ԿԱՐԻՆԷ ՅԱԿՈԲԵԱՆ

Էմմա Գրիգորեանը նկարիչ է ոչ միայն մասնագիտութեամբ եւ տաղանդով, այլ` իր ողջ էութեամբ, բուն ապրելակերպով: Եթէ ձեզ ծանօթ է նրա կեղծիքից բացարձակ զերծ գեղանկարչութիւնը, ապա համարէք, որ ծանօթ էք հէնց նրան` նկարչուհուն: Նա եւ իր արուեստը մի ներդաշնակ եւ անքակտելի ամբողջութիւն են կազմում, մի աշխարհ` Էմմա Գրիգորեանի աշխարհը: Նոյնիսկ դժուար է ասել, արդեօ՞ք դա նկարչուհու տեսա՞ծ, թէ՞ երազած աշխարհն է, քանզի նրանում երազանքն ու իրողութիւնը, ապագան ու ներկան ձուլուած են միմեանց: Այդպէ՛ս է նա տեսնում աշխարհը, այդպէ՛ս է նա ընկալում այն եւ վերարտադրում իր աշխատանքներում:
Էմմա Գրիգորեանի ստեղծագործութիւնն ընդգրկում է միմեանցից չզատուող, մէկը միւսից բխող փուլեր, որոնցից իւրաքանչիւրը կրում է նրա կեանքի որոշակի ժամանակահատուածի կնիքը:
1980-ականների սկզբին գրեցի Էմմայի մասին իմ առաջին յօդուածը եւ պատրաստեցի հեռուստատեսային հաղորդում` Երեւանի Զէյթուն թաղամասում գտնուող նրա արուեստանոցից: 2009 թուականի փետրուարին այցելեցի նրա Նիւ Եորքի իր բնակարան-արուեստանոցում: Երեւանեան շրջանի նկարներից նիւեորքեան արուեստանոցում գրեթէ չկային: Նոր նկարներ էին եկել լրացնելու նրանց տեղը:
Ստեղծագործ կեանքի ամենավաղ շրջանում Էմման տարւում է իր հոգուն հարազատ Լեւոն Շանթի եւ Դանիէլ Վարուժանի երկերով, յատկապէս` վերջինիս «Հեթանոս երգերով»: Ստեղծում է կրաֆիքական շարք նոյն` «Հեթանոս երգեր» անուանումով: Դա նկարազարդումներ չեն, այլ` պարզապէս սիրուած գրականութեամբ ոգեշնչուած արուեստագէտի թեմատիկ յօրինուածքներ: Տարիների ընթացքում նկարչուհին հետզհետէ հեռանում է դրանցից, մօտենում ինքն իրեն` հարազատ մնալով սեփական մտքերին, յոյզերին ու զգացումներին` սեփական աշխարհընկալմանը:
Եթէ վերադառնանք Էմմայի ստեղծագործութեան ակունքներին եւ այնտեղից փուլ առ փուլ առաջ շարժուենք, կը համոզուենք, որ այն անցել է զարգացման նոյն ուղին, ինչ, ասենք, ծառը բնութեան գրկում: Աճելով ու զարգանալով, նրա արուեստը շիւեր է տուել, ընդլայնուել, իսկ արմատները թաղուած են նրա իւրաստեղծ, նմանը չունեցող աշխարհընկալման մէջ: Այստեղ ձեւը ծագում է բովանդակութիւնից այնքան բնականօրէն, որ անհնար է տարանջատել մէկը միւսից: Թւում է, թէ վերապրումն ու հոգու թրթիռը մարմնաւորւում են ծաղկեփնջի, սարի կամ կնոջ դիմանկարի մէջ` առանց նկարչի միջամտութեան, որ ի սկզբանէ գոյութիւն ունէին «Երկնագոյն սարերը», «Չհեծուած ձիերը», «Քնքշութիւնը»:
Էմմայի արուեստը ոգեղէն է: Նա մեծարում է բնութիւնը, մարդուն` որպէս յոյզ ու միտք կրողի: Ծովից դուրս վազող կանայք նմանւում են ալիքի կատարից գլորուող փրփուրի, հեծեալ կինն արբում է ձիու վազքի եւ ազատութեան, բնութեան հետ մէկ դառնալու զգացողութիւնից: Բնութեանը միաձուլուելու միտքն անցնում է նկարից նկար, դառնում է Էմմա Գրիգորեանի փիլիսոփայութիւնը: Այսպէս, կինը յաճախ պատկերւում է որպէս գրկին սեղմած երեխայի կամ իր գլխին դրած ծաղկեպսակի շարունակութիւն:
Սիրում է նկարել վազող ձիեր, մերկ կին, սարեր` նկարի մակերեսից դուրս անցնող ուրուագծերով, քանզի չունի բնութիւնը սահման, հորիզոնը հեռու է, անհասանելի` ինչպէս ազատութիւնը, որ միաժամանակ ե՛ւ պատրանք է, ե՛ւ իրողութիւն: Իրական ազատութիւնն Էմմայի համար ոչ այլ ինչ է, քան ինքը` բնութիւնը:
Էմմայի ստեղծագործութիւնները, լինեն դրանք նաթիւրմորթներ, բնապատկերներ, մայրութեան թեմայով նկարներ թէ վերացական յօրինուածքներ, նոյն դրական լիցքն են հաղորդում դիտողին, քանզի նրանց հիմքում լոյսի եւ բարութեան պաշտամունքն է թաքնուած:
Ի՞նչպիսին է այն լեզուն, որով արտայայտւում է այս ամէնը: Առաջին հերթին` դա գոյնի ու գծի բացարձակ արտայայտչականութիւնն է, թեթեւ ու անմիջական, աւելի առարկայական սկզբնական շրջանում, աւելի պայմանական եւ վերացական` տարիներ անց: Անաւարտ, կամ, աւելի ճիշդ, աւարտ չակնկալող նկարներ, քանզի անաւարտութիւնն ինքնին ոճ է, եւ` աւարտուն, ամբողջացած նկարներ: Իւղաներկով կատարուած մեծ կտաւներ եւ` նուրբ, թափանցիկ ջրաներկ գործեր, սլացիկ գծանկարներ: Գոյների անսովոր համադրումներ եւ հակադրումներ, նոյնքան ներդաշնակ եւ հակասական, որքան նրանց ստեղծողի կեանքը: Զուգահեռներն անխուսափելի են:
Էմմա Գրիգորեանի արուեստում գոյնը եւ գիծը հաւասար հնչեղութիւն եւ կշիռ ունեն: Թէեւ նորագոյն շրջանի` վերացական արուեստին հակուող կտաւներում գունային արտայայտչականութիւնն առաւել ընդգծուած է, գիծն ունի իր` ոչ պակաս կարեւոր դերակատարութիւնը. ուղղահայեաց կամ հորիզոնական, նուրբ ու դողդոջուն կամ յստակ ու հզօր` այն որոշակի զգացական լիցք, լարում է պարունակում, նկարին հաղորդելով տարաբնոյթ տրամադրութիւններ:
Էմմա Գրիգորեանն իր առջեւ անլուծելի մասնագիտական խնդիրներ չի դնում: Պատկերում է իր տպաւորութիւնները, սակայն գերող մի բնականութեամբ, որին տիրապետելը ամենեւին էլ դիւրին գործ չէ: Ո՞վ գիտի, ի՛նչ է թաքնուած փակ դրան ետեւում տիրող միայնութեան ու լռութեան մէջ, ի՜նչ երկունքից է ծնւում նկարը… Իսկապէս, ո՞րն է այն եզրը, որ վերջ է դնում իրականութեանը, որից այն կողմ սկսւում է գեղանկարչութեան թագաւորութիւնը…
Երեւան
 
			
