Սփիւռքահայ գրող, ազգային գործիչ, «Բագին» ամսագրի երկարամեայ խմբագիր Պօղոս Սնապեանի տուն-թանգարանի նախաձեռնութեամբ եւ Համազգայինի Երեւանի գրասենեակի կազմակերպութեամբ ԵՊՀ հայ բանասիրութեան բաժանմունքի նիստերի դահլիճում յունիսի 27-ին տեղի ունեցաւ «Նամակներ Պօղոս Սնապեանին» գրքի շնորհահանդէսը:
Շնորհահանդէսը բացուեց գրականագէտ Արծրուն Աւագեանի ողջոյնի խօսքով, որ շնորհակալութիւն յայտնեց Պօղոս Սնապեանի դստերը` Թամար Սնապեան-Սուրճեանին ու Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեանը` նման կարեւոր նախաձեռնութեան համար: Արծրուն Աւագեանը` անդրադառնալով գրողի կերպարին, նշեց. «Պօղոս Սնապեանը, ըստ իս, մի շարք առաւելութիւններ ունի որպէս սփիւռքահայ գրող եւ գործիչ. նա որքան իրեն զգում էր սփիւռքահայ, մուսալեռցի, այնքան էլ զգում էր որպէս տեղացի, հայաստանեան մարդ ու իր ամբողջ գործունէութեամբ այդ կապը ամուր պահողներից մէկն էր: Հայաստանում նա սփիւռքի դեսպանն էր, դրսում` Հայաստանի: Նա այն մարդն էր, որ եօթանասունական թուականներին, երբ Լիբանանը տուայտւում էր վայրիվերումների, քաղաքական տուայտանքների մէջ, շարունակում էր ստեղծագործել: Ստեղծագործում էր, որովհետեւ մտածում էր, որ միեւնոյն է` ինքը ո՛չ պատերազմի պատճառն է, ո՛չ էլ սկսողն ու աւարտողը, իսկ ստեղծագործական կեանքն անկանգնելի է, տեւական ու յարատեւ: Նա գրում էր գրքեր, մենագրութիւններ, գրականագիտական յօդուածներ, անդադար գործում էր ու գործում: Դա էր նրա էութիւնը»:
Ելոյթի համար խօսք առաւ Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը: Վերջինս, շեշտելով Պօղոս Սնապեանի` որպէս մեծ մտաւորականի գրական-հասարակական գործունէութեան կարեւորութիւնն ու դերը հայ իրականութեան մէջ, նշեց. «Պօղոս Սնապեանն այն քիչ մտաւորականներից էր, որ իր կեանքով փաստեց իր հաւատարմութիւնը գրական ու մշակութային այն բարձր արժէքներին, որոնք բանաձեւում են հոգեւոր հայրենիքի տեսլականը: Գրականութիւնը նրա սէրն էր, հայրենիքը` արժանապատուութիւնը, ընտանիքը` թուլութիւնը: Երեքով էլ ապրում էր, տագնապում, բայցեւ հաւատում անսակարկելի հաւատով: Պօղոս Սնապեանի վարքագիծը չափանիշ էր պարտադրում իր շրջապատին: Նա ինչ աշխատանք էլ ստանձնեց, բոլորն էլ կատարեց մեծագոյն սիրով եւ բարձր պատասխանատուութեամբ: Հէնց սա էր նրա յաջողութեան գրաւականը: Թերթելով «Նամակներ Պօղոս Սնապեանին» գիրքը` պատկերացնում ես, թէ սերնդակից մտաւորականներն ինչ անկեղծութեամբ են գնահատել իրար, ինչ անվերապահ վստահութեամբ են հաւատացել միմեանց: Այս ամէնը պայմանաւորուած էր Սնապեանի մարդկային վեհ յատկանիշներով: Նրան ճանաչողները գիտէին, որ Պօղոսն այն բացառիկ տեսակներից էր, ում խօսքը եւ գործը երբեք չէին հակասում միմեանց: Նա հաշտ էր ինքն իր հետ, որովհետեւ երբեք չէր կեղծում, չէր խօսում հաճոյանալու համար: Արդար էր եւ արդարամիտ: Նրանից երբեմն նեղանում էին անաչառ լինելու համար, բայց նոյնիսկ այդ մարդիկ իրենց հոգու խորքում յարգում էին նրան` հաւատալով Պօղոս Սնապեանի ճշմարիտ խօսքին»:
Գրականագէտ Սերժ Սրապիոնեանն էլ իր խօսքում անդրադառնալով «Նամակներ Պօղոս Սնապեանին» գրքին, շեշտելով գրողի կողմից արտայայտած մտահոգութիւններն ու նրա ապրումները` ասաց. «Ես չգիտեմ Պօղոս Սնապեանը, ինչպէս ինքն էր գրում, կարողացա՞ւ իր անձնական ապրումների ամբողջութիւնը խմբագրել իր գրական ստեղծագործութիւնների մէջ, բայց, կարծում եմ, իր խռովքների ամբողջութիւնը, դատելով նրա մասին գրականագէտների ու գրողների կարծիքներից, նրա գրականագիտական ու հրապարակախօսական ժառանգութիւնից, մեծ չափով կարողացել է փոխանցել սերունդներին»:
«Նա շնչում էր գրականութիւն եւ արտաշնչում էր «Բագին»: Ինչո՞ւ եմ ասում արտաշնչում, որովհետեւ իր շնչառութեան հետ նա իր շուրջը տարածում էր «Բագին»-ի հմայքը, կարեւորութիւնը, ու ես երբեք չեմ տեսել մի այնպիսի խմբագիր, որ այդքան հետեւողականօրէն ցանկանայ խրախուսել, քաջալերել մեր գրողներին, չեմ տեսել նաեւ այնպիսի անձնաւորութիւն, որ կարող էր տեղեակ լինել օրուայ չէ, վայրկեանի գրականութեան` լինի դա հայրենիքում, թէ սփիւռքում: Ոեւէ սկսնակ գրող նրա ուշադրութիւնից երբեք չի վրիպել», իր խօսքում նշեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Արեւիկ Գաբրիէլեանը:
Համազգայինի Կենտրոնական վարչութեան անդամ, «Դրօշակ» ամսագրի խմբագիր Արտաշէս Շահբազեանն էլ իր ելոյթում կարեւորեց. «Բագին»-ը եղաւ հայ գրականութեան օրօրոցը, ու կարծում եմ` շատերը կը հաւաստեն այդ ճշմարտութիւնը: Նրա շնորհիւ ամսագիրը ոչ միայն սիրուած է եղել, այլեւ յատկանշական դեր է խաղացել Հայաստանի ու սփիւռքի գրական եւ մշակութային գործիչների համար»:
Ելոյթների համար խօսք առան նաեւ` գրականագէտ Դաւիթ Գասպարեանը, հրապարակախօս Վաչէ Բրուտեանը, Հայաստանի Գրողների միութեան քարտուղար Պետրոս Դեմիրճեանը, Պօղոս Սնապեանի դուստր Թամար Սնապեան-Սուրճեանը, թոռնուհին` Նարօտ Սուրճեանն ընթերցեց պապի` Պօղոս Սնապեանի «Պարը» գրութիւնից մի հատուած:
Հրապարակախօս Վաչէ Բրուտեանը նշեց, որ Պօղոս Սնապեանն այն եզակիներից է, որ ապրեց հայ գրականութեամբ, եղաւ գրականութեան անխոնջ մշակներից մէկը ու գրականութիւնը դարձրեց իր կեանքի ու գործունէութեան գլխաւոր առանցքը: «Նա եղաւ հայ գրականութեան «պահակ գամփռը», այդ «շունը» (ինչպէս ինքն է իրեն բնութագրել), որ անխնայ եղաւ որոմի ու խոտանի նկատմամբ: Նա հսկեց, որ հայ գրականութեան անդաստան մուտք չգործեն նենգութիւններ (գիտակցուած լինէին դրանք, թէ ոչ): Այդ իմաստով Պօղոսը ոչ մէկին չխնայեց, անխնայ եղաւ թէ՛ Եղիշէ Տէրտէրեանի, թէ՛ Գուրգէն Մահարու «Այրուող այգեստաններ»-ի, թէ՛ նոյնիսկ Կոստան Զարեանի նկատմամբ: Իր այս դերակատարութեամբ նա իր տարերքի մէջ էր», նշեց Վաչէ Բրուտեանը:
«Ստացուած այս նամակները, ճիշդ է, որ ուղղուած են Պօղոս Սնապեանին, բայց ընթերցողը իսկոյն պիտի նկատի, որ դրանք, առաջին հերթին պատգամներ պարունակող նամակներ են եւ բացի անձնական լինելուց` շօշափում են համահայկական խնդիրներ` բոլորին յուզող ու հետաքրքրող,- նշել է Թամար Սուրճեանը եւ աւելացրել,- այստեղ հանդիպում ենք քաջ տողերի, խիզախ արտայայտութիւնների, անկաշկանդ կարծիքների, նոյնիսկ` գրական գայթակղութիւնների: Հապա ի՞նչ ասել այն զուլալ ու վճիտ արեւմտահայերէնին, որ տիրում է գրքում: Իսկապէս վայելք է կարդալ մոռացուած կամ ներկայում շատ քիչ գործածուող հայերէն այնպիսի արտայայտութիւններ կամ բառեր, որոնցից մի քանիսը ծանօթագրութիւնների մէջ բացատրուած են` ընթերցանութեան հաճոյքը չխանգարելու համար», իր յուշերով կիսուելով ներկաների հետ` գրքին անդրադարձաւ Թամար Սնապեան-Սուրճեանը, որ նաեւ յանձն էր առել նամականու պատրաստութիւնը, խմբագրումն ու ծանօթագրութիւնները:
Պետրոս Դեմիրճեանն իր ելոյթի ընթացքում ընթերցեց Պօղոս Սնապեանի նամակը, որը տարիներ առաջ գրողը յղել էր իրեն: Նամակի մէջ երեւում է գրողի մտահոգութիւնը հայրենիքի, հայ գրականութեան եւ հայ մտաւորականութեան վերաբերեալ: Նաեւ երեւում է Պօղոս Սնապեանի լաւատեսութիւնը հայրենիքի ապագայի նկատմամբ, ու ինչպէս ինքն է գրում նամակի մէջ, սպասում էր «այն փրկարար ձայնին, որը դեռ գալու է»: Նամակն աւարտւում է «Գրական թերթ»-ին ուղղուած անխափան գործունէութեան բարեմաղթանքներով:
Գրականագէտ Դաւիթ Գասպարեանն էլ իր հերթին ընդգծեց հետեւեալը. «Պօղոս Սնապեանը վերջին շրջանի մտաւորականութեան դէմքը ներկայացնող անձնաւորութիւն էր, բացառիկ է նրա գործունէութիւնը` որպէս գրող, գրականագէտ, քննադատ: Առանձնայատուկ է նրա աշխատանքը «Բագին»-ում, որը տեւեց չորս տասնամեակից աւելի: Ինչ վերաբերում է նամականիին, պիտի ասեմ, որ, լինելով բացառիկ պարկեշտ մարդ, նա միշտ ստուերում էր թողնում իրեն` առաջ մղելով ուրիշներին: Այս գիրքն առաջիկայում պիտի ունենայ վերադասաւորուած նոր հրատարակութիւն: Նախ իր` Սնապեանի նամակները, այնուհետեւ` պատասխանները: Այդպիսով, գրական միջավայրը կը ներկայանայ աւելի ամբողջական: Այս գրքում բացառիկ են շատերի նամակները, յատկապէս` Կարապենցի եւ այլոց, որոնց մէջ մշակուել է 20-րդ դարի 2-րդ կէսի հայ գրականութեան գեղագիտութիւնը»:
Օրհնութեան խօսք ասաց Միացեալ Նահանգների Արեւելեան թեմի առաջնորդ Անուշաւան արք. Դանիէլեանը:
Օրը առիթ էր, որ բանախօսները վերլուծէին Պօղոս Սնապեանի գրականութեան այն շերտերը, որոնք իսկական պատգամներ են ամէն ինչից առաջ մարդ մնալու` հաւատարմութեամբ անցնելու կեանքի խութերով լի ճանապարհը: Այս զգացումներով էր լցուած օրուայ մթնոլորտը` Պօղոս Սնապեանի օրուայ:
Միջոցառումը յագեցած էր գնահատանքի ջերմ ու անկեղծ խօսքերով` ներկաների համար նորովի բացայայտելով Պօղոս Սնապեանի թողած գրական ժառանգութիւնը, նրա մարդկային կերպարն ու պատգամները:
Միջոցառման ընթացքում ցուցադրուեց Պօղոս Սնապեանի մասին պատմող, 2010 թ.-ին «Երկիր Մեդիա»-ի կողմից նկարահանուած ժապաւէնը:
Շնորհահանդէսի աւարտին գրողի ընտանիքը բոլոր ներկաներին նուիրեց գրքից մէկական օրինակ եւ հրաւիրեց հիւրասիրութեան:
Նշենք, որ հատորը լոյս է ընծայուել Նիւ Եորքի Սուրբ Լուսաւորիչ մայր եկեղեցու հոգեւոր հովիւ, Մեսրոպ քհնյ. Լագիսեանի մեկենասութեամբ: