«Փրեմիեր լիկ»-ի վերջին 4 տարիներու ախոյեան Մանչեսթըր Սիթի իր վերջին 5 մրցումներուն ձախողելէ ետք վերջապէս յաղթեց ախոյեանութեան 19-րդ հանգրուանին, 2-0 արդիւնքով, Լեսթըր Սիթիի դաշտին վրայ:
Սավինիօ եւ Հաալանտ նշանակեցին Մանչեսթըր Սիթիի երկու կոլերը, որոնց շնորհիւ խումբը բարձրացաւ 5-րդ դիրք:
Սիթի այժմ 14 կէտով ետ կը մնայ պարագլուխի դիրքը գրաւող Լիվըրփուլէն, որ Լոնտոնի մէջ 5-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Ուեսթ Համը:
Լուիս Տիաս, Քոտի Կաքփօ, Մոհամետ Սալահ, Թրենթ Ալեքսանտր-Առնոլտ եւ Տիոկօ Ճոթա նշանակեցին «կարմիրներ»-ուն կոլերը:
Խումբին մարզիչ Առնը Սլոթ մրցումէն ետք յայտնեց, որ ձմեռնային փոխանցումներու պատուհանին ժամանակ բան փոխելու նպատակ չունի, որովհետեւ ան Լիովին գոհ է բոլոր մարզիկներէն:
«Մամուլին մէջ չե՞ն գրած, թէ մենք ո՛ր մարզիկները կ՛ուզենք ձեռք ձգել: Այդ մասին չեմ մտածեր: Ես շատ գոհ եմ իմ ունեցած մարզիկներովս: Նոյն բանը ըսած եմ 6 ամիս առաջ: Այդ օրը ըսին, թէ այս տղան խենթ է կամ ոչ… Բայց ես կը կարծեմ, որ ֆութպոլիստները լիովին արդարացուցին իրենց նկատմամբ տածուած վստահութիւնը», ըսաւ նետերլանտցի Սլոթ:
Բ. դիրքը գրաւեց Նոթինկհամ Ֆորեսթ, որ Լիվըրփուլի մէջ 2-0 արդիւնքով յաղթեց Էվըրթընի, որ 1 դեկտեմբերէն ի վեր պարտութիւն չէր կրած:
Ստորեւ` կիրակի օրուան մրցումներուն արդիւնքները.
Ուեսթ Համ – Լիվըրփուլ 0-5
Քրիսթըլ Փելես – Սաութհեմփթըն 2-1
Էվըրթըն – Նոթինկհամ Ֆորեսթ 0-2
Ֆուլհամ – Պորնմաութ 2-2
Թոթենհամ – Վուլվզ 2-2
Լեսթըր Սիթի – Մանչեսթըր Սիթի 0-2
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Լիվըրփուլ | 45 (45-17) |
| 2.- Նոթինկհամ Ֆորեսթ | 37 (26-19) |
| 3.- Արսենալ | 36 (35-16) |
| 4.- Չելսի | 35 (38-21) |
| 5.- Մանչեսթըր Սիթի | 31 (32-26) |
| ……………….. | ……………….. |
| 18.- Լեսթըր Սիթի | 14 (22-42) |
| 19.- Իփսուիչ | 12 (16-33) |
| 20.- Սաութհեմփթըն | 6 (12-39) |
Իտալիոյ «Սերի Ա.»-ի 18-րդ հանգրուանին, Նափոլի 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Վենեցիան:
Ռոմելու Լուքաքու 37-րդ վայրկեանին առիթ ունէր կոլ նշանակելու, սակայն անոր հարուածած փենալթին վարպետութեամբ զսպուեցաւ սերպ Ֆիլիփ Սթանքովիչի միջոցով: 79-րդ վայրկեանին Ճիաքոմօ Ռասփատորի փրկեց Անթոնիօ Քոնթէի Նափոլին` նշանակելով մրցումի միակ կոլը, որուն շնորհիւ Նափոլի կէտերով հաւասարեցաւ Աթալանթայի հետ` գրաւելով դասաւորման Բ. դիրքը:
Եուվենթուս հաւասարութիւններու իր շարքը երկարեց 2-2 արդիւնքով հաւասարելով Ֆիորենթինայի հետ:
Եուվենթուս շատ աւելի լաւ խաղցաւ, սակայն Թիակօ Մոթթայի տղաքը չկրցան առիթները կոլի վերածել` աւելի եւս ետ մնալով (9 կէտ) պարագլուխի դիրքը գրաւող Աթալանթայէն:
Իր կարգին, Ա. Սէ. Միլան չկրցաւ իր դաշտին վրայ յաղթել, եւ Ա. Էս. Ռոմային հետ հաւասարութիւն արձանագրեց:
Խումբի մարզիչ Ֆոնսեքա դաշտէն վտարուեցաւ 43-րդ վայրկեանին, երբ 3 վայրկեանի ընթացքին ստացաւ 2 դեղին քարտեր:
Ստորեւ` 18-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Ա. Սէ. Միլան – Ա. Էս. Ռոմա 1-1
Եուվենթուս – Ֆիորենթինա 2-2
Նափոլի – Վենեցիա 1-0
Ուտինեզէ – Թորինօ 2-2
Լացիօ Ռոմա – Աթալանթա 1-1
Քալիարի – Ինթեր Միլան 0-3
Էմփոլի – Ճենովա 1-2
Փարմա – Մոնցա 2-1
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Աթալանթա | 41 (43-20) |
| 2.- Նափոլի | 41 (27-12) |
| 3.- Ինթեր Միլան | 40 (45-15) |
| 4.- Լացիօ Ռոմա | 35 (33-25) |
| 5.- Ֆիորենթինա | 32 (31-15) |
| 6.- Եուվենթուս | 32 (31-15) |
| 7.- Պոլոնիա | 28 (23-18) |
| 8.- Ա. Սէ. Միլան | 27 (26-17) |
| ……………….. | ……………….. |
| 18.- Քալիարի | 14 (16-31) |
| 19.- Վենեցիա | 13 (17-31) |
| 20.- Մոնցա | 10 (16-25) |


