Այսու կը սկսինք հրապարակել յօդուածաշարք մը (մեծ մասամբ` արտատպումներ)` առնչուած Հայաստանի Ա. Հանրապետութեան եւ արցախեան մշակոյթի տարբեր երեսներուն: Առաջինը կը յատկացնենք Արշակ Ֆէթվաճեանին, որ հեղինակն է Ա. Հանրապետութեան դրամանիշի եւ դրոշմաթուղթի բոլոր տարբերակներուն:
2011-ին Ֆէթվաճեանի ստեղծագործական կեանքի մասին` հայրենիքի մէջ հրատարակուեցաւ պատկերագիրք մը` հեղինակութեամբ եւ խմբագրութեամբ Երեւանի արուեստաբանութեան ամպիոնի հիմնադիր-տնօրէն դոկտ. Լեւոն Չուգասզեանի: Թէեւ ատենին անդրադարձած էինք այս գեղատիպ հատորին, սակայն այս առիթով եւս ստորեւ կու տանք քանի մը հատուած, ուր կը խօսուի անկախ Հայաստանի հետ կապ ունեցող ազգային գործիչներու մասին:
«Ա»
ԱՐՇԱԿ ՖԷԹՎԱՃԵԱՆ
Ո՜ր Վրձինով

Այդ նամակադրոշմներն ու թղթադրամները կատարուած են բացառիկ խնամքով ու հմտութեամբ: Դրանք նկարազարդելու համար արուեստագէտն ընտրել է հայութեան համար խորհրդանշական հանդիսացող երեւոյթներ ու մանրամասներ. զոյգ Մասիսները, ճախարակով հայ գեղջկուհին, օձին թրատող արծիւը եւ այլն:
1918 թ., իր իսկ խօսքերով ասած, այդ «սեւ տարում», շուրջ տասնութ ամիս աշխատելով զարհուրելի պայմաններում, ականատես լինելով անօթեւան եւ թշուառական եզրին հասած, սովից ու համաճարակներից Էջմիածնի փողոցներում մեռնող հայրենակիցների մղձաւանջային վիճակին` նա հաւաքում է թանկագին նիւթեր` վրձնում է մանաւանդ հայ կանանց շուրջ քսան պատկեր` իրենց նահապետական տարազի մանրամասնութիւններով:
Արեմտահայ գաղթական կանանց նա, ամենայն հաւանականութեամբ, սկզբից լուսանկարում էր եւ յետոյ այդ լուսանկարների հիման վրայ ստեղծում գունաւոր պատկերները: Դա թերեւս միակ միջոցն էր այդ աշխատանքը կատարելու, քանի որ նահապետական կեանքով ապրած, ամաչկոտ եւ քաշուող հայ կանանց դժուար կը լինէր համոզել ստանձնելու բնորդուհու դերը: Դժբախտաբար այդ լուսանկարներից շատ քիչ բան է պահպանուել նկարչի երեւանեան արխիւում:
Ա. Ֆէթվաճեանին վիճակւում է տեսնել 1918-1919 թթ. Արարատեան դաշտավայրի փոթորկայոյզ իրադարձութիւնները` թրքական արշաւանքը եւ դրա հետեւանքով ստեղծուած տագնապալից ահեղ սպառնալիքը` հայութեան լինել-չլինելու հարցը, կիսաքաղց գաղթականութեան օրհասական վիճակը, Սարդարապատի հերոսամարտը, Հայաստանի Հանրապետութեան ստեղծումն ու աստիճանական վերելքը: Իբրեւ իսկական մտաւորական, հայ մշակոյթի նուիրեալ եւ իրական հայրենասէր ու գերզգայուն արուեստագէտ` նա խոր յուզումով հետեւում է դէպքերի զարգացմանը եւ իր ուժերի ներածի չափով ձեռքի եղածն անում հայրենիքի կերտման համար: Այդ ժամանակ հայ գաղթականութեան վիճակի դժոխային պատկերների մասին է գաղափար տալիս իր իսկ Ա. Ֆէթվաճեանի գրած յօդուածներից մէկը:
«Չգիտեմ, թէ ի՛նչ լեզուով, ո՛ր ձայնով պիտի ասել, կրկնել հազար անգամ ձայնարկուած «ժողովուրդը կոտորւում է» ահագոչը, ո՛ր վրձինով նկարել Էջմիածնի եւ Ճեմարանի բակերում ու պատերի տակ 6 ամսից ի վեր դանդաղ հոգեվարքով անհետացող հազարաւոր ամբոխը թշուառների: Մեր հայ գեղջուկին գրգլեակներից ու… քուրջերից, հագուստներից էլ ոչինչ չմնաց նրանց մերկութիւնը ծածկելու: Ոջիլների դժոխային կեղեքումին ենթակայ փոքրիկները մանաւանդ` անվերջ քերւոտելուց կաշիները պատառոտուած, կեղտի, աղտի մէջ էլ քոսոտել սկսած, մի մի հրէշաւոր ցուցանքներ են:
Հիւրընկալ Օճախում
Այդ տարի եւ, հաւանաբար, մինչեւ 1923 թ. է վերաբերում նաեւ հասարակական, քաղաքական նշանաւոր գործիչ, Միացեալ Նահանգներում Հայաստանի Հանրապետութեան առաջին դեսպան Արմէն Գարոյի (Փաստրմաջեան Գարեգին) իւղաներկով ստեղծուած դիմանկարը (Հայաստանի Ազգային պատկերասրահ):
Ա. Ֆէթվաճեանի Միացեալ Նահանգներ ժամանելուն պէս նկարչի աշխատանքները շքեղ տպագրելու համար անհրաժեշտ գումարներ հաւաքելու նպատակով եւ նրա գործունէութեան քառասունամեակը տօնելու համար Նիւ Եորքի հայկական շրջանակների նախաձեռնութեամբ 1923 թ. ստեղծում է մի յանձնախումբ:
Սակայն մի քանի տարուայ գոյութիւնից յետոյ այս ձեռնարկի կազմակերպիչները յուսալքւում են, եւ յանձնախումբը դադարեցնում է իր գոյութիւնը` դէմ առնելով հայկական քաղքենի շրջանակների անտարբերութեանն ու սառը վերաբերմունքին:

Նիւ Եորքում նիւթական անձուկ վիճակի մէջ յայտնուած Ա. Ֆէթվաճեանի համար որոշ իմաստով բախտորոշ է դառնում հանդիպումը Հայաստանի Ա. Հանրապետութեան Միացեալ Նահանգների չորս նախկին հիւպատոսներից մէկի` Մանուէլ Տէր Մանուէլեանի հետ: Զարգացած եւ խորաթափանց նախկին դիւանագէտը եւ հեռատես գործարարը իսկոյնեւէթ կարողանում է գնահատել իր առջեւ կանգնած արուեստագէտի բացառիկ նկարագիրը: Տեսնելով այն թշուառ հիւրանոցը եւ նկարներով լցուած խեղճ սենեակը, ուր ապաստանել էր անուանի նկարիչը, նա հարցնում է վերջինիս. «Այստեղից ո՞ւր պիտի գնաք»: Ա. Ֆէթվաճեանն ասում է. «Չգիտեմ»: Մ. Տէր Մանուէլեանը հարցնում է. «Դրամ ունէ՞ք»: Ա. Ֆէթվաճեանը պատասխանում է. «Ո՛չ»: Միանգամից, առանց ժամանակ կորսնցնելու, Մ. Տէր Մանուէլեանը որոշում է իր հովանաւորութեան տակ վերցնել Ա. Ֆէթվաճեանին եւ ապաստան տալ սեփական յարկի ներքոյ: Նա ասում է. «Դուք պէտք է գաք ինձ հետ եւ ապրէք մեզ մօտ, Պոսթընում: Ես ընտիր կին ունեմ եւ երկու տարեկան որդի: Բացի այդ, Պոսթընը Ամերիկայի Աթէնքն է: Դուք պատկանում էք Պոսթընին»: Ա. Ֆէթվաճեանը հարցնում է. «Դուք վստա՞հ էք ձեր որոշման մէջ»: Մ. Տէր Մանուէլեանը պատասխանում է. «Այո՛»: Ա. Ֆէթվաճեանն ասում է. «Լա՛ւ, ես կը գամ»: Մինչ այդ մեծ նկարիչը յուսահատ վիճակում էր, անգամ պատրաստ` ինքնասպան լինելու: Յետոյ Ա. Ֆէթվաճեանը խոստովանում է Մ. Տէր Մանուէլեանին, որ այդ պահին նա գրպանում ունէր ընդամէնը անգլիական 12 ոսկի:
Այսպիսով, վաստակաւոր նկարիչը յայտնւում է Պոսթընում եւ դառնում Մանուէլեանների ընտանիքի լիիրաւ անդամ: Մանուէլ եւ Արմենուհի Տէր Մանուէլեանին հիւրընկալ օճախում հաստատուած Ա. Ֆէթվաճեանը ձեռք է բերում մի տաքուկ ընտանեկան մթնոլորտ, որից երկար տարիներ զրկուած էր աստանդական կեանքի ընթացքում:
Այդ տարիներին Պոսթընում էր ապաստանել տարագիր հայութեան մի զանգուած այդ թւում` Հայաստանի Ա. Հանրապետութեան վերացման հետեւանքով, վտարանդի դարձած մտաւորականներ` ժամանակին զօրավար Անդրանիկի համհարզը եղած Վարդգէս Ահարոնեանը (նշանաւոր գրող Աւետիս Ահարոնեանի որդին) եւ նրա տիկինը` բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանեանը (յայտնի երգահան Արմէն Տիգրանեանի քոյրը, որին է նուիրուած Եղիշէ Չարենցի «Էմալէ պրոֆիլը ձեր» բանաստեղծական շարքը), յայտնի քիմիկոս, բառարանագիր, որոշ շրջան «Հայրենիք» լրագրի խմբագիր եղած Յարութիւն Չագմագճեանը (մեծահամբաւ երգահան Ալան Յովհաննէսի հայրը), անուանի գրող Համաստեղը, նշանաւոր հայդուկ, զօրավար Սեպուհը (Արշակ Ներսէսեան) եւ ուրիշներ: Ա. Ֆէթվաճեանի արխիւում պահպանուած նիւթերը ցոյց են տալիս, որ նա ի դէմս տարագիր մտաւորականների` գտաւ իրեն գաղափարակից ու իր նման ճակատագրի բերումով հեռաւոր ափեր ընկած, հայրենիքից զրկուած բարեկամների:
Տէր Մանուէլեանների օճախում յաճախակի հիւրեր էին վտարանդի ազգային գործիչները, եւ այդտեղ տիրող հայրենասիրական մթնոլորտում էին մեծանում Տէր Մանուէլեանների երեք զաւակները` Վիգէնը, Հայկը եւ Լուսիկը: Նրանց համար Ա. Ֆէթվաճեանը դառնում է թէ՛ հօրեղբայր եւ թէ՛ իւրայատուկ ուսուցիչ եւ օրինակելի կերպար, որն իր գեղարուեստական վաստակով ու նկարագրով մեծ չափով ուղղութիւն է տալիս նրանց ապագայ գեղագիտական կողմնորոշումներին: Ա. Ֆէթվաճեանի դասերից յատկապէս օգտւում է զաւակներից երէցը` Վիգէնը, որը հետագայում դառնում է Ամերիկայի Հայկական գրադարան-թանգարանի հիմնադրման նախաձեռնողն ու եռանդուն կազմակերպիչը եւ ազգային-հայրենասիրական զանազան ձեռնարկների հեղինակը:
«Ուժ Էին Ներշնչում…»

Պոսթընում ապրած տարիներին Ա. Ֆէթվաճեանը երբեմն Հարվըրտի համալսարանի եւ այլ հաստատութիւնների, ինչպէս նաեւ առանձին հայկական կազմակերպութիւնների հրաւէրով դասախօսութիւններ է կարդում հայ արուեստի եւ ճարտարապետութեան մասին: Ականատեսների վկայութեամբ, նրա ելոյթներին ներկայ գտնուող ամերիկացի արուեստասէրները իրենց համար հիացմունքով բացայայտում էին հեռաւոր երկրում ստեղծուած գեղարուեստի հրաշակերտների հմայքը` միաժամանակ զարմանալով ու տարակուսելով, որ Եղեռնից մազապուրծ ազատուած, անանձնագիր եւ թշուառութեան եզրին հասած, մի կերպ Ամերիկա ապաստանած հայերի նախնիներն են այդ բոլորի ստեղծողները: Ա. Ֆէթվաճեանի ելոյթները ինքնավստահութիւն, ուժ էին ներշնչում, ազգային արժանապատուութեան զգացումով համակում նոյն դասախօսութիւններին ներկայ եւ կորցրած հայրենիքի կարօտի քաշող, օտարութեան մէջ յարմարուել եւ ոտքի կանգնել փորձող աստանդական հայորդիներին, որոնք այլազգիների կողմից խտրականութեան էին ենթարկւում եւ արհամահարւում:

Հաւանօրէն 1925-1930 թթ. է նա իւղաներկով վրձնել շիկահեր եւ կապտաչեայ երիտասարդ կանանց եւ աղջիկների այն պատկերները, որոնք այսօր պահւում են Հայաստանի Ազգային պատկերասրահի նրա երկերի հաւաքածոյի մէջ:
1929-1931 թթ. ընթացքում նա իւղաներկով կատարում է հայ միջնադարեան մշակոյթի նշանաւոր դէմքերի` հայկական գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի, կաթողիկոս Սահակ Պարթեւի, պատմահայր Մովսէս Խորենացու, պատմիչներ Յովհաննէս Օձնեցու (երկու տարբերակ), Ստեփանոս Տարօնեցու (Ստեփանոս Ասողիկ) (երկու տարբերակ), առակագիր եւ իրաւագէտ Մխիթար Գօշի (երկու տարբերակ), փիլիսոփայ, թարգմանիչ, հասարակական, եկեղեցական գործիչ Եզնիկ Կողբացու, բանաստեղծ Գրիգոր Նարեկացու եւ այլոց երեւակայական դիմանկարները: Յատկապէս ազդեցիկ է Գրիգոր Նարեկացու պատկերը (Հայաստանի Ազգային պատկերասրահ): Այն ցուցադրում է հայութեան բոլոր ժամանակների ամենամեծ բանաստեղծին հոգեկան վերացման եւ «ի խորոց սրտի» իր խօսքը Աստծուն հասցնելու պահին: Այս եւ միւս երկերը նկատի առնելով` կարելի է ասել, որ Ա. Ֆէթվաճեանը հայ նկարիչներից առաջինն է սկսում պատմական անձանց երեւակայական դիմանկարների պարբերական ստեղծման գործը:
1930 թ. անուանի նկարիչը մեծ մասնակցութիւն է ունենում Պոսթընի «Սիմֆոնի հոլ»-ի ցուցահանդէսի (որտեղ ներկայացուած էր նաեւ այլ ազգերի արուեստն ու մշակոյթը) հայկական բաժնի ստեղծմանը: Տնից տուն շրջելով, իր անձնական պատասխանատուութեամբ, պատմական, ագզային, գեղարուեստական նշանակութիւն ներկայացնող առարկաներ է հաւաքում եւ կազմակերպում նրանց ցուցադրութիւնը:
Յ. Գ.
Այս մէկը այդ շարքի առաջինն է: