ԱՐԵՒԻԿ ԱՐԱԲԵԱՆ
(Մեսրոպ Մաշտոցի անուան մատենադարանի կրտսեր գիտաշխատող)
Հայ եկեղեցու դարաւոր պատմութեան մէջ գոյութիւն ունեցող կանանց սարկաւագութեան աւանդութիւնը խորապէս ուսումնասիրուած է փիլիսոփայութեան եւ աստուածաբանութեան դոկտոր Աբէլ քհն. Մանուկեանի «Հայ եկեղեցւոյ սարկաւագուհիները» գրքում (Պէյրութ, 2022 թ.):
Եկեղեցում կնոջ ծառայական առաքելութիւնն արժեւորող այս աշխատութիւնը ուսումնասիրողների եւ ընթերցողների լայն շրջանակներին հասանելի դարձնելու համար հեղինակը նախաձեռնեց գրքի արեւելահայերէն փոխադրութիւնը, որը լոյս ընծայուեց սոյն թուականի յունուարին` տէր եւ տիկին Մհեր եւ Նինա Պապեանների բարերարութեամբ, Մեծի Տանն Կիլիկիոյ Ս. Աթոռի ուխտի միաբան Կորիւն արք. Պապեանի լուսաւոր յիշատակին: Արեւելահայերէն են թարգմանուել նաեւ բնագրային բոլոր մէջբերումներն ու յիշատակարանները` ընթերցողին առաւել ընկալելի լինելու համար:
Կանանց սարկաւագութեան աւանդութեան ծագման ու հետագայ պատմութեանն առնչուող աղբիւրներն ուսումնասիրելով` հեղինակը հասնում է մինչեւ մեր օրերը, արծարծում եկեղեցում կանանց սպասաւորութեանը վերաբերող մերօրեայ խնդիրներն ու հարցադրումները:
Գիրքն ամբողջանում եւ արժէքաւորւում է նաեւ հայկական կուսանաց վանքերի եւ Հայ եկեղեցու կեանքում իրենց անգնահատելի վաստակն ունեցող սարկաւագուհիների վաւերագրական լուսանկարներով, իսկ արեւելահայերէն տարբերակն արդէն` հայ կին շարականագիրներին վերաբերող ուսումնասիրութեամբ եւ այլ գլուխներին առնչուող տեղեկութիւններով:
Պարզ եւ անպաճոյճ շարադրանքում միահիւսւում են մատենագրական մեծածաւալ նիւթն ու հեղինակի կարեւոր դիտարկումները:
Աստուածային սիրով են կարգաւորւում տղամարդու ու կնոջ յարաբերութիւնները եւ ստեղծւում ներդաշնակութիւն` նրանց միջեւ: Ե՛ւ տղամարդուն, ե՛ւ կնոջը հաւասարապէս Աստծոյ խօսքին եւ փրկութեանը մերձենալու հնարաւորութիւն է շնորհուած: Սակայն եկեղեցու պատմութեան ընթացքում զանազան պատճառներով Աստծոյ կողմից բնական նկատուած կարգաւորումները խախտւում են` առաջ բերելով խտրականութիւն տղամարդու եւ կնոջ միջեւ: Մինչդեռ Նոր կտակարանում Պօղոս առաքեալի` գաղատացիներին ուղղուած թղթում ասւում է. «Քանզի ամէնքդ Աստծոյ որդիներ էք` հաւատով ի Քրիստոս Յիսուս: Մէկ անգամ Քրիստոսով մկրտուեցիք եւ հանդերձաւորուեցիք, ուրեմն չկայ խտրականութիւն ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի, որովհետեւ ամէնքդ մի էք ի Քրիստոս Յիսուս» (գլ. Գ, 26-28):
Վաղ շրջանի քրիստոնէութեան մէջ ընդունուած էին աշակերտուհիները, մարգարէուհիները, առաքելուհիները, սարկաւագուհիները, որոնք յաջողեցին քրիստոնէութիւնը դարձնել աշխարհաքարոզ մի կրօն: Այնինչ առաքելահաստատ շատ եկեղեցիներում մինչ այսօր կանանց տակաւին արգելւում է նուիրապետական որեւէ պաշտօն ստանձնել:
Հայ եկեղեցում, չնայած կանանց սարկաւագութեան հնագոյն աւանդութեան գոյութեանը, նրանց խորան բարձրանալու եւ ծիսական արարողութիւններին մասնակցելու առնչութեամբ այսօր անորոշութիւն է տիրում:
Յիսուսի օրերում հասարակութեան մէջ կանանց առանձնակի կարեւորութիւն չէր տրւում: Մինչդեռ աւետարանները վկայում են նրանց հանդէպ Յիսուսի դրական վերաբերմունքի մասին: Չնայած հասարակական սահմանափակումներին` Յիսուսը կանանց վերաբերում էր սիրալիր ու ջերմ, անկաշկանդ ու անկողմնակալ: Կանայք ամէնուր ուղեկցում եւ աջակցում էին Յիսուսին: Մարիամ Մագդաղենացուն էր տրուած Գեթսեմանի պարտէզում Յարուցեալին առաջինը տեսնելու առանձնաշնորհը («Յիսուսը եւ Նրա ժամանակի կանայք»):
Կանանց սարկաւագութեան ծագումը ուսումնասիրելու առնչութեամբ նորկտակարանեան կարեւոր վկայութիւններ են համարւում Հռոմ. ԺԶ. 1-2, Ա. Տիմ. Գ., 1 եւ Ա. Տիմ. Է., 3-16 տեղիները, որ առանձնացւում են նաեւ Արեւելեան եկեղեցու ներկայացուցիչներից Որոգինէս Ալեքսանդրացի, Յովհան Ոսկեբերան եւ Կղեմէս Ալեքսանդրացի հայրապետների կողմից («Վկայութիւններ Նոր Կտակարանում»):
Քրիստոնէական առաջին երեք դարերից մեզ հասած գործերում սարկաւագուհիների մասին յստակ պատկերացում չի տրւում: Այս ժամանակաշրջանում հեթանոս կամ քրիստոնեայ հեղինակների կողմից կատարուած անուղղակի վկայութիւնները սարկաւագուհիների մասին յուշում, բայց նրանց ունեցած եկեղեցական կարգը յստակ չեն նկարագրում («Վկայութիւններ առաջին երեք դարերից»):
Կնոջ սարկաւագութեան մասին յստակ վկայութիւններ մեզ հասնում են միայն Գ. դարից յետոյ ասորական միջավայրից` այս առումով կարեւորագոյն աղբիւր հանդիսացող Գ. դարի կէսերին խմբագրուած ասորական «Վարդապետութիւն առաքելոց»-ից, որի` սարկաւագների եւ սարկաւագուհիների գործառոյթներին վերաբերող գլխում նշւում են սարկաւագուհու համապատասխան ծառայութիւնները («Սարկաւագուհիների դասական ժամանակաշրջանը. Գ-Զ. դարեր», «Ասորական DIDASKALIA-ն կամ «Վարդապետութիւն առաքելոց»»-ը):
Դ. դարում ասորական միջավայրում խմբագրուած «Առաքելական կանոններ»-ում կանանց սարկաւագութիւնը օծման արարողութեամբ ուրոյն նկարագիր է ստանում, սակայն սարկաւագուհուն դեռեւս արգելւում է քարոզչական պարտականութեան կամ խորանի ծառայութեան որեւէ իրաւասութիւն («Առաքելական կանոնադրութիւն»):
Եկեղեցական կանոնադրութիւնների շարքին պատկանող ասորական «Աւետարան Յիսուսի Քրիստոսի» գրուածքում (Դ. կամ Է. դար) այրիներին աւելի մեծ տեղ է տրւում, եւ նոյնիսկ սարկաւագուհիները ենթակայ են նրանց իրաւասութեանը, մինչդեռ հովուական առաքելութեամբ հանդէս են գալիս հէնց սարկաւագուհիները, քանի որ այրիներն ապրում են ճգնաւորական կեանքով («Աւետարան Յիսուսի Քրիստոսի»):
Բիւզանդական եկեղեցում, Դ. դարից սկսած, յայտնի են դառնում բազմաթիւ հանրածանօթ սարկաւագուհիների անուններ:
Խիստ հետաքրքրական է Հարաւային Իտալիայում կոստանդնուպոլսական բնօրինակից ընդօրինակուած Պարպերինի թիւ 336 գրչագիրը, որն արտացոլում է Բիւզանդական եկեղեցում Գ.-Ը. դարերում գոյութիւն ունեցող սարկաւագուհիների ձեռնադրութեան մի գործնական կիրառում: Բովանդակային նմանութիւնները սարկաւագուհիներ ձեռնադրելու աւանդուած հայկական կանոնի հետ հեղինակին ենթադրել են տալիս, որ բիւզանդական եւ հայկական կանոնները եկեղեցու վաղ շրջանից ունեցել են, այսպէս կոչուած, Q աղբիւր, որից ներշնչուելով` թարգմանել կամ յօրինել են իրենց համապատասխան կանոնները («Սարկաւագուհիները բիւզանդական աւանդութեան մէջ»):
Կատարուած նկարագրութիւնները նկատի ունենալով` հեղինակը եզրակացնում է, որ եկեղեցու պատմութեան Դ.-ԺԱ. դար երկարող ժամանակահատուածը հանդիսանում է կանանց սարկաւագութեան զարգացման դասական շրջանը, որից յետոյ այն գրեթէ ամէնուրեք սկսում է հետզհետէ թուլանալ: Եւ միակ բացառութիւնը Հայ եկեղեցին է, որ պահպանում է սարկաւագուհիների աւանդութիւնը:
«Կանոնագիրք Հայոց»-ում` իբրեւ Հայ եկեղեցում կանանց սարկաւագութեանը վերաբերող առաջին եւ վաւերական աղբիւր, սարկաւագուհիների վերաբերեալ տեղեկութիւնները թէեւ շատ չեն, բայց նիւթի առնչութեամբ որոշակի կարեւորութիւն են ներկայացնում: Իսկ Թ.-Ժ. դդ. Խմբագրուած ձեռնադրութեան Մաշտոցի ուսումնասիրութեամբ պարզ է դառնում, որ միջնադարեան Հայաստանում կրօնաւորութեան կարգ ընդունող կանայք եւս ձեռնադրուել են կամ առնուազն ձեռնադրութեան միջոցով ստացել համապատասխան օրհնութիւն («Սարկաւագուհիները Հայ եկեղեցում»):
Մատենագրական հետաքրքրաշարժ նիւթերում ուրուագծւում է Հայ եկեղեցու նուիրեալ շարականագիր կանանց կերպարը: Է.-Ը. դդ.-ի բազմավաստակ մատենագիր Ստեփանոս Սիւնեցու քրոջ` Սահակադուխտ Սիւնեցու եւ Գողթնի իշխան Վահան Գողթնացու քրոջ` Խոսրովիդուխտ իշխանուհու կեանքն ու գործերը անսահման հիացմունքի են արժանի: Թէեւ մեր մատենագրութիւնը չի վկայում նրանց` սարկաւագութեան աստիճան կամ այլ կոչումներ ունենալու մասին, այնուամենայնիւ, այդ մասին կարելի է ենթադրել` նկատի ունենալով նրանց կեանքն ու վաստակը: Ինչպէս նշում է հեղինակը, Սահակադուխտ միանձնուհին եւ Խոսրովիդուխտ իշխանուհին Ընդհանրական եկեղեցում հանդիսանում են առաջին կին շարականագիրները, որոնք ապրել եւ ստեղծագործել են Բիւզանդական եկեղեցում յայտնի յոյն շարականագիր Կասիա Կոստանդնուպոլսեցուց շուրջ մէկ դար առաջ (Վկայութիւններ Ը. դարից «Հայ առաջին կին շարականագիրները»):
Հայ մատենագրութեան մէջ սարկաւագուհիների վերաբերեալ բուն վկայութիւնները սկսում են ԺԲ. դարից: Ներսէս Լամբրոնացին, Մխիթար Գօշը, Սմբատ Սպարապետը եւ Ստեփանոս Օրբէլեանը անդրադարձել են սարկաւագուհիներին սարկաւագութեան աստիճանի մասին խօսելիս: Սակայն, ինչպէս նշում է հեղինակը, ԺԱ.-ԺԷ. դդ.-ի մեր եկեղեցական գործիչները` Պօղոս Տարօնացի, Գրիգոր Տաթեւացի, Յովհաննէս Երզնկացի Պլուզ, Մովսէս Երզնկացի եւ այլոք, միշտ չէ, որ լայնախոհ մօտեցում են ցուցաբերել կանանց` եկեղեցական պաշտօններ զբաղեցնելու վերաբերեալ: Մինչդեռ ձեռագիր Մաշտոցների բերուած ցանկում առկայ սարկաւագուհի ձեռնադրելու վերաբերեալ կանոնը վկայում է, որ Հայ եկեղեցում սարկաւագուհիներ ձեռնադրելու հնաւանդ սովորութիւն է եղել («Սարկաւագուհիների վերաբերեալ վկայութիւններ` սկսած ԺԲ. Դարից»:)
Կանանց սարկաւագութիւնը վերածաղկում է ապրում ԺԷ. դարում: Բարեկարգւում են Սիւնիքի մի շարք կուսանոցները, որոնց շարքում առանձնանում են Շենհերի եւ Շոռոթի կուսանաց անապատները իրենց միաբանների քանակի եւ մատենագրական բեղուն գործունէութեան համար: Հ. Ղեւոնդ Ալիշանը իր «Սիսական» խորագրով շահեկան աշխատութեան մէջ նշում է Սիւնեաց աշխարհի մի շարք վանք-կուսանոցներ:
Միանձնուհիները նուիրուել են ոչ միայն միաբանական կեանքին, այլ նաեւ գրչութեան արուեստին` ընդօրինակելով բազմաթիւ ձեռագրեր:
Այդ ձեռագրերի յիշատակարանները հետաքրքրաշարժ տեղեկութիւններ են հաղորդում գրչուհիների եւ կուսանաց անապատների մասին («Կանանց սարկաւագութեան վերազարթօնքը»):
ԺԲ. դարից մեզ հասնող վկայութիւնները (Մխիթար Գօշ, Սմբատ Սպարապետ, Ստեփանոս Օրբէլեան) տեղեկութիւններ են հաղորդում հայ սարկաւագուհիների զգեստաւորման մասին («Սարկաւագուհիների զգեստաւորումը»):
ԺԷ. դարում սարկաւագուհիներին առաջին անգամ կազմակերպուած իբրեւ միաբանութիւն տեսնում ենք Հայաստանի սահմաններից դուրս` Նոր Ջուղայի Ս. Կատարինէ վանքում, որտեղ գոյութիւն է ունեցել սարկաւագուհիներ ձեռնադրելու սովորութիւն: 1660 թ.-ին ընդօրինակուած «Խորհրդատետր»-ի մէջբերուող յիշատակարանում նշւում են Ս. Կատարինէ կուսանաց անապատի մէկ տասնեակից աւելի սարկաւագուհիների անուններ: Իսկ Կ.Պոլսում հրատարակուող «Հայ Խօսնակ» ամսագրի մէջբերուող շահեկան մի վաւերագիր որոշակի պատկերացում է տալիս կուսանաց անապատի մասին: Մէջբերւում է Ս. Կատարինէ վանքի միաբանական կանոնագիրը, որ ուսումնասիրողներին լայն պատկերացում է տալիս ներքին կարգուկանոնի եւ վանական խիստ կեանքի մասին («Նոր Ջուղայի Ս. Կատարինէ մենաստանի կանոնները»):
Ս. Կատարինէ վանքից բացի` յիշւում են եւս երեք կուսանաց վանքեր, որոնցում նոյնպէս գործել է սարկաւագուհիներ ձեռնադրելու աւանդութիւնը: Դրանցից առաջինը Թիֆլիսի Ս. Ստեփանոս կուսանաց վանքն է: Վանքի հիմնադրման պատմութիւնը լրանում եւ ամբողջանում է կուսաստանի կեանքի եւ առօրեայի վերաբերեալ ականատեսի պատմական մի նկարագրութեամբ, որ հրատարակուել է 1895 թ. Կ.Պոլսում լոյս տեսնող «Հայրենիք Օրագիր» թերթում («Թիֆլիսի Ս. Ստեփանոս կուսանաց վանքը»): Մէջբերւում է միաբանութեան մայրապետներից Յուստիանէի զեկուցագիրը, որը, ճիշդ է, միաբանական կանոնագիր չէ, բայց որոշակի պատկերացում է տալիս միաբանութեան ներքին կեանքի մասին եւ ոչ պակաս կարեւոր է կուսանաց անապատների պատմութիւնն ուսումնասիրելու համար: Մայրապետուհիների (Կատարինէ Ղորղանով, Հռիփսիմէ Թահիրեանց, ունեցել են սարկաւագուհու կոչում) մասին եղած նիւթերը վկայում են, որ Հայ եկեղեցում սարկաւագուհիները իրենց ծառայական առաքելութեամբ պատկառազդու ներկայութիւն են ազգային-եկեղեցական եւ հասարակական կեանքում:
1866 թ.-ին Կ.Պոլսում Սրբուհի Նշան-Գալֆայեանի կողմից հաստատւում է «Գալֆայեան ազգային որբանոց երից ամաց ընծայման Ս. Կուսին» միաբանութիւնը, որտեղ նոյնպէս, ինչպես նախորդներում, իրենց գործունէութիւնն են ծաւալել սարկաւագուհիներ, որոնք հանդիսաւոր արարողութեամբ ձեռնադրուել են բարձրաստիճան եւ երանաշնորհ եկեղեցականների կողմից: Կրթելով եւ դաստիարակելով հարիւրաւոր որբուհիներ` նրանք անգնահատելի ծառայութիւն են մատուցել եկեղեցուն եւ ազգին: Ներկայացուող փաստերը միանգամայն վկայում են Հայ եկեղեցում սարկաւագուհիների անձնուրաց գործունէութեան արգասաւորութեան եւ հոգեւորական գործիչների լայնախոհութեան ու սարկաւագուհիների նկատմամբ քաջալերիչ վերաբերմունքի մասին (Կ.Պոլսի «Գալֆայեան ազգային որբանոց երից ամաց ընծայման Ս. Կուսին» միաբանութիւնը): Կից ներկայացուած է նաեւ Գալֆայեան միաբանութեան անդամուհիների ազգային-եկեղեցական առաքելութեան կանոնագիրը («Սրբուհի մայրապետի կտակագրից որբանոցի կարգուկանոնը»):
1990 թ.-ին Մեծի Տանն Կիլիկիոյ երջանկայիշատակ Գարեգին Բ. կաթողիկոսի օրհնութեամբ Լիբանանի Ճիպէյլ-Պիպլոս կոչուած քաղաքի հանրածանօթ «Թռչնոց բոյն» որբանոցին կից ստեղծուեց Գայանեանց քոյրերի միաբանութիւնը, որը հանգամանքների բերումով լուրջ յաջողութիւն չունեցաւ («Արեւագալի նոր յոյսեր»): Այնուամենայնիւ, կանոնագիտական իմաստով հետաքրքրութիւն կարող է ներկայացնել Մեծի Տանն Կիլիկիոյ միաբանութեան անդամներից Զարեհ արք. Ազնաւորեանի` Գայանեանց միաբանութեան համար պատրաստած «Նախագիծ կազմութեան եւ կազմակերպութեան կրօնաւորուհեաց կարգի» աշխատութիւնը, որն անտիպ է մնացել: Զարեհ սրբազանը, քաջատեղեակ լինելով կանանց սարկաւագական կարգի աւանդութեանը, այն պահպանելու համար էր սահմանում նրանց ձեռնադրութեան անհրաժեշտութիւնը:
Հեղինակը, գնահատելով Զարեհ սրբազանի ջանքերը, աշխատութիւնը պահպանելու համար ցանկացել է այն ամբողջութեամբ մէջբերել («Կրօնաւորուհիների կարգի կազմութեան եւ կազմակերպութեան նախագիծ»):
Հայ եկեղեցու վերջին սարկաւագուհին Գալֆայեան միաբանութեան քոյրերից Հռիփսիմէ Սասունեանն էր, որ վախճանուեց 2007 թուականին:
Նրա մահով կանանց սարկաւագութեան աւանդութիւնը չընդհատուեց:
Բարեբախտաբար Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Թեհրանի թեմում 2017 թ.-ին տեղի ունեցաւ Անի-Քրիստի Մանուէլեանի ձեռնադրութիւնը: Այս առնչութեամբ գնահատելի է թեմակալ սրբազանի ելոյթը, որ կարեւորում է իգական սեռի մասնակցութիւնը եկեղեցու կեանքում եւ վստահութիւն յայտնում, որ հայ կանայք մեծ սիրով նուիրուելու են եկեղեցու սպասաւորութեանը:
Անդրադառնալով արդի ժամանակներում կանանց ձեռնադրութեան հետ կապուած կարծրատիպերին եւ դրանց առնչուող փաստերին` հեղինակը նշում է, որ եկեղեցական կառոյցների կեանքն ու կենցաղը պէտք չէ լինեն անփոփոխ եւ անբարեկարգելի: Եկեղեցական կեանքը զարգացնելու ուղղութեամբ բարենորոգումներ իրականացնելիս պէտք է հնարաւորութիւն տալ կանանց իրենց սպասաւորութեամբ օգտակար լինելու եւ այդպիսով վերակենդանացնել Հայ եկեղեցու պատմութեան մէջ դարերով գոյութիւն ունեցած եւ մեր հոգեւոր հայրերի լայնախոհութեան արդիւնքը հանդիսացող սարկաւագուհիների նուիրական աւանդութիւնը, քանզի ինչպէս նրանք են մեզ աւանդել. «Նոր կամ անարգ մի բան մի՛ համարէք սա, ո՛վ սուրբ եղբայրներ, այլ սուրբ առաքեալի աւանդութիւնից ենք ուսանում, քանզի ասում է, թէ` «Յանձնարարում եմ ձեզ Փիբէին, որ եկեղեցու սպասաւորն է» (Մխիթար Գօշ): Եւ ինչպէս բարեմաղթում է հեղինակը «Երախտիքի խօսք»-ում. «Թող այս մատեանում յիշատակուած լուսապսակ միանձնուհիների եւ սարկաւագուհիների հոյլը երկնքի լուսեղէն բարձունքներից բարեխօս լինի ամէնքիս համար եւ օրհնութեամբ ծաղկուն պահի այս սուրբ եւ նուիրական աւանդութիւնը Հայաստանեայց առաքելական ս. եկեղեցու ծոցում: Այն իր երկնահանդէս աղօթքներով թող օժանդակի մերօրեայ եւ գալիք կոչումնաւոր հայ սարկաւագուհիների եկեղեցանուէր առաքելութեանը»:
Հոգեկան անկեղծ ու ջերմ ապրումով երկար պրպտումների արդիւնքում պատրաստուած գիտական-հետազօտական այս արժէքաւոր աշխատութիւնն ընդգրկում է եկեղեցականներին եւ ընդհանրապէս հասարակութեանն ուղղուած մի կարեւոր պատգամ. Հայ եկեղեցում սարկաւագուհիների դարաւոր եւ նուիրական աւանդութիւնը առանձնայատուկ կարեւորութիւն է ներկայացնում ժամանակակից միջեկեղեցական երկխօսութեան համար, եւ որպէսզի այն կարծրատիպերի եւ անուշադրութեան զոհ չդառնայ, հարկաւոր է նոր կոչումներով եւ ձեռնադրութիւններով վերածաղկեցնել մեր եկեղեցու պարարտ անդաստանում:
Գրքի վերջում` գրականութեան ցանկում, ներկայացւում են մեծաթիւ մատենագրական եւ տպագիր նիւթերը` Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան մատենադարանի, Վենետիկի Մխիթարեան մատենադարանի ձեռագրեր, Հայաստանի Ազգային արխիւի նիւթեր, հանրագիտարաններ, բառարաններ, ձեռագրացուցակներ ու նաեւ համացանցային աղբիւրներ, մենագրութիւններ եւ յօդուածներ, որոնց լոյսի ներքոյ ամբողջական պատկերացում է տրւում Հայ եկեղեցում սարկաւագուհիների աւանդութեան մասին:
Դոկտ. Աբէլ քհն. Մանուկեանի «Հայ եկեղեցու սարկաւագուհիները» գիրքը, նրա օտարալեզու եւ հայալեզու բազմաթիւ գրական եւ հետազօտական աշխատութիւնների շարքը համալրելով, արժէքաւոր նիւթ կարող է դառնալ հետագայ ուսումնասիրողների համար: