Ստորեւ կու տանք երէկ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի յայտարարութիւններու ժամուն ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Ռուզաննա Առաքելեանի ունեցած ելոյթը.
«Հայ ժողովրդի պատմութեան մէջ մայիսի 28-ը մեր գոյութեան ու յաւերժութեան վկայագիրն է: Մայիսի 28-ով փաստագրուեց Հայոց առաջին անկախ հանրապետութեան ծնունդը, որը եւ կանխատեսեց հայ ժողովրդի ապագան: Ճիշդ է, որ Առաջին անկախ հանրապետութիւնը կարճ կեանք ունեցաւ, սակայն նրա գոյութեան փաստն արդէն ապացոյց էր հայ ազգի ազատ ապրելու վճռականութեան: Այդ երկուսուկէս տարիների ընթացքում արդէն կայացած պետութիւնն ունեցաւ մեծ յաջողութիւններ: Դեռեւս չդադարող պատերազմական պայմաններում հիմք դրուեց կրթական ու տնտեսական օճախների: Ստեղծուեց ազգային բանակ: Ի պատիւ Առաջին հանրապետութեան իշխանութիւնների, հայ ժողովրդի հոգեբանութեան մէջ փոխուեց ստրուկի, պարտուող մտայնութիւնը: Եւ ժողովուրդը սկսեց ապրել պետականութիւն ունեցողի ինքնավստահութեամբ: Սրանք պատմական ճշմարտութիւններ են: Այս օրերին, երբ տօնում ենք Սարդարապատի հերոսամարտի 100-ամեակը, հաւանաբար չարժէ խօսել տարիներ շարունակ թոյլ տրուած պատմական այն խեղաթիւրումների մասին, որով արատաւորւում է թէ՛ մեր հերոսական պայքարի ոգին, թէ՛ Անկախ հանրապետութիւնը կերտողների կերպարը:
Չափազանցրած չեմ լինի ասելու, որ եթէ չլինէր 1918 թուականը, եթէ չունենայինք Սարդարապատի հերոսամարտը, ստիպուած կը լինէինք նստել ու սպասել, թէ աշխարհի հզօրներն ինչպէ՛ս կը վճռեն մեր դատը, «տիրողներից» ո՛ւմ խնամակալութեանը կը յանձնէին մեզ` հայերիս: Սակայն, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր թամաշայի էին կանգնել տեսնելու Հայաստանի անկումը, յանկարծակիի եկան. յաղթեց հայի ոգին: Աւելի՛ն, մայիսեան յաղթանակը այդ նոյն հզօրներին ստիպեց հաշուի նստել հայոց պետականութեան հետ:
1918 թուականն աւելին է, քան ընկալում ենք մենք, քան մեր խօսքն է ու գնահատանքը: Մայիսի 28-ը աւելին է, քան պարզապէս Առաջին անկախ պետութեան հռչակման օր: Պատմութեան այս լուսաւոր էջը մեզ պարտաւորեցնում է միասնական լինել յատկապէս օրհասական օրերին:
Առաջին հանրապետութեան տարեդարձը մեզ կրկին խորհելու առիթ պիտի տայ խոնարհումով յիշելու այն սերնդին, որ կերտեց դարասկզբի սարդարապատեան գոյամարտը: Թերեւս ոչ ոք չէր կարող երեւակայել այդ փառահեղ յաղթանակը: Չէ որ դեռ վերջ չէր տրուել 1915 թուականին սկիզբ առած Հայոց ցեղասպանութեան ծրագրին: Արեւմտեան Հայաստանը հայաթափուել էր, ջլատուել էր հայութեան ուժը, իսկ թուրք ելուզակների ախորժակն աւելի էր բացուել, յատկապէս Էրզրումի, Սարիղամիշի ու Կարսի յանձնումից յետոյ: Նրանք արնակալած աչքերով արդէն ուրուագծում էին Հայաստանի վերջը: Եղաւ աներեւակայելին® Հայ ժողովրդի հերոսական պայքարը 1918 թուականի մայիսեան օրերին ոչ միայն խառնեց թուրքերի խաղաքարտերը, այլ ստիպեց ընդունել հայ ժողովրդի միասնական կամքի դրսեւորումը:
Մեր մեծ գոյամարտում յաղթեց հայի կամքը, որը յետոյ պիտի դրսեւորուէր նաեւ Արցախի գոյամարտում:
Սարդարապատը, Բաշ Ապարանը, Ղարաքիլիսան, այնուհետեւ Շուշին եկան ասելու, որ մենք պիտի լինենք: Ուրախալի փաստ է, որ Հայոց առաջին անկախ պետութեան ծննդեան օրուայ` մայիսի 28-ի կողքին կայ սեպտեմբերի 21-ը` Երկրորդ անկախ հանրապետութեան օրը: Այս խորհրդանշական օրերը հաւաստումն են մեր ժողովրդի յարատեւման ոգու` ազատ, անկախ ու միացեալ հայրենիքի կերտման պայքարի կամքի:
Մայիսի 28-ը աւետիս է. միշտ ունկնդիր մնանք այդ օրուայ խորհրդին»: