

Ու 1928-ի մայիսի 28-ին պաշտօնապէս յայտարարուեց Համազգային հայ կրթական մշակութային միութեան հիմնադրման մասին, որի ակունքներում էին տեւական ժամանակ այդ գաղափարը եփած, այդ տեսլականով ապրող Լեւոն Շանթը, Գասպար Իփեկեանը, Համօ Օհանջանեանն ու այլ նուիրեալներ:

Ու սկսուեց մշակութային կեանքը կազմակերպելու, կրթական, հոգեւոր կառոյցներ հաստատութիւններ, միաւորներ ձեւաւորելու մեղուի ջանասիրութիւն պահանջող աննկարագրելի աշխատանք:

Ու հերթական մարգարէութիւնը, որ կանխատեսեց մեծ մտաւորականը: Յիշենք արդէն Հայաստանի նորագոյն անկախացման առաջին շրջանը: Հայաստանեան մշակութային կեանքում անկիւնաքարային ներկայութիւններ` Համազգային թատրոն, Համազգայինի ֆինանսաւորմամբ գրական կոթողային «Նորք» ամսագիր, բազում մշակութային խմբերի ներկայութիւն հայրենիքում ու փոխադարձութեամբ հայրենի մշակութային ողջ աստղաբոյը Համազգայինի ջանքերով սփիւռքի տարբեր գաղթօջախներում էր: Տեւական, հետեւողական աշխատանքով էր, որ Համազգայինին յաջողուեց միահիւսել հայ իրականութեան մշակութային երկու տարբեր միջավայրերը, միաւորել այդ աշխարհները, ապահովել լայն համագործակցութիւն կրթական տարբեր հաստատութիւնների միջեւ:

Այս ոլորտում առանձնայատուկ դեր էր վերապահուած Աղբալեանի հոգեզաւակին` 1930-ին հիմնադրուած մի հաստատութեան, որն ըստ Աղբալեանի` «Ճեմարանը մի տաճար է, ուր կ՛աղօթեն հայ մշակոյթի սուրբերուն»:

Աղբալեանը, Շանթը դարձան այդ տաճարի հաւատաւոր «քահանաները», որոնք իրենց աղօթք դասաւանդմամբ, այլ նուիրեալների հետ Ճեմարանի պատերի մէջ թրծեցին տասնեակ սերունդներ, նրանց տուեցինք գիտելիք, ուսում, ազգային դաստիարակութիւն ու ապա ճանապարհեցին աշխարհի չորս ծագեր` կատարելագործուելու, փայլելու, նոր բարձունքներ գրաւելու, բայց` պայմանով, որ միշտ մնան հայ ու նաեւ` ճեմարանական: Ու ասենք անկեղծ, այսօր էլ, ուր էլ որ լինի, ճեմարանականի կոչումը դառնում է այն խմորիչը, որ շատերին կապում է իրար հետ:

Հայաստանի անկախութեան կորուստէն ետք, օտարութեան պայմաններուն մէջ գաղափարական կազմակերպական փնտռտուքի, շփոթի պայմաններուն մէջ Աղբալեան քանի մը գործերով անդրադարձած է կուսակցութեան, դաշնակցականի կերպարին, ՀՅԴ կազմակերպական կառոյցին ու կանոնագրին` հաւատալով այն բանաձեւումին, որ «դաշնակցականը» կը կորսնցնէ անձնական շահերը ու թանկագին կապեր, որովհետեւ մէկ կողմէ կը խթանէ կանոնագիրին պահանջը` «ամէն ջանք թափել», որուն ինք անձամբ յանձնառու եղած է, իսկ միւս կողմէ` կը յարգէ նահատակ ընկերներուն, որոնք ոչ մէկ բանով պակաս էին եւ յաճախ շատ բանով աւելի էին, եւ որոնք սակայն նահատակուեցան պայքարի ճամբուն վրայ:

 

 

Աղբալեան ջանք չէր խնայեր համահայկական գերդաստան Դաշնակցութեան երեւելի գործիչներուն յուշերու կազմութեան, կազմակերպման, անոնց տեսակաւորման ու հանրութեան սեփականութիւնը դարձնելու համար:

 

Ու իր կարգապահութեամբ, գործով էլ փորձեց ապրել այդ կերպ, գաղափարական, կարգապահ, նուիրեալ դաշնակցականի կերպարի իր իսկ գծած սահմանագծերով: Բազում են դրա օրինակները, որոնց առաւել տարեց ու փորձառու ընկերները կարող են բազում օրինակներ բերել:

Բայց այդ խստապահանջութեան, նուիրուածութեան մէկ օրինակ կ՛ուզեմ առանձնացնել, որը, թերեւս ամենատիպականն է. դա էլ բոլոր ժամանակների համար Աղբալեանի մարգարէացման հերթական օրինակն է:

 

 

 

* Խօսք` արտասանուած Նիկոլ Աղբալեանի 150-ամեակի ձեռնարկին, Լիբանան

 

 

Նախորդը

Էջեր Նիկոլ Աղբալեանի Գրական Գործունէութենէն…*

Յաջորդը

«Տէ՛ր, Ողորմեա՛»-ն Ըրի՞ն…

RelatedPosts

Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Գոմին Մէջ Ծնած Մանուկը (Ծնունդ)

January 6, 2026
Խաւարէն Դէպի Լոյս
Անդրադարձ

Խաւարէն Դէպի Լոյս

January 6, 2026
Սուրբծննդեան Տօնը Եւ Յոյսի Պարգեւը
Անդրադարձ

Սուրբծննդեան Տօնը Եւ Յոյսի Պարգեւը

January 6, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.