ԳԷՈՐԳ ԽՈՒԴԻՆԵԱՆ
Պատմական գիտութիւններու դոկտոր, փրոֆեսէօր,
«վէմ» համահայկական հանդէսի գլխաւոր խմբագիր
Վերջին երկու օրերի ընթացքում Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը արդէն երկու անգամ յայտարարել է, որ ինքը պատրաստ է հրադադարի հաստատմանը եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների առաջադրած սկզբունքների կիրարկմանը:
Հասկանալի է, որ ազատագրուած տարածքների մի մասի զաւթման պայմաններում դա հաւասարազօր է լինելու տէ-ֆաքթօ վիճակը տէ-ժիւրէի վերածելուն: Այսինքն` մի մասը պատերազմով եմ վերցրել, մի մասն էլ ինքներդ կը տաք` որպէս Մատրիտեան սկզբունքների իրականացման առաջին քայլ, իսկ կարգավիճակի հարցն էլ կը մնայ անորոշութեան մէջ, քանի որ Հայաստանը կը զրկուի այն առաջ տանելու հիմնական բանակցային լծակից` ազատագրուած տարածքներից:
Արդիւնքում ստացւում է, որ Պաքուի բռնապետը ոչ միայն չի պատժուելու իր կատարած յանցանքի համար, որը հազարաւոր կեանքեր արժեցաւ երկու կողմերին, այլ դեռ հերոսի կեցուածք է ընդունելու` սեփական ժողովրդի առջեւ:
Հասկանալի է որ նման պայմաններում այժմ էլ հայկական կողմն է հանդէս գալու հրադադարի առաջարկներն անտեսողի դերում` մինչ այդ փորձելով ետ բերել թշնամու զաւթածի գոնէ մի մասը: Բայց արդեօ՞ք դա բաւարար է` անցած մէկ ամսուայ արիւնոտ տեսաշարի արագ վերախաղարկման համար: Կարծում ենք, որ ոչ, քանի որ Ալիեւի ներկայ անհանգստութիւնը միանգամից երկու պատճառ ունի:
Առաջինը Իրանի բացայայտ ռազմական նախապատրաստութիւններն են` Արցախի հարաւում արդէն ձեւաւորուած թուրքական կիսամիջանցքի դէմ յանդիման:
Երկրորդը Թուրքիայի սադրիչ կեցուածքն է, որը հակամարտութեան գօտի զօրքեր ուղարկելու իր ցուցադրական պատրաստակամութեամբ եւ Ռուսաստանին ձեռնոց նետելով վտանգաւոր վիճակ է ստեղծում Պաքուի բռնապետի համար:
Ազրպէյճանը չի կարող շարունակել պատերազմը` Ռուսաստան- Իրան-Հայաստան- Արցախ քառանկիւնու արանքում: Ուրեմն` նա պիտի փորձի կամուրջները վերականգնել Ռուսաստանի հետ` ազատագրուած տարածքների մի մասը յետ ստանալու պայմանով: Բայց կ՛ընդունի՞ արդեօք Մոսկուան «տարած յետ բերած անբախտ աղջկան», երբ վերջինս մի քանի տարի կազդուրուելուց յետոյ նորից փախչելու է իր փեսայի մօտ: Դատելով Ռուսաստանի նախագահի վերջին զգուշաւոր կեցուածքներից` կարող է նաեւ ընդունել, եթէ Հայաստանը ճիշդ չգնահատի իրավիճակը եւ չկատարի իր քայլը: Հայաստանը արագօրէն պէտք է օգտուի այն իրողութիւնից որ,
ա.- Ազրպէյճանը սկսելով ցեղասպանական նպատակներ ունեցող ռազմական գործողութիւններ` բացառել է երկու ժողովուրդների համատեղ կեցութեան որեւէ հնարաւորութիւն,
բ.- Ազրպէյճանը մերժում է հակամարտութեան գօտի խաղաղապահ ուժերի մուտքը, իսկ Հայաստանը ընդունում է խաղաղապահներ տեղակայելու հնարաւորութիւնը բայց չի կարող այն իրականութիւն դարձնել, քանի դեռ չի ճանաչուել Արցախի անկախութիւնը, քանի որ առկայ բանակցային ձեւաչափով պահանջւում է երկու կողմերի համաձայնութիւնը:
Ուրեմն` մնում է կատարել ընդամէնը մէկ քայլ` ճանաչել Արցախի անկախութիւնը եւ դրանով իսկ օրինականացնել իր պաշտպանութեան հարցը Ռուսաստանի, Իրանի կամ որեւէ այլ երկրի հետ լուծելու` Արցախի իրաւունքը: