ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ
Երէկ Շուշան Պետրոսեանը շատ զգացական, կ՛ասէի` գրողական մի գրառում էր արել. ռմբակոծութիւնից փախած կովերն օրեր անց վերադարձել էին տուն, Շօշ գիւղ: Այստեղ բանալի բառը տունն է: Տուն, որը շատերը կորցրին, հայրենիք, որ բոլորս կորցրինք… ու կորստի մխացող ցաւ, բաց վէրք, որը կը փակուի միայն մեր հաւաքական վերադարձով, մեր խլուած տունն ու դաւաճանուած հայրենիքը վերագտնելով:
Այս պատկերը, ողբերգութեան յոյզն ու ապրումն անգամ բառերի, մեկնութեան կարիք չունի. ամէն բան այնքան հասկանալի է, ցաւալիօրէն հոգեմաշ:
Բայց` ո՛չ: Երեւի շատերն են տեսել այս գրառման տակ «հայերի» մտքի թռիչքը, անձնական վիրաւորանքների տարափը: Ու մի տղամարդ, որ իր կնոջ վզովն ընկած նկարով է ներկայանում Դիմատետրում, աներեւակայելի, կենդական ազդակներին յագուրդ տալով` հայհոյախօսում է: Էս էն տեսակն է, որ քապապի ու խաշլամայի արանքում մայրերի, օճախի ու կանանց կենացն է խմում ու, սեփական տան դուռը ծածկելուն պէս, չբաւարարուած որձի վաւաշոտ հայեացքով փէշ է փնտռում: Դրա գրառումը մի քանի տասնեակ լայքեր ունի, այդ ոճով ու բառապաշարով տասնեակ նոր գրառումներ, ու, ցաւալիօրէն, նրանց մէջ մեծաթիւ են կանայք: Կարդում եմ ու շունչս կտրւում է մեր գլորուելու խորութիւնից, ամաչում ու նողկում եմ հայհոյող հայ կնոջ էդ տեսակից:
Մտածում եմ, որ Մաթեւոսեանի «Գոմէշը» կարդացած լինէին` այսպիսին չէին լինի, մտածում եմ, որ Յարութիւն Խաչատրեանի «Սահմանը» դիտած լինէին (սահմանամերձ բախման ժամանակ այրուող տներ, կորսուած ճակատագրեր ու գոմը շարունակ փնտրող մի մոլորուած ցուլ…»` այսպիսին չէին լինի:
Բայց սասունցի պապս` բաբօ ֆայաթն էլ Հրանտ Մաթեւոսեան չէր կարդացել, ոչ էլ գիտէր` ով է Յարութիւն Խաչատրեանը, ու իմ տատին` մամէ Ուստոյին, մինչեւ կեանքի վերջին օրն «ըմ նշանած» էր ասում` չհանդուրժելով, որ թոռները բարձր ձայնով խօսէին հետը:
Բա էս ո՞նց եղաւ, այդ ինչո՞ւ ենք այսքան ընկել, միթէ՞ չէք տեսնում, որ յատակում ենք, միթէ՞ սա է մեր հիմնական տեսակը…
Երէկ, զարմանալի զուգադիպութեամբ, մի գրառում էլ աչքիս ընկաւ. հարեւանները հայհոյել էին փողոցները սառոյցից մաքրելու կոչ անող, սեփական բակում բահով ձիւն մաքրող քաղաքապետ Հայկ Մարութեանին, անգամ բանը հասել էր բռունցքների: Պատկերացնո՞ւմ է՜ք քաղաքապետին, հարեւանները…
Այն, որ Մարութեանը բահ օգտագործել գիտէ, վատ չէ, բայց չէ՞ որ քաղաքը ձիւնից մաքրելու համար ծառայութիւն կայ, այդ նպատակի համար յատկացուած պիւտճէ, ու քաղաքապետը ամբոխահաճութեան փոխարէն` գուցէ աշխատանքի գնար եւ քաղաքապետարանի կառուցուածքն ու պարտականութիւնները ուսումնասիրեր: Ի հարկէ այս ամէնն իմանալու համար ուշ է, եւ այս գրառումն էլ ձախողուած քաղաքապետի մասին չէ, եւ ոչ էլ այն մասին, թէ ինչո՛ւ պիտի սիթքոմի ոչ արհեստավարժ դերասանը քաղաքապետ դառնար…
Բայց ինձ չի ուրախացնում հատուցման անբեկանելի օրէնքը եւ այն, որ մեր հասարակութեան սեւերի ու սպիտակների բաժանման մունետիկն ինքն է վայելում իր ցանած պտուղները:
Չէ՛, ես ուրախ չեմ, ամէն ինչ շատ աւելի ծանր է ու տագնապեցնող: Սա հեղինակութիւնների ու արժէքների կորստի մասին է, ցեղային ինստինկտների մասին: Մեր հաւաքական անկման եւ բարոյական արժէքների այսպիսի այլասերում չի կարող ուրախացնել: Սա պետութեան կորստի ճանապարհն է…
Նիկոլական ստի, ձեռնածութիւնների, երեսպաշտութեան ու դաւաճանութեան այս միջավայրը մի օր յանգեցնելու էր սրան:
Հասարակութեան մի մասն ատում է ու հայհոյում միւսին: Մենք միմեանց չենք լսում, չենք սիրում, չենք հանդուրժում… ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական հաստատութիւնները չեն աշխատում… մնում են անէծքն ու հայհոյանքը: Յիշո՞ւմ էք` Բաբելոնի աշտարակն ինչո՛ւ քանդուեց եւ ինչո՛ւ կործանուեցին Սոդոմն ու Գոմորը…
Նիկո՛լ, դու մեզ սովորեցրիր քեզ հայհոյել, սրտի ցաւով ասում է Շուռնուխի համայնքապետը…
Նիկո՛լ, ամէն օր մտքիս մէջ հարիւր անգամ սպաննում եմ քեզ, դարձեալ սրտի ցաւով ու արցունքն աչքերին ասում է դաւաճանուած ազատամարտիկը…
Երկուսն էլ ճիշդ են, արդար են, որովհետեւ նիկոլը բարոյականութեան ու մեղքի գիտակցում չունի, դաւաճանութիւնը կախուած է կոկորդներիցս, պարտութիւնն ամէնօրեայ է, ու չափանիշ չկայ, մեղաւոր չկայ, պատասխան տուող չկայ: Իսկ նա շարունակում է ամէն օր իրեն հերքելով խճճուել ու աւելի անճարակ, ողբերգական ու քստմնելի դառնալ, անտանելի ու զազրելի…
Աւերումի ու կորստի այս ճանապարհը հնարաւոր է կասեցնել միայն նիկոլի հեռանալով, մեր արժեհամակարգն ու դիմադրողականութիւնը վերականգնելով:
Իսկ մինչ այդ Հայաստանն ամէն օր մի քիչ փոքրանում է, որովհետեւ փոքրանում է նաեւ մեր մարդկային տեսակը, ու մենք շարունակում ենք հայհոյել, անիծել ու մեր մտքի մէջ սպաննել դաւաճանին…
01.02.2021թ.