Երէկ շարունակուեցաւ Պրիզպընի (Աւստրալիոյ) թենիսի բաց մրցաշարքը, ուր նախկին թիւ 1 թենիսմեն սերպ Նովաք Ճոքովիչ 6-3 եւ 6-3 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց ֆրանսացի Կայէլ Մոնֆիսի դէմ եւ հասաւ քառորդ աւարտական:
«Վեթերաններու մրցում»-ին «երիտասարդ» Ճոքովիչ (37 տարեկան) աւելի լաւ խաղցաւ, քան Մոնֆիս (38 տարեկան), եւ այժմ իր դէմ պիտի ունենայ ամերիկացի Ռայլի Օփելքան (27 տարեկան): Օփելքա 7-6 եւ 7-6 արդիւնքով դուրս ձգած էր իտալացի Մաթէօ Առնալտին:
Աղջկանց մրցումներուն, Էլինա Աւանէսեան չկրցաւ հասնիլ քառորդ աւարտական, հակառակ բուռն պայքար մղելուն` նախապէս թիւ 2 դասուած թունուզցի Օնս Ժապերի դէմ մրցումին:
Ժապեր առաջին սեթին 6-4 արդիւնքով յաղթեց, բայց հայ թենիսվումըն Էլինա Աւանէսեան 6-1 արդիւնքով կրցաւ վճռել գրեթէ միակողմանի Բ. սեթը:
3-րդ սեթին, ժապեր 2-0 արդիւնքով կը յառաջանար, երբ Էլինա կրցաւ հաւասարեցնել արդիւնքը: Ժապեր արդիւնքը 5-2-ի բարձրացուց, բայց հայ մարզիկը բնաւ յոյսը չկտրեց եւ պայքարեցաւ` արդիւնքը 5-4-ի նուազեցնելով: Սակայն սեթի 10-րդ կէտի պայքարը վճռեց թունուզցի փորձառու մարզիկը, որ հասաւ քառորդ աւարտական:
Ժապերի մրցակիցը պիտի ըլլայ 17 տարեկան Միրա Անտրէեւա, որ աշխարհի թիւ 16 դասուած թենիսվումընն է:
Նշենք, որ այս մրցաշարքին մաս կը կազմէ նաեւ թիւ 1 թենիսվումըն Արինա Սապալենքա, որ դուրս ձգեց ղազախ Եուլիա Փութինցեւան:
Ստորեւ` կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ՏՂԱՔ
Նովաք Ճոքովիչ (Սերպիա) – Կայէլ Մոնֆիս (Ֆրանսա) 6-3, 6-3
Ռայլի Օփելքս (Միացեալ Նահանգներ) – Մաթէօ Առնալտի (Իտալիա) 7-6, 7-6
Ճիովաննի Էմփեչի Փերիքար (Ֆրանսա) – Ֆրանսիս Թիաֆօ (Միացեալ Նահանգներ) 6-4, 7-6
Եաքուպ Մենշիք (Չեխիա) – Տուշան Լայովիչ (Սերպիա) 6-3, 6-2
ԱՂՋԻԿՆԵՐ
Քիմպըրլի Պիրել (Աւստրալիա) – Անասթազիա Փոթափովա (Ռուսիա) 7-6, 6-2
Փոլինա Քուտերմեթովա (Ռուսիա) – Տարիա Քասաթքինա (Ռուսիա) 1-6, 6-2 եւ 7-5
Միրա Անտրէեւա (Ռուսիա) – Լինտա Նոսքովա (Չեխիա) 6-3, 6-0
Օնս Ժապեր (Թունուզ) – Էլինա Աւանէսեան (Հայաստան) 6-4, 1-6 եւ 6-4
Մարի Պուզքովա (Չեխիա) – Վիքթորիա Ազարենքա (Ռուսիա) 6-4, 6-4
Արինա Սապալենքա (Պիելոռուսիա) – Եուլիա Փութինցեւա (Ղազախստան) 7-6 եւ 6-4


