ՀԵՐԱ ՑՈՒՐՈՒ
Թամարն այսօր հայերի եւ վրացիների շրջանում տարածուած կանացի անուն է: Հրաչեայ Աճառեանի «Հայոց անձնանունների բառարանից», որը բարձրարժէք գիտական ստեղծագործութիւն է, տեղեկանում ենք, որ հայերի մէջ առաջինն այս անունը կրել է Թամար թագուհին` Գագիկի կինը: Թամարը սպարապետ Շապուհի` Աշոտ Ա. Բագրատունի թագաւորի (884-890 թթ.) որդու դուստրն է:
Աղթամար» անուան մասին ամենավաղ յիշատակութիւնը գտնում ենք Փաւստոս Բիւզանդի պատմութեան երրորդ գրքի 8-րդ գլխում, որը գրուել է 5-րդ դարի առաջին քառորդում:
«[Բիզնունեաց իշխան Դատաբենի] կինն ու երեխաները Ռուշտունեաց Աղթամար կոչուող ամրոցի կղզում էին: Սպարապետ Վաչէն նաւով անցաւ կղզի ու ոչ մի տղամարդ ու կին ողջ չթողեց: Այդպիսով աւարտուեց այդ իշխանապետութեան տոհմը, եւ նրա ունեցուածքը բռնագրաւուեց թագի անունով»:
Բզնունեաց իշխանութեան տակ Խլաթն ու Ադիլջեւազն էր: Ռշտունիները Գեւաշի (Ոստան-«Ակունք»-ի խմբ.) տէրերն էին: Դատաբենը պարտութիւն կրեց եւ մահապատժի ենթարկուեց Խոսրով թագաւորի կողմից Արեսդի (այժմ` Մուրատիէ-Ունսելի) ճակատամարտում մօտ 337 թ. Իրանի աջակցութեամբ քրիստոնեաների դէմ պատերազմ մղելու համար: Մենք չենք կարող վստահ լինել վերը նշուած մէջբերման «որ կոչւում է Աղթամար» արտայայտութեան իսկութեան մէջ: Փաւստոսի պատմութեան բոլոր ժամանակակից հրատարակութիւնները եւ թարգմանութիւնները հետեւում են 1832 թ. վենետիկեան հրատարակութեանը: Այս հրատարակութիւնը հիմնուած է այն ժամանակ յայտնի մօտ տասը ձեռագրերի վրայ, որոնցից ամենահինը 1622 թուի է: Լուրջ տարբերութիւններ կան 12-րդ դարի երկու ձեռագրերի, որոնք հետագայում ուսումնասիրել է Գալուստ Տէր-Մկրտչեանը, եւ հրատարակուած բնագրի միջեւ: (Տե՛ս «Փաւստոսի ձեռագրերը», Zeitschrift fur Armenische Philologie, Bd. II, 1904, էջ 267-86): Քանի որ այս ձեռագրերը չեն տպագրուել,
մենք չգիտենք, թէ արդեօք նշե՞լ են կղզու անունը: Սակայն մեծ հաւանականութիւն կայ, որ «որը կոչւում է Աղթամար» արտայայտութիւնը որպէս բացատրութիւն աւելացուել է հետագայ արտագրողների կողմից:
***
Նոյն կասկածը վերաբերում է Թովմա Արծրունու «Ժամանակագրութեանը», որը ենթադրաբար գրուել է 904 կամ 905 թուականներին: Այս աշխատութեան երրորդ գրքի 20-րդ գլխում կարդում ենք հետեւեալը.
«[Իրենց հօր եւ մօր մահից յետոյ` մէկ տարուայ ընթացքում] որդիները` Գագիկը, Աշոտը եւ Գուրգէնը Սուրբ Խաչի տօնին կարգաւորեցին իրենց ժառանգական իրաւունքները եւ սուրբ եկեղեցուն նուիրեցին չորս ագարակներ` Փշոց կոչուող վանքին, կղզու եւ եկեղեցու հարեւանութեամբ Ահավանքի ագարակը եւ Մանակերտի ժայռի դիմացից դէպի արեւելք եւ շատ այլ վայրեր, որոնք փոխանցեցին դրանք հօր եւ մօր մահից յետոյ` ի նպաստ Աղթամար կղզու Սուրբ Խաչի»:
Քանի որ հայր Գրիգոր-Դերանիկը` Վասպուրականի տէրը, մահացել է 887 թ., իսկ նրա կինը վախճանուել է նրանից մէկ տարի անց, այս իրադարձութիւնը պէտք էր տեղի ունենար 888 թուին: Ըստ մատենագրի, որդիների տարիքը հօր մահուան ժամանակ եղել է 9, 7 եւ 5: Ահավանք կոչուող վայրը ներկայիս Կարմիր մահիկի հանգստեան ճամբարն է, որը գտնւում է հէնց Աղթամար կղզու դիմաց: Մանակերտի ժայռը ատամնաւոր բլուր է, որն այժմ կոչւում է Քերեթաշ, եւ գտնւում է դրանից անմիջապէս արեւելք: Փշոց վանքի մասին ոչինչ չգիտենք:
Մէջբերման վերջին կէտը աւելի ուշ աւելացուած բացատրութեան (մեկնաբանութեան) տպաւորութիւն է թողնում: Այսինքն դեռ չենք կարող վստահ լինել, որ 888 թ. կղզու անունը եղել է Աղթամար: Սակայն հաստատ է, որ կղզին «Աղթամար» է կոչուել ամենաուշը 921 թ.` ներկայիս կոթողային եկեղեցու կառուցման տարում: Տարեգրութեան առաջին յաւելուածի անանուն հեղինակը նշում է, որ կղզին բնակեցուած է եղել նաեւ Դաւիթ Սահառունու (635-638) եւ Ռաշամ Ռշտունու ժամանակներում, սակայն կղզում մշտական շէնք չի կառուցուել, եւ նա չի յիշատակում Փաւստոսի յիշատակած ամրոցը: (Քանի որ այս յաւելուածը հանուել է Գագիկ Ա.-ի մահից առաջ, այն պէտք է գրուած լինի մինչեւ 943 թ.):
Ռազմավարական Նշանակութիւնը
Երեք եղբայրներից Գագիկը 908 թ. Ատրպատականի էմիր Եուսուֆ Բ. Էպիլ-Սաճի կողմից Հայոց թագաւոր հռչակուելուց որոշ ժամանակ անց գիտակցելով Աղթամար կղզու ռազմավարական նշանակութիւնը, որոշեց իր մայրաքաղաքը տեղափոխել այստեղ: Տարեգրութեան յաւելուածի հեղինակը շատ մանրամասն նկարագրել է քաղաքի եւ քաղաքում գտնուող Սուրբ Խաչ վանքի շինարարութեան ընթացքը, այդ թւում` քանի հոգի է աշխատել շինարարութեան մէջ, որտեղից են եկել բանուորները, որտեղից է բերուել քարը եւ ինչպէս է տեղափոխուել: Աղթամար կղզու մեծ մասը եւ կղզու վրայ գտնուող քաղաքը ջրի տակ են անցել Վանայ լճի բարձրացման պատճառով մօտ 1760 թ.: Հասկանալի է, որ թագաւորը, որի հարթաքանդակը պատկերուած է եկեղեցու դռան վրայ, այդ ժամանակ 35 տարեկան էր:
«Աղթամար» անուան ծագումը լայնօրէն քննարկուած եւ յստակ լուծուած հարց է: Անունը հայերէն իմաստ չունի: «Ախ, Թամար»-ի ժողովրդական առասպելը, որի հիմնական աղբիւրը վիպապաշտ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի 1891 թ. լոյս տեսած համանուն ստեղծագործութիւնն է, չի կարելի լուրջ ընդունել: Որպէս ընդհանուր կանոն` ոչ մի մշակոյթում տեղանունները չեն բխում անեկդոտից, բայց իւրաքանչիւր մշակոյթում անգրագէտ մարդիկ սովորաբար հակուած են անեկդոտով բացատրել տեղանունները, որոնց նշանակութիւնն ու ծագումն անյայտ են:
Այստեղ պէտք է նշենք երկու հիմնական հնչիւնական օրէնք: Նախ` օտար լեզուներից վերցուած անուններում /լ/ հնչիւնը հայերէնում միշտ վերածւում է /ղ/-ի: Երկրորդ` հայերէն թ հնչիւնը համապատասխանում է յունարէն th (θ) եւ արաբերէն թը (ط) հնչիւններին: Ուստի հարկաւոր է մտածել, որ անուան սկզբնական ձեւը յունարէնում կարող է լինել «Ալթհամար» կամ արաբերէնում` «ալ-թամար»: Քանի որ 10-րդ դարի շեմին այս տարածաշրջանում յունական անուն չկար, պէտք է կենտրոնանալ երկրորդ հաւանականութեան վրայ:
9-րդ եւ 10-րդ դարերում արքայական տան բարձր մշակութային լեզուն արաբերէնն էր: Գագիկի հօր տիտղոսը եւ նրա սեփական տիտղոսը մինչեւ իր թագաւորութիւնը հռչակելը «ամիր» էր (էմիր): Նրա պապը եւ նրա մեծ հօրեղբայրներից մէկը կոչւում են Աշոտ Աբղաբաս (Էբուլ-Աբբաս, մահ. 852) եւ Աբուջաֆար (Էբու Ջաֆեր): Հայր Գրիգոր Դերանիկը իր պատանեկութեան մի մասը որպէս պատանդ անցկացրել էր Պաղտատի պալատում: Գագիկի երկրորդ որդու անունը Համազասպ Աբուսահլ էր (Աբու Սեհլ): Նրա ազգականը, որ հօր մահից յետոյ իւրացրել է իշխանութիւնը, յայտնի է Գագիկ Աբումրուան (Աբու Մերուան) կրկնակի անունով: Արաբական անուններն ու տիտղոսները տարածուած են նաեւ Կարսի Բագրատունեաց տոհմում, որից սերում էին ե՛ւ Գագիկի մայրը ե՛ւ կինը:
Թամարը այսօր հայերի եւ վրացիների շրջանում տարածուած կանացի անուն է: Հրաչեայ Աճառեանի «Հայոց անձնանունների բառարանից», որը բարձրարժէք գիտական ստեղծագործութիւն է, տեղեկանում ենք, որ հայերի մէջ առաջինն այս անունը կրել է Թամար թագուհին` Գագիկի կինը: Թամարը սպարապետ Շապուհի` Աշոտ Ա. Բագրատունի թագաւորի (884-890 թթ.) որդու դուստրն էր: Նրա քոյրը, որի անունը անյայտ է, թագաւորութիւնը զաւթած Աբումրուանի կինն էր: Քանի որ նրա հայրն այցելել է արքայական պալատ նախքան իշխանութեան իւրացումը, մեծ հաւանականութիւն կայ, որ կրկնակի ամուսնութիւնը որոշուել է մօտ 896 թուին: Երբ 908 թուին Գագիկն իրեն թագաւոր հռչակեց, ամուսնացաւ Թամարի հետ: Այս ամսաթուից յետոյ Թամարը միշտ յիշատակւում էր «մլքէ» տիտղոսով: «Մլքէ Աստուածաշունչը», որը նրան տրուել է հարսանիքի կամ թագուհի դառնալու առիթով, համարւում է հայկական գեղագրութեան եւ մանրանկարչութեան գլուխգործոցներից մէկը: Աղթամար (Սուրբ Խաչ) եկեղեցու յետեւի արտաքին մասում նրա հարթաքանդակ դիմանկարն է: Նա մահացել է 937 թուին:
Այս տուեալների լոյսի ներքոյ Թամար թագուհու պատուին տրուած «Աղթամար» անունը խիստ հաւանական վարկած է թւում: Սկզբին աւելացուած «աղ» վանկը յուշում է արաբերէն «ալ-Թամար» ձեւը: «Al-tamar» ((الطمر)) արաբերէն նշանակում է խուրմա: Նոյն բառը եբրայերէնում օգտագործւում է նոյն իմաստով: Թորայում Դաւիթ մարգարէի դուստրը ու նաեւ Սողոմոն մարգարէի որդի Ռոբովամի կինը` Թամար (תָּמָר) անունն են կրում: Կարծես թէ իշխանուհու` Գագիկի կնոջ համար տեղին է կրել մի անուն, որն ունի ե՛ւ արաբերէն իմաստ ե՛ւ համարժէք հրէական/քրիստոնէական` Աստուածաշնչում:
«Աքտամար»-ը, որն առաջացել է 1940-ականներին եւ պաշտօնական է դարձել 1980-ականների ռազմական վարչակարգի ժամանակ, Թուրքիայի Հանրապետութեան դրած անուանումն է: Դա պէտք է դիտարկել որպէս իշխանութեան կողմից յօրինուած ապատեղեկատուութիւն:
Թարգմանեց ՏԻԳՐԱՆ ՉԱՆԴՈՅԵԱՆԸ
«Ակունք»