Երէկ «Հայաստան» դաշինքի բանբեր Արամ Վարդեւանեան կատարեց հետեւեալ յայտարարութիւնը.
«Հայաստան» դաշինքն արձանագրում է երկրում սկսուած քաղաքական բռնաճնշումների մասին: Ընդամէնը երէկ վարչապետի ժամանակաւոր պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը խօսում էր համերաշխութեան ձեռք մեկնելու մասին, մինչդեռ այսօր արդէն բազմաթիւ ահազանգեր ենք ստացել բոլոր այն համայնքներից, ուր խորհրդարանական արտահերթ ընտրութիւններում համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի համախոհները կամ խմբակիցներն են եղել: Այդ բոլոր համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով յորդորում են ինքնակամ հրաժարական տալ: Ժամեր առաջ Լոռուայ մարզպետարանում նման պահանջ է դրուել նաեւ Օձունի համայնքապետ Արսէն Տիտանեանի առջեւ, եւ երբ նա հրաժարուել է կատարել մարզպետի պահանջը, հէնց մարզպետարանի շէնքում ծեծի է ենթարկուել:
«Հայաստան» դաշինքը խստօրէն դատապարտում է կատարուածը եւ ձեռնարկելու է բոլոր միջոցները այս հաշուեյարդարն իրականացրածներին օրէնքի ողջ խստութեամբ պատժելու համար: Իսկ եթէ իշխանութիւնները չդադարեն այս գործելակերպը, ապա սկիզբ կը դնեն նոր քաղաքական ճգնաժամի:
ԱՐԱՄ ՎԱՐԴԵՒԱՆԵԱՆ
«Հայաստան» դաշինք