ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
ԵՊՀ ընդհանուր լեզուաբանութեան ամպիոնի վարիչ
Խօսքս ուղղում եմ առաջին հերթին ինձ ճանաչողներին.
– Իմ համագիւղացիներին` գառնեցիներին,
– Իմ հազարաւոր ուսանողներին` ներկայ եւ նախկին,
– Բոլորին, որոնց հետ սովորել եմ, աշխատել կամ ճանաչել եմ ինչ-ինչ հանգամանքներում:
Այլ կերպ` բոլոր նրանց, որոնց համար իմ խօսքը կարող է արժէք ունենալ:
Յունիսի 20-ի խորհրդարանական ընտրութիւնները պարզապէս իշխանութեան ընտրութիւններ չեն եւ ոչ էլ սոսկ կառավարման ճգնաժամով պայմանաւորուած ընտրութիւններ, որպիսի վիճակի հետ վերջին երկու տարիներին չորս անգամ բախուել է, օրինակ, Իսրայէլի բնակչութիւնը: Առաջիկայ ընտրութիւնները լինելու են 1990-ից ի վեր ամէնից վճռորոշ, իսկապէս բախտորոշ ընտրութիւնները Հայաստանի երրորդ հանրապետութեան երեսնամեայ պատմութեան մէջ: Այս ընտրութիւններն առաջինն են, որոնց արդիւնքներից կախուած է լինելու մեր` հինգհազարամեայ պետականութեան պատմութիւն ունեցող ժողովրդիս, պետութիւն ունենալ-չունենալու, իբրեւ ազգ` համաշխարհային մեծ ընտանիքում մեր տեղն ունենալ-չունենալու հարցը: Ստեղծուած իրավիճակի մեծ պատասխանատուութիւնը միաժամանակ աւելի է դժուարացնում կողմնորոշուելու հնարաւորութիւնը: Մեզ յուզող հարցերի մասին կուսակացական-քաղաքական գործիչներից ամէն օր լսում ենք իրարամերժ բացատրութիւններ, առաջարկութիւններ, լուսաւոր ապագայի խոստումներ, եւ բնականաբար հեշտ չէ բառերի այդ լաբիրինթոսում կողնորոշուելը: Հասարակութեան տարբեր շերտերի հետ շփումները ցոյց են տալիս, որ շատերը դեռեւս մնում են իրենց կանխակալ պատկերացումների գերին, չեն յաղթահարել ազգը «նախկինների եւ ներկաների» բաժանելու կեղծ օրակարգը: Այդ իրողութիւնը վկայում է մէկ բանի մասին. այդպիսի մարդիկ դեռեւս չեն հասկացել մեզ սպասուող ընտրութիւնների իրական նշանակութիւնը: Ազգը «նախկինների եւ ներկաների» բաժանողները հետապնդում են մէկ հիմնական նպատակ` նրանք առաջնորդւում են «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, որը բացառապէս կոչուած է սպասարկելու իրենց անձնական-կուսակցական շահերը: Դա խորամանկ, բայց թոյլ մարդկանց սկզբունք է, իսկ թոյլ մարդիկ չեն կարող ուժեղ ղեկավարներ լինել, հետեւաբար չեն կարող պետութիւն ու ժողովուրդ առաջնորդել: Ցանկացած մակարդակի իշխանութեան, առաւել եւս համապետական առաջնորդի ընտրութիւնը չի կարելի կատարել զգացմունքներով, անձնաւորուած համակրանքներով ու հակակրանքներով, առաւել եւս` այսրոպեկան մանրախնդիր հաշուարկներից ելնելով: Մեր կարծիքով, այդպիսի ընտրութիւններում պիտի առաջնորդուել մի քանի հիմնական չափանիշներով, որոնցից ինքնաբերաբար կարող են բխել ընտրութեան սկզբունքները: Այդպիսիք կարող են լինել հետեւեալները:-
1) Անթերի իշխանութիւններ չեն լինում, ինչպէս որ չկան անթերի մարդիկ: Այս իրողութիւնը միշտ ունի ինչպէս ենթակայական, այնպէս էլ առարկայական կողմ, բայց դրանց քննութիւնը մեզ շատ հեռուն կը տանի եւ կը շեղի բուն խնդիրներից:
2) Ոչ մի պարագայում պետութեան ղեկը չի կարելի վստահել պետական կառավարման բաւարար փորձ չունեցող, առաւել եւս` այդպիսի փորձից ի սպառ զուրկ մարդկանց: Հայաստանի ներկայ վիճակը ցոյց է տալիս, որ այդ սկզբունքի կարեւորութիւնը չափազանց մեծ է յատկապէս մեր տիպի ժողովուրդների համար, որոնք ունեն չլուծուած ազգային հիմնահարցեր, հետեւաբար` տարածաշրջանային խնդիրներ հարեւանների հետ եւ գտնուելով աշխարհաքաղաքական հետաքրքրութիւնների խաչմերուկում` մշտապէս ենթակայ են արտաքին ազդեցութիւնների:
3) Չի կարելի ընտրել աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների), որոնք իրենց մութ, ապազգային հայեացքներով աւելի շատ հակուած են դառնալու օտար շահերի սպասարկուները մեր երկրում, քան` ծառայելու սեփական ժողովրդի բարօրութեանը:
4) Չի կարելի ընտրել ամբոխվարներին (պոպուլիստներին), որոնց խօսքն ու գործը, որպէս կանոն, հակասում են միմեանց:
5) Չի կարելի ընտրել ստախօսներին եւ ամբարտաւաններին, որոնց համար գոյութիւն չունեն թապուներ եւ կարմիր գծեր: Որոնք այդ պահի իրենց խնդիրները լուծելու համար պատրաստ են ուրանալ ամէն ինչ եւ բոլորին:
6) Առաջիկայ խորհրդարանական ընտրութիւնները ոչ մի դէպքում չի կարելի դիտել իբրեւ կենցաղային հարցեր լուծելու միջոց: Մի բան, որը այս կամ այն չափով դրսեւորուել է նախորդ գրեթէ բոլոր մակարդակների ընտրութիւններում:
7) Պիտի մերժել ամէնից բարձր եւ սուր հայհոյողներին, անկախ այն բանից` նրանք հայհոյում են օրուայ իշխանութեանը, թէ հիմնական ընդիմադիր ուժերին, որովհետեւ այդպիսիները փորձում են ինքնահաստատուել երկու կողմերից դժգոհ ընտրողներին մոլորեցնելու միջոցով` ներկայանալով իբրեւ թէ երրորդ այլընտրանք, բայց հէնց այդպիսիներն են դառնում վաղուայ ամբոխվարները:
Թուարկուած չափանիշները առարկայականօրէն գնահատելու դէպքում, կարծում ենք, պարզ կը դառնայ, որ առաջին հերթին պիտի մերժել նիկոլին ու նիկոլիզմը` իրենց բոլոր ճիւղաւորումներով: Նիկոլիզմը նման է քաղցկեղի, որը ամէն օր հիւծում է մեր ազգային Ոգին, Միտքը եւ Դիմադրողականութիւնը:
Իշխանութիւն ընտրելու առաջին եւ ամէնից կարեւոր չափանիշը պիտի լինի գործը: Այդ առումով մեզանից շատերը անցած երեսուն տարիների ընթացքում տեղի ունեցածի ականատեսներն են եւ անաչառ մօտեցման դէպքում դժուար չէ տեսնել, ով կամ որ ուժերն են եղել պետականակերտ գործի իրական նախանձախնդիրներն ու կրողները: Որոնք են, որ, իրենց բոլոր թերութիւններով ու բացթողումներով հանդերձ, ոչինչ չեն խնայել յանուն համազգային մարտահրաւէրներին դիմակայելու եւ ունեն դրանք յաղթահարելու բաւարար ներուժ: Առարկայականօրէն (տարիքի բերումով) այդ հնարաւորութիւնից զրկուած են երիտասարդները, հէնց որոնք էլ, մի կողմից, կենսափորձի պակասի, միւս կոմից` իրենց եռանդի պատճառով եղան 2018-ի ապրիլ-մայիսի ազգային աղէտի հիմնական շարժիչ ուժը` մեծահասակների մի մասի թեթեւաձեռն առաջնորդուղթեամբ: Մնում է յանուն մեր իսկ շահերի անկողմնակալ կերպով վերլուծել նախորդ երեսնամեակի մեր տեսածն ու ապրածը եւ ըստ այդմ առաջնորդել նաեւ երիտասարդութեանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում մասնակցութեան յայտ ներկայացրած` ընդդիմադիր դաշտի քաղաքական կուսակցութիւնների եւ դաշինքների մի մասն ունեն փորձառու առաջնորդներ եւ զգալի մտաւոր ներուժ, բայց իմ համոզումն է, որ պետական կառավարման ամէնից մեծ դրական փորձ եւ ներուժ ունի «Հայաստան» դաշինքը` երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանի առաջնորդութեամբ: Միւս բոլոր ազգային ուժերի հանդէպ իմ յարգանքով հանդերձ (ի դէպ, նրանց մի մասի շարքերում ես ունեմ նաեւ լաւ բարեկամներ), առաջին հերթին «Հայաստան» դաշինքն եմ համարում այն քաղաքական ուժը, որը ի զօրու է երկիրը դուրս բերել ներկայ համակողմանի խոր ճգնաժամից եւ դնել զարգացման գծերի վրայ:
Երկու անգամ` 1998-ին եւ 2003-ին, ես ոչ միայն ընտրել եմ Ռ. Քոչարեանին Հայաստանի նախագահի պաշտօնում, այլեւ եղել եմ նրա քարոզարշաւի գործուն մասնակիցներից մէկը: Ընդ որում` այն դէպքում, երբ երկրորդ նախագահի հիմնական մրցակիցները ծանրակշիռ քաղաքական եւ պետական գործիչներ էին, այլ ոչ թէ` նիկոլներ: Այսօր աւելի մեծ համոզումով պատրաստ եմ կրկնելու նոյնը, որովհետեւ, հետադարձ հայեացքով նայելով մեր անկախ պետականութեան երեսնամեայ ուղուն, տեսնում եմ, որ Ռ. Քոչարեանի պաշտօնավարման տասը տարիները (1998-2008) եղել են, պայմանականօրէն ասած, մեր պետականութեան ոսկէ դարը (այս միտքը նախընտրական չէ. նոյն գնահատականը ես հնչեցրել եմ դեռեւս 6 ամիս առաջ` դեկտեմբերի 11-ին, «Yerkir.am»-ի իմ հրապարակման մէջ, երբ նոր-նոր էր թափ հաւաքում Հայրենիքի փրկութեան շարժումը): «Զարգանալ` չզիջելով», ահա այն կարգախօսը, որով 1998-2008 թթ. առաջնորդուեց Հայաստանի պետական նաւը` աննախադէպ նուաճումներ արձանագրելով մեր ազգային-պետական կեանքի բոլոր ոլորտներում: Երկրորդ նախագահը ցոյց է տուել, որ ինքը գիտակ, կամային յատկանիշներով օժտուած, դժուարութիւնները սառնասրտօրէն դիմակայող, յաջողութիւններից արագ չոգեւորուող, մեծ նախաձեռնութիւնների ընդունակ եւ դրանց կենսագործման հարցում հետեւողական, համաշխարհային քաղաքական եւ տնտեսական զարգացումների միտումներին համաչափ քայլ պահող եւ, որ շատ կարեւոր է, ընդգծուած ազգային դիմագիծ ունեցող քաղաքական-պետական գործիչ է: Ընդ որում` մասնագիտութեամբ լինելով թեքնոկրատ եւ ունենալով հիմնաւոր ռուսական կրթութիւն: Ա՛յն գործիչը, որի ներկայութիւնը պետական բուրգի գագաթին այս պահին օդ ու ջրի պէս կենսական անհրաժեշտութիւն է մեր հայրենքի համար: Ա՛յն գործիչը, որի քաղաքական վերադարձը ամէնից քիչը կը ցանկանային մեր թշնամիները:
Յարգելի՛ հայրենակիցներ, Ձեզ կոչ եմ անում վեր կանգնել այս օրերին նախընտրական ստոր հաշուարկներից բխող զանազան անհիմն, յաճախ` քստմնելի շահարկումներից ու բամբասանքներից եւ առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններում քուէարկել յօգուտ «Հայաստան» դաշինքի եւ նրա առաջնորդ Ռ. Քոչարեանի:
- 06. 2021



