ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Քսաներորդ դարում հայ ժողովրդի պատմութեան եղերական իրադարձութիւնների շարանում ողբերգականութեան խորքով եւ ահռելիութեամբ առանձնակիօրէն յատկանշւում են 1920 թուականի մարտի 23-26 տեղի ունեցած Շուշիի ջարդերը, որոնց մասին ցաւագին յիշողութիւններն առ այսօր անլռելի ղօղանջով տրոփում, բաբախում են դժոխային այդ արհաւիրքը վերապրած սերունդների ու նրանց ժառանգների սրտերում: Թւում էր, թէ զարգացման քաղաքակիրթ կացութեան հասած մարդկութեանն ի տես եւ ի շարունակումն Արեւմտեան Հայաստանում, օսմանեան Թուրքիայի ողջ տարածքում դրանից հինգ տարի առաջ սկիզբ առած հայ ազգի բնաջնջման քաղաքականութեան, հրի ու սրի մատնուելով, բարբարոսաբար ոնչացուեց համաշխարհային քաղաքակրթութեան եւս մէկ կայացած օճախ` հայկական Շուշին:
«Ամէն ինչ պղծուած է եւ աւերուած, այստեղով թուրքն է անցել»: Մարդկութեան մեծագոյն հանճարներից մէկի` Վիքթոր Հիւկոյի այս թեւաւոր արտայայտութիւնը, ի շարս 1915-1923 թուականներին իրագործուած Հայոց ցեղասպանութեան ընթացքում աւերուած հայկական երբեմնի ծաղկուն ոստանների, լիովին վերաբերում է նաեւ Արցախի հայութեան քաղաքական, մշակութային ու տնտեսական կենտրոնի` բերդաքաղաք Շուշիի կործանմանը, որ անասելի դաժանութեամբ ու մոլուցքով համատեղ իրագործեցին քեմալական Թուրքիայի եւ արհեստածին Ազրպէյճանի Հանրապետութեան կանոնաւոր բանակային զօրամիաւորումներն ու քրտական խմբաւորումները` քաղաքի մահմետական մասի թուրք-թաթար ազգութեան խաւարամիտ խաժամուժի հետ միասին:
Երեք օր շարունակ հակահայ ջարդերի, աւերումների ու հրկիզումների թատերաբեմ էր դարձել 20-րդ դարասկզբին Անդրկովկասի երրորդ քաղաքը` Շուշին, բնակչութեան թուով զիջելով միայն Թիֆլիսին ու Պաքուին եւ գերազանցելով այդ ժամանակուայ Երեւանը, Ալեքսանդրոպոլը (Գիւմրի), Ելիզաւէտոպոլը (Գանձակ), Կարսը, Պաթումը, Քութայիսը, Շամախին, Նուխին եւ անդրկովկասեան նահանգների միւս քաղաքները Այսպէս, 1917 թուականի նախաշեմին Շուշիում բնակւում էր 43.869 մարդ, որոնցից 23.396-ը` հայեր (53%) եւ 19.121-ը` թաթարներ (44%): Քաղաքում բնակւում էին նաեւ ռուսներ ու հրեաներ, որ կազմում էին բնակչութեան ընդհանուր թուի 3 տոկոսը: Եւ ահաւասիկ` հայ ազգի նկատմամբ իրականացուած ոճրագործութեան աղէտալի հետեւանքները. Շուշիի երկու երրորդ մասը վառուել էր, քաղաքը վերածուել էր աւերակների եւ ամբողջութեամբ հայաթափուել, սպաննուել է աւելի քան 20 հազար հայ: Յատկանշական է, որ 1930 թուականին Շուշիում բնակւում էր ընդամէնը 300 հայ: Խորհրդային իշխանութեան օրօք Շուշին այդպէս էլ չկարողացաւ վերականգնուել այդ հարուածից, կորցրեց իր մշակութային արժէքները` վերածուելով գաւառական, խուլ բնակավայրի: Խորհրդային իշխանութեան առաջին տարիներից մինչեւ 1960-ական թուականների սկիզբը Շուշին չի կառուցապատուել: Այնուհետեւ հայկական թաղամասի աւերակների վրայ կառուցուեցին նոր շէնքեր` վերացնելով հայկական հետքը հինաւուրց Շուշիում:
Յայտնի խորհրդահայ գրող, ռուս գրականութեան դասական Մարիեթա Շահինեանի պատկերաւոր արտայայտութեամբ, Շուշիի հայկական մասը «ասիական քաղաքին ծառայում էր որպէս նրան տնտեսական հիմք ընծայած եւ նրանից նկատելիօրէն աւելի մեծացած եւրոպական կցորդ»: Պատահական չէ, որ ժամանակակիցներից շատերը 20-րդ դարասկզբի Շուշին, որ իր զինանշանով քաղաքի կարգավիճակ էր ստացել 1847 թուականին, անուանում էին «կովկասեան փոքր Փարիզ» եւ կամ` «Կովկասի երաժշտանոց»:
Եւ իրօք, քսաներորդ դարի սկզբներին Շուշին եւրոպական բոլոր յարմարութիւններով լիարժէք քաղաք էր` ջրատարով, զարգացած մշակութային եւ առեւտրաարդիւնաբերական կեանքով: Քաղաքի արհեստանոցներում արտադրւում էին համաշխարհային ճանաչում ստացած ղարաբաղեան մետաքս եւ գորգեր, ոսկերչական զարդեր ու ճոխութեան այլ առարկաներ: Շուշիի երկու մեծ շուկաներն ապշեցնում էին ճանապարհորդներին` իրենց արեւելեան երանգներով:
Բնակչութեան հոգեւոր կարիքները բաւարարւում էին քաղաքի 7 հայկական եկեղեցիներում, 2 մահմետական մզկիթներում եւ 1 ուղղափառ եկեղեցում: Այդտեղ էր գտնւում Հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդարանը` մէկ միասնական թեմում կառավարելով միաժամանակ Շուշիի եւ Նուխիի գաւառների եկեղեցիների ու վանքերի հոգեւոր գործունէութիւնը:
Շուշիում հրատարակւում էին 20 հայերէն («Հայկական Աշխարհ», «Քնար Խօսնակ», «Գործ», «Ղարաբաղ», «Ծիածան» եւ այլն) եւ 2 ռուսերէն ամսագիր ու թերթ: 1827-1920 թուականներին քաղաքում գործել է 5 տպարան, հրատարակուել է աւելի քան 150 անուն գիրք: Առաջին անգամ առանձին գրքերով տպագրուել են` Րաֆֆու «Խենթը», Մանուկ Աբեղեանի «Նմուշներ» բանաստեղծութիւնների ժողովածուն, Լէոյի «Վէ՞պ, թէ՞ պատմութիւն», «Վահան Մամիկոնեան» եւ այլ ստեղծագործութիւններ, հայերէն լոյս են տեսել Նիքոլայ Կոկոլի «Թարաս Պուլպան», Ֆիրտուսու «Շահնամեն», Ալֆոնս Տոտէի եւ այլոց գործերից:
Քաղաքում գործում էին 6 դպրոց, ռէալական ուսումնարան, Հարաւային Կովկասում առաջին օրիորդաց Մարիամեան դպրոցն ու Թեմական դպրոց, որոնցում տարբեր ժամանակներում դասաւանդել են` Պետրոս Շանշեանը, Պերճ Պռօշեանը, Ղազարոս Աղայեանը, Վրթանէս Փափազեանը, Լէոն, Հրաչեայ Աճառեանը, հայ մշակոյթի ու մանկավարժական մտքի այլ նշանաւոր դէմքեր:
Շուշիում 1891 թուականից գործում էր 350 տեղանոց տրամաթիքական թատրոն, որ Ղազանչեցոց եկեղեցու հարեւանութեամբ կառուցել էր մեծահարուստ բարերար Մկրտիչ Խանդամիրեանցը, ում անունով էլ կոչւում էր այն: Այդ թատրոնում բեմադրւում էին հայկական եւ եւրոպական հեղինակների գործեր, ինչպէս նաեւ կազմակերպւում` կրկէսային ներկայացումներ: Այդտեղ հիւրախաղերով հանդէս են եկել հայ բեմարուեստի ռահվիրաներ` Սիրանոյշը, Գէորգ Պետրոսեանը, Յովհաննէս Աբէլեանը, Գրիգոր Աւետեանը, Յովհաննէս Զարիֆեանը, Սաֆրազեան ամուսինները, Գէորգ Չմշկեանը, Ամիրան Մանդինեանը, Միհրդատ Ամրիկեանը եւ ուրիշներ: 1904 թուականին Յովհաննէս Աբէլեանը Շուշիում բեմադրել է Շէյքսփիրի «Օթելլօ»-ն, իսկ 1915 թուականին Օթելլոյի դերում հանդէս է եկել Վահրամ Փափազեանը: Այս հոյակերտ կառոյցը համարեա ամբողջութեամբ ոչնչացուել է տեղի թաթարների կողմից եւ հրկիզուել 1905 թուականի ամրանը` ցարական իշխանութիւնների սադրած հայկական կոտորածների եւ դրանցից ծագած հայերի եւ կովկասեան թաթարների միջեւ ծաւալուած արիւնալի զինուած բախումների ժամանակ:
Շուշիում ելոյթներ են ունեցել երգիչներ` Արշակ Կոստանեանը, Բեգլար Ամիրջանեանը, Ներսէս Շախլեանը, երաժշտարուեստի զարգացմանը նպաստել են երգահաններ` Ստեփան Դեմուրեանը, Գրիգոր Սիւնին (Միրզայեան), Դանիէլ Ղազարեանը եւ ուրիշներ: Շուշի են այցելել` Կոմիտասը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Արմէն Տիգրանեանը: Քաղաքում գործել են գործիքային ու լարային նուագախմբեր, պարի խումբ:
Շուշիում են ծնուել` գրողներ Լէոն, Մուրացանը, յօրինող Դանիէլ Ղազարեանը, դերասան Վաղարշ Վաղարշեանը, նկարիչներ Ստեփան Աղաջանեանը, Միքայէլ Արուտչեանը, քանդակագործ Յակոբ Կիւրճեանը, անուանի քաղաքական ու պետական գործիչներ:
Շուշի կամ Շոշ անուանումն առաջին անգամ յիշատակւում է 15-րդ դարում` այդտեղ գրուած ձեռագիր յիշատակարանում: Ուշ միջնադարեան աղբիւրներում յիշատակւում է Քար, յաճախ նաեւ` Շոշի բերդ (հարեւան համանուն աւանի) անուանումներով: Թէկուզ նրա` որպէս հինաւուրց բնակավայրի մասին վկայում են քաղաքի շրջակայքում եւ բարձրաւանդակի վրայ սփռուած Ն. Ք. 2-րդ-1 հազարամեակների դամբարանները:
Դժուարամատչելի բնական դիրքի շնորհիւ` Շուշին հնուց ի վեր արցախահայութեան համար ունեցել է պաշտպանական նշանակութիւն. այն պարսպապատել են ու դարձրել բերդ: Խաչէնի (Արցախի) իշխան Սահլ Սմբատեանն 9-րդ դարի կէսին այստեղ է յաղթել արաբ ասպատակող զօրքին եւ ազատագրել գերեվարուած հայ բնակչութեանը: 17-րդ դարի վերջից հայկական ինքնավար իշխանութիւնները փորձել են թօթափել պարսկական լուծը, իսկ 1724-35 թուականներին մարտնչել են օսմանեան զօրքերի դէմ: 18-րդ դարի սկզբին Շուշին եղել է հայոց ազատագրական պայքարի կենտրոն: 1720-ական թուականներին հայկական զօրախմբի գլխաւոր հրամանատար Աւան հարիւրապետը (Աւան Եուզպաշի) Շուշի բերդ-ամրոցը վերակառուցել է Շուշի սղնախի (ապաստարան, ամրութիւն): 18-րդ դարի 2-րդ կէսին թուրքական ճիւանշիր վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտուելով Ղարաբաղի մելիքութիւնների ներքին անհամաձայնութիւններից, Վարանդայի մելիք Շահնազարի դաւաճանական օժանդակութեամբ տիրացել է Շուշիին եւ իրեն հռչակել Ղարաբաղի խան, բերդը բնակեցրել թուրք վաչկատուն ցեղերով, ապա` Ագուլիսից, Ղազանչիից, Մեղրիից եւ այլ վայրերից տեղահանուած շինական ու արհեստաւոր հայերով: 1750-ական թուականների կէսին Մելիք-Շահնազարը եւ Փանահ Ալի խանը վերակառուցել են բերդը: 19-րդ դարի սկզբներին Շուշին դարձել է ռուս-պարսկական պատերազմների ռազմաբեմ: 1805 թուականի մայիսի 14-ին Կիւրակչայի պայմանագրով, որ պաշտօնապէս վաւերացուել է 1813 թուականի Գիւլիստանի ռուս-պարսկական հաշտութեան պայմանագրով, Շուշին Ղարաբաղ-Արցախի կազմում անցել է Ռուսաստանին:
Շուշիում քաղաքաշինութիւնը զարգացել է ռուսական տիրապետութեան շրջանում: Կառուցապատուել են հայաբնակ թաղամասերը, որոնցից իւրաքանչիւրն ունէր իր կենտրոնն ու եկեղեցին: Կառուցուել են հասարակական շէնքեր` տպարաններ, դպրոցներ, ուսումնարաններ, ակումբ, գրադարաններ, խանութներ, հիւրանոցներ, 2-3 յարկանի բնակելի տներ, սրբատաշ կրաքարով 5 եկեղեցի` Կուսանաց անապատի միանաւ, թաղածածկ, եռայարկ զանգակատնով Ս. Աստուածածին, Նոր կամ Վերին թաղի խաչաձեւ գմբէթաւոր, արեւմտեան կողմում` զանգակատնով Ս. Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ ժամ կամ Ղարաբաղցոց, 1848 թ.), Ագուլեցոց Ս. Աստուածածին (1822 թ.) եւ Մեղրեցոց Ս. Աստուածածին (1838 թ.) եռանաւ պազիլիկները, որոնք չեն պահպանուել, Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ մայր եկեղեցին, որ կառուցուել է 1868-87 թուականներին: Այն վերանորոգուել է 1981-1997 թուականներին, իսկ 1996 թուականից Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդանիստն է:
Այդ շրջանում բարենպաստ պայմաններ են ստեղծուել նաեւ քաղաքի տնտեսութեան զարգացման համար, եւ կարճ ժամանակամիջոցում Շուշին դարձել մետաքսագործութեան եւ գորգագործութեան կենտրոն, գործել են նաեւ 950-ից աւելի առեւտրական, արհեստաւորական-տնայնագործական, արտադրական ձեռնարկութիւններ:
Ռուսաստանում 1917 թուականի փետրուարեան, ապա եւ հոկտեմբերեան յեղաշրջումներից յետոյ, ինչպէս յայտնի է, Անդրկովկասում սկիզբ առաւ ազգային կառավարման մարմինների կազմաւորման գործընթացը, ինչի արդիւնքում յաջորդ տարուայ մայիսի վերջերին հռչակուեցին Հայաստանի, Վրաստանի եւ Ազրպէյճանի հանրապետութիւնները, իսկ յուլիսի 22-ին` Շուշիում հրաւիրուած արցախահայութեան 1-ին համագումարում, Ղարաբաղի անկախ վարչաքաղաքական միաւորի ինքնիշխանութիւնը` անկախ Հայաստանի Հանրապետութեանը միանալու նուիրական ձգտումով ու հաստատակամութեամբ: Համագումարն ընտրել է Ազգային խորհուրդ եւ ժողովրդական կառավարութիւն, իսկ վերջինս յուլիսի 24-ին ընդունել է հռչակագիր, որում ներկայացուած էին նորաստեղծ պետական իշխանութեան խնդիրները:
Այս հանգամանքը, անշուշտ, տրամաչափօրէն հակադիր էր Արցախի հանդէպ անդրկովկասեան թուրք-թաթարների հանրապետութեան փայփայած նկրտումներին: Այդ արհեստածին պետական կազմաւորումը, որի գլուխ կանգնած էր իթթիհատականների հոգեզաւակ մուսաւաթական կուսակցութիւնը, վայելելով Անդրկովկաս ներխուժած թուրքական բանակի համակողմանի աջակցութիւնը, նպատակ ունէր հայաթափելու, փոխելու երկրամասի ազգագրական պատկերը, յափշտակելու ու իւրացնելու հայկական Արցախը: Թուրք-թաթարների շրջանում հայատեացութեան բորբոքումը, հայ բնակչութեան նկատմամբ խաժամուժ ամբոխի խժդժութիւնների հրահրումը, հայերի դէմ պարբերական յարձակումները, սպանութիւնները եւ ալան-թալանը, փաստօրէն, մնայուն կենսակերպ էր դարձած մուսաւաթական Ազրպէյճանում: Եւ որքան մօտենում էր Անդրկովկասում խորհրդային իշխանութեան հաստատման պահը, այնքան աւելի մոլեգին էին մուսաւաթականներն իրենց հակահայ զտման քաղաքականութեան մէջ:
Սպառազինուած լինելով թուրքական հրամանատարութեան տրամադրած զէնք ու զինամթերքով, ազրպէյճանական բանակային ստորաբաժանումները, տարածաշրջանի թուրք-թաթարական եւ քրտական ազգաբնակչութեան հրոսակախմբերի հետ մէկտեղ, շուրջ երկու տարի շարունակ պարբերաբար ելուզակային յարձակումների էին ենթարկում հայկական բնակավայրերը` ինչպէս արեւելեան Անդրկովկասի տարածքներում, այնպէս էլ` Արցախում, ամէնուրեք վայրագաբար հրկիզելով եւ աւերելով ամէն ինչ, կոտորելով անզէն բնակչութեանը: Եւ, ինչպէս 1905-1906 թուականների ազգամիջեան ընդհարումների ժամանակ էր, երբ թուրք-թաթարները թէ՛ Շուշիի եւ թէ՛ գաւառի հայ բնակավայրերում սարսափելի ոճիրներ իրականացրին, 1918-1920 թուականներին նոյնպէս չփոխուեց նրանց ձեռագիրը: Այդ շրջանում Ղարաբաղ-Զանգեզուրի, ինչպէս եւ Հայաստանի հարցը լուծելու համար «Իթթիհատ» համաթուրքական կուսակցութիւնն Ազրպէյճանի մուսաւաթական կառավարութեանը տրամադրեց մէկ միլիառ ռուբլի գումար, կազմակերպեց 200 հազարնոց բանակ եւ այն օգտագործեց հիմնականում հայութեան դէմ: Մուսաւաթական կառավարութիւնն իր բանակից պահանջում էր «լայն ծաւալով ու մի քանի ուղղութիւններով զինաթափել եւ իրեն ենթարկել Ղարաբաղ-Զանգեզուրը»: Պատմաբան Հրանտ Աբրահամեանի տուեալներով (մէջբերում եմ), «Միայն 1918-1920 թուականներին Արցախում ոչնչացուեց 59 գիւղ, սպաննուեց 25 հազար մարդ (արցախահայութեան 20,1 տոկոսը), անօթեւան մնաց 37 հազար բնակիչ, փոշիացաւ 7000 տնտեսութիւն, փակուեց կամ ոչնչացուեց երկրամասի գործարանների եւ արհեստանոցների 90 տոկոսը, մոխրացաւ հայոց Շուշին»:
Բնականաբար, հայկական ինքնապաշտպանութեան ջոկատները, չնայած անհամեմատ թերզինուածութեանը եւ կենդանի ուժի զգալի անհաւասարութեանը, հնարաւորինս ձախողում էին հակառակորդի յարձակումներն ու ասպատակութիւնները:
Ահա այդ ծանր պայմաններում է, որ մուսաւաթական կառավարութեան որոշմամբ եւ տարածաշրջանում անգլիական ռազմական առաքելութեան աջակցութեամբ Ղարաբաղի զօրավար-նահանգապետ նշանակուեց ազգութեամբ քիւրտ Խոսրով բէկ Սուլթանովը, ով անմիջականօրէն մեղսակից է հայ խաղաղ բնակչութեան զանգուածային ջարդերին Լեռնային Ղարաբաղի այն բնակավայրերում, որոնք թուրք-մուսաւաթականներին թէկուզ եւ ժամանակաւորապէս յաջողուել էր զաւթել: Սուլթանովը, ում իշխանութիւնը հայերը հրաժարւում էին ճանաչել, շարունակ վերջնագրեր էր յղում Արցախի հայոց Ազգային խորհրդին» պահանջելով «շտապ վերջնական լուծում տալ Ղարաբաղն Ազրպէյճանի Հանրապետութեան անբաժանելի մաս ընդունելու հարցին»: Արցախահայութեան Ազգային խորհուրդը, բնականաբար, մերժողական պատասխան էր տալիս: Վերջին սպառնալի վերջնագիրը ներկայացուեց 1920-ի փետրուարի 19-ին, որը նոյնպէս կտրականապէս մերժուեց արցախահայութեան` փետրուարի 23-ից մինչեւ մարտի 4-ը գումարուած 8-րդ համագումարի որոշմամբ: Մուսաւաթական իշխանութիւնները կատաղութեամբ հակազդեցին այդ հերթական մերժմանը` պահանջելով լուծարել Ազգային խորհուրդը` իբրեւ իրաւական եւ օրինական որեւէ հիմքից զուրկ մարմին: Արցախցիների հերթական «Ոչ»-ը հնչեց մարտի 22-ին:
Սուլթանովը, անշուշտ, կանխատեսում էր այդ պատասխանը եւ բոլոր առումներով նախապատրաստուած էր հակադարձելու: Նովրուզ պայրամին մասնակցելու պատրուակի տակ նա Շուշին լցրել էր թուրքական ու մուսաւաթական զօրքերով եւ իր ծննդավայր Հաճի Սամլու գիւղի քրտերից կազմուած հրոսակախմբերով, որոնց հրամանատարներ էին կարգուած օսմանցի թուրք, ինչպէս եւ մուսաւաթական բանակում ծառայող նախկին ցարական բանակի ռուս սպաները: Աւելի՛ն. քաղաքի թուրք-թաթարական մասին նախօրօք բաժանուած էր նաւթ ու լուցկի` հայերի տները եւ հասարակական կառոյցները կրակի մատնելու համար: Եւ մարտի լոյս 23-ի գիշերը Շուշիի հայկական թաղամասերում սկսուեց նախճիրը. խողխողւում, գնդակահարւում էին ծեր ու մանուկ, կանայք: Հազարաւոր անմեղ ու անզէն մարդկանց արիւն հեղուեց: Կողոպտւում, աւերւում, հրկիզւում էին հայերի տները, խանութները, արհեստանոցները: Աւելի քան հազար հայ ձերբակալուեց ու բանտ նետուեց: Ու, չնայած հայկական թաղերի տարբեր հատուածներում ցուցաբերուած կատաղի դիմադրութեանը, շատ քչերին յաջողուեց փրկուել այդ սոդոմ-գոմորից հատելով Շուշիի գահավէժ քերծերի արանքով դէպի Քարինտակ գիւղ իջնող կածանը ու, ցրուելով, պատսպարուել շրջակայ հայկական գիւղերում:
Շուշիի ջարդերը, սակայն, չվհատեցրին ու չյուսալքեցին Արցախի հայութեանը: Հետեւեցին կատաղի մարտերը երկրամասի ամբողջ տարածքում եւ, չնայած մուսաւաթական կանոնաւոր զօրքերի թուական ու ռազմական գերակշռութեանը, Արցախի ինքնապաշտպանութեան ուժերին յաջողուեց ետ մղել մուսաւաթական զօրքերին ու թուրք-թաթար-քրտական խաժամուժին: Միեւնոյն ժամանակ, Զանգեզուրից իր զօրամասերով Արցախին օգնութեան հասաւ զօրավար Դրօն: Մարտերը շարունակուեցին մինչեւ ապրիլի կէսերը:
Ապրիլի 28-ին Ռուսաստանի Կարմիր բանակը մտաւ Պաքու: Նախնական պայմանաւորուածութեան համաձայն, մուսաւաթական կառավարութիւնը յօժարակամ յանձնեց իր իշխանութիւնը, եւ Ազրպէյճանում հաստատուեցին խորհրդային կարգեր: Ռուսական զօրքերն այնուհետեւ ներխուժեցին Արցախ ու, զինաթափելով հայկական ինքնապաշտպանութեան ուժերին, ցրելով գործող պետական կառավարման մարմինները, խորհրդային իշխանութիւն հաստատեցին նաեւ այդտեղ:
1921 թուականի յուլիսի 5-ին` ՌԿ(բ)Կ Կովկասեան պիւրոյի որոշմամբ, Շուշին Լեռնային Ղարաբաղի կազմում բռնակցուեց Ազրպէյճանին: Սկսուեց խորհրդային Ազրպէյճանի իրաւաենթակայութեան ներքոյ Արցախ-Ղարաբաղի գոյատեւման մղձաւանջային շրջանը, որ տեւեց աւելի քան 70 տարի:
«Այն ազգը, որը չի ուզում մեռնել, չես կարող սպաննել»: Ֆրանսական գրականութեան դասական Անաթոլ Ֆրանսի այս բացարձակ ճշմարտութիւն հանդիսացող արտայայտութիւնը մեծապէս յատկանշական է նաեւ համայն հայ ժողովրդին, ի մասնաւորի` արցախահայութեանը: Քսաներորդ դարավերջի ազգային-ազատագրական պայքարի շնորհիւ պատմական Հայաստանի 10-րդ նահանգը` այսօր արդէն Արցախի Հանրապետութիւնը, վերջնականապէս փշրեց դարասկզբին պարտադրուած օտար կապանքները` աշխարհին ապացուցելով ինքնուրոյն ապրելու, հայեցի յարատեւելու իր ժողովրդի հաստատուն կամքն ու անկորնչելի իրաւունքը: Բնականաբար` իր բազմադարեայ արմատներին վերստին խարսխուած եւ աւելի քան քառորդ դար ի վեր մոխիրների միջից փիւնիկուող հայոց հերոսական Շուշի բերդաքաղաքով:
Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար