ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինը Շնորհաւորական Ուղերձ Յղեց Հայոց Բանակի Կազմաւորման 28-րդ Տարեդարձին Առիթով

Հայաստանի բանակի օրուան առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը ուղղեց շնորհաւորական ուղերձ մը` շեշտելով, որ Հայաստանի զինուած ուժերու կազմաւորումը հայ ժողովուրդի պատմութեան շրջադարձային էջերէն մէկն է, հայոց նորանկախ երկու հանրապետութիւններու սահմաններու անվտանգութեան ապահովման եւ հետագայ վերելքի առանցքային գրաւականը:

Ուղերձին մէջ նշուած է.

«Անցնելով կազմաւորման քանի մը փուլեր` զինուած ուժերը կրել են այն նոյն դժուարութիւնները եւ անցել այն նոյն փորձութիւններով, որոնք ապրել եւ յաղթահարել է հայ ժողովուրդը` վերջին երեսնամեակում:

1992 թուականի յունուարի 28-ին Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան ստեղծմամբ հայոց բանակաշինութիւնն ապրեց իր շրջադարձային փուլը, մի շրջան, երբ մի կողմից կամաւորական գնդերից ստեղծւում էր կանոնաւոր բանակը, միւս կողմից ընթանում էր հայ-ազրպէյճանական արիւնալի պատերազմը: Շնորհիւ աննահանջ պայքարի` հայ ժողովուրդը պատուով անցաւ այդ փուլը եւս` 1994 թուականի մայիսին ազդարարելով ե՛ւ պատմական յաղթանակի, ե՛ւ բանակաշինութեան նոր փուլի մեկնարկի մասին:

Հայաստանի պաշտպանական համակարգի ստեղծումը հայոց պետականութեան հիմքերը դարձրեց առաւել ամուր, անկախութեան երթը` անշրջելի:

Անցնող երեսնամեակում մեզ յաջողուել է ստեղծել տարածաշրջանում հայոց քաղաքակրթական ներկայութեան առանցքային երաշխիքներից գլխաւորը` մարտունակ բանակը: Այս հաստատումը եւս մէկ անգամ փաստուեց 2016 թուականի Ապրիլեան պատերազմով, երբ հերթական անգամ չէզոքացուեցին Ազրպէյճանի դաւադիր գործողութիւնները:

Նոր իրողութիւնների պայմաններում, երբ հայոց ազգային արժէքների դէմ նկատելի են ակնյայտ ոտնձգութիւններ, առաւելագոյն ջանքեր են անհրաժեշտ` զինուած ուժերը զերծ պահել նման դրսեւորումներից: Պէտք է կենտրոնացնել բոլոր ուժերը` թոյլ չտալու, որպէսզի զինուած ուժերը համազգային փայփայանքի արգասիքից վերածուեն կասկածելի աղբիւրներից սնուող, ազգութիւն եւ հայրենիք մերժող տեսակների գործողութիւնների թիրախի:

Հայ յեղափոխական դաշնակցութիւնն իր աշխարհասփիւռ կառոյցի, ուղեկից միութիւնների եւ կազմակերպութիւնների ներուժը` ինչպէս Արցախեան գոյապայքարի, Ապրիլեան քառօրեայի շրջանում կամաւորական ջոկատների կազմաւորման եւ մասնակցութեան, այնպէս էլ համեմատաբար խաղաղ պայմաններում բանակաշինութեանն օժանդակելուն ուղղուած ծրագրերի տեսքով, շարունակելու է ծառայեցնել ի շահ հայրենիքի եւ հայոց բանակի:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը շնորհաւորում է համայն հայութեանը` հայոց փառապանծ բանակի կազմաւորման 28-րդ տարեդարձի առիթով եւ մաղթում նորանոր յաղթանակներ:

Շնորհաւո՛ր ծնունդդ, հայո՛ց բանակ»:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

28 յունուար 2020

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )