ԱՐԱՐԱՏ ՅԱԿՈԲԵԱՆ
Կը ներկայացնենք հատուածներ` պատմական գիտութիւնների դոկտոր Արարատ Յակոբեանի «Հայաստանի Հանրապետութիւնը» գրքից: Գիրքը գրուել է Հայաստանի Հանրապետութեան հարիւրամեակի առիթով: Ներկայացնելով աշխարհաքաղաքական իրողութիւնները, որոնց պայմաններում, անհնարինը հնարաւոր դարձնելով, կերտուեց Հայաստանի Հանրապետութիւնը, աշխատութեան հեղինակը յատկապէս կանգ է առնում այն իրագործումների վրայ, որոնք հնարաւոր եղան կարճ ժամանակահատուածում եւ բարդ պայմաններում իրականացնել պետականաշինութեան, բանակաշինութեան, ընկերային-տնտեսական, ինչպէս եւ կրթամշակութային եւ այլ ոլորտներում: Իր պետականութեան նկատմամբ ժողովրդի հաւատի ու վստահութեան վրայ յենուելով` օրուայ գործիչներին յաջողուեց երկուսուկէս տարուայ ընթացքում նորաստեղծ հանրապետութեան սահմանները 12.000-ից հասցնել 71.000 քառակուսի քիլոմեթրի: Դժբախտաբար քեմալական Թուրքիայի եւ պոլշեւիկեան Ռուսաստանի ռազմաքաղաքական պարտադրանքի ներքոյ ոչ միայն հանրապետութիւնն ընկաւ, այլ մօտ 40.000 քառակուսի քիլոմեթր տարածք զոհաբերուեց այս ոճրագործ գործարքին:
Ընթերցողը շուտով հնարաւորութիւն կ՛ունենայ ծանօթանալու հրատարակուող ամբողջական գրքին:
——————————————-
Հայաստանի Հանրապետութիւնը Հայաստանի Հանրապետութեան Կազմաւորումը-Պաթումի Պայմանագիրը
Մայիսեան հերոսամարտերի ահեղ օրերին Անդրկովկասեան սէյմը (խորհրդարանը) ցրուեց ու կազմալուծուեց Անդրկովկասեան Հանրապետութիւնը: Դա ենթադրում էր, որ իրենց անկախութիւնը հռչակած իւրաքանչիւր հանրապետութիւն պէտք էր ինքը առանձին լուծեր Թուրքիայի հետ պատերազմի ու խաղաղութեան հարցը: Հէնց այդ առաքելութեամբ նորանկախ Հայաստանի պատուիրակութիւնը, Ալ. Խատիսեանի գլխաւորութեամբ, մեկնեց Պաթում` թուրքերի հետ բանակցելու եւ հաշտութիւն կնքելու: Մի քանի օր տեւած բանակցութիւնների արդիւնքում 1918 թ. յունիսի 4-ին հայութեան համար շատ ծանր պայմաններով կնքուեց Պաթումի հաշտութեան պայմանագիրը` Հայաստանի Հանրապետութեան եւ օսմանեան Թուրքիայի միջեւ:
14 յօդուածից բաղկացած պայմանագրի համաձայն, Հայաստանը ունենալու էր սահմանափակ թուով զօրք, ընդամէնը` մէկ տիվիզիա: Երկաթուղիների վերահսկողութիւնն անցնելու էր Թուրքիային, որպէսզի իբր կարողանայ Հայաստանի վրայով զօրք տեղափոխել Ազրպէյճան` խորտակելու Պաքուի կոմունան: Դրանից զատ` Հայաստանը պարտաւորւում էր կազմալուծել հայկական անկանոն զօրախմբերը եւ այլն:
Տարածքային առումով, Թուրքիային էր անցնում ոչ միայն Արեւմտեան Հայաստանը, այլեւ Արեւելեան Հայաստանի զգալի մասը` Կարսի մարզը եւ երկաթուղու երկայնքով ձգուող շուրջ 5 գաւառ: Հայ-թուրքական սահմանագիծը սկսւում էր Ախալքալաքի սահմանից, իջնում էր հարաւ` Աղբուլաղ կայարան, այնտեղից ուղիղ գծով` դէպի Արագածի ամենաբարձր գագաթը, որտեղից իջնում էր Էջմիածնից 7 քմ արեւմուտք եւ շրջանցելով քաղաքը` երկաթուղուն զուգահեռ 6 քմ բացուածքով ձգւում էր մինչեւ Շարուր-նախիջեւան` Արփայի դաշտը: Հայաստանի Հանրապետութեանը փաստօրէն մնում էր ընդամէնը 12 հազ. քառ. քմ տարածք, որն ընդգրկում էր Սեւանայ լճի աւազանը եւ Արարատեան դաշտի մի մասը: Այս կապակցութեամբ տեղին է յիշեցնել, որ Լէոն (Առաքել Բաբախանեանը), նկատի ունենալով նորահռչակ հանրապետութեան անձուկ տարածքը, այն համարում էր ոչ թէ ապրելու համար տեղ, այլ ընդամէնը` գերեզմանոց: Այդուհանդերձ, այս կապակցութեամբ գլխաւորն անկախութեան փաստի արձանագրումն ու ընդունումն էր բիրտ թշնամու` Թուրքիայի կողմից: Ընդհանուր հաշուով, Թուրքիան Արեւելեան Հայաստանից խլում էր 28 հազ. քառ. քմ տարածք: Պաթումի պայմանագիրը, որը չի վաւերացուել ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Թուրքիայի կառավարութիւնների կողմից, իր ուժը պահպանեց մինչեւ համաշխարհային պատերազմի աւարտը:
Հարց է ծագում. եթէ հայ ժողովուրդը յաղթանակ էր տարել մայիսեան հերոսամարտերում, ապա ինչո՞ւ էր նման կողոպտիչ պայմանագիր կնքում: Բանն այն էր, որ չնայած մայիսեան յաղթական հերոսամարտերին, այդուհանդերձ, պահպանւում էր թուրքական մահացու վտանգը: Պաքու շտապող թուրքական զօրքը մտադիր էր այն գրաւելուց յետոյ յետ դառնալ: Սակայն, ինչպէս ասում են, ուրբաթն աւելի շուտ եկաւ, քան շաբաթը: Իրադարձութիւնները զարգացան այնպէս, որ հայկական կողմը, մեծ զիջումների գնով, հնարաւորութիւն ունեցաւ դադար վերցնել ու որոշ ժամանակ շահել այն իմաստով, որ, երբ 1918 թ. սեպտեմբերի 15-ին Պաքուն գրաւելուց յետոյ, թուրքերը յետ դարձան ու ներխուժեցին Արցախ, գրաւեցին Շուշին, սակայն խրուեցին այնտեղ, իսկ հոկտեմբերի 18-ին անգամ պարտութիւն կրեցին: Մինչ այդ անգլիացիները յաղթել էին նրանց Արարայում ու փլուզուել էր թուրքական գլխաւոր` Պաղեստինի ճակատը, ուստի եւ հոկտեմբերի 30-ի Մուտրոսի զինադադարով թուրքերը հարկադրուած էին հեռանալ Անդրկովկասից:
Ճակատագրի հեգնանքով Պաթումի պայմանագիրը անկախ Հայաստանի առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինն էր պաշտօնապէս ճանաչում Հայաստանի անկախութիւնը: Դա պատերազմից դուրս գալու եւ հայ ժողովրդին վերջնական բնաջնջումից ազատելու միակ հնարաւոր ելքն էր այդ ժամանակ: Վարչապետ Քաջազնունու կառավարութիւնը բարդութիւնների եւ թիւրիմացութիւնների տեղիք չտալու համար մինչեւ Ա. Աշխարհամարտի աւարտը աշխատում էր հաւատարիմ մնալ այդ պայմանագրին: Պաթումի պայմանագրի շնորհիւ ձեռք բերուած դադարը հնարաւորութիւն տուեց սկսելու պետականաշինութեան գործընթացը: