ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեան «Արմինֆօ»-ին տուած հարցազրոյցին ընթացքին նկարագրած է Սուրիոյ մէջ տեղի ունեցած վերջին իրադարձութիւններուն պատճառներն ու էութիւնը, թուարկած է հակամարտութեան շահագրգիռ կողմերը եւ վերջիններուն շահերը, լուսարձակի տակ առած է առկայ պայմաններուն մէջ «Պաղ պատերազմի» նոր ալիքի անկարելիութեան, ինչպէս նաեւ մեկնաբանած է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերջին իրադարձութիւնները:
ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Կարճ հարց, որը ենթադրում է ընդգրկուն պատասխան` ի՞նչ է այսօր տեղի ունենում Սիրիայում:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- 2011 թուականին սիրիական հակամարտութեան առաջացման պատճառներն ընդհանուր առմամբ ներքաղաքական խորք ունէին` հանդիսանալով «Արաբական գարուն»-ի շարունակութիւնը: Սակայն ժամանակի ընթացքում սիրիացիների ցանկութիւնները խիստ աղաւաղուեցին եւ գործնականում փոխարինուեցին արտաքին ուժերի շահերով: Սրա հետեւանք` այսօր Սիրիայում աւելի շուտ պատուիրակուած պատերազմ է, որում լուծւում են ոչ թէ սիրիացիների, այլ բոլորովին այլ երկրների եւ ուժերի խնդիրները, ինչի համար շատ թանկ են հատուցում սիրիացիները եւ Սիրիան:
ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ամէնից առաջ դուք նկատի ունէք Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի շահե՞րը:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Կարծում եմ` ամէնից առաջ խօսքը վերաբերում է Թուրքիային եւ Սէուտական Արաբիային, սակայն, Ռուսաստանը եւ Միացեալ Նահանգները, անշուշտ, նոյնպէս սեփական շահերն են հետապնդում սիրիական հակամարտութիւնում: Այնուամենայնիւ, Ռուսաստանը սիրիական հակամարտութեան անմիջական մասնակից դարձաւ բաւական ուշ: Այս առումով սպասել այդ հակամարտութեան մօտալուտ հանգուցալուծում կամ առաւել եւս ինչ-որ բան կանխատեսել` բաւական դժուար է: Համոզուած եմ, որ եթէ Սիրիայում լուծուէին բացառապէս սիրիացիների խնդիրները, հակամարտութիւնը նման տեւական բնոյթ չէր կրի` ողբերգութեան չվերածուելով սիրիացի ժողովրդի համար: Թուրքիայից եւ Սէուտական Արաբիայից բացի, հակամարտութիւնում ներգրաւուած է Քաթարը: Բոլոր այդ երկրները տարածաշրջանում Իրանի ազդեցութեան նուազեցման նպատակ են հետապնդում: Թուրքիան նոյնպէս շահագրգռուած է Սիրիայում քրտերի թուլացման հարցում: Ընդ որում, յայտարարելով «Իսլամական պետութեան» դէմ պայքարի մասին` հէնց Անգարան հնարաւոր ամէն բան արեց Սիրիայում վերջինիս ամրապնդման համար: Իրանն իր հերթին խիստ շահագրգռուած չէ Սիրիայում ուժի ձեւաւորմամբ, որն այնուհետեւ կը գործի իր իսկ դէմ: Լիբանանում ազդեցիկ «Հըզպալլա» կազմակերպութիւնը նոյնպէս դրանում շահագրգռուած չէ: Ընդ որում, վերջին 5 տարում Միացեալ Նահանգները բազմիցս փոխել է Սիրիայի առնչութեամբ իր դիրքորոշումը: Սկզբում պահանջում էր Պաշշար Ասատի անվերապահ հեռացումը: Այսօր արդէն հասկանում է, որ Ասատը լուծման ենթակայ խնդրի մի մասն է միայն: Եւ այսօր իր դիրքորոշումները շատ բաներում կախուած են այլ երկրների` նոյն Թուրքիայի եւ Սէուտական Արաբիայի մօտեցումներից: Ռուսաստանն ստիպուած էր մուտք գործել Սիրիա, քանի որ հակառակ դէպքում իր շահերը մերձարեւելեան գործընթացների ետնապարտէզում կը յայտնուէին: Կան նաեւ այլ խաղացողներ, սակայն Ռուսաստանը ցոյց տուեց, որ Սիրիայում է եւ այնտեղ էլ կը մնայ: Նոյնը Միացեալ Նահանգներու մասին այսօր հնարաւոր չէ ասել: Մերձաւոր Արեւելքում իր դերի պահպանման համար Ռուսաստանին պէտք է ներկայութիւն Միջերկրական ծովում, ինչի համար նրան անհրաժեշտ են սիրիական նաւահանգիստները:
ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Ձեր խօսքերից կարելի է եզրակացնել, որ Սիրիայում հիմնական դիմակայութիւնը ծաւալւում է սիւննիների եւ շիաների միջեւ…
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Դա հիմնական ուղղութիւններից մէկն է միայն` մի կողմից Սէուտական Արաբիայի, Թուրքիայի եւ Քաթարի եւ միւս կողմից` Իրանի ու Հըզպալլայի մասնակցութեամբ: Թէեւ Թուրքիայի համար այստեղ կայ նաեւ հակամարտութեան այլ չափում. քրտերի մեծ մասը սիւննիներ են, այլ ոչ թէ` շիաներ:
ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Սիրիա թուրքական ներխուժման նպատակը սահմանափակւում է «5 հազար քմ անվտանգութեան գօտու ստեղծմա՞մբ», թէ՞ իրականում Անգարայի առջեւ այլ խնդիրներ են դրուած:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Բացառուած չէ, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի վերահսկողութիւնն այդ 5 հազար քմ նկատմամբ աւելի տեւական դառնայ: Սակայն Անգարան բաւական վաղուց էր պնդում նման անթռիչք գօտու ստեղծում, որտեղ կը տեղակայուէին սիրիացի փախստականները, թէեւ 5 հազար քմ.ն դրա համար, այնուամենայնիւ, բաւական շատ է: Կարծում եմ, որ այդպիսով Թուրքիան ձգտում է կանխել այդ տարածքների անցումը քրտերի վերահսկողութեան տակ: Կարծում եմ` ժամանակի ընթացքում Անգարան հնարաւոր ամէն բան կ՛անի այդ տարածքները բացառապէս սիրիացիներով բնակեցնելու համար` սեպ խրելով Սիրիայում քրտերի վերահսկողութեան տակ գտնուող տարածքում:
ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Արդեօք Սիրիայում եւ Իրաքում փաստացի պատերազմի պայմաններում Թուրքիայի համար պահպանւո՞ւմ է Սիրիայի, Իրաքի եւ Թուրքիայի տարածքում քրտական պետութեան ստեղծման սպառնալիքը:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Իրաքեան Քիւրտիստանի անկախութիւնն այսօրուայ պայմաններում էլ շարունակում է ամենահաւանական բեմագրութիւնը մնալ: Սակայն թէ՛ Թուրքիայի, թէ՛ Սիրիայի քրտերն ընդհանուր առմամբ անկախութեան մասին չեն մտածում: Յամենայն դէպս այդ մասին չի խօսւում` ի տարբերութիւն իրաքեան Քիւրտիստանի, թէեւ վերջինիս իշխանութիւններն իրենց ներքին քաղաքական տարաձայնութիւններն ունեն:
ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Կարելի՞ է այսօր խօսել «Սառը պատերազմ»-ի շարունակման կամ դրա նոր ալիքի մասին:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Այդպէս չեմ կարծում: «Սառը պատերազմը» անհնար կը դարձնէր, օրինակ, ԵԱՀԿ Մինսքի խմբի գոյութիւնը, Ֆրանսայի եւ Ռուսաստանի նախագահների համագործակցութիւնը` նոյնիսկ Սիրիայի շուրջ հակասութիւնների առաջացումից յետոյ: Այն, ինչ տեղի է ունենում, ինչ որ առումով յիշեցնում է «Սառը պատերազմ»-ի տարիները, սակայն այսօր աշխարհում ամէն բան այնքան սերտօրէն է միահիւսուած, մասնաւորապէս` շահերը, որ նոյնիսկ փոխադարձ պատժամիջոցները կապերի վերջնական խզման չեն յանգեցնում:
Յատկապէս` Ռուսաստանի դէպքում, որը, որպէս միջազգային գործօն, ոչ միայն ուժեղ եւ ազդեցիկ, այլ նաեւ պատասխանատու պետութիւն է: Կարելի էր ենթադրել, թէ այսօր ով կը լուծէր հիմնական հարցերը Սիրիայում եւ Իրաքում, եթէ այնտեղ չլինէր Ռուսաստանը:
Այդ պատճառով Խրիմի եւ Ուքրանիայի հարցում Ռուսաստանից դժգոհութեամբ հանդերձ, Մերձաւոր Արեւելքում Ռուսաստանի դերի հետ հաշուի չնստել Արեւմուտքը չի կարող:
ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Հաշուի առնելով, որ Ճէյմս Ուորլիքն աւելի շատ խօսում է ղարաբաղեան հիմնախնդրի փաթեթային, իսկ Մոսկուան փուլային կարգաւորման մասին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումներում, կարծես, պառակտում է նկատւում…
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Ամերիկացի համանախագահ Ուորլիքն, ըստ էութեան, 2014 թուականից խօսել է հակամարտութեան կարգաւորման փուլային տարբերակի մասին` կողմերին եւ գործընկերներին կոչ անելով համապարփակ պայմանագիրը կազմել առկայ մշակումների եւ պայմանաւորուածութիւնների հիման վրայ: Մինչդեռ մինչ այդ բանակցութիւնների տրամաբանութիւնը միանգամայն այլ էր` ենթադրելով բոլոր սկզբունքային հարցերի շուրջ վերջնական համաձայնութեան ձեռքբերում եւ դրանից յետոյ միայն համապարփակ համաձայնագրի մշակում: Մինչեւ 2016 թուականի ապրիլը փուլային կարգաւորման մասին Պաքւում սկսել էր խօսել նոյնիսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը: Այսօր մեծ հաշուով արդէն բոլորն են հասկացել այդ խօսակցութիւններում գոյութիւն ունեցող վտանգը, ինչի վկայութիւնն էր բացառապէս տարածքների հարցը քննարկելու անթոյլատրելիութեան վերաբերեալ ռուսաստանցի համանախագահ Փոփովի յայտարարութիւնը: Նրան կրկնում է Ուորլիքը` պնդելով բացառապէս տարածքների եւ կարգավիճակի հարցերը քննարկելու անթոյլատրելիութիւնը: Այդպիսով, իրականում վերադարձել են բանակցութիւնների նախնական տրամաբանութեանը, նախեւառաջ, հէնց համանախագահները: Ըստ էութեան, այդ մասին բաւականին վաղուց խօսում էր Մեթիու Պրայզան` պնդելով, որ մէկ հարցի շուրջ համաձայնութեան բացակայութիւնը նշանակում է համաձայնութեան բացակայութիւն բոլոր միւս հարցերի շուրջ:
ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Փաստելով բոլոր հարցերի շուրջ այդ համաձայնութեան բացակայութիւնը` կարելի՞ է արդեօք եզրակացնել, որ առաջուայ պէս ընթանում են բանակցութիւններ` յանուն բանակցութիւնների:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Համանախագահների յայտարարութիւնների համաձայն, որոնք համահունչ են հայկական կողմի յայտարարութիւններին, այսօր բանակցութիւններ են ընթանում հրադադարի խախտումների նկատմամբ վերահսկողութեան մեքանիզմների ստեղծման եւ դրա ամրապնդման շուրջ: Այսօր բուն խնդրի էութեան շուրջ բանակցութիւններ չեն տարւում:
ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Նշէք ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում հայկական դիրքերի համար սպառնալիքների հիմնական ուղղութիւնները:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Կարծում եմ, որ ամէնից առաջ մեզ անհրաժեշտ է ամրապնդել սեփական դիրքերը` արտաքին ուժերին հնարաւոր բացերն օգտագործելու գայթակղութիւնից զրկելու նպատակով: Մենք չենք կարող ներսից թուլանալու շքեղութիւն թոյլ տալ մեզ` մշտապէս համախմբուածութեան անհրաժեշտութիւն զգալով: Նման համախմբուածութիւն հայ հասարակութիւնը, անշուշտ, դրսեւորեց ապրիլին: Եւ «Սասնայ ծռեր»-ի մասնակցութեամբ իրադարձութիւնների միջոցով այդ մթնոլորտին հարուած հասցնելու փորձ արուեց յուլիսին: Ընդ որում, ոչ թէ դրա մասնակիցների, այլ` արտաքին եւ ներքին ուժերի կողմից: Արտաքին սպառնալիք եմ տեսնում Ազրպէյճանի դիրքորոշման մէջ, յատկապէս` շփման գծում հրադադարի խախտումների ծաւալներն աւելացնելու վերջինիս ապրիլեան փորձի լոյսի ներքոյ: Կարծում եմ, որ Ազրպէյճանի բանակի կողմից պարբերաբար կրակոցներն ու խափանարարական ներխուժման փորձերը լիովին կարող են լայնածաւալ պատերազմի նախադրեալներ ստեղծել:
Չեմ բացառում համանախագահող երկրների կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման հնարաւորութիւնը` միասին կամ առանձին, սակայն չեմ կարծում, թէ այն լինի այնպիսի ծաւալների, որ հայկական կողմն ի զօրու չլինի դիմակայելու:
ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ.- Արդեօք նման ծաւալների կարո՞ղ է յանգեցնել ռուս-թուրքական յարաբերութիւններում դիտուող հերթական գարունը:
ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան առաջին հերթին փորձում են աշխուժացնել առեւտրատնտեսական յարաբերութիւնները, այդ թւում` «Թուրքական հոսք»-ի իրագործման միջոցով: Եւ նոյնիսկ եթէ այդ կազամուղը տեւական շահագործման դէպքում ժամանակի ընթացքում Արեւմուտքի համար ձեռք բերի աշխարհաքաղաքական կարեւորութիւն, տուեալ նախագծային փուլում «Թուրքական հոսք»-ը բացառապէս տնտեսական նախագիծ է:
Անգարայի եւ Մոսկուայի միջեւ այլ հարցերում համաձայնեցում չի դիտւում եւ, իմ կարծիքով, առայժմ չի նախատեսւում: Թէեւ Մոսկուան այսօր բոլոր ուժերով փորձում է հնարաւորինս Թուրքիային անջատել Արեւմուտքից: Հէնց այդ նպատակով խօսակցութիւններ են տարւում Ղարաբաղի շուրջ եռակողմ խորհրդատուութիւնների հնարաւորութեան շուրջ` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների մասնակցութեամբ: Սակայն հասկանալի է, որ ղարաբաղեան հիմնախնդիրը նման խորհրդատուութիւններով եւ նման ձեւաչափով չի կարող լուծուել: Նաեւ հասկանալի է, որ Մոսկուան նման մեծարանքներով փորձում է սիրաշահել Թուրքիային եւ Ազրպէյճանին: Պէտք չէ անտարբեր մնալ նման փորձերի նկատմամբ, սակայն, ակնյայտօրէն, հարկ չկայ նաեւ խուճապի մատնուել` հաշուի առնելով նման փոխադարձ սիրալիրութիւնների տակ դատարկութեան առկայութիւնը: Չի կարելի բացառել հայկական կողմերի հաշուին ղարաբաղեան հիմնախնդիրը լուծելու Ռուսաստանի փորձերը, սակայն դրանք ունեն իրենց սահմանները: Ռուսաստանը Հայաստանում ունի սեփական շահերը: Ու Երեւանի նկատմամբ Մոսկուայի վերաբերմունքը թելադրուած է հէնց այդ շահերով, այլ ոչ թէ` հայերի գեղեցիկ աչքերի պատճառով: Այդ ամէնը միանգամայն բնական է, սակայն գիտակցելով այդ հանգամանքը` մենք պէտք է հասկանանք, որ թուրք եւ ազրպէյճանցի բարեկամներին ընդառաջելու Ռուսաստանի ձգտումը կ՛ունենայ իր սահմանները, որոնք պայմանաւորուած կը լինեն առաջին հերթին մեր դիրքորոշմամբ եւ Հայաստանում սեփական շահերը պաշտպանելու Ռուսաստանի ձգտումով:
Վարեց` ԴԱՒԻԹ ՍՏԵՓԱՆԵԱՆ