2018 թուականի գարնանը, երբ արդէն կանխորոշուած էր «ժողովրդի թեկնածուի» ընտրութիւնը վարչապետի պաշտօնում, յայտնի հեռուստատեսային հարցազրուցավարին հիւրընկալուել էր իշխանութեան ձգտող խմբակի պատասխանատու ներկայացուցիչներից, որն այն ժամանակ դեռ ոչ թէ փողկապով պաշտօնեայ էր, այլ կարճաթեւ մարզաշապիկով երիտասարդ: Հարցին, թէ` ինչպէ՞ս էք պատրաստւում ղեկավարել երկիրը, քանի որ ոչ փորձ ունէք, ոչ էլ գիտելիք, նա պատասխանեց, որ իրենք չեն պատրաստւում ղեկավարել երկիրը: Իրենք դիմելու են ժողովրդին` հարցնելով` «ի՞նչ անել», եւ ինչ ժողովուրդը որոշի` դա էլ կ՛անեն:
«Ժողովրդի իշխանութեան» եւ նոր տիպի ժողովրդավարութեան թեման շարունակեց իր բազմաթիւ դրսեւորումները ստանալ իշխանափոխութիւնից յետոյ:
Ժողովրդի նոր «առաջնորդը» երեւանեան հանրահաւաքին յայտարարեց, որ սա նոր տիպի ժողովրդավարութիւն է, որը պատմութեան մէջ է մտնելու աթենքեան ժողովրդավարութիւնից առաւել: Արտասահմանեան այցերից մէկի ընթացքում ժամանակակից եւրոպական ժողովրդավարութեան օրրանում` Ֆրանսայում, նա հնչեցրեց «սպառնալիք»` հայկական նոր տիպի ժողովրդավարութիւնը ներմուծել Եւրոպա: Նոյնիսկ արցախեան հարցը խոստանում էր կարգաւորել հրապարակում` ժողովրդի մասնակցութեամբ…
ՆՔ 6-րդ դարի վերջին Աթէնքի ժողովրդավարական համակարգի բարեփոխումների շրջանակներում Կը լիսթենեսի առաջարկով ներմուծուեց օստրակիսմոսը` որպէս տիրանոսների դէմ պայքարի միջոց: Նոր էր հեռացուել տիրանոս Պիսիստրատոսը, եւ ցանկութիւն կար բացառել նոր տիրանիա:
Օստրակոնների` կաւէ սալիկների վրայ քաղաքացիները գրում էին այն գործչի անունը, որն իրենց կարծիքով, վտանգ է ներկայացնում ժողովրդավարութեան համար: Տարեկան մէկ անգամ որոշում էին այն մարդուն, որը պէտք էր վտարուեր քաղաքից տասը տարով: Վտարուողները հանդիսանում էին տուեալ ժամանակաշրջանի ազդեցիկ քաղաքական, հասարակական կամ ռազմական գործիչները: Մինչեւ քուէարկութիւնը` տարբեր խմբաւորումներ կազմակերպում էին վտարման ենթակայ թեկնածուների վարկաբեկման արշաւներ, ծաղրող եւ ստորացնող ներկայացումներ, պիտակաւորում էին վիրաւորական բառերով, ենթարկում հանրային պարսաւանքի, ձեւաւորում թշնամու կերպար:
Սա դեմոսի ձեռքում մի թաւշեայ գործիք էր, որի միջոցով` գաղտնի քուէարկութեամբ եւ խաղաղ ճանապարհով, կարողանում էին պայքարել արիստոկրատիայի դէմ: Ընդ որում, բացակայում էր յստակ մեղադրանք կամ հիմնաւորում, իսկ վտարուողը չունէր արդարանալու կամ բացատրուելու որեւէ հնարաւորութիւն: Քուէարկութիւնն էլ կատարւում էր կենտրոնական շուկայական հրապարակում, այլ ոչ թէ` աւանդական ժողովավայրում:
Հետաքրքիր է, որ բացի վտարուողի անունը գրելուց, որոշ քաղաքացիներ չէին զլանում եւ կաւէ սալիկների վրայ նաեւ գրում էին համապատասխան մեղադրանքները կամ պիտակները, մեղադրելով գործչին օտար հզօր պետութեան` Պարսկաստանի «եղբայրը» հանդիսանալու կամ այլասեռուած կեանքով ապրելու` «շնաբարոյ» լինելու մէջ: Որոշ քաղաքական խմբակներ նոյնիսկ պատրաստում էին նման սալիկներ` այլ քաղաքացիներին տալու եւ քուէարկութիւնն ուղղորդելու, իսկ արհեստաւորները` վաճառելու համար:
Մի շարք հին յոյն գործիչներ օստրակիսմոսի շարժիչ ուժ էին համարում նախանձը` ճանաչուած մարդկանց նկատմամբ:
Օստրակոնների միջոցով քուէարկութիւնը տարածում ստացաւ նաեւ Աթէնքից դուրս` այլ քաղաքներում: Սակայն Սիրակուզներում, օրինակ, դրանք անցկացւում էին աւելի յաճախ: Որոշ ժամանակ անց գիտակից քաղաքացիները ստիպուած եղան հրաժարուել այդպիսի ժողովրդավարութիւնից, քանի որ այստեղ այն նոյնպէս վերածուեց քաղաքական պայքարի միջոցի` դեմագոգները ընկերային ստորին խաւին դրդում էին խռովութիւնների եւ անկարգութիւնների, յայտնի եւ ազդեցիկ մարդիկ վտարւում էին, բազմաթիւ հարուստ, արժանի եւ յարգարժան քաղաքացիներ հրաժարւում էին քաղաքական գործունէութիւնից` խուսափելով զանգուածի նախանձից ու ատելութիւնից:
Ինչ վերաբերում է Աթէնքին, ապա պատմաբանները նշում են ժողովրդավարութեան այս մեթոտից հրաժարուելու մի քանի պատճառ: Վերջին նման քուէարկութիւնը յանգեցրել էր ոչ թէ ազդեցիկ մարդկանցից մէկի, այլ հէնց քուէարկութիւնը նախաձեռնողի վտարման: Իսկ ՆՔ 5-րդ դարի վերջին Փելոփոնեսեան պատերազմի երկրորդ փուլում ժողովրդավարական Աթէնքը կրեց ջախջախիչ պարտութիւն օլիգարխիկ Սպարտայից, որի արդիւնքում Աթէնքը թուլացաւ, իսկ քաղաքացիների թիւն այնքան կրճատուեց, որ հնարաւոր չէր նման քուէարկութիւնների անցկացումը:
Իսկ Հայաստանը՞: Հայաստանի ներկայիս իշխանաւորները երկիրը փաստացի տարել են հետ 2500 տարով եւ 21-րդ դարում դեռ պայքարում են Աթէնքի ժողովրդավարութիւնը գերազանցելու, իսկ իրականում` դեմագոգների միջոցով լայն զանգուածների ստորին բնազդների վրայ խաղալով` արժանի մարդկանց վարկաբեկելու, հասարակական ու քաղաքական կեանքից վտարելու ուղղութեամբ, ունենալով մէկ նպատակ` ամէն գնով պահպանել սեփական իշխանութիւնը եւ բարելաւել անձնական բարեկեցութիւնը:
Աթէնքի օստրակոնների ժողովրդավարութիւնը Հայաստանում կրկնուեց նոյնիսկ պատերազմի արդիւնքներով` պարտութեամբ օլիգարխիկ Ազրպէյճանից: Իսկ երկրի շարունակական թուլացումն ու բնակչութեան թուաքանակի նուազեցումը դառնում են հայկական օստրակիսմոսի տրամաբանական հետեւանքը:
Կ՛ասէք` այս բոլոր համընկնումները պատահակա՞ն են: Գուցէ: Կարեւորն այն է, որ Աթէնքը չունէր ֆիզիքական բնաջնջման վտանգ: Իսկ Հայաստանի` այս ինքնաոչնչացման մեքանիզմի շարունակուելու դէպքում եւս 2500 տարուայ պատմութիւն դժուար թէ ունենանք:
Որքան շուտ մեր քաղաքացիները սա հասկանան եւ լծուեն ուժեղ ազգային պետութիւն կառուցելու գործին, այդքան մեծ կը լինի հաւանականութիւնը` շարունակել մեր ազգի բազմահազարամեայ պատմութիւնը: Իսկ մինչ այդ իւրաքանչիւրը պէտք է շտկի իր` նախկինում գործած սխալները:



