Եղիշէ Չարենցի
Վերջին Օրերը
1937 թուի օգոստոս: Գտնւում եմ Երեւանի բանտի քաղաքական բաժանմունքի առաջին յարկի 4-րդ խցիկում (կամերա), որն ընդհանուր թուարկութեամբ 103-րդն է: Դրսում, ըստ երեւոյթին, շոգը քառասուն աստիճանից անցնում է, այդ պատճառով էլ մեր վրայ կողպուած են միայն երկաթավանդակ դռները, որով պտոյտի կամ քննութեան տարուող կալանաւորներին կարող ենք ներսից տեսնել:
Ահա մեր դրան երկաթէ ճաղերին է մօտենում իր յիմար կատակներով ձանձրալի դարձած Գիժ Վահանը: Նա գլխին ունի մի մոխրագոյն կոնագլխարկ (շլեապա):
– Ադա՛ Վահան, էդ ցիլի՞նդրը որտեղից,- հարցնում է ախտեցի Համոն:
Վահանը գլխից վեր է առնում գլխարկն ու հպարտութեամբ ասում.
– Տեսնը՞մ էք` ի՛նչ լաւ ցիլինդր ա՛, Չարենցը նուիրեց ինձ:
Վահանը Աշտարակի շրջանի Փարբի գիւղից էր, 20-22 տարեկան, բանտարկուած էր ինչ-որ փոքրիկ գողութեան համար եւ աշխատում էր բանտի խոհանոցում, այնպէս որ, ազատ շրջել կարող էր բանտի թէ՛ քրէական եւ թէ՛ քաղաքական բաժանմունքներում: Նրան գիժ էին անուանում, որովհետեւ շատ անհամ կատակներ ու խենթ շարժումներ էր անում:
Վահանից իմացանք, որ չորրորդ օրն է, ինչ Չարենցը գտնւում է մեր սենեակից ոչ հեռու մի մենարանում:
Քիչ անց միջանցքում երեւում է Չարենցը երկու պահակների ընկերակցութեամբ:
– Ինչպէ՞ս էք, ընկե՛ր Չարենց, գոռում են աջ ու ձախ կողմերի խցիկներից:
Նա աջ ձեռքի բութ մատը վերեւ տնկելով ու ժպիտը դէմքին` աջ ու ձախ ասում է.
– Այսպէ՛ս (լաւատրամադիր):
Ապա աւելացնում.
– Դուք էլ այսպէս կացէք:
Յետոյ պահակների պահանջով հեռանում է` նոյն ժպիտը երեսին.
– Ո՞ւր տարան Չարենցին,- հարցնում ենք Վահանին նոյն օրը:
– Գիտեմ ոչ, բանտից դուրս հանիմ,- պատասխանում է նա:
Նոյն բանը հարցնում ենք նաեւ միւս օրը:
– Ադա, խոմ չինացի չէք, որ չէք հասկանում,- գոչում է նա,- էն ա, հայերէն ասի, որ բանտից դուրս տարին, էլի՞, էնա ըստեղ մնար կ՛իմանայի ամէնի հացն ու կերակուրը մենք ենք բաժնում, չէ՞…
Սեպտեմբերի վերջերին ինձ տեղափոխում են էնկավեդէի (Չեկայի) բանտը եւ մարմինս մի քանի օր «լաւ շտկելուց» յետոյ կրկին յետ են բերում ընդհանուր բանտը, սակայն` ոչ թէ նախկին խուցը, այլ` երկրորդ յարկ, 6-րդ խուցը, ուր նստած էր նաեւ խորհրդային գրող Վահրամ Ալազանը:
6-րդ խցիկում եղածս ժամանակամիջոցում նոր եկած բանտարկեալներից ամենահետաքրքրականը «տեռորիստ» Արմենակն էր: Լաւ յիշում եմ նրա բերուելը մեզ մօտ: Ճաշի ժամ էր: Խճակրէ յատակի վրայ նստած` ուտում ենք մեզ տրուած բալանդան (բանտային անհամ, անհոտ եւ անորակ ապուրը): Դուռը բացւում է, եւ դռնապան Սուրէնը ներս է բերում 60-ը անց, ցածրահասակ, երկու աչքերը ծուռ, ամբողջովին թրջուած եւ աղտոտուած հագուստներով մէկ մարդու: Բոլորս հետաքրքրւում ենք նորեկով, ուզում ենք ժամ առաջ իմանալ, թէ ինչո՞ւմ է մեղադրւում այդ տարօրինակ մարդը: Ըստ բանտային սովորութեան, նորեկը գրաւում է ամենավերջին տեղը, պառաշի (աղաստութեան դոյլի) կողքին:
Նա նստում է, ստուգում ձեռքին ունեցած թաց իրերի կապոցը եւ մէկ էլ ճչում.
– Ամա՜ն, ես իմ դոն մոռցայ էնա տեղ:
Բոլորս ապշած նայում ենք նրան` չհասկանալով իր ասածի իմաստը:
Ալազանը, որ նախքան այդ անտարբերութեամբ ուտում էր իր «բալանդա»-ն, դգալը ձեռքից վար է գցում եւ սկսում քահ-քահ ծիծաղել: Նա ծիծաղում է ոչ թէ նորեկի, այլ մեզ վրայ, որ չենք հասկանում մարդու ասածը: Եւ երբ վերջապէս կարողանում է զսպել ծիծաղը, Ալազանը բացատրում է, որ դոն Վանի բարբառով կը նշանակէ վարտիք:
– Ի՞նչ է պատահել, բիձա՛,- հարցնում ենք:
– Գիդա՞մ որ, ընձի բաղնիս տարան, իմ աչքեր կարգին չեն տըսնա, իմ դոն մոռցայ ինա տեղ,- ասում է նա:
– Ինչո՞ւմն ես մեղադրւում:
– Չեմ խասկնայ` ի՞նչ կ՛ասես…
– Ինչի՞ համար են բանտարկել քեզ,- օգնում է Ալազանը:
– Ի՞նչ գիդամ, էն խելառ Անդրէ (Երեւանում յայտնի աւագ-ոստիկան) ձի բռնեց թալեց իգա տեղ: Խմուկ ի (հարբած էի), չեմ յիշէ:
Մի քանի օր շարունակ հարցու-փորձում ենք նրան, բայց իր բանտարկութեան բուն պատճառները չենք կարողանում իրենից իմանալ:
Անցնում են մի քանի օրեր: Մեր խցիկն են բերում մէկ ուրիշ վանեցու, որը թէ՛ Արմենակին է ճանաչում, թէ՛ տեղեկութիւն ունի նրա հետ պատահածից: Պատմում է, որ խելքից խեղճ ու գինեմոլ համբալ Արմենակը կոլխոզ-շուկայում խմելիս է լինում, քեֆի լաւ ժամանակ միտքն է գալիս իր հայրենակից Խանջեանը եւ սկսում է բարձրաձայն գոռալ.
– Ես Բերիայի էսենց-Էնենց… ես տի էթամ Թիֆլիս, Բերիային սպանեմ:
Այդ րոպէին անցնում է Անդրէն, լսում եւ Արմենակին բանտարկում իբրեւ «Տեռորիստ»-ի:
1937-1938-ի մարդմթերման օրերին Արմենակն էլ ոչնչացուեց: ԽՍՀՄ-ի պատժական օրէնքի 58-րդ յօդուածով դատապարտուելով «հակախորհրդային տեռոր»-ի համար:
Նոյեմբերի սկիզբը ծանր հիւանդանում եմ աղետապով (տիզանթերիով) եւ երկար տանջուելուց յետոյ բախտ ունենում բանտային հիւանդանոց փոխադրուելու, որ գտնւում է բանտի բակում: Հիւանդանոցը ցարական բանտի նախկին եկեղեցին է, մի փոքրիկ շէնք, որ երկու «պալատների» է վերածուած, ամէն մէկում` չորս մահճակալ:
Ութ ամիս շարունակ խճակրէ յատակների վրայ տառապելուց, ծեծից ու խոշտանգումներից տնքտնքացող մարմինս հէնց որ տեղաւորւում է մահճակալի վրայ, քունս անմիջապէս տանում է: Շատ էի քնել թէ քիչ, չգիտեմ, մէկ էլ ականջիս գոռոցներ են հասնում: Ահաբեկ վեր եմ ցատկում ու նստում անկողնում: Կողքիս հիւանդը, որ Գրիգոր Վարդանեանն է (ՀՕԿ-ի նախկին նախագահը), վշտոտ ժպտով ասում է.
– Այս դեռ ցերեկուայ գոռոցներն են, դու գիշերը կը լսես իսկական գոռոցը, մատա՛ղ քեզ:
– Իսկ ո՞վ է գոռացողը.- հարցնում եմ:
– Չարենցն է,- պատասխանում է Վարդանեանը,- մի քանի օր է, ինչ էնկավեդէից (Չեկա) այստեղ են բերել, ո՞վ գիտէ, թէ ինչե՛ր են խաղացել գլխին, խեղճը ոչ ինքն է կարողանում հանգիստ գտնել, ոչ էլ մեզ է հանգիստ տալիս:
– Իսկ ո՞ւր է նա պառկած,- հարցնում եմ նորից:
– Պէտքարանին կից խցիկում. մենակ, ասում է նա:
Լռում ենք: Մտածում ենք մի կերպ տեսնել Չարենցին: Իմ հիւանդութեան կապակցութեամբ արտօնութիւն ունեմ յաճախ պէտքարան գնալու, իսկ այդ բանից յետոյ է՛լ աւելի յաճախ եմ գնում: Վերջապէս յաջողւում է ինձ դրան բանալիի անցքից տեսնել նրան: Աստուա՛ծ իմ, հայկական քերթութեան մեր օրերի կուռքը պառկած է աչքերն առաստաղին չռած` իբրեւ գազանների կողմից կենդանի-կենդանի յօշոտուած մի դիակ, այլանդակուած ու զարհուրելի վիճակի մէջ…
Օրեր շարունակ, յատկապէս գիշերները, մենք անընդհատ լսում ենք «Ես իմ անուշ Հայաստանի»-ի անմահ հեղինակի սրտակեղէք հառաչանքներն ու հոգեցունց տնքոցները:
Երբեմն-երբեմն նա հայերէն ու ռուսերէն հայհոյանքներ ուղղելով դահիճներին` բղաւում է.
– Սրիկանե՛ր, գազաննե՛ր, մորֆին եմ ուզում, մորֆին տուէք, որ գոնէ քիչ հանգստանամ…
– Մի անգամ էլ գիշերին այլեւս չեն լսւում նրա գոռոցները (դեկտեմբերին էր այդ): «Ընկեր» Գոքորը (Վարդանեանը) շատ գոհ է մնում, որ հանգիստ կարող է քնել ու կարծում է, որ Չարենցին վերջապէս մորֆին (քնադեղ) ներարկեցին:
Քիչ անց ներս է մտնում միջահասակ ու բարի ռուս հիւանդապահուհին, որ նոյնպէս բանտարկեալ է: Նա մասնագիտութեամբ մանկաբարձուհի է եւ իր կատարած ապօրինի վիժեցման համար դատապարտուած է հինգ տարուայ ազատազրկման:
– Երեւի Չարենցին մորֆին ներարկեցիք, որ գիշերը հանգիստ անցաւ,- հարցնում ենք մենք:
Կինը մի պահ խորհրդաւոր դիտում է մեզ ու քրթմնջում:
– Նրան այլեւս ոչինչ պէտք չէ… Նա վերջապէս ազատուեց այս դժոխքից…
Մեզ վրայ իջնում է քար լռութիւն:
Յետոյ նա ջերմաչափն ուղղում է ինձ ու հարցնում.
– Ասում են` լաւ բանաստեղծ էր, ճի՞շդ է:
– Ինչպէս ձեր Պուշկինը,- հազիւ յուզմունքս խեղդելով ասում եմ ես եւ տեսնում, թէ ինչպէ՛ս բարի կնոջ աչքերից գլորւում են արցունքի կաթիլները:
Գործը վերջացնելով` նա «Ա՜խ, Բոժէ մոյ, Բոժէ մոյ» (Աստուած իմ) գոչելով հեռանում է:
Կէս ժամ չանցած` լսւում է բանտապետի օգնական Սինանեանի ձայնը: Դրան անցքից նայում ենք:
Դռնապաններ Սուրէնն ու Աբդուլը բերում են մի կեղտոտ ու հին դագաղ, որով, ո՞վ գիտէ, երբուանից սկսած այս բանտից մեռելներ են դուրս հանել, անդագաղ փոսը նետել եւ նոյն դագաղը նորէն յետ բերել` նոր մեռնողների համար:
Նրանք մտնում են բանաստեղծի խցիկը: Երբ որ դուրս են գնում, նկատում եմ, որ «ընկեր» Գոքորն էլ իմ չափ հետաքրքիր` հետեւում է կատարուածին: Չեմ համբերում եւ ասում եմ նրան:
– Այդպէ՞ս է գրուած եղել ձեր Մարքսի կոտրած ձեռքով:
– Ասա՛, մատաղ, իրաւունք ունես,- մրթմրթում է նա աղուէսի նման աչքերը վրաս պլշած:
Թէ որքա՛ն ճիշդ է, չգիտեմ, այն օրերին մեր բանտում խօսւում էր, թէ մեռնելուց առաջ Չարենցն իր խցիկի պատին գրել է.
«Սա բանտ չէ, այլ գերեզման, ուր իրենց մշտնջենական նինջն են գտել հայկական մտքի մշակները»:
– Ի թիւս նրանց, ամենամեծ մշակներից մէկը` ՉԱՐԵՆՑԸ,- աւելացնենք մենք:
Վ. ԼԱՍԱՐՕ