10 տարի առաջ ստեղծուեց Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը: Համայն հայութեան համար այս կառոյցի հիմնումը դարձաւ սփիւռքի բացառիկ նորովի վերարժեւորման եւ վերաիմաստաւորման հնարաւորութիւն: Այլեւս որոշուեց ու արձանագրուեց` հայ ժողովրդի նուաճումներն ու յաղթանակները պիտի կերտենք ու պիտի տօնենք միասին, պիտի հիւսենք մեր սրտերն ու հոգիներն իրար, եւ երկնային խորհրդի ուժով նոր գաղափարներով ստեղծենք մե՛ր երրորդութիւնը` Հայաստան, Արցախ, սփիւռք: Գնալ երազած Հայաստանի ճանապարհով` չներգրաւելով այնտեղ սփիւռքի մեր հայրենակիցների ջանքերն ու աւանդը, ասել է թէ` երկարաձգել յաղթական տապանին հասնելու ժամանակն ու տարածութիւնը: Ահա այս գիտակցութեամբ ու առաքելութեամբ ստեղծուեց սփիւռքի նախարարութիւնը, ու այսօր ամփոփելով տասնամեայ պատմութիւնը, կարող ենք ասել` արդարացուած գոյութիւն, տքնաջան աշխատանք Հայաստանում եւ սփիւռքում, ամուր գործակցութիւն եւ հզօր կապեր: Հայրենիքում իւրաքանչիւր սփիւռքահայի տունը դարձած այս կառոյցը, որ շունչ ու կեանք է ստանում իր բանիմաց աշխատակիցներով, ամէն օր գալիս է ասելու, որ, այո՛, Հայաստանը բոլորովին այլ է առանց սփիւռքի եւ միանգամայն այլ, աւելի պայծառ, ուժեղ, երիտասարդ ու խելացի` իր սփիւռքով:
Ամէն օր իւրաքանչիւր սփիւռքահային դիմաւորելիս` այստեղ կարելի է լսել հետեւեալ խօսքերը. «Բարո՛վ էք եկել ձեր տուն»: Իսկ տասը տարի շարունակ տուն-նախարարութիւնում այս բառերը, անկասկած, ամէնից յաճախ ասել է կառոյցի հիմնադիրներից ու նուիրեալներից մէկն ու առաջինը` Հրանուշ Յակոբեանը:
ՀԱՐՑՈՒՄ.- Տիկի՛ն Յակոբեան, ասում են` սփիւռքը Հայաստանի շունչն է ամբողջ աշխարհում, իսկ հայրենիքն էլ սփիւռքի զգայուն, մեծ, առողջ սիրտն է: Սփիւռքի նախարարութեան շնորհիւ սիրտն ու ոգին նորովի կապուեցին իրար: Մի պահ յետ նայելով` ի՞նչ կարող էք արձանագրել հիմա` նախարարութեան ստեղծումից մէկ տասնամեակ յետոյ: Ինչպէ՞ս դրուեցին նախարարութեան առաջին «քարերն», ու ի՞նչ սկզբունք որդեգրուեց հետագայ աշխատանքի համար:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Այո՛, 2008 թուականից մինչ այսօր Հայաստան-սփիւռք գործակցութեան նոր փուլ արձանագրուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան ստեղծումով` հանրապետութեան երրորդ նախագահի որոշմամբ: Սփիւռքի նախարարութիւնը մշակեց հայկական սփիւռքի նկատմամբ Հայաստանի պետական քաղաքականութիւնը, Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգ եւ ռազմավարական ծրագիր, որոնք յաջողութեամբ իրագործւում են սփիւռքի համապատասխան կառոյցների եւ կազմակերպութիւնների աջակցութեան, մասնակցութեան եւ համախմբման արդիւնքում: Առանց սփիւռքի կառոյցների համաձայնութեան եւ գործակցութեան` անհնար կը լինէր նախարարութեան գործունէութիւնն ու նոր ծրագրերի իրականացումը: Ինչպէս ընդունուած է ասել` ծափ տալու համար երկու ձեռք է պէտք: Այսօր բոլորովին նոր որակ, նոր ձեւեր եւ մօտեցումներ է որդեգրել Հայաստան-սփիւռք գործակցութիւնը:
Նախարարութիւնն ի սկզբանէ իր առջեւ դրեց երեք ռազմավարական խնդիր: Առաջին` նպաստել հայապահպանութեանը սփիւռքում, մշակել յատուկ ծրագրեր հայ ինքնութեան պահպանման` սփիւռքի ուծացման դէմ պայքարին օժանդակելու համար, երկրորդ` բացայայտել եւ համախմբել սփիւռքի ներուժը եւ օգտագործել Հայաստանի տնտեսութեան զարգացման համար, եւ երրորդ` մշակել ծրագրեր, որոնք կարող են խթանել հայրենադարձութիւնը: Հայաստան-սփիւռք գործակցութեան քաղաքականութիւնը գլխաւորապէս հիմնուած է գործընկերային յարաբերութիւնների կառուցման եւ զարգացման, փոխադարձ վստահութեան եւ փոխըմբռնման վրայ, ինչն իրականացւում է երկխօսութեան, փոխադարձ յարգանքի, փոխզիջումների եւ փոխհամաձայնութեան ճանապարհով` զարգացման նոր հեռանկարների ուղենշմամբ:
Մեր խնդիրը դարձաւ սփիւռքի հետ աշխատանքները կազմակերպել «Ճանաչել, վստահել եւ գործակցել» սկզբունքով: Սփիւռքեան շատ կառոյցներ տարիների փորձից գիտեն, որ եթէ ցանկութիւն ունի որեւէ նախաձեռնութիւն իրականութիւն դարձնել, ապա կարող է դիմել մեր նախարարութիւն եւ ստանալ համապատասխան աջակցութիւն:
Միւս ակնյայտ ձեռքբերումն արտացոլւում է լրատուութեան մէջ, որում մշտապէս առկայ է սփիւռքի թեման: Եթէ նախկինում շաբաթը մէկ անգամ էր սփիւռքը յիշատակւում հայաստանեան լրատուութեան մէջ, ապա այժմ չկայ այդպիսի օր, որ չխօսուի սփիւռքի մասին: Դրան նպաստող ամենակարեւոր հանգամանքը հայաստանեան ծրագրերում սփիւռքեան բաղադրիչի առկայութիւնն է, այսինքն դրանք համահայկական են դարձել, ինչը նշանակում է սփիւռքի յաւերժ ներկայութիւնը Հայաստանում: Սփիւռքը եւ Հայաստանն այսօր ուժ են ստանում իրարից: Այդ ուժն ակներեւ դարձաւ ապրիլեան քառօրեայի ընթացքում, եւ բոլորն իմացան, որ Արցախը նաեւ սփիւռքի հայրենիքն է, եւ սփիւռքը պատրաստակամ է պայքարելու Արցախի պաշտպանութեան համար:
Մեր նախարարութեան նպատակը հայապահպանութիւնն է, մայրենիի պահպանութիւնը, հայրենիքի ճանաչողութիւնն ու սփիւռքի ներուժի օգտագործումը` ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հզօրացման ու համահայկական օրակարգային խնդիրների լուծման: Տարիների ընթացքում սփիւռքում քննութիւն են բռնել տասնեակ ծրագրեր` «Արի տուն», «Սփիւռք» ամառային դպրոց, «Իմ Հայաստան» համահայկական փառատօն, «Մեր մեծերը», համահայկական մասնագիտական ու հայրենիք-սփիւռք համաժողովները, մրցոյթները, մրցանակաբաշխութիւնները եւ այլն:
Հ.- Տիկի՛ն Յակոբեան, ամէն ամառ «Արի տուն» ծրագրի հարիւրաւոր մասնակիցներին յաճախ կարելի է տեսնել Երեւանում քայլելիս: Նրանք հպարտօրէն կրում են «Արի տուն» գրութեամբ շապիկներն ու վայելում հայրենիքի արեւը: Դուք նրանց տուն էք բերում, սովորեցնում մայրենին, կապում իրար, հնարաւորութիւն տալիս ճանաչել Հայաստանն ու գիտակցել, որ անգամ մեր արեւն է ուրիշ, ու մեր սէրը, միասնութիւնը, հաւատը կարող են փոխել անգամ երկրագնդի ուղեծիրը: Ինչպէ՞ս յաջողուեց ձեզ նախաձեռնել, չեմ տարակուսի ասել, հայրենաճանաչութեան ամենալաւ երիտասարդական ծրագիրը:
Պ.- «Արի տուն» ծրագիրը այս տարի տօնում է իր տասնամեակը: Կարծում եմ` սա խօսուն փաստ է: Ի հարկէ, չեմ կարող չնշել, որ ծրագիրն իր տեսակի մէջ իւրայատուկ է: Նախեւառաջ Հայաստան այցելած պատանիները 9 օր շարունակ ապրում են հայկական ընտանիքներում, սովորում հայկական նիստուկացը, բարեկամանում ու այսպիսով նաեւ կապւում հայրենիքին: Իսկ ահա ճամբարային 5 օրերի ընթացքում ծրագրի մասնակիցներն աւելի լաւ են ճանաչում միմեանց, ընկերանում, ստեղծում մեծ համահայկական երիտասարդական ցանց: 2014 թուականից սկսած` ծրագրի մասնակիցների համար, մինչ հայաստանեան պատմամշակութային վայրեր այցելելը, կազմակերպւում են հայոց լեզուի ուսուցման դասընթացներ: Կարեւոր ու պարտաւորեցնող է, երբ երեխաներն իրենց առաւօտները սկսում են մայրենիի դասով, որ միաժամանակ դառնում է նաեւ հայրենասիրութեան ու հայկականութեան դաս:
Իւրաքանչիւր տարի մեծանում է այս ծրագրի շրջանակներում Հայաստան այցելել ցանկացողների թիւը: 2009-2017 թուականների ընթացքում ծրագրին մասնակցել է շուրջ 8000 պատանի եւ աղջիկ: Ասել է թէ` 16000 ընտանիք բարեկամացել է, ընկերացել, եւ այդ կապերը գնալով խորանում են:
«Արի տուն» ծրագիրը կարծես խորհրդանշում է հայրենիք-սփիւռք գործակցութեան ողջ գաղափարախօսութիւնը` նպաստել աշխարհասփիւռ հայերի ազգային ինքնութեան պահպանմանը, ամրապնդել հայրենիքի հետ կապն ու հող նախապատրաստել հայրենադարձութեան համար: Տպաւորիչ եւ անմոռաց են երեխաների համար շփումները երկրի ղեկավարութեան եւ արուեստի գործիչների հետ: Նրանք գնում են հայրենիքից` անպայման վերադառնալու պայմանով, Հայաստանի նկատմամբ սէրն իրենց սրտում տանելով: Մենք ցանել ենք սերմեր, որոնք ապագայում կը ծլարձակեն եւ խոր արմատներ կը գցեն:
Հ.- Տիկի՛ն Յակոբեան, 2012 թուականից ամէն ամառ Երեւանի պետական համալսարանի շունչը դառնում է «Սփիւռք» ամառային դպրոցը: Մտնում ես համալսարան ու զարմանում` մի կողմում հայկական ազգային երգն ու պարն է, միւս կողմում սփիւռքահայ երիտասարդ առաջնորդներ են նոր ծրագրեր մշակում, մէկ այլ կողմում սփիւռքը հայ պահող խոհեմ ուսուցիչն է վերապատրաստւում, եւ ի վերջոյ ամենամեծ հրաշքը` մէկ ամսում արագացուած դասընթացի շնորհիւ հայ պատանին սովորում է աստուածային մայրենին: Ո՞րն է ծրագրի յաջողութեան բանաձեւը:
Պ.- Բացի Լիբանանում յաջողութեամբ գործող Հայկազեան համալսարանից` սփիւռքում չկար որեւէ կրթական հաստատութիւն` ուսուցիչ պատրաստելու կամ վերապատրաստելու համար: Ուստի հրամայական էր նման կառոյցի ստեղծումը, որն էլ դարձաւ «Սփիւռք» ամառային դպրոցը: Ամառային դպրոց-ծրագրի շրջանակներում իրականացւում է սփիւռքի մասնագէտների պատրաստում եւ վերապատրաստում 5 ուղղութիւններով` հայոց լեզուի (արեւելահայերէն եւ արեւմտահայերէն) արագացուած դասընթացներ, սփիւռքի հայկական կրթօճախների ուսուցիչների եւ կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում, լրագրողների ամառային դպրոց, երիտասարդ առաջնորդների եւ համայնքային գործի կազմակերպիչների վերապատրաստման ամառային դպրոց, ազգային երգի, խմբավարների եւ պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Ինչպէս նկատեցիք, ամառային դպրոցն ընդգրկուն ու յագեցած է, եւ ես շատ ուրախ եմ, որ նախարարութեան հայրենաճանաչութեան, մշակութային ծրագրերի կողքին իրենց տարածուածութեամբ եւ մասնակիցների թուով չեն զիջում նաեւ գիտակրթական ծրագրերը:
«Սփիւռք» ամառային դպրոցի առաքելութիւնը շատ պարզ է` հայրենիք-սփիւռք յուսալի եւ արդիւնաւէտ կամուրջների ստեղծումն ու ամրապնդումը, հայոց լեզուի իմացութեան ու կիրառման խրախուսումը, կրթական, մշակութային ծրագրերի եւ հայագիտական օճախների գործունէութեանը օժանդակումը, համայնքներում առկայ ներուժի հաշուառումն ու համախմբումը, համահայկական ծրագրերում նրանց ներգրաւմանն աջակցութիւնը:
2012 թուականից իրականացուող ծրագրին արդէն մասնակցել է 1200-ից աւելի սփիւռքահայ` աշխարհի աւելի քան 40 երկրից: Նրանցից իւրաքանչիւրն իր հետ տարել է ոչ միայն նոր գիտելիքներ, գաղափարներ, այլեւ ուժ է առել հայրենիքից, տեսել այն փոփոխութիւնները, որոնք առկայ են, եւ գնացել է` մի օր նորից վերադառնալու երազանքով:
Հ.- Չեմ կարող չնշել, որ նախարարութեան բոլոր ծրագրերը հետաքրքիր անուանումներ ունեն. ե՛ւ համահունչ են իրենց բովանդակութեանը, ե՛ւ գեղեցիկ են: Հայապահպանութեանը, սփիւռքում հայ ինքնութեան պահպանմանը, Հայաստան-սփիւռք կապի ամրապնդմանը միտուած մեծ ծրագրեր են նաեւ «Իմ Հայաստան» եւ «Երգում ենք Կոմիտաս» փառատօները, «Մեր մեծերը» ամէնամեայ շարքը: Արդեօ՞ք նոյնչափ տարածում ու ընդգրկուն մասնակցութիւն են ունենում այս ծրագրերը սփիւռքում:
Պ.- Սփիւռքում հայ մշակոյթի տարածումն ու պահպանումը ժամանակի մարտահրաւէրներն են դարձել: Այսօր յաճախ են խօսում համաշխարհայնացման ու ցանցաւորման մասին, այս ամէնը դիտարկում` լաւ ու վատ կողմերից: Ի՛նչ խօսք, ժամանակն առաջ է գնում, ու մենք պարտաւոր ենք հաշուի նստել դարի մարտահրաւէրների հետ: Ահա այդ գիտակցմամբ էլ նախարարութիւնը դարձաւ սփիւռքում հայապահպանութեան հիմնական առաջամարտիկներից մէկը:
Հայ մշակոյթի պահպանմանը նպաստող կարեւոր ծրագրերից է յատկապէս «Իմ Հայաստան» համահայկական մշակութային փառատօնը, որն անցկացւում է 2 տարին մէկ: Փառատօնի նպատակն է Հայաստան-սփիւռք-Արցախ մշակութային գործակցութեան խթանումը եւ զարգացումը, մշակոյթի միջոցով ազգային ինքնութեան պահպանումը, զբօսաշրջութեան խթանումը, Հայաստան-սփիւռք, սփիւռք-սփիւռք մշակութային կապերի եւ համագործակցութեան ընդլայնումը, նոր գեղարուեստական համոյթների եւ տաղանդաւոր անհատ կատարողների յայտնաբերումը: Փառատօնն իրօք վերածւում է համահայկական տօնախմբութեան ու տեւում է գրեթէ երկու ամսից աւելի: Պարարուեստի օրեր, ասմունքի համահայկական փառատօն, երգչախմբային արուեստի օրեր, տուտուկի եւ հայկական նուագարանների փառատօն, հայ երգի օր. ահա այսպէս հայաստանցի, արցախցի ու սփիւռքահայ պատանիները, արուեստագէտներն ու երաժիշտներն արուեստի լեզուով մէկ անգամ եւս մասնակիցն ու վկան են դառնում ազգային համախմբուածութեան եւ միասնականութեան:
2012 թուականից սկսած փառատօնին մասնակցել են շուրջ 4000 հոգի (մօտ 110 պարախումբ, 30 երգչախումբ, 50-ից աւելի երաժիշտ, 70 անհատ կատարող եւ այլն): 2018 թ. իրականացուող փառատօնին ակնկալւում է աւելի քան 2000 մասնակից:
Այս մշակութային հրավառութիւնը նախեւառաջ հայապահպանութեան, հայրենիքը ճանաչելու, հայկական մշակոյթն ըմբոշխնելու մեծագոյն հարթակ է:
Մշակութային նորոյթ էր «Երգում ենք Կոմիտաս» փառատօնի կազմակերպումը, որի բուն նպատակն է Մեծն Կոմիտասի երգն ու երաժշտութիւնը, անգնահատելի ժառանգութիւնը սփիւռքի սեփականութիւնը դարձնելը: Այն նպաստում է նաեւ օտարների շրջանում կոմիտասեան արուեստի հանրահռչակմանը, բազմաշնորհ հանճարի անցած ուղու նորովի արժեւորմանը, նոր լոյսի ներքոյ Եղեռնը վերապրած արուեստագէտի կերպարի ճանաչմանը, սփիւռքում հայ մշակոյթի եւ մշակութային ինքնութեան պահպանմանը, հայրենիքի հետ կապերի ամրացմանն ու զարգացմանը, մշակութային կապերի խորացմանը:
2013 թուականից ամէն տարի կազմակերպուող «Կոմիտաս վարդապետ» եւ «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատօներին մասնակցել է շուրջ 1000 սփիւռքահայ: Նրանք երգել ու ապրել են Կոմիտասով` հաւատալով, որ նրա մաքրամաքուր հնչիւնները կը մաքրեն նաեւ ունկնդիրների հոգիները, կը տարածուեն աշխարհով մէկ ու կը դառնան համաշխարհային ժառանգութիւն: Ողջունելի է յատկապէս այն փաստը, որ փառատօների շրջանակներում կազմակերպւում են համերգաշարեր ոչ միայն Երեւանում, այլեւ` Հայաստանի Հանրապետութեան մարզերում, Արցախում:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր տաղանդաւոր զաւակների շնորհիւ լուրջ ներդրում է ունեցել համաշխարհային քաղաքակրթութեան զարգացման գործում: Անուրանալի է գիտութեան, օդանաւաշինութեան, միջուկային բնագիտութեան, ուսողութեան, բժշկութեան, արուեստի, գրականութեան, երաժշտութեան եւ մարմնակրթութեան բնագաւառներում հայ անուանիների ներդրումը: Նրանցից շատերը դարձել են համամարդկային արժէք եւ իրենց մնայուն տեղը գրաւել համաշխարհային մեծերի անդաստանում: Ահա թէ ինչո՛ւ մեր տաղանդաւոր հայորդիներին սփիւռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնելու նպատակով 2009 թուականից սկիզբ դրուեց «Մեր մեծերը» ծրագրին, որը լուսաբանում է մեծանուն հայերի կեանքն ու գործունէութիւնը: Իւրաքանչիւր տարի գիտութեան, արուեստի, գրականութեան, հոգեւոր, քաղաքական, տնտեսական ոլորտներից 4-5 յայտնի անուններ ներկայացնելով` նպաստում ենք յատկապէս երիտասարդութեան շրջանում նրանց ճանաչմանը եւ օգնում, որ նրանք արժանապատիւ ու հպարտ հայ մեծանան:
Ծրագրի շրջանակներում սփիւռքի կրթամշակութային օճախներում, ինչպէս նաեւ հայաստանեան բուհերում եւ դպրոցներում կազմակերպւում են մեծարման միջոցառումներ, շարադրութիւնների մրցոյթներ, հրատարակւում են գրքոյկներ, պատրաստւում խտասալիկներ եւ այլն: Եթէ ամփոփենք, ապա 2009-2018 թթ. ընթացքում ՀՀ բուհերում եւ դպրոցներում, ինչպէս նաեւ Արցախի, սփիւռքի կրթամշակութային օճախներում իրականացուել են եւ շարունակում են իրականացուել 60 մեծի` բարերարների, հոգեւորականների, գրողների, նկարիչների, հերոսների, երաժիշտների, հայկական կառոյցների նուիրուած 273 միջոցառում` համաժողովներ, պոէզիայի տօներ, շարադրութիւնների մրցոյթներ, համերգներ, բաց դասեր, հրատարակուել եւ թողարկուել են 17 գրքոյկ ու խտասալիկ:
Հպարտութեամբ պիտի նշեմ, որ 2018 թուականին ծրագրի շրջանակներում կ՛իրականացուեն միջոցառումներ` նուիրուած մեծագոյն բարերար Միքայէլ Արամեանցին, յայտնի երգիծաբան Յակոբ Պարոնեանին, աշխարհի ամենահամարձակ հայուհի Զապէլ Եսայեանին, հայ բեմի վարպետ Վահրամ Փափազեանին, Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադիրներին եւ հերոսներին:
Հ.- Այս տարի «Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար» մրցանակաբաշխութեան 2017 թուականի արդիւնքների ամփոփմանն իրենց վկայականները ստանալու էին եկել մասնակիցներ աշխարհի տարբեր ծայրերից: Սա ինքնին ծրագրի գնահատականներից մէկն է: Ի՞նչ առաքելութիւն է դրուել ի սկզբանէ այս ծրագրի հիմքում:
Պ.- Ամէնամեայ այս մրցանակաբաշխութեան հիմքում մենք դրեցինք մի քանի նպատակ` խրախուսել սփիւռքում հայապահպանութեան, հայ ազգային ինքնութեան պահպանման ու զարգացման գործում հայկական կառոյցների, կրթամշակութային հաստատութիւնների, երիտասարդական կազմակերպութիւնների, առանձին անհատների ունեցած ներդրումը, գնահատել եւ արժեւորել այս ուղղութեամբ հայկական համայնքների գործունէութիւնը: Այս նպատակների իրագործմանը մենք ականատես ենք լինում ամէն տարի, երբ տեսնում ենք մասնակիցների յուզմունքը, ոգեւորութիւնը, սպասումը: Մրցանակաբաշխութեան անուանակարգերը մշտապէս փոփոխւում են` «Մայրենիի պաշտպան», «Լաւագոյն հայկական կրթօճախ», «Լաւագոյն լրատուամիջոց», «Լաւագոյն երիտասարդական կազմակերպութիւն», «Լաւագոյն հայկական համայնք», «Լաւագոյն գեղարուեստական խումբ», «Աւանդական հայկական ընտանիք», «Լաւագոյն երիտասարդական, ուսանողական հետազօտութիւն», մանկապատանեկան ստեղծագործութիւնների թեմաթիք մրցոյթներ:
2010-2017 թթ.-ին «Հայապահպանութեան գործում նշանակալի աւանդի համար» մրցանակաբաշխութիւնն ունեցել է 1262 մասնակից 55 երկրներից: Այդ մասնակիցների հետ կապն այսօր էլ պահպանւում է, նրանք դարձել են մեր լաւ ընկերներն ու բարեկամները, մեր դեսպանները սփիւռքում: Այս տարի մրցանակաբաշխութեանը մասնակցել են 285 անհատ եւ կազմակերպութիւն աշխարհի 24 երկրներից: Ապրիլի 21-ին, երբ 2017 թուականի մրցանակաբաշխութեան վկայականների յանձնման արարողութիւնն էր, մենք ականատեսը եղանք, թէ ինչպէ՛ս են իրենց մրցանակները ստանալու եկել բազում հեռաւոր երկրների մեր հայրենակիցները, ինչպիսի՛ հպարտութեամբ եւ ոգեւորութեամբ էին նրանք ստանում վկայականները: Նրանք այդ կերպ հայրենիքի նկատմամբ սէրն են արտայայտում, Հայաստանն են ընկալում, կարծես թէ մէկ անգամ եւս հաստատում են իրենց հայ լինելը: Նրանք փորձում են հայ մնալ, հայ ապրել, իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդներին, պահպանել հայ արմատը, լեզուն եւ ինքնութիւնը: Անչափ հպարտանում եմ, երբ տարբեր երկրների հայ համայնքներ կատարած աշխատանքային այցերի ընթացքում համայնքային կառոյցներում, դպրոցներում տեսնում եմ պատին փակցուած` մրցանակաբաշխութեան յաղթողների վկայականները, ինչը նրանք մեծ ոգեւորութեամբ են պահում:
(Շար. 1)
hasgetsank kennatagan hotvadzner tchek gernar d@bel, payts ays dagankin hed hartsazrouyts d@bel@, an al hima, amot e. Al g@ herik e.
Յստակացման համար նշենք,որ նիւթը ղրկուած էր «Ազդակ»-ին,նախարարութեան կողմէ,նախքան նախարարի փոփոխութեան որոշումը։ Աշխատանքային հանրագումար մըն է,որ ներկայացուած է։ Հաւանաբար պէտք է նշած ըլլայինք հարցազրոյցին աղբիւրը։ Եթէ ստանանք յօդուածներ, որոնք այս մարզին մէջ նոր եղանակ,նոր ոճ և նոր բովանդակութիւն կ’առաջարկեն, սիրով կը տպենք։