«Վ. Վ. ՓՈՒԹԻՆ»
Ստորեւ կը ներկայացնենք Վահէ Սարգսեանի կողմէ ռուսերէնէ թարգմանուած Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի կողմէ իբր թէ Զօրի Բալայեանին ղրկուած նամակը, որուն մէջ բաւական հետաքրքրական տուեալներ կան:
Յարգելի՛ Զօրի Հայկի,
Ուղիղ 7 տարի 1 ամիս առաջ` 2013 թ. հոկտեմբերի 24-ին, հրապարակել էի ձեր` ինձ ուղղուած նամակի պատասխանը: Ելնելով այն իրողութիւնից, որ այս օրերին հազարաւոր նամակներ եմ ստանում Արցախում, Հայաստանում եւ իմ երկրում ապրող ձեր հայրենակիցներից եւ այն հանգամանքից, որ գործնապէս անհնար է պատասխանել բոլորին հատիկ առ հատիկ, որոշեցի բոլորի պատասխանը խտացնել ստորեւ ներկայացուող տողերում եւ ուղարկել ձեզ:
Յարգելի՛ Զօրի Հայկի,
Ձեր հայրենակիցների մի մեծ խումբ ինձ մեղադրում է պատերազմի ժամանակ հայ ժողովրդին մենակ թողնելու, իմ զօրքով ու զէնքով կա՛մ չօժանդակելու, կա՛մ ուշացմամբ օժանդակելու մասին, ինչի արդիւնքում ազրպէյճանցիները յաղթեցին: Ձեր հայրենակիցները խստօրէն դատապարտում են ինձ եւ մեղադրում, որ ես չեմ գիտակցել տարածաշրջանում Ռուսաստանի շահերը եւ պատճառ եմ հանդիսացել, որպէսզի թուրքական գործօնն Անդրկովկասում ամրանայ:
Գիտէ՞ք, Զօրի Հայկի, այստեղ ուզում եմ մէջբերել նախորդ նամակումս արտայայտած այն միտքը, ըստ որի, ես իւրաքանչիւրի նամակում տեսնում եմ այն վախի, այն սարսափի զգացումները, որ արտայայտել են ձեր իսկ հայրենակիցները` կապուած թուրք-ազրպէյճանական վտանգի հետ: Ձեր պատմութիւնն է երեւի ստիպել նամակում արտայայտել այդ բոլորը: Ձեր հայրենազրկման ու ցեղասպանութեան պատմութիւնը: Զօրի Հայկի, ինձ, այս ամէնով հանդերձ, ապշեցնում է այն հանգամանքը, որ այդ նոյն ձեր պատմութիւնը չի ստիպել ձեզ` գոնէ մասամբ փոխուելու: Էլի նոյնն էք, ինչ կայիք, օրինակ, Իսրայէլ Օրու, Յովսէփ Էմինի կամ այլոց ժամանակներում: Մի՞թէ ձեզ համար դաս չեղան այդ ժամանակները, մի՞թէ ձեզ պատմութիւնը չապացուցեց, որ հայերիդ պետականութիւնը վերականգնուեց ոչ թէ Օրու, էմինի նամակների ու խնդրագրերի, այլ 1918 թ. հերոսամարտում ընկած հայ զինուորների արեան հենքի վրայ: կամ 1991 թ. Արցախն անկախացաւ ոչ թէ նոյն ձեր կամ Սիլվա Կապուտիկեանի` Մ. Գորբաչովին ուղղուած նամակների, այլ շուրջ 7.000 զոհուած հայ ազատամարտիկների շնորհիւ: Շարունակելով նախորդ նամակումս արտայայտած միտքս. խնդրում եմ, հասկացէք, Զօրի Հայկի, նամակը կամ բողոքը զէնքերի մէջ ամենաթոյլն է, եւ մի՛ մոռացէք, որ դուք այլեւս ունէք պետութիւն, իսկ մենք` ռուսներս, կայսերական շահեր:
Յարգելի՛ Զօրի Հայկի,
Այն, որ հասարակ մարդիկ, զոհուածների ծնողները, թէկուզեւ գիտնականներն ու գործարարները կամ այլ ազդեցիկ մարդիկ իրենց նամակներում փորձում են ինձ բացատրել Ռուսաստանի շահերը Անդրկովկասում, փորձել կամ փորձում են դրանով իսկ դրդել ինձ` ժամ առաջ հասնել օգնութեան կամ փրկել Արցախն ու իրենց որդիներին, դա, ի հարկէ, ծիծաղելի, սակայն ինչ-որ տեղ հասկանալի եւ բացատրելի է ինձ համար. այդ մարդիկ պարզ ու շիտակ մարդիկ են, ոչ` դիւանագէտներ կամ ղեկավար պաշտօններ զբաղեցնող անձինք: Բայց այն իրողութիւնը, որ այդ նոյն վարքագիծն է ցուցաբերել պատերազմի գրեթէ ողջ ընթացքում նաեւ ձեր երկրի ղեկավարը` դա արդէն ինձ համար ծիծաղելի, իսկ ձեր ժողովրդի համար մեծագոյն ողբերգութիւն է: Պատկերացնո՞ւմ էք, թէ ինչի՛ մասին է խօսքը, յարգելի՛ Զօրի Հայկի. մոլորակի խոշորագոյն պետութեան ղեկավարին փորձում է դասեր տալ մի փոքրիկ երկրի դեղին մամուլի չկայացած խմբագիր` «բացատրելով» ինձ, թէ ինչո՛ւ եւ ինչպէ՛ս պէտք է վարուի տուեալ դէպքում Ռուսաստանը:
Յարգելի՛ Զօրի Հայկի,
Ի դէմս հայ ժողովրդի` դիմում եմ ձեզ` վերջին անգամ յիշեցնելով. Ռուսաստանը երբեք չի ուշանում իր շահերի տեսանկիւնից, նա, ցաւօք, ուշանում է ձեր պատկերացումներում: Ես արդէն ասել էի ձեզ. չկասկածէ՛ք, որ մեր զօրքը մի օր անգամ չի մնայ Արաքսի ափին, եթէ դա չբխի մեր կայսերական շահերից, եւ հակառակը` մնալու ենք այնտեղ, եթէ անգամ ձեր հայոց հողում բնակուեն Ճորճ Սորոսի ծրագրերի 3 միլիոն ներկայացուցիչներ:
Զօրի Հայկի,
Դուք 2013 թ. գրուած ձեր նամակում յիշատակել էիք Գիւլիստանի պայմանագիրը, որով Արցախն անցաւ Ռուսաստանին, իսկ արցախա-ազրպէյճանական վերջին պատերազմում Արցախի նախագահի` ինձ ուղղուած նամակում նշուած է, որ մէկ հարիւրամեակից աւելի (19-րդ դարում եւ 20-րդ դարի 10-ական թթ.) Ղարաբաղը գտնուել է ցարական Ռուսաստանի կազմում:
Գիտէք, Զօրի Հայկի, ես հասկանում եմ բոլորիդ, հասկանում եմ, որ իրադրութիւններն են պարտադրում գրել նման ոչ պատուաբեր նամակներ, եւ այդ առիթով իմ արձագանգից առաջ կ՛ուզենայի մի քանի դիտարկում կատարել` վերահաստատելով այն ամէնը, ինչը գրել էի սրանից ուղիղ 7 տարի առաջ: Ցաւօք, այսօր տառացիօրէն իրականացաւ այն, ինչի մասին ես զգուշացրել էի այն ժամանակ:
Զօրի Հայկի,
Իմ տպաւորութիւնն այն է, որ դուք չէք գիտակցել Արցախի առաւելութիւնը, օրինակ, ռուսներիս կողմից ճանաչուած Աբխազիայի կամ Հարաւային Օսեթիայի նկատմամբ: Այն ժամանակ ես նշել էի այն լրջագոյն տարբերութիւնը, որի արժէքը դուք այդպէս էլ չգիտակցեցիք: Դեռ 7 տարի առաջ նշել էի` Արցախը պաշտպանում է Արցախի պաշտպանութեան բանակը` ի տարբերութիւն Աբխազիայի եւ հարաւային Օսեթիայի, ուր տեղակայուած են ռուսական զօրքերը: Ես յիշեցնեմ, որ ե՛ւ պետականութեան կայացման, ե՛ւ միջազգային բանակցութիւնների թոհուբոհում Արցախի առաւելութիւնն այս համաթեքսթում անառարկելի էր: Ես նշել էի, որ առայժմ չեմ ցանկանում զօրքեր տեղակայել Արցախում: Աւելի՛ն. բառացիօրէն զգուշացրել էի, որ, այդուհանդերձ, եթէ հայերդ շարունակէք չբնակեցնել Արցախը, չհզօրացնել այն, շարունակէք Արեւմուտքի քայքայիչ դրամաշնորհներով մուկ ու կատու խաղալ մեր աչքի առջեւ, ինչի պատճառով մի օր Արցախը դառնայ անպաշտպան, ես կը մտածեմ այդ մասին:
Զօրի Հայկի, յիշո՞ւմ էք իմ այս տողերը. «Եւ այդ ժամանակ ֆիզիքապէս կը լինի Արցախը, սակայն Արցախում ռուսական դրօշի առկայութիւնը շատ բան կը փոխի ձեր երկրում, ձեր հոգիներում: Մտածէ՛ք այս մասին»:
Ես խորապէս ցաւում եմ, որ եղաւ այն, ինչի մասին զգուշացրել էի, բայց, ինչպէս ասում են, նետն արձակուած է, եւ այն անհնար է յետ վերադարձնել: Այժմ Արցախում ռուսական դրօշն է, այն է` այստեղ այլեւս ոչ թէ հայկական, այլ մեր կայսերական շահերն են: Ձեր ղեկավարութեան քայլերի պատճառով, ինչի մասին ստորեւ կը խօսեմ, դուք չկարողացաք անգամ Խորհրդային Ղարաբաղը պահել, եւ այժմ ստիպուած ենք Արցախ ասելով` հասկանալ մի փոքրիկ բեկոր, որտեղ անունով հայկական է միայն պատմութիւնը, մշակոյթն ու Ռուսաստանի ձեռքերին նայող ձեր հայրենակիցների մի թշուառ հատուած: Ուրիշ ոչինչ: Արցախ ասելով` այլեւս հասկանում ենք ոչ թէ հայկական պետութիւն, այլ` Ռուսաստանի կայսերական շահերի նոր յենարան: Որքան էլ դաժան հնչի, այլեւս Արցախ գոյութիւն չունի, Զօրի Հայկի, եւ ձեր հայրենակիցների արեամբ ձեռք բերուած ձեր հայրենիքն աւելի քան 25 տարի անց նորից խլուեց ձեզանից: Իսկ ինչո՞ւ եղաւ այդպէս: Հարցրե՞լ էք ինքներդ ձեզ եւ ուրիշներին:
Զօրի Հայկի,
Ես վերեւում ամենեւին ոչ պատահական գործածեցի «հայրենիք» բառը: Իսկ ի՞նչ է այն իրականում, եւ Արցախն իր, ձեր որակմամբ` ազատագրուած տարածքներով, արդեօ՞ք ձեր հայրենիքն էր: Գիտէք, Զօրի Հայկի, ես հասկանում եմ, որ դուք հիմա կը ժպտաք եւ կ՛ասէք` խենթ եմ կամ ծաղրում եմ ձեզ, քանի որ ինչպէ՞ս կարող էի չիմանալ հայերիդ պատմութիւնը, այդ տարածքներում հայկական բազմահազարամեայ քաղաքակրթութեան տեղի ու դերի մասին եւ անել նման յայտարարութիւններ: Գիտէք, Զօրի Հայկի, հողը նրանն է, ով ապրում է այնտեղ: նախորդ նամակում ես արտայայտել էի իմ զարմանքն առ այն, թէ ինչպէս կազմալուծուած 10 հազարանոց իրաքահայ համայնքից ձեր հայրենակիցները եկան ոչ թէ Արցախի ազատագրուած ու բերրի տարածքներ, այլ վերահաստատուեցին այլ երկրներում: Զարմանքս կրկնուեց, երբ 70 հազարանոց կազմալուծուած սիրիահայ համայնքից նոյնպէս մատների վրայ հաշւըւող հայեր եկան Արցախ: Այս շարքը կարող ենք շարունակել անվերջ` բոլոր երկրների պարագայում: Զօրի Հայկի, ես համաձայն եմ, որ Արցախը բոլոր առումներով պատկանում է հայերիդ, սակայն դուք այն ձեր հայրենիքը համարելու հիմքերը սասանել էք ձեր իսկ վարքագծով: Դուք այս ողջ ընթացքում գերադասել էք ապրել Եւրոպայում, ամերիկեան երկրներում, անգամ Ռուսաստանի հեռաւորարեւելեան սառոյցների վրայ կամ թայկաներում, քան` ձեր հրաշակերտ Արցախում: Դուք սիրում էք երազել հայրենիքի մասին, գեղեցիկ երգեր գրել Մայր Արաքսի մասին, սակայն երբ այն ձերն էր, չփարուեցիք նրան: Այս 25 տարիների ընթացքում ձեր հայրենակիցներից քանի՞սը եկան ապրելու շուրջ 120 քմ ձգուող Մայր Արաքսի ափին, այն տարածքներում, որոնք օրերս նուաճեց Ազրպէյճանը: Դուք սիրում էք երգել «Արաքսից այն կողմ» հայրենիքի մասին, սակայն գերագոյն անտարբերութիւն կար ձեր մէջ «Արաքսից այս կողմ» 25 տարի ձերը եղած դրախտային հայրենիքի նկատմամբ: Ես զարմանում եմ` ինչո՞ւ է այդպէս:
Զօրի Հայկի,
Որքան էլ ձեզ դուր չգան այս խօսքերը` պէտք է դրանք լսէք. կարճ ժամանակ անց ազրպէյճանցիները կ՛ապացուցեն, որ Արցախն իրենց հայրենիքն է: Իսկ դրա համար շատ պարզ մի քայլ է հարկաւոր. գալ եւ զանգուածաբար բնակեցնել այն վայրերը, որոնք դուք ամայի էիք թողել տասնամեակներ շարունակ: Այն վայրերը, որոնք «հայրենիք» կոչելով եւ դրա մասին երգելով` հանդիսացաք նրա սոսկ զբօսաշրջիկը: Աստուած բոլորիս առողջութիւն տայ, եւ ես ձեզ կը գրեմ նաեւ մի քանի տարի անց, երբ մենք, դուք, ողջ աշխարհն ականատեսը կը լինի ձեզ համար դաժան մի իրողութեան. Արցախը, որի մեծագոյն մասն անցաւ Ազրպէյճանին, դառնալու է մի քանի հարիւր հազար ազրպէյճանցիների հայրենիքը: Նրանք գալու են ապրելու այնտեղ, այն «հայրենիքում», որի արժէքը դուք չգիտակցեցիք:
Զօրի Հայկի,
Անկախ վերոնշեալից` ես յարգում եմ հայ ժողովրդին եւ ափսոսում կատարուածի համար: Այդուհանդերձ, Ռուսաստանի կայսերական շահերի համար ձեր եւ Ազրպէյճանի տխմար ղեկավարութիւնը հրաշալի հնարաւորութիւններ ստեղծեց, եւ մենք այժմ հիանալի կերպով ամրանում ենք Արցախում: Բայց եթէ յիմարութեան հարցում մրցեն, Փաշինեանը միանշանակ առաջատար է. նա այդպէս էլ չհասկացաւ կայսրութեան լեզուն, եւ մեզ հետ աշխատելու բոլոր փորձերը աւելի շատ նմանակում էին, զուտ արարողակարգ, քան` բովանդակութիւն: Նրա գրեթէ բոլոր պաշտօնեաները հակառուսներ էին եւ են, որոնք իրենց ողորմելի վարքագծով որեւէ արժէք չէին եւ չեն ներկայացնում մեզ համար: Նրա գրեթէ բոլոր նշանակումները` մարզպետներից մինչ նախարարներ ու այլ մանր ու խոշոր չինովնիկներ, վիրաւորանք էին մեզ համար: Բերեմ մի օրինակ. իմ հայրենի Լենինկրատի մարզը բարեկամական յարաբերութիւններ ունէր եւ բաւականին արդիւնաւէտ ծրագրեր էր պատրաստւում իրագործել Հայաստանի Արագածոտնի մարզի հետ: Բայց եկաւ Փաշինեանի իշխանութիւնը, եւ 2018-ի աշնանը մարզպետ նշանակուեց մի երիտասարդ, որի մասին Լենինկրատի մարզի ղեկավարութիւնն ինձ զեկուցեց հետեւեալը. նա հակառուսական ցոյցերի ժամանակ անարգել է մեր պետական դրօշը, եւ մենք այսպիսի պաշտօնեայի հետ ոչինչ չունենք խօսելու:
Բայց այդ ամէնի համար չէր, որ պարտուեցիք Արցախում: Բնա՛ւ: Այդ ողորմելիները որեւէ կերպ չեն ազդել եւ ազդելու մեր` Անդրկովկասում ունեցած կայսերական շահերի ու քայլերի վրայ: Վերեւում արդէն խօսեցի այդ մասին: Այստեղից ելնելով` մենք առաջնորդուել ենք մեր պարտաւորութիւններով ու լիարժէքօրէն կատարել դրանք: Կարո՞ղ էինք աւելին անել: Միգուցէ: Եթէ, օրինակ, ձեր ղեկավարութիւնը ոչ թէ զանգահարելու ընթացքում կամ մամուլով սեթեւեթելով մեր շահերը բացատրէր մեզ, այլ լսէր մեզ եւ հանդէս գար յստակ ծրագիր-առաջարկով: Դա տեղի չունեցաւ: Եւ գիտէ՞ք ինչու: Քանի որ ողջ հակառուսական զանգուածը, այն ողորմելիների հաւաքածուն, որը կոչւում էր Հայաստանի եւ Արցախի ղեկավարութիւն, պատերազմի ողջ ընթացքում զբաղուած էր ոչ թէ մեզ հետ աշխատանքներ կատարելով եւ պատերազմը սառը գլխով վերլուծելով, այլ ձեր ժողովրդի ոսկէ զաւակների կեանքի գնով գնալով արկածախնդրութեան` ցանկանում էր սասանել մեր դիրքերն Անդրկովկասում: Մենք, դա իմանալով, ծիծաղով էինք հետեւում գործընթացներին եւ հարց տալիս` այս յիմարները մինչեւ ե՞րբ են հաւատալու այդ ցնորամիտ գաղափարներին, թէ մի բուռ քաջարի զինուոր զոհելով եւ դրանով իսկ սեփական ժողովրդի շրջանում պատերազմի նմանակում ստեղծելով` Ռուսաստանին կարելի է վտարել տարածաշրջանից:
Զօրի Հայկի, դուք եւ ձեր հայրենակիցները, որոնք հիմա ապրում են հայրենազրկման դառնաշունչ օրեր, պէտք է մեխանիկայի ոսկէ կանոնի նման գիտակցէք, որ ձեր արկածախնդիր իշխանութիւնները պայքարել են ոչ թէ յանունի, այլ ընդդէմի, ընդդէմ` ռուսական շահերի: Խնդրում եմ այստեղ չշփոթել պայքարողներին: Ձեր ժողովուրդը, ձեր զինուորն ու սպան պայքարել են առիւծաբար, ես խոնարհւում եմ նրանց բոլորի առջեւ` անկախ ամէն ինչից, բայց պայքարողների միւս հատուածը` իշխանութիւն կամ առաջնորդ կոչուածը, ցաւօք, Արեւմուտքի իրենց սիւզերենների թելադրանքով կռւում էր ընդդէմ մեր շահերի: Այստեղ «կռուել» բառը պէտք է վերցնել չակերտների մէջ, քանի որ այդ առաջնորդները ոչ թէ կռւում էին ձեր պատկերացրածով, այլ իրագործում էին խոշորագոյն մի ծրագիր: Դա էր նաեւ պատճառը, որ մի քանի պատերազմ տեսած հզօր զօրավարները, ռազմի խոշոր գործիչներն ու դէմքերը պատերազմի սկզբնափուլում պատերի տակ թերթ էին կարդում, իսկ նրանց փոխարէն` պատերազմը գրեթէ «ղեկավարում էին» կամ Արցախում էին յայտնուել նրանք, որոնց վաստակեցին ձեզ համար այս մեծ ողբերգութիւնը: Դա էր պատճառը, որ ձեր զօրքերն արագօրէն «պարտուեցին» նախատեսուած բոլոր ուղղութիւններով, իսկ նշածս հզօր զօրավարներին ձեւականօրէն մարտի մէջ մտցրին այն ժամանակ, երբ պատերազմի ելքը որոշուած էր: Դա էր պատճառը, որ ձեր հասարակութիւնը, անգամ կռուող բանակը պարբերաբար շոքի մէջ էր յայտնւում, երբ նահանջ էր տեղի ունենում ամենաանհաւանական մատոյցներից ու բարձունքներից:
Ձեր ղեկավարութեան մօտ այդպէս էլ լրջութիւն ի յայտ չեկաւ. նրանք իշխանութեան գալուց ի վեր եւ պատերազմական թէժ օրերին երբեք չհասկացան, թէ ինչպիսի՛ յանցաւոր արկածախնդրութեան են տանում սեփական ժողովրդին ու պետութեանը:
Արդիւնքում, ինչին եւ մենք սպասում էինք, ստեղծուեց մի իրադրութիւն, երբ Թուրքիա-ՕԹԱՆ-ի գաղտնի ծրագրի կատարումը, այն է` եօթ շրջաններ + Շուշի քաղաքը, ձեր իսկ ղեկավարութեան միջոցով իրագործուեց գրեթէ լիարժէքօրէն, եւ իրերի ընթացքը հասաւ այն սահմանագծին, որտեղ արդէն մենք պէտք էր կտրուկ միջամտէինք: Դա արդէն այն կարմիր գիծն էր, որտեղից սկզբնաւորւում էր ռուսական կայսերական շահը: Եւ մենք եկանք: Ցաւօք, ձեր ղեկավարութեան նման վարքագծի պայմաններում դուք այժմ ունէք կորուսեալ Արցախ (այն մի քանի բեկորը եւս, որտեղ մենք հաստատւում ենք, ինչպէս նշեցի, չի կարող համարուել հայկական), իսկ մենք, միաժամանակ նաեւ դուք, ունենք Թուրքիա-ՕԹԱՆ-ի յաւակնութիւնների թիրախ դարձած Արցախի մնացած ողջ հատուածները: Կատարելով Թուրքիա-ՕԹԱՆ-ի ծրագիրը եւ Արցախի մեծագոյն մասը յանձնելով նրանց, ձեր արկածախնդիրների խմբաւորումը Արցախը վերածեց ՀԱՊԿ-ՕԹԱՆ-ի շփման գծի եւ աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմի: Եւ ձեզ համար ամենաողբերգականն այն է, որ այս ամէնի հետ մէկտեղ օրաւուր խորտակւում է ձեր Մայր պետութեան` Հայաստանի ապագան: Այն, առանց Արցախի տնտեսական, ռազմավարական ու բարոյական ազդակների, պարզապէս չի կարող գոյատեւել: Եւ ոչ միայն պետութիւնը: Դուք, ձեր ժողովուրդն այլեւս հաւաքական իմաստով չունի գերխնդիրներից կարեւորագոյնը, այդ հզօր ազգին բարոյապէս ոչնչացրել է իր իսկ ղեկավարութիւնը, եւ այժմ իմ աչքի առջեւ է ֆիզիքական գոյութիւնը քարշ տալու ելած մի թափառական ամբոխ: Իսկ թէ ո՛րն է այդ ամէնի տրամաբանական հանգուցալուծումը, կարծում եմ արեւածաղիկ վաճառող տատիկներին անգամ պարզ է:
Զօրի Հայկի, կը ներէք, որ շատ երկարեց նամակս, յուսով եմ` կարողացայ անկեղծօրէն ներկայացնել ամէն ինչ:
Եւ վերջում` մի զգուշացում. 7 տարի առաջ զգուշացրի, որ ռուսական դրօշի առկայութիւնը շատ բան կը փոխի Արցախում, ձեր հոգիներում: Մտածէ՛ք այս մասին: Դուք ոչնչացրիք Արցախի դրօշը` փոխարինելով այն ազրպէյճանակա-թուրքականով ու ռուսականով: Այժմ ստիպուած եմ զգուշացնել. ռուսական դրօշի առկայութիւնը Հայաստանում` ձեր դրօշի փոխարէն, շատ բան կը փոխի ձեր հոգիներում: Մտածէ՛ք այս մասին եւ մի՛ կործանէք ձեր հաւաքական գոյութեան վերջին հիմնաքարը:
26 նոյեմբերի, 2020 թ.
Մոսկուա, Քրեմլին
Ռուսերէնից թարգմանեց ՎԱՀԷ ՍԱՐԳՍԵԱՆԸ
Ես անձնապէս չեմ հաւատար այս նամակին զոր գրուած կը կարծեն, ոմանք, թէ Նախագահ Փութին է հեղինակը:
1960-ին, հօրս հարցուցի ՝ թէ ինչո՞ւ Դաշնակցութիւնը դէմ է Սովետ միութեան: Ան պատասխանեց. «Իսրայէլը հարիւր միլիոն արաբներու մէջ կ’ապրի ու կը զօրանայ, հակառակ անոր որ հարիւր հազար արաբ դէմ են անոր գոյութեան: Ինչո՞ւ, որովհետեւ Ամերիկան անոր թիկունք կը կանգնի: «Ան որ զուր կը նայի Իսրայէլին, աչքերը կը հանեմ», սպառնացած է: Ռուսը եկաւ ու գրաւեց Հայաստանը: Ամերիկային պէս չըսաւ, «ով որ Հայաստանին զուր կը նայի աչքերը կը հանեմ»: Ընդհակառակը, մեր աչքերը հանեց ու թոյլ չի տուաւ որ լոյսը տեսնենք»:
Հիմա, այս նամակը կը յայտարարէ որ Հայաստան անգամ գոյութիւն չունի, քանի որ ռուսական զօրքեդը հոն են եւ ուշ չէ այն օրը եբր ռուսակն դրօշ պիտի ծածանի հայկականին տեղ: Վայ այն ատեն: Սպառնալիքը կայ ու կը մնայ մինչեւ այն ատեն որ ռուսական Իմպերիալիզմը» գոյութիւն ունի: Մինչ մենք, ճատրակի զինուորին դերին մէջ ենք: Հասկցողին բարեւ: