Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախեան Շարժման 30-ամեակ. Արցախի Վերածննդի Օր` Երեսնամեայ Փետրուարի 20

Ապրիլ 13, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Թւում է` ամէն ինչ երէկ էր, բառացիօրէն երէկ: Թէկուզ ահա արդէն երեք տասնամեակ է անցել այն հեռաւոր, բայց եւ այնքան մօտ օրերից: Կարծես թէ ակնթարթ դարձած ժամանակի հեռաւորութեան եւ ոչ մի զգացողութիւն, պատկերների յստակ տեսլական, հոգու ու ոգու պոռթկում` նոյնչափ ուժգին ու նոյնքան համատարած, եսի եւ մենքի զուտ հայեցի համաձուլուածք` ամուր, անքակտելի, մարդկային յորձանքի վարար, ափահան հեղեղ փողոցներում ու հրապարակներում, ամէնուրեք: Փոթորկուել էր Արցախ աշխարհը, եւ նրա հետ` համայն հայաշխարհը. Հայաստան, սփիւռք, Ջաւախք: Միասին: Միահամուռ:

Երիցս ճիշդ էր հին ու անմոռաց բարեկամս, աւաղ, այսօր արդէն լուսահոգի գեղանկարիչ ՌուբԷն Գաբրիէլեանը` ասելով, թէ` ինչքան հեռանում ես բարձր լերան ստորոտից, այնքան աւելի յստակ է ուրուագծւում նրա վեհութիւնը: Այդ մասին անուանի արուեստագէտն ասել էր 88-ի փետրուարից էլ շատ առաջ` Պաքւում, որտեղ երկուսս էլ ապրում էինք: Ասել էր` օրինակ բերելով հայոց բիբլիական լեռը` Արարատն իր Սիս եւ Մասիս գագաթներով: Այդ դիտարկումը,  անշուշտ, յատկանշական է նաեւ մարդկային հանրութեան անցած ուղու նշանակալի իրողութիւններին` ժողովրդի, ազգի, հասարակութեան կեանքում վճռորոշ, բեկումնային դերակատարութիւն ունեցած պատմական անցքերին: Ժամանակի հեռաւորութիւնը երբեք ի զօրու չէ մարդկութեան յիշողութեան մէջ խունացնելու դրանց դիմագիծը: Ընդհակառակը, նոյն այդ յարափոփոխ ժամանակի հոլովոյթին համընթաց, աւելի ու աւելի է ընդգծւում, արժեւորւում հեռու կամ մօտ անցեալում տեղի ունեցածի պատմական նշանակութիւնը:

Հայ ժողովրդի  նորագոյն պատմութեան այդ նշանակալի պատմական իրողութիւններից է ղարաբաղեան շարժումը: Այն, յիրաւի, դարձաւ արցախահայութեան եւ, նրա միջոցով, համայն հայութեան  դարաւոր ազգային-ազատագրական պայքարի հերթական զօրաւոր խթանը` հաստատուն ելակէտ հանդիսանալով քսաներորդ դարավերջի հայոց համազգային վերազարթօնքի համար: Վերազարթօնք, որի նախադէպը մենք ապրեցինք անցած դարասկզբին, երբ օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում 1915թ. ապրիլի 24-ին հերթական անգամ սկիզբ առած ու տակաւին շարունակուող Ցեղասպանութեան ծանրագոյն, աւելի՛ն, օրհասական պայմաններում մեր հերոսական նախնիք խիզախեցին վերածնել ու վերակերտել հայոց ինքնիշխան պետականութիւնը:

Որպէս այդպիսին` ղարաբաղեան շարժումը 1918-1920 թուականների  Հայաստանի Ա. Հանրապետութեան եւ նոյն տարիներին անկախ վարչաքաղաքական միաւոր հռչակուած,  պետականութեան բոլոր հաստատութիւններով (Ազգային խորհուրդ, կառավարութիւն, բանակ, արդարադատութեան համակարգ եւ այլն) օժտուած ու` նոյնպէս յամառ մաքառումների գնով գոյատեւած Արցախի Հանրապետութեան արժանաւոր ժառանգն էր` առաւել առնական ու իմաստնալի, ազգովի առաւել միակամ ու համախումբ: Ու, փաստօրէն, ղարաբաղեան շարժումն այն անմոռաց ժամանակներում Արցախ աշխարհում ծայր առած ու երբեք չմարած ազատագրական պայքարի տրամաբանական շարունակութիւնն էր:

Ղարաբաղեան շարժումը Հայ դատի, համազգային միւս խնդիրների շուրջ աշխարհասփիւռ հայ  ժողովրդի կուռ համախմբման հզօր կոչնակ էր 20-րդ դարավերջին, որի ղօղանջները սփռուեցին ամէնուրեք` մայր հայրենիքում, հայոց սփիւռքի բոլոր գաղթօճախներում:

Ղարաբաղեան շարժումը, ըստ էութեան, համախոհ գաղափարակիրների զուտ հայկական համաձուլուածք էր` անկախ ամէն մի հայի կեցութեան վայրից, քաղաքական, եկեղեցական  կողմնորոշումներից:

Ղարաբաղեան շարժումը դարեր ի վեր կուտակուած հայոց համազգային ոգու պոռթկումն էր, միասնական կամքի միաձուլման քուրան, ազգի ապահով ու բարգաւաճ ապագան կերտելու եւս մէկ հաւաքական վճռակամութիւնը:

Ղարաբաղեան շարժումն Անթէյի` մարդկութեանը վերապրումի կոչած այն կենարար կրակն էր, որ մշտապէս բորբոք մնաց հայ ժողովրդի իրար յաջորդած սերունդների հոգում ու սրտում` խորհրդանշելով կորուսեալ ազգային պետականութեան վերականգնման,  նախնեաց ժառանգած բնօրրանում` պատմական հայաշխարհում ազատ, անկախ ու միացեալ Հայաստանի վերակերտման մեր նուիրական իղձն ու երազանքը:

Ղարաբաղեան շարժումը 20-րդ դարավերջի հայոց ազգային խիզախումի Սարդարապատն էր` լինել-չլինելու պատմական երկընտրանքում մեր վերջնական վճիռը,  կենաց ու մահուան մեր յաղթական կռիւը, արդի փոթորկայոյզ աշխարհում հայոց Իններորդ ալիքը:

Ղարաբաղեան շարժման նոր փուլը սկիզբ է առել 1987-ին: Արցախահայութեան ներկայացուցիչները խնդրագրերով մեկնում էին Մոսկուա` ԽՍՀՄ կեդրոնական կուսակցական եւ պետական մարմիններ: Հայաստանի հետ ԼՂԻՄ վերամիաւորման պահանջը բովանդակող հանրագրերի տակ դրուած էր 80 հազար եւ աւելի ստորագրութիւն: Ծաւալուեցին բազմահազարանոց հանրահաւաքներն ու ցոյցերը Հադրութում, Մարտունիում, Ստեփանակերտում, ամէնուրեք: Բայց, անկախ նրանից, թէ շարժման առաջին զանգուածային դրսեւորումները` հանրահաւաքները, ցոյցերն ու երթերը յատկապէս ե՛րբ եւ որտե՛ղ սկիզբ առան, շարժման կիզակէտը  հանդիսացաւ ԼՂԻՄ ժողովրդական պատգամաւորների 20-րդ գումարման Մարզային խորհրդի 1988թ. փետրուարի 20-ի արտահերթ նստաշրջանը, որն ընդունեց որոշում մարզն Ազրպէյճանի կազմից Հայաստանի կազմ տեղափոխելու հարցում Ազրպէյճանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագոյն խորհուրդների առջեւ միջնորդութիւն ներկայացնելու մասին:

Այդ յիրաւի պատմական  որոշումն ընդունուեց Մոսկուայի կեդրոնական եւ Պաքուի հանրապետական իշխանութիւնների ընդգծուած կոշտ ու կոպիտ արգելքի պայմաններում, երբ ամենայն գնով, խտրութիւն չդնելով միջոցների միջեւ,  փորձ էր արւում կասեցնել ու տապալել  նստաշրջանը: Միանգամայն տրամաբանական է, որ հետագայում, հիմք ընդունելով յատկապէս այդ պատմականօրէն ելակետային իրադարձութիւնը,  հէնց փետրուարի 20-ն էլ օրէնսդրօրէն ամրագրուեց որպէս Արցախի վերածննդի օր, որն ահա  տասնամեակներ ի վեր նշւում է որպէս համապետական, նաեւ համազգային տօն:

Դարեր ի վեր Արցախը կարողացել է պահպանել իր ինքնուրոյնութիւնը, եւ միայն 20-րդ դարասկզբի աշխարհաքաղաքական վերադասաւորումների պատճառով է, որ յայտնուել էր օտարների հիւսած սարդոստայնում: Ինչպէս յայտնի է, Ս. Փեթերսպուրկում 1917թ. հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով` նոյեմբերի 7-ին) տեղի ունեցած պետական յեղաշրջմանը յաջորդած տարիներին պոլշեւիկները հեռագնայ ծրագրեր ունէին` նախատեսելով յեղափոխական ալիքը տարածել Մերձաւոր Արեւելքում, ու որպէս նախահիմք համարում էին քեմալական Թուրքիան: Եւ առաջին հերթին թուրքերին գոհացնելու համար է, որ Ռուսաստանի պոլշեւիկեան կուսակցութեան Կովկասեան պիւրոն 1921թ. յուլիսի 5-ին ընդունում է որոշում. «… Ելնելով մուսուլմանների եւ հայերի միջեւ խաղաղութեան անհրաժեշտութիւնից, եւ Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապերից, Ազրպէյճանի հետ նրա մշտական կապերից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ազրպէյճանական ԽՍՀ կազմում` շնորհելով նրան լայն մարզային ինքնավարութիւն…»: Այդ տխրահռչակ որոշումը, փաստօրէն, չունէր եւ ոչ մի իրաւական հիմք, առաւել եւս` ապօրինի էր, քանզի ընդունուել էր  ոչ միայն երրորդ երկրի, այլեւ նոյն այդ երրորդ երկրի ոչ պետական մարմինի` որեւէ իրաւասութիւն չունեցող կուսակցական կազմակերպութեան տարածաշրջանային կառոյցի կողմից:

Այնուամենայնիւ, միջազգային իրաւունքի պատմութեան մէջ այդ աննախադէպ «իրաւական աքթի» պարտադրանքով է, որ Լեռնային Ղարաբաղն ակամայ  յայտնուել  եւ եօթ տասնամեակ շարունակ զրկուած էր մնացել մայր հայրենիքի` Հայաստանի հետ մէկ պետական կառոյցի մէջ միաւորուելու օրինական իրաւունքից: Այդ տասնամեակներում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հանդէպ Խորհրդային Ազրպէյճանի հետեւողականօրէն իրագործած խտրական քաղաքականութիւնը, վարչական, իրաւաքաղաքական, պատմամշակութային, ընկերվար-տնտեսական, ժողովրդագրական եւ այլ բնոյթի ճնշումները միտուած էին միայն մի նպատակի. քօղարկուած կամ բացայայտ ձեւերով ու միջոցներով հասնել երկրամասի բացարձակ հայաթափմանը:

Այդ քաղաքականութեան առաջին յատկանշական քայլ դարձաւ ԱդրԽՍՀ կենտգործկոմի 1923թ. յուլիսի 7-ի որոշումն Ազրպէյճանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմաւորման մասին, ընդ որում` Արցախի տարածքի ընդամէնը մի փոքր հատուածում, մարզի  վարչական սահմաններից դուրս թողնելով հիւսիսային Արցախն ու Կուր գետի աջափնեայ հայկական բնակավայրերը, որոնք ներգրաւուեցին խառը բնակչութեամբ ձեւաւորուած շրջանների կազմում: Ի լրումն` ամէն ինչ արուեց, որպէսզի ԼՂԻՄ-ն ընդհանուր սահման չունենայ Հայաստանի հետ: Այդ որոշմամբ, իրականում, ոչ թէ լուծուեց, այլ ժամանակաւորապէս սառեցուեց ղարաբաղեան հիմնախնդիրը:

Հետագայ ժամանակաշրջանում կանոնաւոր եւ հետեւողականօրէն ոտնահարւում էին հայ բնակչութեան իրաւունքներն ու շահերը, արհեստականօրէն կասեցւում մարզի զարգացումը` այն վերածելով  Ազրպէյճանի հումքային ածանցեալի: Դադար չունէին հայկական կոթողների եւ մշակութային արժէքների ոչնչացման ու իւրացման փորձերը: Ամենատարբեր միջամտութիւններով փոփոխութեան էր ենթարկւում մարզի ժողովրդագրական վիճակը` դառնալով հայ բնակչութեան արտագաղթի հիմնական պատճառը: Արդիւնքում, մարզի բնակիչների ազգային յարաբերակցութիւնը զգալիօրէն փոխուեց ի վնաս բնիկ հայութեան. եթէ 1923թ. հայերը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակչութեան 94,4 տոկոսը, ապա 1989թ. մարդահամարի տուեալներով հայերի թիւը նուազել է մինչեւ 76,9 տոկոս:

Բնականաբար այդ բոլորը պատճառ դարձան, որ արցախահայութիւնը երբեք չհրաժարուի պատմական արդարութիւնը վերահաստատելու եւ Ազրպէյճանի կազմից մարզի դուրս գալու մտքից, ինչում նա տեսնում էր իր անվտանգ ապագայի միակ երաշխիքը եւ երբեմնի հայկական Նախիջեւանի դառը ճակատագրից խուսափելու հնարաւորութիւնը:

Այնպէս որ, ղարաբաղեան շարժումն անխուսափելի էր: Արտաքին բարենպաստ պայմանների պարագայում այն, գուցէեւ նոյնպիսի ուժգնութեամբ ու յաջողութեամբ, կարող էր պոռթկալ անցեալ դարի 30-40-ական թուականներին, 60-ական թուականների կէսերին, երբ հրապարակ եկան  մարզի մտաւորականութեան յայտնի «13-ի նամակը», բնակչութեան բազմահազարանոց հանրագրերը` ուղղուած Մոսկուային: Ինչպէս յայտնի է, արցախահայութիւնը եւ Հայկական ԽՍՀ իշխանութիւնները Ղարաբաղն Ազրպէյճանական ԽՍՀ-ին փոխանցելու որոշումը վերանայելու խնդրանքներով քանիցս դիմել էին ԽՍՀՄ կեդրոնական իշխանութիւններին, որոնք անտեսուել են կամ` մերժուել, պատճառ դառնալով նախաձեռնողների հանդէպ կիրառուող հալածանքների: Նշուած դիմումների թւում են Հայկական ԽՍՀ կառավարութեան եւ հանրապետական Կոմկուսի կենտկոմի 1945թ. դիմումը ԽՍՀՄ կառավարութեանը եւ ԽՄԿԿ կենտկոմին, 1963թ. ԼՂԻՄ ազգաբնակչութեան աւելի քան 2,5 հազար, իսկ 1965թ. աւելի քան 45 հազար ստորագրութեամբ նամակները` հասցէագրուած ԽՍՀՄ ղեկավարութեանը, 1977թ. ԽՍՀՄ նոր սահմանադրութեան համաժողովրդական քննարկումների շրջանակում ԼՂԻՄ աշխատանքային անձնակազմերի առաջարկութիւնները: Բայց խորհրդային բռնապետութեան այդ ժամանակներում անհնար էր ակնկալել կեդրոնական իշխանութիւնների հանդուրժողական վերաբերմունքը համաժողովրդական կամքի ազատ արտայայտութեան նկատմամբ:

Եւ միայն 80-ական թուականներին քաղաքական վարչակարգի ազատականացման պարունակում էր, որ արցախցիները, կորպաչովեան «վերակառուցման եւ հրապարակայնութեան» գաղափարախօսութիւնն ընկալելով իբրեւ անցեալի սխալները շտկելու հնարաւորութիւն, յոյս ունենալով, որ ազգամիջեան յարաբերութիւններում գործնական կիրառում կը գտնեն միջազգային իրաւական օրէնքները եւ հիմնահարցը կարող է ժողովրդավարական լուծում ստանալ, 1988թ. վերստին բարձրացրին ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ հետ վերամիաւորելու հարցը: Ընդ որում` հարցը բարձրացուել էր զուտ ժողովրդավարական ճանապարհով` մամուլի հրապարակումների, հանրագրերի, խաղաղ հանրահաւաքների ու  երթերի միջոցով: Իսկ Ազրպէյճանի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու մասին բուն որոշումն ընդունուել էր բացարձակապէս իրաւական ճանապարհով, ԽՍՀՄ եւ միջազգային համընդհանուր կանոնների շրջանակներում: Միեւնոյն ժամանակ, Խորհրդային Միութեան մէջ, փաստօրէն,  առաջին անգամ իշխանութիւնը հանդէս եկաւ որպէս իրական ժողովրդապետութեան մարմին եւ, ըստ էութեան, Լեռնային Ղարաբաղում այդպիսով իսկ բարձրացուեց խորհրդային պետական համակարգի արմատական բարեփոխման խնդիր: Սակայն, ցաւօք, խորհրդային իշխանութիւնը չկարողացաւ աւելի ազատական, աւելի ժողովրդավար լինել, քան հռչակուած էր պաշտօնապէս:

1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագոյն խորհուրդը եւ ԼՂԻՄ Ազգային խորհուրդը,  «հիմնուելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրայ եւ արձագանգելով հայ ժողովրդի` բռնութեամբ տարանջատուած երկու հատուածների վերամիաւորման օրինական ձգտմանը», համատեղ նիստում ընդունեցին որոշում` Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիաւորման մասին: Անյապաղ հետեւեց Ազրպէյճանի ղեկավարութեան արձագանգը. սկիզբ առաւ սադրիչ գործողութիւնների մի նոր ալիք` օգտագործելով ազրպէյճանական իշխանութիւնների ազդեցութեան ներքոյ գտնուող յատուկ շրջանի պարետատունը եւ ԽՍՀՄ ներքին զօրքերը:

Անշուշտ, հետագայում որոշակի սրբագրումներ  կատարուեցին Հայաստանի հետ Արցախի վերամիաւորման խնդրի իրացման ռազմավարութեան մէջ, որդեգրուեց անկախ պետականութեան ստեղծման ուղեգիծ, ինչն արուեց արտաքին քաղաքական հանգամանքների պարտադրանքով: Մոսկուայում 1991թ. տեղի ունեցած օգոստոսեան խռովութիւնն արագացրել էր Խորհրդային Միութեան` որպէս միասնական միութենական պետութեան փլուզումը: Արդէն օգոստոսի 30-ին Ազրպէյճանն իրեն հռչակեց 1918-20թթ., այսպէս կոչուած, Ազրպէյճանի Դեմոկրատական Հանրապետութեան իրաւայաջորդ, ինչը, փաստօրէն, նշանակում էր հրաժարում ԽՍՀՄ սահմանադրութիւնից եւ միութենական պայմանագրից: Դա նաեւ նշանակում էր, որ Ազրպէյճանը կամաւոր հրաժարւում է ԽՍՀՄ սահմանադրութեան իրաւական ուժով Լեռնային Ղարաբաղի հանդէպ պետական իշխանութիւն իրականացնելու իրաւունքից: Հիմք ընդունելով այդ իրողութիւնը` 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակուեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, ինչը համաժողովրդական հաւանութեան արժանացաւ նոյն թուականի դեկտեմբերի 10-ին անցկացուած  հանրաքուէի միջոցով:

Պաքուն, սակայն, գերադասեց առճակատման ուղին: Խաղաղ հանրահաւաքներին հակադարձուեց Ազրպէյճանի պետականակիր ժողովուրդներից մէկի` հայ ազգաբնակչութեան նկատմամբ միջնադարեան մոլեռանդութեամբ իրականցուած ցեղասպան ոճրագործութիւնների շարքը` Սումկայիթում, Պաքւում, Գանձակում,  այլ հայաշատ բնակավայրերում: Շարժման առաջին տարիներին Ազրպէյճանը, Մոսկուայի իշխանութիւնների թողտուութեամբ եւ զինական աջակցութեամբ,  փորձեց պետական մակարդակով ցեղային զտումներ իրականացնել եւ վերջնականապէս հայաթափել Արցախը («Օղակ» ռազմագործողութիւն): 1991-94թթ. Արցախի Պաշտպանութեան բանակը, համալրուած լինելով Հայաստանից եւ սփիւռքից կամաւորագրուած հայրենանուէր հայորդիներով, յաջողութեամբ կասեցրեց Ազրպէյճանի զինուած յարձակումը եւ կարողացաւ պաշտպանել հանրապետութեան բնակչութեան անվտանգութիւնը: Մայր Հայաստանի եւ սփիւռքահայութեան նիւթական եւ բարոյական աջակցութեամբ հնարաւորինս մեղմացուեց  առաջացած մարդասիրական ճգնաժամը:

Ղարաբաղեան շարժման գլխաւոր յատկանիշներից մէկը, անշուշտ, նրա համաժողովրդական բնոյթն էր: Քանզի ամբողջատիրական պետական համակարգում միայն այդ կերպ կարելի էր հասնել  ազգային շահերի ու ձգտումների իրականացմանը:

Եւ ապա` ղարաբաղեան շարժումը միանշանակ  ինքնակազմակերպուած էր ու  համակարգուած: Չունենալով  ընդօրինակման նախադէպ` արցախահայութեանը  յաջողուեց բոլոր քայլերը կատարել օրինականութեան ու ողջախոհութեան շրջանակներում` այդ պահին գործող օրէնսդրութեան եւ միջազգային իրաւունքի ու կանոնների պահպանմամբ:

Այնուհետեւ ղարաբաղեան շարժումը ճշգրիտ եւ ամուր հիմքեր է ստեղծել հետագայ բոլոր ձեռքբերումների համար: Այն հասունացել եւ աստիճանաբար վերակազմաւորուել է որպէս ինքնիշխան պետականութիւն, ինչը թոյլ է տուել ամենադժուարին պայմաններում կառավարման արդիւնաւէտ ու ճկուն համակարգի միջոցով ժողովրդի համար կենսական ու սկզբունքային հիմնախնդիրների լուծումներ գտնել: Դրա շնորհիւ` յաջողուել է անհամեմատ կարճ ժամանակահատուածում եւ նուազագոյն ցնցումներով, ընդ որում`  յենուելով բացառապէս ժողովրդի կամքի ազատ արտայայտման վրայ, ձեւաւորել իշխանութեան լիարժէք հաստատութիւններ եւ մշտապէս կատարելագործել դրանք: Արդէն 1991թ. դեկտեմբերին պետական իշխանութեան բարձրագոյն մարմինի` ԼՂՀ 1-ին գումարման Գերագոյն խորհրդի եւ վերջինիս հաշուետու` կառավարութեան, հետագայում, պատերազմական իրավիճակի հրամայականով թելադրուած` Պաշտպանութեան պետական կոմիտէի ձեւաւորումն Արցախի անկախ պետականութեան կայացման փուլային դրսեւորումներն էին: Հանրային եւ պետական կառավարման մարմինների գործունէութեան բնականոն զարգացումները, իրաւաքաղաքական հանգամանքների կայուն տինամիքան արդէն 1994թ. յանգեցրին իշխանութեան թեւերի տարանջատմանը, ինչը վերջնականօրէն ամրագրուեց 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունուած առաջին սահմանադրութեամբ, ապա եւ նոր, բարեփոխուած սահմանադրութեամբ, որ դարձեալ համաժողովրդական քուէարկութեամբ հաւանութեան արժանացաւ անցեալ տարուայ փետրուարի 20-ին Արցախի վերածննդի 29-րդ տարեդարձի տօնական օրը:

Փորձեմ ամփոփել խօսքս: Ղարաբաղեան շարժման եւ, առանձնապէս, նրա կիզակէտի` փետրուարի 20-ի խորհուրդն Արցախի հայեցի գոյատեւման ու  յարատեւման մէջ է, Հայ դատի, հայոց ազատ ու անկախ, միացեալ պետականութեան վերականգնման, կայացման, հզօրացման, համազգային այդ գերխնդիրներին ուղղուած   համայն հայ  ժողովրդի միասնական ջանքերի, մեր համախումբ վճռակամութեան մէջ:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

21-րդ Դարու Ամօթը

Յաջորդը

Արցախեան Շարժման 30-ամեակի Առիթով. Հայկական Գորգարուեստը Եւ Շուշիի Գորգերու Թանգարանը

RelatedPosts

Կեանքէն Հեռացաւ Վաստակաւոր Բժիշկ, Մամուլի Ժրաջան Աշխատակից Եւ Ազգային Գործիչ Տոքթ. Կարպիս Հարպոյեանը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Առաջին Հայ Բժշկուհին` Էլիզա Մելքոն

Մայիս 12, 2025
Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի
Անդրադարձ

Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի

Մայիս 12, 2025
«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար
Անդրադարձ

«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար

Մայիս 12, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?