Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սպառազինութեան Մոլուցք Պաքւում` Վախի Ախտանիշով

June 21, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Երեւոյթը նոր չէ: Դրա հիւանդագին ախտանիշները քանիցս արձանագրուել են անցած երեսուն տարում: Սկսած դեռեւս 1988-ի փետրուարից, երբ Սումկայիթի խոշոր արդիւնաբերական ձեռնարկութիւններից մէկի` խողովակագլանման գործարանի արտադրամասերում հաշտապ կերպով սրածայր մետաղական ձողեր եւ կտրող այլ գործիքներ էին պատրաստւում` նոյն ամսուայ վերջերին քաղաքի հայ բնակիչների ջարդն ու կոտորածը կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով: Ու չնայած քաղաքի հայ քաղաքացիների թուաքանակն աւելի քան երեք անգամ քիչ էր, քան ազրպէյճանցիներինը, այնուամենայնիւ, շատ աւելի մեծ էր ինչպէս քաղաքային, նոյնպէս եւ հանրապետական իշխանութիւնների մտավախութիւնը, թէ, արդեօք, ի զօրու կը լինե՞ն զուտ մարդուժի առաւելութեամբ իրագործել քաղաքի ընդամէնը 18 հազար հայ ազգաբնակչութեան սպանդի ենթարկելու  իրենց մտադրութիւնը, որ պայմանաւորում էին ազատութեան պայքարի ելած արցախահայութեանը դաս տալու անհրաժեշտութեամբ: Անշուշտ, հարկ է արձանագրել, որ այդ մտավախութիւնը, ինչպէս ցոյց տուեց ջարդերի բուն ընթացքը, որոշակի չափով իրատեսական էր: Գազազած ազրպէյճանական խառնամբոխի դէմ յանդիման անզէն լինելով հանդերձ, սումկայիթցի հայերը, ի պատիւ իրենց, այնուամենայնիւ, կարողացան թէկուզ տեղ-տեղ, բայց խիզախաբար դիմակայել երկոտանի գիշատիչների յարձակումները, անգամ ոչնչացնել նրանցից ոմանց: Այլապէս, քաղաքի հայ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիւը ոչ թէ կը տատանուէր պաշտօնապէս յայտարարուած 27-ի եւ ոչ պաշտօնապէս շրջանառուող 700-ի միջեւ, այլ կը չափուէր միանգամից հնգանիշ մեծութեամբ: Ահա թէ ինչու Պաքւում եւ Սումկայիթում առաւել քան հրատապ ու պահանջուած էր նախապէս զինուելու խնդիրը:

Նոյնը կրկնուեց Ազրպէյճանի միւս բնակավայրերի եւ յատկապէս Պաքուի հայութեան ջարդերի ժամանակ. երբ ի շարս մետաղաձողերի եւ այլ կտրող միջոցների, որոնց առատութիւնն ու բազմազանութիւնն աննախադէպ էին այդ ցեղասպան խորհրդային հանրապետութիւնում, հայ բնակչութեան սպանդի գործիքակազմը համալրուեց նաեւ հրազէնով` զօրամասերից մեծ քանակութեամբ առգրաւուած մարտական հրացաններով ու ինքնաձիգներով, պայթուցիկ սարքերով:

Դարձեալ նոյն այդ վախի թելադրանքով պայմանաւորուած` սպառազինուելու այդ հիւանդագին երեւոյթն առաւել յատկանշական էր 91-ի աշնանն Արցախի դէմ Պաքուի սանձազերծած պատերազմում, երբ նորաստեղծ ազրպէյճանական ազգային բանակի ստորաբաժանումները, փոխադարձ պայմանաւորուածութեամբ տիրանալով  այդ հանրապետութեան տարածքում տեղակայուած խորհրդային զօրքերի վիթխարի զինապահեստներին, կարողացան հանդերձաւորուել մարտական գործողութիւնների վարման համար անհրաժեշտ առանց բացառութեան բոլոր տեսակի զէնք ու զինամթերքով: Սակայն հանրայայտ ճշմարտութիւն է, որ այլ բան է զինուած լինելը, այլ բան` նոյն այդ զէնքը կրող մարդու հոգեմտաւոր վիճակը` մարտական գործողութեան ընթացքում նրա արիութեան ու խիզախութեան աստիճանը, գումարած դրան` մարտական պատրաստութեան, զէնքի կիրառման եւ  մարտերի վարման կարողունակութեան մակարդակը: Եւ քանի որ այդ որակները, կարելի է հաստատապէս ասել, ի սպառ բացակայում էին ազրպէյճանական նորաստեղծ բանակում, ուստի Պաքուն, նոյն այդ պատճառահետեւանքային կապով պայմանաւորուած, խայտառակ պարտութիւն կրեց իր իսկ նախաձեռնած պատերազմում` ստիպուած լինելով Լեռնայն Ղարաբաղի հետ հաշտութեան ուղիներ որոնել, որոնց արդիւնքում հակամարտ կողմերի միջեւ կնքուեց 1994-ի մայիսեան հրադադարը:

Այսօր` շուրջ քառորդարեայ հեռաւորութիւնից, մեզ` հայերիս համար, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան, այդ թուում, առաջին հերթին, հակամարտութեան կարգաւորման միջնորդական առաքելութեան` ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան համար պարզից էլ պարզ է, որ անժամկէտ հրադադարի այդ պարագան Ազրպէյճանի իշխանութիւններին օդ ու ջրի պէս խիստ անհրաժեշտ էին ոչ այնքան հիմնախնդրի վերջնական լուծման եւ հակամարտութեան գօտում տեւական խաղաղութեան հաստատման համար, որքան նոր պատերազմի հիմնաւորապէս նախապատրաստուելու նպատակով: Փաստօրէն, ներկայումս, թէկուզեւ ժամանակի անհամեմատ լայն կտրուածքով, Պաքուն իրականացնում է այն, ինչ կատարում էր պատերազմի տարիներին իր իսկ խնդրանքով կայացած կարճաժամկէտ զինադադարների ժամանակ, որոնք ամէն անգամ էլ անմիջականօրէն խախտւում էին, երբ Ազրպէյճանի քաղաքական ու ռազմական ղեկավարութեանը թւում էր, թէ յարկ եղած նախապատրաստական աշխատանքները` զօրամասերի տեղաշարժէր ու վերատեղակայումներ,  զէնքի ու զինամթերքի մատակարարումներ եւ այլն, բաւարար չափով կատարուած են մարտական գործողութիւնները վերսկսելու համար: Սակայն, ինչպէս վկայում է պատերազմի տարեգրութիւնը, ամէն անգամ էլ Պաքուի խոփը քարին էր դէմ ընկնում` ստիպելով անմիջականօրէն Ստեփանակերտից ժամանակաւոր զինադադարի նոր ժամկէտներ մուրալ:

Գաղտնիք չէ, որ մայիսեան հրադադարից յետոյ անցած իւրաքանչիւր օր ու ամիս, իսկ ընդհանուր առմամբ` ահա քսանչորս տարի ի վեր Ազրպէյճանը  հետեւողականօրէն օգտագործում է իր բանակի մարտունակութիւնը բարձրացնելու եւ արդիական զինատեսակներով այն սպառազինելու համար, դարձեալ վստահ չլինելով իր առկայ ուժերի ու հնարաւորութիւնների վրայ` շարունակելով քրոնիքական դարձած մտավախութիւն ապրել,  որ սեփական մարդկային գործօնը, չնայած նրա գերակշիռ մեծութեանը, ի զօրու չէ պարտութեան մատնել փոքրաթիւ եւ համեմատաբար սակաւ զինաւորուած թշնամուն, այսինքն` հայերիս: Եղաւ պահ, իսկ դա, ինչպէս յայտնի է,  2016-ի ապրիլի սկզբներին էր, երբ Պաքուին թուաց, թէ եկել է վճռական ու լայնածաւալ գրոհի ժամը:  Ազրպէյճանական բանակը յագեցած էր Ռուսաստանից, Իսրայէլից, Պիելոռուսիայից, Ուքրանիայից գնած գերարդիական զինատեսակներով, ապահովուած մարտական գործողութիւնների ընթացքում դրանց սպասարկման համար մատակարար երկրների տրամադրած զինուորական մասնագէտներով, զօրամասերի սպայական ու շարքային կազմը տեւական ժամանակ վերապատրաստուած էր թուրքական եւ այլերկրեայ ռազմական հրահանգիչների ու խորհրդատուների մասնակցութեամբ անցկացուած դասընթացներում ու զինավարժանքներում: Գումարած դրան` կազմաւորուած էր յատուկ ջոկատայինների մի ամբողջ պրիկատ, որի կազմի մէջ ներգրաւուած էին ինչպէս թուրք, նոյնպէս եւ, այսպէս կոչուած, «Իսլամական պետութեան» հրոսակախմբերում մարտական փորձութիւն անցած մեծ թուով գրոհայիններ, այդ թուում` ազրպէյճանական ազգութեան ասպատակիչներ, որոնց խոստացուած էր համաներում շնորհել մարտական գործողութիւնների յաջողութեան պարագայում: Սակայն, չնայած բաւականաչափ ռազմական գործիքակազմի առկայութեանը, անփառունակ վախճան ունեցաւ Ազրպէյճանի նաեւ ապրիլեան արկածախնդրութիւնը, ինչի վտանգաւոր հետեւանքները կանխազգալով ու կանխատեսելով, Պաքուն ստիպուած եղաւ այդ անգամ եւս հապճեպօրէն հրադադարի միջնորդութիւն աղերսել Մոսկուայից, աւելի ճիշդ` Մոսկուայի միջնորդութեամբ յաղթող կողմերից` Ստեփանակերտից ու Երեւանից:

Արդեօք, ապրիլեան խայտառակ պարտութիւնն ուսանելի դաս եղա՞ւ Պաքուի համար: Հաստատապէս` հազիւ թէ: Անցած աւելի քան երկու տարում Ազրպէյճանի իշխանութիւնները դարձեալ զանգուածային ոչնչացման նորագոյն  զինատեսակների անդադրում որոնումների մէջ են, որոնք նրան պէտք են հերթական պատերազմի համար, եւ որոնց ձեռքբերմամբ նա ցանկանում է հաւասարակշռել Ռուսաստանից Հայաստանի գնած հեռահար հրթիռային «Իսկենտեր»  կայանքների հետ: Մոսկուան, դատելով լրահոսում առկայ տեղեկատուութիւնից, առայժմ կարծես թէ ձեռնպահ է մնում Ազրպէյճանին համարժէք զինտեսակ մատակարարելու հարցում: Խնդիրը, ամենայն հաւանականութեամբ, մի կողմից` մինչ այդ պաշտօնական Երեւանի` որպէս Հաւաքական անվտանգութեան պայմանագիր կազմակերպութեան (ՀԱՊԿ) հիմնադիր անդամի, սկզբունքային բացասական դիրքորոշման մէջ է, միւս կողմից` Մոսկուա-Պաքու երկխօսութեան մէջ` կախուած Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) մէջ նոյնպէս ներգրաւուելու հարցում վերջինիս դիրքորոշումից: Բայց քանի որ խնդիրը ձգձգւում է տեւականօրէն, իսկ Պաքուն շտապում է ձեռք բերել համարժէք զինատեսակներ, ուստի նրա ընտրութիւնը կանգ է առել պիելոռուսական տարբերակի` 301 մմ տրամաչափի համազարկային կրակի «Պոլոնեզ» կոչուող հրթիռային համակարգի վրայ: Վերջինս, դատելով լրահոսի տուեալներից, ռուսական «Իսկենտեր»-ին զիջում է հարուածների ճշգրտութեան խնդրում, բայց ահա գերազանցում է համակարգում տեղադրուած հրթիռների քանակով, որ չափւում է համապատասխանաբար 2 եւ 8 յարաբերակցութեամբ:

Հարց է ծագում. բայց չէ՞ որ Պիելոռուսիան նոյնպէս ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ հիմնադիր անդամ է եւ, որպէս այդպիսին, նոյնպէս համարւում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը:  Այո՛ այդպէս է: Սակայն ո՞ւմ չէ յայտնի բելառուսական առաջնորդի` Ալեքսանտր Լուքաշենքոյի յարափոփոխ ու պատեհապաշտ, շատ յաճախ անկանխատեսելի արտաքին քաղաքականութիւնը, որի շրջագծում պետութեան եւ դաշնակցային ընդհանուր շահերը միշտ չէ, որ համատեղելի են եւ ցանկացած պահի կարող են տրամագծօրէն հակասել, անգամ` հակադրուել միմեանց: Արդիւնքում կայացել է այն, ինչն անցանկալի է Հայաստանի համար. Մինսքը պաշտօնապէս խոստացել է «Պոլոնեզ» կարգի 10 համակարգ մատակարարել Պաքուին, քաջ գիտակցելով, որ պատերազմական գործողութիւնների վերսկսման դէպքում դրանք Ազրպէյճանի կողմից անպայման գործնական կիրառում են ստանալու իր ռազմավարական դաշնակցի` Հայաստանի, իսկ նրա միջոցով`  Արցախի դէմ: Եւ ահաւասիկ, ինչպէս յայտնի է, առաջին կայանքները Մինսքից հասել են Պաքու` սպասարկող պիելոռուսական անձնակազմերի հետ միասին: Այնպէս որ, եթէ Պաքուն վճռի դրանք կիրառել հայկական կողմերի դէմ, ապա, նկատի առնելով, որ այդ համակարգերը սպասարկող մասնագէտները Պիելառուսիայից են, կը ստացուի այնպէս, որ Ազրպէյճանի տարածքից դէպի Հայաստան եւ Արցախ հեռահար համազարկեր են իրականացնում ՀԱՊԿ-ի մեր դաշնակից երկրից գործուղուած զինուորականները: Զաւեշտական է հնչում, բայց, ինչ արած, ֆրանսացիների ասած` «սէ լա վի», այսինքն` այսպիսին է կեանքը, տուեալ պարագայում` միջազգային ու միջպետական, անգամ` դաշնակցային յարաբերութիւնների դաշտը, որտեղ եթէ ոչ յաճախ, ապա երբեմն անխուսափելի նշանաբան է ծառայում ողջախոհ բանականութեան հետ ոչ մի աղերս չունեցող «Ինձնից յետոյ` թէկուզ ջրհեղեղ» անբարոյական սկզբունքը:

Այնուամենայնիւ հարց է ծագում.  ի՞նչ է տալիս «Պոլոնեզ» համակարգերի ձեռքբերումն Ազրպէյճանին: Միայն ա՞յն, որ դրանք որոշ  չափով, բարձրացնում են Ազրպէյճանի, ընդհանուր առմամբ, զինուած ուժերի ու, մասնաւորապէս,  հրթիռային-հրետանային զօրքերի հզօրութիւնը եւ ինչի շնորհիւ Ազրպէյճանը ցանկանում է սպառազինութեան որոշակի հաւասարակշռութիւն ստեղծել Հայաստանի հետ` նկատի առնելով «Իսկենտեր» հրթիռային կայանքների առկայութիւնը Հայոց բանակում: Բայց չէ՞ որ ինչպէս օրերս նշել է Հայաստանի պաշտպանութեան նախկին նախարար, ռազմական փորձագէտ Վաղարշակ Յարութիւնեանը «Նիուզ»-ին տուած հարցազրոյցում. «Եթէ Պաքուն ծրագրում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողութիւնները վերսկսել, ապա դրա համար նա, այսպէս թէ այնպէս, բոլոր անհրաժեշտ միջոցներն ունի, որոնք կարող են ԼՂՀ ամբողջ խորութեամբ թիրախները խոցել: Իսկ եթէ Հայաստանի դէմ, ապա կրկին նրանք միջոցներ ունեն, որոնք տեղակայուած են Նախիջեւանում եւ հասանելի են դարձնում Հայաստանի տարածքում բոլոր թիրախները»: Միւս կողմից` քանի որ Հայաստանը եւ Արցախը նոյնպէս համանման համակարգեր ունեն, ապա Ազրպէյճանի կողմից «Պոլոնեզ»-ների կիրառման դէպքում Երեւանը եւ Ստեփանակերտն ի զօրու են պատասխան հարուածներով խոցել Ազրպէյճանի տարածքում գտնուող գործնականում բոլոր թիրախները, ներառեալ այն օբյեկտները, որոնք Պաքուի համար ռազմավարական եւ տնտեսական նշանակութիւն ունեն: Այնպէս որ, ռազմական գործողութիւնների վերսկսումը միանգամայն կարող է խափանել Ազրպէյճանի տնտեսական ներուժը, ինչում Պաքուն, կարծում եմ,  ամենեւին շահագրգռուած չէ: Այնպէս որ, կարելի է համաձայնել Յարութիւնեանի տեսակէտին, թէ Պաքուի համար «Պոլոնեզ» հեռահար կրակի հրթիռային համակարգերը պահանջուած չեն, քանի որ ուժերի իրական հաւասարակշռութեան վրայ այս համակարգը որեւէ ազդեցութիւն չունի:

Ըստ իս, տուեալ պարագայում դարձեալ առաջին պլան են մղւում, նախ, այն, որ Պաքուն, չնայած հակամարտութեան խաղաղ կարգաւորման վերաբերեալ իր բարձրագոչ հաւաստիացումներին, շարունակում է հաւատարիմ մնալ խնդիրն ուժի կիրառման վերաբերեալ սպառնալիքներով ահաբեկմամբ կամ անմիջականօրէն ուժի կիրառմամբ լուծելու անիմաստ ու անհեռանկար դիրքորոշմանը: Այլ կերպ ասած` արտաքուստ համաձայնութիւն յայտնելով, իրականում նա չի ցանկանում ղարաբաղեան խնդիրը լուծել խաղաղ բանակցութիւնների միջոցով եւ ապաւինում է ռազմական ուժին:

Ապա` եթէ հաշուի առնենք այն հսկայական ծախսերը, որոնք իրականացնում է Պաքուն ռազմական ոլորտում, ապա միայն դա արդէն իսկ վառ վկայութիւն է այն բանի, որ Ազրպէյճանը յայտարարել է սպառազինութիւնների մրցավազք: Նոյնը  պարտադրելով նաեւ հայկական կողմերին, Պաքուն այդպիսով փորձում է բացասաբար ազդել Հայաստանի եւ Արցախի տնտեսական առաջընթացի վրայ` սեփական փորձով քաջ գիտակցելով, թէ լրացուցիչ ռազմական ծախսերն ինչպիսի ծանր անդրադարձ կարող են ունենալ ընկերային-տնտեսական իրավիճակի վրայ: Բնականաբար, Հայաստանն ու Արցախը ստիպուած են արձագանգել ու հնարաւորութեան դէպքում չէզոքացնել առաջացած սպառնալիքը` ապահովելով ռազմաքաղաքական հաւասարակշռութիւն:

Եւ վերջապէս` դարձեալ ակնյայտ է Պաքուի մտավախութեան զգացողութիւնը. իսկ եթէ հայկական կողմն առաջի՞նը գործարկի իր հեռահար հրթիռային համակարգերը: Պատահական չէ, որ չբաւարարուելով պիելառուսական համակարգերի ձեռքբերմամբ, Պաքուն շարունակում է նոր, աւելի հզօր  զինատեսակների իր որոնումներն ինչպէս եւրոպական երկրներում, մասնաւորապէս, Սլովաքիայում ու Չեխիայում, նոյնպէս եւ Միջին Արեւելքում, կոնկրետ` Իսրայէլում, երկու ուղղութիւններում էլ զանազան մեքենայութիւնների գնով շրջանցելով Եւրոպական միութեան արգելքն Ազրպէյճանին զէնքի մատակարարման խնդրում, ինչը սահմանուել է` նկատի ունենալով, որ նա պատերազմական վիճակի մէջ է Հայաստանի հետ: Յատկանշական է, ինչպէս հպարտօրէն յայտարարել է Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւն Իսրայէլի վարչապետ Բենիամին Նաթանիահուի հետ 2016թ. դեկտեմբերին Պաքուի Զագուլբա արուարձանային աւանի իր պալատում կայացած համատեղ մամլոյ ասուլիսում` Ազրպէյճանը մի քանի տարուայ ընթացքում հրէական պետութիւնից գնել է, ընդհանուր առմամբ, 5 միլիառ տոլարի սպառազինութիւն: Թէ ինչպէս եւ ինչ ուղղակի ու զարտուղի ուղիներով, դա արդէն առանձին թեմա է` ուշագրաւ քրէական ինտրիգներով յագեցած, ինչին կը փորձենք հանգամանալի անդրադառնալ յաջորդիւ:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Յուշատետր. Ճակատագիր (Գ.)

Յաջորդը

Լիբանանեան Կարճ Լուրեր

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Խորհրդարանական Հարցապնդում Եւ Խաղաղութեան Խոստում

September 16, 2026
Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը.  Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով
Անդրադարձ

Հետաքրքրական Եւ Արժէքաւոր Յուշագրութիւն Մը. Մովսէս Ա. Քհնյ. Շրիգեանի «Յուշեր»-ու Հրատարակութեան Առիթով

September 16, 2026
Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ
Անդրադարձ

Ազգային Արժէքներու Եւ Հայ Եկեղեցւոյ Կարեւորութիւնը` Սփիւռքի Մէջ Հայկական Ինքնութեան Պահպանման Համար. Նոր Իրավիճակի Մարտահրաւէրներ

September 16, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.