Վերջերս, Բրիտանիոյ «Ֆոր ֆորթու» պարբերականը բոլոր ժամանակներու իտալացի ֆութպոլիստներու դասաւորում մը հրապարակեց, ըստ անոնց ձեռք ձգած արդիւնքներուն եւ անհատական ելոյթներուն, որոնց լոյսին տակ Ռոպերթօ Պաճիոն ընտրուեցաւ իբրեւ լաւագոյն իտալացի ֆութպոլիստ:
Իտալիոյ ամէնէն սիրուած մարզիկներէն Պաճիօ Ֆիորենթինայի հետ սկսած էր անուանի դառնալ 1985-էն ետք, հակառակ յաճախ վիրաւոր ըլլալուն, ան կրցաւ փրկել Ֆիորենթինան (1987-ին) Բ. դասակարգէն, ապա 2 տարի փայլելէ ետք միացաւ Եուվենթուսին 8 միլիոն սթերլինկի փոխարէն (աշխարհի մրցանիշ), 5 տարի ետք միացաւ Ա. Սէ. Միլանի` Եուվէի հետ շահելէ ետք «Եու. Է. Էֆ. Ա.»-ի բաժակը (1993-ին) եւ Իտալիոյ տուպլէն (94-95 տարեշրջանին): Միլանի հետ Պաճիօ շահեցաւ 95-96 տարեշրջանի «Սերի Ա.»-ն: 1 տարեշրջան միանալէ ետք Պոլոնիայի (97-98), ան 30 մրցումներու ընթացքին 22 կոլ նշանակեց: Ապա 1998-ին միացաւ Ինթեր Միլանի, ուր կատարեց 41 մրցում` նշանակելով 9 կոլ: 2000-ին միացաւ Պրեշիայի, ուր աւարտեց իր ասպարէզը` 95 մրցում խաղալով եւ նշանակելով 45 կոլ:
1993-ին Ռոպերթօ Պաճիօ ընտրուեցաւ ՖԻՖԱ-ի լաւագոյն ֆութպոլիստ` շահելով «Պալօն տ՛Օր»-ը: Ան մաս կազմեց նաեւ ՖԻՖԱ-ի 2002-ի մոնտիալի տրիմ թիմին (երազային խումբին):
Երկրորդ դիրքը գրաւեց Փաուլօ Մալտինի, որ Ա. Սէ. Միլանի հետ 25 տարի ելոյթ ունեցաւ 647 մրցումներու ընթացքին` նշանակելով 29 կոլ: Ան Իտալիոյ ազգային խումբին ալ մաս կազմած է 1998-էն 2002` կատարելով 126 մրցում եւ նշանակելով 7 կոլ:
1994-ին ան մոնտիալի երկրորդ դիրքը գրաւած է Պաճիոյի նման, իսկ 1990-ի մոնտիալին 3-րդ դիրքը: 2000-ին Եւրոպայի փոխախոյեան եղած է:
3-րդ դիրքը գրաւեց Ճիանլուիճի Պուֆոն, որ Փարմայի, Եուվէի եւ Փարիզ Սեն Ժերմենի հետ լաւ ելոյթներ ունեցած է առանց «Չեմփիընզ լիկ» շահելու: 2006-ին շահած է մոնտիալը Իտալիոյ հետ, որուն հետ ելոյթ ունեցած է 1997-էն 2018` մասնակցելով 176 մրցումի:
Ստորեւ` լաւագոյն իտալացիները.
1.- Ռոպերթօ Պաճիօ (1982-2004)
2.- Փաոլօ Մալտինի (1984-2009
3.- Ճիանլուիճի Պուֆոն (1995-2023)
4.- Ճիուզեփէ Մեացա (1927-1947)
5.- Ճիանի Ռիվերա (1959-1979)
6.- Ֆրանչեսքօ Թոթթի (1993-2017)
7.- Ֆրանքօ Պարեզի (1977-1997)
8.- Անտրէա Փիրլօ (1995-2017)
9.- Տինօ Զոֆ (1961-1983)
10.- Ալեսանտրօ Տել Փիեռօ (1991-2014)
Նշենք, որ Ֆապիօ Քանավարօ 16-րդ դիրքը գրաւած է, Ալեսանտրօ Նեսթա` 20-րդ, Քրիսթիան Վիերի` 24-րդ, Ճիորճիօ Քիելինի` 25-րդ, Ճենարօ Կաթուզօ` 28-րդ, իսկ վերջերս մահացած Ճիանլուքա Վիալլի` 31-րդ: