ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
44-օրեայ պատերազմից անցել է ուղիղ մէկ տարի:
Պատերազմ, որը կարող էր չլինել: Պարտութիւն, որը կարող էր չլինել, եթէ, ի հարկէ, չլինէր Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ գործող իշխանութիւնների ամբոխավարական եւ անգրագէտ արտաքին ու ներքին քաղաքականութիւնը, ոչ կոմպետենտութիւնը, յանցաւոր անգործութիւնը, իրավիճակն ընկալել չցանկանալու զարմանալի յամառութիւնն ու միջազգային յարաբերութիւններում տգիտութիւնը:
44-օրեայ պատերազմն իր ծաւալներով եւ մեզ պարտադրած կորուստներով գերազանցեց այն բոլորը, որը չէինք պատկերացնում, որ կարող ենք ականատեսը լինել ամենավատ մղձաւանջում անգամ:
Եւ, այսպիսով, 2020 թուականի սեպտեմբերի 27-ը մեր պատմական յիշողութեան մէջ մտաւ որպէս պատմական ջրբաժանի չարաբաստիկ մի օր, որը մեր կեանքը բաժանեց երկու մասի` մինչ 44-օրեայ պատերազմն ու դրանից յետոյ:
Պատերազմը գլխիվայր շուռ տւեց մեր իրականութիւնը: Պատերազմից յետոյ շատ բան փոխուեց յատկապէս նրանց համար, որոնք ընդունակ էին/են մտածել ու վերլուծել եւ ամբողջութեամբ գիտակցել մեզ պատուհասած աղէտի ողջ ծաւալը:
Պատերազմի արդիւնքում մենք կորցրեցինք այն բոլորը, որն ամրագրուել էր մեր գիտակցութեան մէջ 30 տարիների ընթացքում, մասնաւորապէս` արցախեան առաջին ազատամարտից ի վեր. յաղթողի հոգեբանութիւն, ազատագրուած հայրենիք (Արցախ), ամուր եւ անվտանգ սահմաններ եւ թիկունք, յաղթանակած ու մարտունակ բանակ:
Հիմա այդ բոլորն այլեւս չկան եւ երաշխաւորուած չեն: Պատերազմում կրած պարտութեան պատճառով հայկական զոյգ պետութիւնների տարածքը կրճատուեց: Թշնամական պետութեան հետ ՀՀ սահմանները երկարեցին, իսկ թիկունքը դարձաւ բացարձակ խոցելի: ՀՀ ԶՈՒ-ն բառի բուն իմաստով կազմաքանդուեց: ՀՀ տարածքների որոշակի մասը, այդ թւում նաեւ ռազմավարական նշանակութեան ճանապարհները ՀՀ գործող իշխանութիւնների` թշնամու հետ յանցաւոր եւ դաւաճանական պայմանաւորուածութեան արդիւնքում անցել են թշնամու վերահսկողութեան տակ, իսկ մի քանիսին էլ սպառնում է նոյն ճակատագիրը` մեկնարկած սպասուելիք սահմանազատման եւ սահմանաճշդման մութ գործընթացի արդիւնքում:
Իսկ ամենակարեւորը եւ ճակատագրականը` վտանգուած է հայոց պետականութիւնը: ՀՀ-ն արագ ընթացքով զիջում է իր ինքնիշխանութիւնը, դարձել է լոկ խաղաքարտ տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային տէրութիւնների ձեռքում` հարաւկովկասեան աշխարհաքաղաքական նոր վերադասաւորումների խորապատկերին եւ դրա համատեքստում մղուող չափազանց բարդ եւ բազմաշերտ հակամարտութեան մէջ:
Որքան էլ ծանր լինեն, սակայն, այս պարտութեան հետեւանքները, որքան էլ անելանելի թուայ իրավիճակը, այդուհանդերձ, մենք թեւաթափ լինելու եւ յանձնուելու իրաւունք չունենք:
Մեզ անհրաժեշտ է գիտակցել, որ հիմնական սպառնալիքները եւ մարտահրաւէրները դեռ առջեւում են:
Մենք պէտք է հասկանանք վերջապէս, որ ՀՀ գործող իշխանութիւնների որդեգրած նուաստացուցիչ քաղաքականութիւնը, թշնամու դէմ ծնկելն ու նրա ցանկացած պահանջի կատարումը մեզ, լաւագոյն դէպքում, բերելու է մի քանի տարուայ յարաբերական դադար, այլ ոչ թէ տեւական եւ մնայուն` արժանապատիւ խաղաղութիւն:
Մենք պէտք է գիտակցենք, որ միանշանակ փակուղու տանող, պարտուողական այս քաղաքականութիւնը միայն սրել է Թուրքիայի փանթուրքիստական նկրտումները: Ազրպէյճանը ոգեւորուած հեշտ տրուող յաղթանակներից` ձգտում է բռնակցել ՀՀ ռազմավարական նշանակութեան տարածքներ` Սիւնիքում, Գեղարքունիքում եւ Տաւուշում, իսկ Արցախի ճակատագիրն ընդհանրապէս անորոշ է:
Նման օրհասական պայմաններում մեզ անհրաժեշտ է հնարաւորինս արագ կասեցնել հայկական պետականութեան գահավիժող ընթացքը: Վերականգնել սեփական ուժերի նկատմամբ վստահութիւնը: Վերջ տալ բոլոր ոլորտներում հունաւորուած ապազգային, ձախաւեր եւ դաւաճանական քաղաքականութեանը: Վերակազմաւորել եւ ամրապնդել հայոց բանակը: Վերականգնել ՀՀ միջազգային վարկն ու դիրքը: Վերաիմաստաւորել եւ վերաձեւել դաշնակցային յարաբերութիւնները բոլոր ուղղութիւններով:
Սրանք ընդամէնն առաջին քայլերն են, որ անհրաժեշտ են մեզ` հայոց պետականութեան գահավէժ ընթացքը կասեցնելու եւ իրավիճակը շտկել փորձելու համար:
Մենք պէտք է գիտակցենք, որ մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում վերականգնել ուժերի յարաբերակցութիւնն ու հաւասարակշռութիւնը, այլապէս նոր պատերազմն անխուսափելի կը լինի, այս անգամ` արդէն ՀՀ տարածքում:
Թշնամին այդ պատերազմն արդէն ծրագրաւորել է: Դրան պատրաստւում է ամբողջ թափով, ամէն օր: Իսկ մե՞նք…
Սթափուել է պէտք: Ժամանակը մեր դէմ է գործում: