Արցախեան Հիմնահարցի Կարգաւորման Բանալին Արցախում Է. Դաւիթ Իշխանեան

Յուլիսի 10-ին տեղի պիտի ունենայ ՀՅԴ Արցախի հերթական Շրջանային ժողովը, որուն նախօրեակին «Ապառաժ»-ը հարցազրոյց ունեցաւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ:

«ԱՊԱՌԱԺ».- Առաջիկայում գումարուելու է ՀՅԴ Արցախի հերթական Շրջանային ժողովը: Ինչպիսի՞ ընթացակարգով է այն գումարւում եւ ի՞նչ նշանակութիւն ունի այն ՀՅԴ կառոյցի համար:

ԴԱՒԻԹ ԻՇԽԱՆԵԱՆ.- Համադաշնակցական մեր մեծ ընտանիքը շատ լաւ է պատկերացնում, թէ ի՛նչ է նշանակում Շրջանային ժողով: Ես կը փորձեմ մի քիչ փակագծերը բացել եւ հասարակութեանը որոշակի տեղեկութիւններ փոխանցել: Շրջանային ժողովը իւրաքանչիւր երկու տարին մէկ հրաւիրուող` տուեալ շրջանի կուսակցական կառոյցի բարձրագոյն ժողովն է, որի ընթացքում լսում են նախորդ Շրջանային ժողովի կողմից ընտրուած Կենտրոնական կոմիտէի հաշուետուութիւնը եւ ճշգրտում առաջիկայ անելիքները: Ժողովին մասնակցում են շրջաններից ընտրուած ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ` ՀՅԴ Բիւրոյից ներկայացուցիչ:

Այսպիսով, կայանալիք ՀՅԴ Արցախի հերթական Շրջանային ժողովի ընթացքում կը ճշգրտուեն ոչ միայն առաջիկայ երկու տարիների մեր անելիքները, այլեւ գնահատական կը տրուի նախորդ երկու տարիներին կատարած աշխատանքներին:

«Ա.».- Վերջին երկու տարին Արցախի համար լի էր փորձութիւններով, կորուստներով ու անիրական թուացող դժուարութիւններով` համապետական ընտրութիւններ, պատերազմ, տնտեսական ու քաղաքական ճգնաժամ: Ինչպէ՞ս էք գնահատում ՀՅԴ Արցախի կառոյցի դերը դրանց յաղթահարման գործում:

Դ. Ի.- Անշուշտ դժուար է վերջին երկու տարիները համեմատել նախորդ շրջանների Կենտրոնական կոմիտէների երկամեայ գործունէութեան հետ: Այս շրջանը կարող է որոշակիօրէն համեմատուել 1991-1995թթ. ժամանակահատուածում Արցախում տեղի ունեցած քաղաքական անցուդարձերի հետ, որն ուղեկցւում էր ոչ միայն պետականաշինութեան գործընթացի հիմքերը դնելով, այլ նաեւ` ռազմական գործողութիւններով: 2019թ. յուլիսին գումարուած մեր բարձրագոյն ժողովի օրակարգային հիմնական հարցը առաջիկայում կայանալիք համապետական ընտրութիւններն էին: Ընտրութիւններից բացի, ինչպէս միշտ, մեր ժողովների հիմնական օրակարգերից մէկը Արցախի հիմնահարցն է:

Մենք բազմիցս կրկնել եւ բարձրաձայնել ենք, որ Արցախի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը զարգանում են հաղորդակից անօթների նման` համագործակցելով, միմեանց փոխլրացնելով եւ համապատասխան անվտանգային համակարգ ձեւաւորելով: Մենք տեսնում էինք Հայաստանում առկայ ներքաղաքական, նաեւ արտաքին քաղաքական ձախողումներ, որոնք կարող էին անմիջականօրէն առնչութիւն ունենալ Արցախի Հանրապետութեան ապագայի հետ: Սրանց մասին հեշտ է խօսել յետադարձ հայեացքով, բայց այդ ժամանակաշրջանում մենք առիթներ ունեցել ենք ոչ միայն մեր ներքին, այլ նաեւ արտաքին լսարանի համար այս տեսակէտները բարձրաձայնել: Պատահական չէ, որ 2019-ին ընդունուած որոշումների մէջ յստակ ընդգծւում էին օրէցօր ահագնացող մարտահրաւէրները արցախեան հիմնահարցի կարգաւորման առումով:

Արցախի ներքին քաղաքական դաշտի վրայ լուրջ ազդեցութիւն էր թողել Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իշխանափոխութիւնը: Արցախի հիմնահարցը երկրորդական գիծ էր մղուել. տպաւորութիւն էր, որ մեր անվտանգային հարցերը կարեւոր չէին, եւ հասարակութեան մէջ աւելի գերիշխող եւ գերակայող էին դառնում սոցիալական խնդիրները: Հասարակութիւնը, մասնաւորապէս տարբեր շրջանակներ ներկայացնող երիտասարդութիւնը փորձում էր նոր ուղղութիւն որդեգրել:

«Ա.».- 2020թ. համապետական ընտրութիւնների նախօրէին Դաշնակցութիւնը հանդէս եկաւ ԱՀ նախագահի համաձայնեցուած թեկնածու առաջադրելու առաջարկով: Ինչո՞ւ այդ նախաձեռնութիւնը չյաջողեց:

Դ. Ի.- 2019թ. ակնյայտ էին այն դասաւորումները եւ վերադասաւորումները, որոնք տեղի էին ունենում մեր քաղաքական դաշտում: Ծնւում էին նոր կուսակցութիւններ, որի նպատակն էր որոշակի փոփոխութիւններ մտցնել Արցախի քաղաքական ուղեգծի մէջ: Դաշնակցութիւնը, ունենալով բազմամեայ փորձ, փորձում էր պառակտուող հասարակութեան մէջ միաւորողի դեր ստանձնել: Այդ նպատակով յուլիսին, ՀՅԴ Շրջանային ժողովի աւարտից յետոյ յայտարարուեց, որ մենք փորձելու ենք նախաձեռնութիւն ցուցաբերել քաղաքական դաշտը միաւորելու եւ նախագահի համաձայնեցուած թեկնածու ունենալու համար` կանխատեսելով քաղաքական դաշտում պառակտման միտումները, որն թելադրուած էր արտաքին ուժերի ազդեցութեամբ: Այստեղ նաեւ իրենց տեղն ու դերն ունէին Հայաստանի գործող իշխանութիւնները:

Այսպիսով, 2019թ. օգոստոսին մենք հանդէս եկանք համապատասխան յայտարարութեամբ: Քաղաքական խորհրդակցութիւններ սկսելով տարբեր քաղաքական ուժերի հետ` փորձեցինք մեր դիրքորոշումները ներկայացնել դաշտում գործող հիմնական դերակատարների հետ: Ցաւօք սրտի, միւս քաղաքական ուժերի մօտ ապագայի մասին պատկերացումները սահմանափակ էին ու մակերեսային:

Համախմբման առումով մեր ջանքերն այդպէս էլ արդիւնք չտուեցին: Այդ մասին եւս հանդէս եկանք յայտարարութեամբ: ՀՅԴ Արցախի արտահերթ ժողովը կայացրեց որոշում` առաջիկայ համապետական ընտրութիւններին Դաշնակցութիւնը հանդէս է գալու ԱՀ նախագահի սեփական թեկնածուով:

«Ա.».-  2020թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ դուք նախագահի թեկնածու էիք: Յետադարձ հայեացք նետելով` ընտրուելու պարագայում դուք կը կարողանայի՞ք դիմագրաւել պատերազմին ու միւս արհաւիրքներին:

Դ. Ի.- Պոստֆակտում խօսելը հեշտ է: Դժուար էր պատկերացնել, թէ մեզ ի՛նչ է սպասւում: Եթէ այսօր յետադարձ հայեացքով փորձենք գնահատական տալ եւ խօսել մեր բացթողումների մասին, ապա դա հասարակութեան համար ընկալելի չի լինի, եւ այն որակուելու է որպէս արդարացում: Բայց մեր կառոյցին հաղորդակից մարդիկ, նաեւ պետական այրեր ու պետական տարբեր կառոյցներ, որոնց մենք փորձում էինք մեր տեսակէտները հաղորդել, կարող են վկայել, որ մենք աւելի կազմակերպուած եւ աւելի արդիւնաւէտ գործող պետական համակարգի կողմնակից ենք: Մենք ակնկալում էինք, որ ընտրութիւնների արդիւնքում ձեւաւորուած նոր իշխանութիւնը կը ցուցաբերի իմաստութիւն եւ խոհեմութիւն:

Յիշենք այն ժամանակահատուածը, որը նախորդեց 2020թ. գարնանը տեղի ունեցած համապետական ընտրութիւններին: Իշխանութիւնը թուլացած էր, հանրութեան մէջ փոփոխութիւններ տեսնելու միտումներն աւելի ակնառու էին, ու օրախնդիր էր նոր իշխանութեան ձեւաւորումը: Ի՞նչ ձեւով, ինչպէ՞ս` կարծես թէ երկրորդական էր: Մենք ակնկալում էինք, որ ձեւաւորուած նոր իշխանութիւններն աւելի խորքային մօտեցումներ կը ցուցաբերեն` յատկապէս հաշուի առնելով այն հանգամանքը, որ նախորդ 10-12 տարիներին նորընտիր նախագահը եւ իր խմբակը իշխանութեան մաս էին եւ 2007թ. ի վեր վարուող քաղաքականութեան հիմնական պատասխանատուներն ու դերակատարներն էին, մեր բոլոր յաջողութիւնների եւ անյաջողութիւնների պատասխանատուները:

Ցաւօք սրտի, ականատես եղանք, որ խորքային պատկերացումներ գոյութիւն չունեն: Հէնց այդ օրերին Դաշնակցութեան եւ իշխանութիւնների միջեւ համատեղ կառավարութիւն կազմաւորելու, քոալիսիոն գործընկերութեան ձեւաչափով միմեանց հետ համագործակցելու, ընդհուպ մինչեւ յուշագիր ստորագրելու երկխօսութիւնը չարդիւնաւորուեց: Սա այն շրջանն էր, երբ Արցախի հասարակութեան մեծամասնութիւնն իր քուէն տուել էր գործող իշխանութիւններին: Սա այն շրջանն էր, երբ նոր ձեւաւորուած իշխանութիւնը քննադատում էր նախորդ տասնամեակի իշխանութեանը եւ փորձում բոլոր անյաջողութիւնների մեղքը եւ ծանրութիւնը դնել նախորդների վրայ: Հասարակութիւնը նաեւ Դաշնակցութեանն էր դիտարկում որպէս «նախորդ» ուժ` երկրում բոլոր բացթողումների եւ չիրականացուած ծրագրերի մէջ տեսնելով Դաշնակցութեան մեղքի բաժինը: Այո՛, մենք ունեցել ենք այդ պատասխանատուութիւնը մեզ տուած վստահութեան չափաբաժնով, մինչեւ իսկ աւելի մեծ պատասխանատուութիւն ենք կրել ոչ միայն Արցախի ներքին կեանքում, այլ նաեւ` արտաքին ճակատում: Ընդհանրութեան մէջ մենք զգում էինք ձեւաւորուած նոր իշխանութիւնների անպատասխանատուութեան աստիճանը:

«Ա.».-  Մինչեւ 2020թ. գարուն ՀՅԴ-ն Արցախում իշխանութեան մաս էր, 2020թ. համապետական ընտրութիւններից յետոյ դարձաւ ընդդիմութիւն: ՀՅԴ կառոյցն ինչպէ՞ս ընդունեց այդ փոփոխութիւնը եւ ի՞նչ խնդիրների բախուեց:

Դ. Ի.- Մեզ համար նորութիւն չէ իշխանութեան մաս կազմելը կամ ընդդիմադիր ճակատում լինելը: 1991թ. սկսած` վերջին 30 տարիների ընթացքում Դաշնակցութիւնը եղել է թէ՛ ընդդիմադիր ճակատում, թէ՛ իշխանական ճամբարում: Ընդդիմադիր, թէ իշխանութիւն, Դաշնակցութիւնը միշտ մնացել է որպէս Դաշնակցութիւն: Եթէ որդեգրուած քաղաքականութիւնը նպաստում է մեր ժողովրդի, պետութեան շահերին, ապա Դաշնակցութիւնը իշխանութեան մաս է, իսկ հակառակ պարագայում` ընդդիմութիւն:

Արցախում ձեւաւորուած ցանկացած իշխանութիւն ձգտում էր Դաշնակցութեան հետ համագործակցութեան եզրեր գտնել: Երբ տեսնում ենք, որ օրուայ իշխանութիւնն ունի լուրջ բացեր եւ մեր սկզբունքային առաջարկները չի ընդունում, Դաշնակցութիւնը չի կարող այդ սկզբունքներից դուրս լինել եւ դրանց չհամապատասխանելով` յայտնուել իշխանական համակարգում: Հէնց այս գործելաոճից ելնելով` Դաշնակցութիւնն այժմ ընդդիմադիր ճակատում է: Ինչ կարգավիճակում էլ լինի Դաշնակցութիւնը, մեզ համար կարեւորը սկզբունքներն են, պետական եւ ազգային շահերի առաջմղումը: Մենք միշտ էլ գործել ենք յանունի սկզբունքով` յանուն պետութեան, յանուն պետականութեան եւ յանուն մեր ժողովրդի: Մի գաղտնիք յուշեմ. այն իշխանութիւնը, որին մաս է կազմել Դաշնակցութիւնը, ունեցել է յաջողութիւն ու ապահովել է երկրի զարգացումը:

«Ա.».- Ի՞նչ դեր խաղաց ՀՅԴ-ն արցախեան վերջին պատերազմի ժամանակ:

Դ. Ի.- Ընդունուած է ասել, որ Դաշնակցութիւնն ծայրայեղ պայմանների կառոյց է: Մենք յայտնուեցինք գերծայրայեղ վիճակում: Անշուշտ Դաշնակցութիւնը չէր կարող այս փուլում իր ամբողջական կառոյցի հնարաւորութիւնները չօգտագործել: Առաջին իսկ օրերից «կամաւորական շարժում» ՀԿ անդամներն Արցախում էին, իսկ նրանք ոչ միայն ՀՀ, այլեւ սփիւռքի մեր կուսակիցներն էին, որոնք, ինչպէս 1990-ական թուականներին, ինչպէս 2016-ին, իրենց առաքելութեանը հաւատարիմ, իրենց ներկայութեամբ ամրապնդել են պաշտպանունակութեան համակարգը եւ յաջողութիւններ արձանագրել:

Այստեղ պէտք է դիտարկել ոչ միայն պատերազմի դաշտը: Դաշնակցութեան անելիքները շա՜տ շատ էին ու են տարբեր ոլորտներում: Քաղաքական դաշտում տարբեր կառոյցները, այդ թւում` նաեւ ՀՅԴ Հայ դատի գրասենեակների եւ յանձնախմբերի, աշխարհի չորս կողմում են: Տեղեկատուական-քարոզչական դաշտում Դաշնակցութիւնը եւս իր համահայկական ցանցային կառոյցով կարողացաւ իր դերակատարումն ունենալ: Յօգուտ Արցախի աշխատում էին նաեւ ուղեկից կառոյցները` ՀՕՄ, Համազգային եւ ՀՄԸՄ: Այս ամէնով հանդերձ,  մենք շատ պարզ գիտակցում եւ հասկանում էինք, որ հիմնական քաղաքական-դիւանագիտական, տեղեկատուական-քարոզչական աշխատանքներին զուգընթաց` նաեւ մեր անմիջական ներկայութիւնն Արցախում շատ կարեւոր է: Մենք բազմիցս փորձել ենք Արցախի իշխանութիւնների, պատասխանատու տարբեր շրջանակների հետ ՀՅԴ Բիւրոյի, ՀՅԴ Արցախի ԿԿ-ի հանդիպումներում ճշգրտել մեր անելիքները:

2016թ. ապրիլին շատ անմիջական եւ ազդեցիկ եղաւ մեր համագործակցութիւնը: Բաւականին մեծ ազդեցութիւն ունեցան Դաշնակցութեան քարոզչական լծակները միջազգային բեմահարթակում Ազրպէյճանին որպէս նախայարձակ ներկայացնելու հարցում: 2020թ. սեպտեմբերին մեր տեղեկատուական-քարոզչական մեքանիզմները լիարժէք չաշխատեցին: Նկատելի էր Դաշնակցութեան եւ պետական տեղեկատուական համակարգի համագործակցութեան բացակայութիւնը: Ի հարկէ կարելի է յետադարձ հայեացք նետելով` տարբեր գնահատականներ տալ, բայց ուզում եմ անդրադառնալ, որ այս պատերազմում մեր անյաջողութիւնների հիմնական պատճառը անկազմակերպուածութիւնն էր եւ պետական կառոյցների ոչ լիարժէք գործունէութիւնը թէ՛ ԱՀ-ում, եւ թէ՛ ՀՀ-ում:

ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ

(Շար. 1)

CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )