Ինչպէս ծանօթ է, 31 օգոստոսին ֆութպոլի միջազգային բարեկամական մրցումի մը ընթացքին, Հայաստանի ազգային հաւաքականը հիւրը պիտի ըլլայ Չեխիոյ, իսկ 4 սեպտեմբերին Հայաստան Քոփենհակընի մէջ մրցում մը ունի կատարելիք Դանիոյ դէմ` 2018-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին գծով:
Պատրաստուելու համար այդ մրցումներուն` հայրենի կազմը 28-29 օգոստոսին մարզական հաւաք մը պիտի կատարէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին ֆութպոլի ակադեմիային մէջ, իսկ 30 օգոստոսին պիտի մեկնի Չեխիոյ մայրաքաղաք Փրակա:
Արտասահմանի մէջ հանդէս եկող ֆութպոլիստները հաւաքականին պիտի միանան Չեխիոյ մէջ:
Երէկ Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարուժան Սուքիասեան հրապարակեց իր ընդլայնուած կազմը, որուն մաս կը կազմեն 26 ֆութպոլիստներ:
Այդ երկու մրցումներուն մասնակցելու համար պիտի ընտրուին անոնցմէ 23-ը միայն:
Ստորեւ` Հայաստանի կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արսէն Բեգլարեան (Ալաշկերտ), Անաթոլի Այվազով (Շիրակ) եւ Գոռ Մանուկեան (Փիւնիկ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Կայել Անտոնեան (Մարսէյ, Ֆրանսա), Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Վարազդատ Հարոյեան (Փատիտ, Իրան), Տարօն Ոսկանեան (Քարմիոթիսա, Կիպրոս), Լեւոն Հայրապետեան (Փէյքան, Իրան), Հրայր Մկոյեան (Իսթիղլալ, Իրան), Արտակ Եդիգարեան (Ալաշկերտ), Գէորգ Յովհաննիսեան (Շիրակ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Հենրիխ Մխիթարեան (Մանչեսթըր Եունայթըտ, Անգլիա), Մարքոս Փիցելլի (Ֆոժէյրա, Արաբական Միացեալ Էմիրութիւններ), Արազ Օզպիլիս (Պեշիքթաշ, Թուրքիա), Կարլեն Մկրտչեան (Անժի, Ռուսիա), Դաւիթ Մանոյեան (Քարմիոթիսա, Կիպրոս), Գէորգ Ղազարեան (Մարիթիմօ, Փորթուգալ), Զաւէն Բադոյեան (Բանանց), Դաւիթ Յակոբեան (Շիրակ) եւ Պետրոս Աւետիսեան (Փիւնիկ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Արթուր Սարգիսով (Մորտովա, Ռուսիա), Գեղամ Ղադիմեան (Քարփաթներ, Ուքրանիա), Դաւիթ Արշակեան (Շիքակօ Ֆայըր, Միացեալ Նահանգներ), Ռուսլան Քորեան (Խապարովսք, Ռուսիա) եւ Վարդան Պօղոսեան (Փիւնիկ):