ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Այս վտանգով լեցուն օրերին ով թիկունք է կանգնում, կամ լռում, մեկուսանում, դարան մտած հետեւում է, թէ դէպքերը ի՛նչ ուղղութեամբ են շարժւում, ո՛ր լծակն է աւելի ծանր, ո՛ր դրան յարի, նոյնքան թրքասէր եւ դաւաճան է, որքան` ներկայ իշխանութեան ողջ կազմը, ներառած` ոստիկանութիւնն ու գիշեր-ցերեկ ամենայն հոգատարութեամբ նրանց պաշտպանող ծառայութիւնները, նրանց կամակատարը դարձած իրաւապահ մարմինները, պետական ողջ համակարգը:
Բոլոր նրանք, որոնք որդեգրել են վերը նշուած դիրքորոշումը` կաշառուելով, կամ ահաբեկուելով դաւաճանների կողմից, կամ անձնական ատելութիւն ունենալով այս իշխանութիւնը չընդունողների, իրականութիւնը տեսնողների, հայրենի երկրի վտանգուած վիճակը փրկել ցանկացողների հանդէպ, հաւասար պատասխանատու են մեր երկրի այսօրուայ քայքայմանը, որը հրաշալիօրէն իրագործւում է օտար երկրների շահերի սպասարկման համար իշխանութեան եկած ներկայ վոհմակի կողմից:
Այն ամէնը, ինչ կատարւում է մեր երկրում, նորութիւն չէ մեծ տէրութիւնների ձեռագրերում, վկան` ոչնչացուած եւ դեռ շարունակական ոչնչացման ենթարկուող Միջին Արեւելքի հարուստ երկրներից շատերը:
Նորութիւն չէ նաեւ հայերիս կեանքում: Արդէն որերորդ անգամ մեր երկիրը ուղղորդուելով օտար իշխանութիւնների թելադրանքով, ի նպաստ նրանց շահերի, երկրի ներսում ոչնչացուել, վերացել է մեր ներուժը, ինքնուրոյն պայքարի եւ ի նպաստ մեր շահերի որոշումներ ձեռնարկելու վճռակամութիւնը: Մեր ժողովուրդը կորցրել է իր փրկութեան համար ինքնուրոյն որոշում կայացնելու ջիղը, մինչեւ իսկ` ձգտումը:
Քաղաքական մեծ ցնցումների ժամանակ մենք միշտ սպասել ենք օտարից փրկութիւն, կամ լաւագոյն դէպքում շարունակում ենք անսկզբունք, չարդարացուած, ծոյլ ինքնապաշտպանութեամբ կարեւորագոյն վտանգը մոռացած, իրար դէմ ելնելով, հոգեկան եւ մտային հիւանդոտ վիճակ ստեղծելով ոչ թէ խնդիրը լուծել, այլ համակերպուելով` շարունակել խոնարհօրէն ծառայել մեզ պարտադրուած իրավիճակներին:
Այս իրավիճակով ենք փոխարինել իրական քաղաքականութիւնը, որը դարձրել ենք մեր ազգային դիմագծի սկզբունքը, որը կործանեց մեր առաջին պետականութիւնը, իսկ խորհրդայնացման տարիներին աւելի շատ ծառայեց մեզ ստրկացնող վարչաձեւը պանծացնելուն, մեր ազգային, գիտակից խաւին ոչնչացնելուն, քան` մեզ փրկելուն:
Արդիւնքը եղաւ այն, որ անդամալուծուեց մեր ազգային ողնայարը, քաղաքական գիտակցութիւն երբեք ձեռք չբերեցինք, որի պատճառով ոչ միայն մեր երկիրը, այլ նաեւ մեր հունտերը մնացին բաց օդում` երկրում արմատ չնետելու, չամրանալու, չաճելու, չհզօրանալու համար, որպէս ազգ կորցնելով նպատակակէտ մշակելու, դրան հասնելու եւ միեւնոյն նպատակի համար գործելու կարողութիւնը:
Չարենցը շատ ճիշդ է ներկայացրել մեր այդ վիճակը,
Եւ կրկին, որպէս տերեւներ
Քշում է հողմը նրանց,
Որ չնկնեն նրանք, չամրանան
Հայրենի հողերի վրայ,
Այլ իբրեւ դեղին տերեւներ,
Թշնամի դաշտերում մեռնեն:
Մեր գլխին պայթող այդ «հողմերից» մէկի արդիւնքը այսօրուայ իրադարձութիւններն են, որը հաստատում է, որ մենք այլեւս ի վիճակի չենք ինքնուրոյն, առանց արտաքին միջամտութեան վճռական քայլերի դիմելու, որոշումներ կայացնելու, մենք մեզ փրկելու: Մենք դարձել ենք ամբոխային մտածողութեամբ առաջնորդուող զանգուած, որի արդիւնքում ՔԱՅՔԱՅՈՒԵԼ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ, ԱՅԼԵՒ ՀՈԳԵՒՈՐ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ:
Եթէ մեր պատմութեան հետքերով ետ գնանք 130 տարի, կը տեսնենք, որ անձեւ, անդամալուծուած, անորոշ ամբոխին տեղաշարժելու, մտքի եւ հոգու վրայ դրուած ստրկութեան կապանքը թօթափելու համար ծնուեց ՀՅԴ-ն եւ գերմարդկային ներդրումով, մտածող, անկոտրելի հայրենասէր նուիրեալների անձնուրաց աշխատանքով, երկրի բոլոր ծայրերում` Ռուսահայաստանից սկսած, Արեւմտահայաստան, Պարսկաստան, միախմբուած աշխատեցին հային ազգային գիտակցութիւն ներշնչելու, իր հողին, իր երկրին նուիրուելու, այն պաշտպանելու եւ ամենակարեւորը` այդ ամէնի մէջ իր իրաւունքները որպէս ազգ հաստատելու:
Այդ արթնացման պատճառով որքան էլ զոհեր ունեցանք, որպէս ժողովուրդ ոչնչացանք, հսկայական երկիր կորցրինք, բայց արիւնաքամ վիճակում իսկ մի բուռ հայութեամբ երկիր ու պետականութիւն ստեղծեցինք, որը, ցաւօք, դաւաճանների իշխանութեան յանձնեցինք, եւ որը մեր աչքի առաջ, այսօր մեր անկարողութեան պատճառով հիւծւում, օրէօր կծկւում, փոքրանում ու վերանալու է:
Վերջին երեք տարուայ իրադարձութիւնները եկան հաստատելու, որ մեր ամբոխային հոգեբանութիւնը շուկայական հայրենասիրութիւնը ոչ միայն դոյզն անգամ չի փոխուել, այլ թաւալգլոր կործանման է տանում մեզ:
Բազմիցս նշել եմ, որ ամբոխային հոգեբանութիւնը հիւանդութիւն է, որի բուժման համար երկարատեւ, սրտացաւ աշխատանք է տարուելու: Մեր երկրում այդ աշխատանքը այդպէս էլ չտարուեց: Թւում էր` դա սկսուելու է երկրորդ անկախացումից յետոյ, սակայն պարզուեց, որ մեր երկիրը ղեկավարում է ամերիկա-թուրքական ծառայութեան ներկայացուցիչը, որի հիմնական նպատակը այդ ամբոխին վերջնականապէս անդէմք, իշխանութեան ձեռքին գործիք դարձնելն է եղել, որպէսզի այն անձայն ընդունի ե՛ւ երկրի հարստութիւնների, ե՛ւ տարածքների վաճառք: Եւ ամենակարեւորը` հետեւորդներ կրթի, որ իր կէս թողած գործը` հայրենի երկրի ամբողջական վաճառքը իրականացնեն, որը, ինչպէս տեսնում էք, յաջողութեամբ իրագործւում է իր հետեւորդ այս մանկլաւիկների` ներկայ իշխանութեան ձեռքով:
Երկրում կատարուած մեծագոյն, համեմատութիւն չունեցող եւ ոչ մէկ արդարացման ենթարկուող դաւաճանութիւնից յետոյ, դեռ ինչպէս տեսնում էք իշխանութիւնը իրենց ձեռքին են պահում, իրենց ուզած ձեւով շփոթեցնում ու աննպատակ խաղացնում են ժողովրդին` արհամարհելով ոչ միայն իրենց գործած աններելի յանցանքը, այլ նաեւ` իրենց շահերին զոհ տրուածների վիշտն ու պահանջը:
Սա այլասերուածութեան բարձրագոյն մի ձեւ է, ուր փորձում են ներքաշել ժողովրդին, նրա մէջ դեռ կենդանի մնացած ազգային մի քանի բջիջն էլ ի սպառ կեղտոտելու, ոչնչացնելու, աստիճանաբար իրենց գործակիցը դարձնելու, որ ոեւէ մէկը հարց ու պահանջ չունենայ իրենցից: Չէ՞ որ այդպիսով այդ նոյն զանգուածները դառնում են իրենց ակամայ գործակիցները:
Դրա վառ օրինակը ոստիկաններն ու դաւաճան իշխանութեան վոհմակին պահպանողներն են, դա լինի` զինեալ ծառայողներ, իրաւաբան մարմիններ, պատգամաւորներ, լրագրողներ, քաղաքական վերլուծաբաններ, թէ հասարակ մարդիկ, որոնք տարբեր կախուածութեամբ ենթակայ են այս իշխանութեան:
Դրա վառ օրինակը նաեւ որդեկորոյս ծնողների, գերիների, տեղահանուածների, իրենց տնտեսութիւնը, ունեցուածքը, իրենց ապահովութիւնը, իրենց ճակատագիրը թշնամուն բռնի յանձնած զանգուածների լռութիւնն է, որոնք դեռ ստրուկի խեղճութեամբ սպասում են այս դաւաճանների օգնութեանը, նրանց պատասխաններին, գուցէեւ` արդարացումներին:
Այն տպաւորութիւնն է տիրում երկրում, որ ժողովուրդը, բացի մի որոշ հատուածից, համաձայն է այս դաւաճան իշխանութեան շարունակմանը: Նոյնիսկ գիտակից զանգուածի մի մասը սարսափով մերժում է ոեւէ այլ թեկնածուի, յատկապէս ՀՅԴ-ից, կամ` «նախկինների» սերունդից, մոռանալով, որ իրենք էլ այդ նախկիններին են պատկանում: Որ` այդ նոյն նախկինների օրօք աւելի ազատ էին ապրում, խօսքի մեծ ազատութիւն ունէին եւ նոյնքան ապահով կողոպուտ էին անում, որքան այսօր, միայն` տարբեր անուան տակ: Որ` այս կարճ` 3 տարում նախկիններից էլ աւելի են կողոպտել ու հարստացել:
Ի՞նչ ձեւակերպում տալ այս ամէնին:
Եղե՞լ է պահը երբեւէ այսքան վտանգով լեցուն ու պոռթկուն:
Եղե՞լ է մեր ժողովուրդը այսքան ջլատուած:
Այո՛, եղել է: Եղել է առաւել վտանգուած, առաւել ջլատուած: Սակայն իր ներքին բնազդով, երբ վտանգուել է հայրենին, հետեւել է իր միակ ազգային կուսակցութեան կոչին, ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ, ՄԻԱՑԵԱԼ, ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ: Այդ կոչին նուիրուած կռուել ու յաղթել է եւ Մուսա Լերան վրայ, Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, Արցախի ողջ տարածքում, թնդացրել նրա հիասքանչ լեռներն ու ձորերը մեր հերոսների կերտած փառապանծ յաղթանակներով, ծածանել հպարտօրէն մեր դրօշը ի զարհուրանք թշնամուն եւ երբե՛ք, երբեք գլուխ չի խոնարհել, չի խեղճացել թուրք թշնամու առջեւ:
Այսօր կրկին այդ պահն է, եւ ազգովին պարտաւոր ենք հաւաքագրուելու նոյն դրօշի տակ, որը առաջին պետականութեան խորտակումից յետոյ նոյն ՀՅԴ-ն մեծ նուիրուածութեամբ ու հաւատով պահպանեց ու ետ յանձնեց իր երկրին:
Պարտաւոր ենք հետեւելու նոյն կոչին, քանզի սա մեր հայրենիքի վերջին, գուցէեւ ամենավերջին կանչն է:
Յիշենք` ՄԵՆՔ ԵՆՔ ՏԷՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ:
Ոչ մէկ օտար տարր իրաւունք չունի միջամտելու, կամ ուղղութիւն տալու մեզ:
Ոչ մէկ դաւաճան իրաւունք ունի շնչելու մեր հողում:
Ամէն մէկ կորցրած կեանքի, իւրաքանչիւր թիզ կորցրած հողի համար պատասխան են տալու ներկայ դաւաճան ողջ վոհմակով:
Ոտքի՛ ելէք, որդեկորոյս, ձեր գերի զաւակներին սպասող ծնողներ, ձեր տները թշնամուն չյանձնելու համար այրած, ձեր հողից ու բնօրրանից թափառական դարձած, ամէն ինչ կորցրած քաջ արցախցիներ:
Դուք ամենամեծ եւ ամենադաժան հարուածը անմիջական ստացողներն էք: Մենք կորցրել ենք մեր հայրենի տարածքները, դուք կորցրել էք ձեր ապրած եւ գալիք ողջ կեանքը:
Ոտքի՛ ելէք եւ ո՛ղջ հզօրութեամբ տապալէք այս թրքասէր իշխանութիւնը, տապալէք, որ կարողանաք շարունակել ապրել, կարողանանք նոր պայքարի հնարաւորութիւն ստեղծել, քանի ուշ չէ, ետ բերենք կորցրածը:
Միասնականօրէն փրկենք հայրենին, քանի դեռ այն մեր ձեռքում է:
31 յունուար 2021