ՆԱՐԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
բ.գ.թ., դոցենտ
Հայ հանճարի բացառիկ անհատականութիւններից մէկի` Է. Չարենցի դիմանկարի վերծանումը չարենցագիտութեան մէջ նոյնքան տարակարծութիւնների, հակասական մեկնաբանութիւնների, բուռն բանավէճերի տեղիք է տուել, որքան` հայրենիքի կորուստի հիմնապատճառները հայագիտութեան մէջ: Չարենց լինելը բախտ էր. ժամանակը դարձրեց ճակատագիր, բայց Չարենցը բարձրացաւ ե՛ւ ժամանակից, ե՛ւ ճակատագրից:
Երկիր Նայիրին Չարենցի համար սոսկ դաւանանք չէր, նրա արեան, մտքի եւ յոյզի զարկերակն էր, երբ մաքառում էր կամաւորական ջոկատներում, յեղափոխական խանդավառ շարքերում, երբ գաղափարապէս շեղուած էր ի՛ր ճանապարհից, երբ մահուան տեսիլով Գողգոթայի խաչն էր կրում: «Կապուտաչեայ հայրենիք» պոէմում` գրուած Կարսում 1915 թ., Չարենցը, նոյնանալով ծննդավայրին, կարօտով տենչում էր իր «սիրուհուն»` իր երկրորդ կէսին` Արեւմտահայաստանին` հաւատով խոստանալով. «կապուտաչեայ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք…»: Այդ ամուսնութիւնը, այսինքն երկատուած, երկփեղկուած հայրենիքի վերամիաւորումն այդպէս էլ չկայացաւ: Դա մեր ազգային ողբերգութիւնն է, որ նաեւ Չարենցի անձնական ողբերգութիւնն էր: «Էլի ես որբ ու արնավառ` իմ Հայաստան եարն եմ սիրում»,- սա արդէն Չարենցի երդում-պատգամն է` գրուած 1920 թ., Հայաստանի խորհրդայնացման նախօրէին:
«Երկիր Նայիրի». այսինքն` անկախ եւ միացեալ հայրենիք. այս գաղափարապաշտութեան ցմահ ուխտաւորն է Եղիշէ Չարենցը` որպէս ազգային հաւաքական հանճար, եւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը` որպէս ազգային հաւաքական ուժ, ուստի դէպի Նայիրի տանող ճանապարհին նրանք կամա-ակամայ պիտի խաչուէին այն կէտում, որ տաճարն էր իրենց հաւատամքի: Ապացոյցը նաեւ «երկիր Նայիրի»-ն` գրուած 1921-1924 թթ., Չարենցի ձախ որոնումների ամենաբուռն շրջանում: Ողբերգական, ահեղ, մահացու ճշմարտութիւնը թղթին յանձնելու համար Չարենցը գիտակցաբար պիտի գնար օրուայ ճանապարհով: Ժամանակի գովքն անող անմուսայ երկերի հանգոյցում ոգու կանչով եւ պարտքով յառնում է պօէմանման վիթխարի ասքը` «երկիր Նայիրի»-ն. «Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մէջ մի անհուն ցանկութիւն: Վաղո՜ւց ելք է փնտռում կուտակուած մի կարօտ: … Գորշ, ամէնօրեայ, առօրեայ մեր կեանքում, կենցաղում մորմոքում է նա մութ, աներեւոյթ, կանչում է, ո՞ւր: Ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարօտը խեղդում: Ինչո՞ւ է կանչում – մտերիմ, կանչում անվերջ: Եւ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտռել, գտնել նրան…»:
«Երկիր Նայիրի»-ն սովորական վէպ չէ. գեղարուեստով գաղտնագրուած վաւերագրութիւն է, երգիծական երկ չէ. մեծ հայրենասէրի նորագոյն ողբն է` գրուած պատմական հայրենիքի կորուստի առթիւ: Վէպի երգիծական-սատիրական ըմբռնման` արդէն աւանդական դարձած միօրինակութիւնը չարենցագիտութեան մէջ ճեղքեց Դ. Գասպարեանը` վիճարկելով գրականագիտական առկայ դիտարկումները. «Իր բնոյթով այն ըստ ամենայնի տրամաթիքական է ու ողբերգական, իսկ երգիծանքը թեթեւ շղարշ է, հնչերանգ, պատումի ոճ, բայց ոչ` միանշանակ ծաղր ու ծանակէ:
Վէպի հարցադրումը Չարենցը տալիս է առաջաբանում. «Ո՞վ ենք մենք, վերջապէս – նայիրցիներս: Ի՞նչ ենք մենք եւ ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երէկ եւ ի՞նչ պիտի լինենք վաղը»: Վէպն ամբողջութեամբ այս հարցադրման պատասխանն է, միաժամանակ բացարկը` ուղեղամորմոք այն կասկածի, թէ՛ «գուցէ ճիշդ որ միրաժ է Նայիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիւանդութիւն… Իսկ նրա փոխարէն – կայ այսօր մի երկիր, որ կոչւում է Հայաստան, եւ այդ հին երկրում ապրել են երէկ եւ ապրում են այսօր շատ սովորական մարդիկ` սովորական մարդու սովորական յատկութիւններով: Եւ ուրիշ – ոչինչ: Ոչ մի «Երկիր Նայիրի» – այլ միայն – մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկիւնում, որ կոչւում է Հայաստան, որը հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթէ ոչ` Ռուսական իմպերիայի մի յետամնաց ծայրամասը – եւ ուրիշ ոչինչ… Ուրիշ ոչինչ»:
Այսպէս արմատախիլ էր արւում Նայիրիի պատմութիւնը, ժողովրդի դարաւոր յիշողութիւնը: Այդ ջնջուող ժամանակատարածականը վերականգնելու մղումով է գրուել «երկիր Նայիրի»-ն, գրուել է որպէս մարտահրաւէր, որ` «չի կարելի ուղեղային մորմոքը ու սրտի հիւանդութիւնը հանել մարդկանց միջից աքցանների ու լանցետների օգնութեամբ»:
Վէպը բաղկացած է երեք մասից` «քաղաքը եւ բնակիչները», «Դէպի Նայիրի», «Երկիրը Նայիրի», առաջաբանից ու վերջաբանից:
Առաջին մասում պատկերանում է հինաւուրց Կարսը` որպէս Նայիրի երկրի խորհրդանիշ, իր բնակիչներով, նիստ ու կացով, պատմաճարտարապետական յուշարձաններով, որոնք իրեղէն գոյութիւնից վերածւում են ոգեղէնի` դառնալով նայիրեան ոգու խորհրդանիշներ, մանաւանդ Կարսի անխորտակելի բերդը` որպէս ազգային ներքին անպարտելի ուժի քարակարկառ կոթող: Մի կողմից անառիկ բերդ-ամրոց եւ նոյնքան անառիկ ազգային ոգի, միւս կողմից` ամօթալի, ծանր պարտութիւններ եւ պատմական ծննդավայրի անչափելի կորուստ:
Խիզախելով վարչակարգի պարտադրած ուղեփակոցների դէմ` Չարենցը բացում է պատմական դառը ճշմարտութիւնը. ինչո՞ւ ընկաւ Նայիրին, երբեմն ուղղակիօրէն, երբեմն այլակերպ, բայց ոչ երբեք` երգիծանքով, վստահ, որ հասկացողը կը հասկանայ. «Անառիկ է այդ բերդը – ամէնքն այդ գիտեն, – եւ դաւաճանութիւնն է, նենգ, ստոր, նայիրեան դաւաճանութիւնն է այդ բերդը յանձնել եկուոր սրիկաներին: Օրը կը գայ,- եւ նրանք կը գնան: Եւ նորից բերդի անառիկ ամրութիւններից որպէս երկաթեայ ահեղ մի սպառնալիք – կ՛ելնէ, կը յառնէ ահասաստ նայիրեան ոգին, կորովը, ուժը հազարամեայ – նայիրեան աշխարհի: Ու կը վառուի նորից անմար խնդութեամբ, կը ժպտայ խնդագին երկիրը հազարամեայ – երկիրը Նայիրի…»: Չարենցը դառնում է պատմութեան ուղեկից, ինքնաբացայայտւում գաղափարապէս եւ զգայապէս, ընթերցողին հասու դարձնում ազգային նորագոյն պատմութեան տրամաթիզմը:
Վէպի գործողութիւնների առանցքը «նայիրեան գործերի կեդրոնն» է, այսինքն` Հայ յեղափոխական դաշնակցութիւնը, որի ներկայացուցիչները պատմական անձնաւորութիւններ են: Ահա նրանք. «Լոյս» նաւթարդիւնաբերութեան տնօրէն Համազասպ Աստուածատրեանը կամ նայիրեան գործերի Արամազդը, ընկ. Վառօդեանը եւ Սերգէ Կասպարիչը: Չարենցը հակուած չէր հերոս որոնելու, բայց դէպի ճշմարտութիւն տանող ճանապարհին ինքնըստինքեան վէպի հերոս է դառնում Մազութի Համոն` դժբախտ ու հերոսապանծ: «Եւ չէի՛ն, չէի՛ն կարող, այո՛, այդ դժբախտ օրերը չծնել անձնաւորութիւններ` դժբախտ ու հերոսական: Չէր կարող, օ՜, ո՛չ, այդ դժբախտ օրերի, տարիների հրից չելնել հերոսական, չյառնել պայծառ ու սրբացած Նայիրեան Ոգին»: Այս տողերին յաջորդում է Չարենցի անդրադարձը հայրենիքի համար կախաղան բարձրացած Մազութի Համոյին: Յիշենք, որ 1920թ. գրուած «մահուան տեսիլե-ում բանաստեղծն ինքն էր ուզում դառնալ կախաղանից օրօրուող վերջին եղերական զոհը, միայն թէ փրկուի գերագոյնը` Նայիրին:
Կոմունիստական գաղափարախօսութիւնն իր կնիքն է դրել խորհրդային մտքի ու մտածողութեան վրայ` ձեւաւորելով մի ամբողջ դպրոց: Չարենցը չէր կարող երգիծել-ծաղրել, ինչպէս գտնում են որոշ քննադատներ, ազգային հաւաքական այն ուժին, որ մտքի, խղճի եւ կամքի խորհրդանիշ-բռունցքով բոլորանուէր լծուած էր հայրենիքի ազատագրման գործին` գիտակցօրէն պատրաստ ինքնազոհաբերման: «Հեղինակը սուր, անողոք մտրակող է դառնում,- գրում է Ս. Աղաբաբեանը,- երբ անցնում է գաւառական քաղաքի պատուելիների` Մազութի Համոյի շքախմբի կողքից: Մազութիհամոյական «ազգային իտէալի» չարենցեան պսակազերծումը հնչում է որպէս ճեղադրական թուղթ ու մահուան դատավճիռ»:
Ամբողջ վէպում զգացւում է Չարենցի ներքին ակնածանքը Դաշնակցութեան հանդէպ: Բանաստեղծի բնորոշումով, Դաշնակցութիւնը տիեզերական կառոյց է, մտքերի, սրտերի եւ կամքերի հաւաքականութիւն, ազգային ոգու ցասումի եւ վրէժի արդար բռունցք: Իր գլխաւոր հերոսին տալով Աստուածատրեան ազգանունը` բանաստեղծն ասես ակնարկում է, որ նա ի վերուստ կոչուած նոր փրկիչ էր, որ պիտի փրկէր երկիր Նայիրին, եթէ չլինէին «յուդա» պոլշեւիկները: Պատահական չէ նաեւ, որ վէպի վերջում իր հերոսի խաչելութիւնը Չարենցն ուղղակիօրէն համեմատում է Քրիստոսի խաչելութեան հետ` հաւասարութեան նշան դնելով մարդկութեան փրկութեան ճանապարհին խաչուած Քրիստոսի եւ հայրենիքի փրկութեան ճանապարհին խաչուած Համոյի միջեւ: Արամազդից Քրիստոս փոխակերպումը ազգային հզօր ոգու եւ ուժի խաչելութիւնն է` յարութեան խորհուրդով ու ներքին հաւատով:
Մէկ անգամ չէ, որ Մազութի Համոյի կերպարում Չարենցը գտնում է ինքն իրեն: Այդ առումով, չափազանց ուշագրաւ եւ կարեւոր է նաեւ Վ. Տէրեանի «մի՛ խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին…» տողով սկսուող յայտնի բանաստեղծութեան երկտողի յիշատակումը` ազգային կորուստների խոր գիտակցումով եւ բոլոր արհաւիրքներից յետոյ վերստին յառնելու մեծ հաւատով: Չարենցը նոյն զուգահեռի վրայ է դնում ազգային գաղափարական գործչին` Մազութի Համոյին, եւ ազգային մեծ պօէտին` Վահան Տէրեանին` «Երկիր Նայիրի»-ի տառապեալ երգչին:
Դաշնակցական հերոսն ամէնուր է` բանախօսութիւններ վարելիս, կամաւորներ հաւաքագրելիս, կռուող կամաւորների համար հանգանակութիւն կազմակերպելիս: Անտարբեր դաւին, որ յետոյ ցեցի նման պիտի կրծէր, ջլատէր նայիրեան շարքերի կուռ միասնութիւնը, Համոն ինքնամոռաց ճառեր է ասում` հոգիներ խանդավառելով հայրենիքի ազատագրման համար: Ազգային մեծ նպատակի շուրջ համախմբւում են բոլորը` դաշնակցական թէ հնչակ, ժողովուրդ եւ եկեղեցի: Կամաւորական խանդավառ խմբեր են գալիս հեռաւոր Նիւ Եորքից, Պուլկարիայից, Վանից, Պիթլիսից, գալիս են նայիրեան բոլոր կողմերից: Դա, ինչպէս Չարենցն է պատկերում, ազգային աննկարագրելի խանդավառ շարժում էր, որ ճեղք տուեց, սակայն, պոլշեւիկների ապազգային ձեռքով: Ահա Յուսիկ քահանայի կոչը, որ շատ բան է ասում ինչպէս այդ օրերի, այնպէս էլ Չարենցի քաղաքական վերաբերմունքի մասին. «խորամանկ, հանճարեղ են եղել նայիրցի արքաները… նրանք իմացել են կապել հոգեւորն ու մարմնաւորը, սուրը եւ խաչը, կրօնն ու ռազմական կորովը… Ստոր, նենգ, եսական դաւաճանութիւնն է եղել մեզ կործանողը, անձնամոլ վասակներն են եղել մեր տունը քանդողը… Լաւ է` մարդ պատուով ընկնի պատերազմի դաշտում իր սրբազան կրօնի ու հայրենիքի համար, քան քարշ տայ անասնական գերութիւն, ինչպիսին քարշ ենք տալիս մենք հինգ դարից աւելի: Բայց ահա հասել է նորից վայրկեանը վերածնութեան, եւ դէպի նո՜ր Աւարայր, նո՜ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիւ զաւակներին մեր տառապեալ հայրենիքը…»:
Ակնյայտ է, թէ «վասակներէ գնահատումով ո՛ւմ նկատի ունէր Չարենցը` ընթերցողին հասու դարձնելով իր արգահատանքը վէպի պոլշեւիկ հերոսների` Դաշնակցութեան անսկզբունք հակառակորդների հանդէպ: Չարենցը յիշատակում է նաեւ ժողովրդի գիտակցութեան մէջ սրբացուած անուններ` Անդրանիկ, Դրօ, Քեռի. բոլորն էլ շաղկապուած են «նայիրեան գրասենեակին»:
Վէպի երկրորդ գլուխը Չարենցն աւարտում է անասելի բուռն ոգեւորութեամբ: Անբողջ Կարսը` ծեր թէ մանուկ, կին թէ տղամարդ, խռնուել է կայարանում` դիմաւորելու Նայիրի մեկնող կամաւորական ջոկատներին: Դա նոր Աւարայր էր, երբ ողջ ժողովուրդն էր ելել սրբագոյն նպատակի համար: Այդ բուռն ոգեւորութիւնը, նուիրումի կամքն ու ռազմի կորովը յետոյ պիտի փոխուէին ճիշդ հակառակի` պայքարի արժանապատիւ երթից շրջադարձ կատարելով դէպի նահանջի կորստաբեր ուղին: Այդպէս յանձնուեց եւ խարդաւանքներով վերագրաւուեց գրեթէ ազատագրուած երկիր Նայիրին:
Վէպի վերջին գլուխը Չարենցն սկսում է նոյն դառը հարցումով. ո՞րն է, վերջապէս, երկիրը Նայիրի: Եթէ առաջաբանում Չարենցն այս հարցադրումին պատասխանում էր տարակուսանքով` «գո՞ւցէ մշուշ է նա, Նայիրին, ուղեղային մորմոք, սրտի հիւանդութիւնէ, ապա վէպի վերջում կասկածանքին յաջորդում է աներկբայ բացարկը: Պատմական իրական Կարսը ներկայացնելով որպէս երկիր Նայիրիի խորհրդանիշ` Չարենցը յանգում է իր գլխաւոր ասելիքին. «Մի՞թէ կարող էր «ուղեղային մորմոքը» կերպաւորուել եւ իրականութիւն դառնալ. մի՞թէ կարող էր, սիրելի ընթերցող, միս եւ մարմին ստանալ «սրտի հիւանդութիւնը» եւ քայլել քաղաքում, ո՛չ թէ ուղեղում կամ սրտում, այլ իրական քաղաքում… Զառանցանք չէր այդ քաղաքը, եւ ոչ էլ նրանում ապրողներն էին զառանցանք»:
Այո՛, կար եւ մնում է իրական Նայիրին` բոլոր նայիրցիների բնիկ հայրենիքը, բայց որպէս այդպիսին չկայ ոչ մի աշխարհագրական քարտէզի վրայ: Ուստի այն ե՛ւ կայ, ե՛ւ չկայ: Այդ լինել-չլինելու խնդրով Չարենցը հնչեցնում է տագնապի ահազանգէր. չկայ քարտէզի վրայ երկիր Նայիրին, բայց կայ իրապէս եւ կայ նաեւ արդէն խաչուած Մազութի Համոյի «ուղեղում», այսինքն` Դաշնակցութեան գաղափարաբանութեան մէջ: Ուրեմն, Չարենցի համոզմամբ, «Նրան, այո՛, Մազութի Համոյի ուղեղին մենք պիտի դիմենք, եթէ ուզում ենք իսկական ակունքից խմել կենարար հեղուկը մեր հաւաքական կամ իր` Մազութի Համոյի տերմինոլոգիայով ասած`«ազգային» գոյութեան»: Սա էր նաեւ այն հաւաքական ուժը, որ Չարենցը 1930-ական թթ. պիտի հռչակէր որպէս ժողովրդի գոյաբանութեան միակ ճանապարհ եւ «Պատգամ» մեզիստիքոսով գաղտնագրեր. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»: Իսկ ազգային գաղափարաբանութիւնը կրող հաւաքական ուժը Չարենցի վէպում Դաշնակցութիւնն է: Ազգային գաղափարախօսութեան` դեռ Հայկից սերուած «մահ կամ ազատութիւն» նշանաբանով է, որ դարեդար փոխանցուել է երկիր Նայիրին. «Որովհետեւ նա՛ էր (ուղեղը եւ ոչ թէ Մազութի Համոն), որ տարիներ շարունակ բոլոր համանման ուղեղների կատարեալ կատարելատիպը լինելով` որպէս առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղէ եղջիւրների վրայ… երկիրը Նայիրի: Տարիներ, դարեր շարունակ, հնամենի հնուց կրում էր իր եղջիւրների վրայ մի ամբողջ երկիր, եւ այն էլ` այնպիսի մի տիեզերական երկիր, ինչպիսին էր երկիրը Նայիրի»: