«1915 Թ. Սկզբին Օսմանեան Կայսրութեան Համար Կռուող Հայ Զինուորներ Կային»
1915 թ. յունուար-փետրուար ամիսներին օսմանեան գումարտակներում կռուող հայ զինուորներ կային: Ռուսների կողմից գերեվարուած հայերի թիւը 150-ից աւելի էր` չհաշուած սպաննուածները: Սարիղամիշում Էնվեր փաշային մահից փրկողը հայ զինուոր էր: Օսմանեան հայ զինուոր: Նրան մի քանի քիլոմեթր շալակած տարել է: Սրա համար Էնվեր փաշան շնորհակալական նամակ է գրում հայ եպիսկոպոսին: Եւ այս նամակը 1916 թ. մամուլում է հրապարակւում: Զէնք բռնելու ունակ օսմանեան հայերի հիմնական մասը բանակ էր զօրակոչուել եւ հետագայում ոչնչացուել: Ահա սա է պատմութեան հակիրճ շարադրանքը:
Համակարգուած եւ կանոնաւոր հայկական ապստամբութիւն հետագայում է տեղի ունեցել: Եթէ նման բան լինէր, փաստաթղթեր էլ կը լինէին: Մարդուն անգամ ցաւ է պատճառում այն, որ այս ամէնը կեղծիք են որակում: Եթէ նայէք ապստամբութիւն որակուած դէպքերին մէկ առ մէկ, կը հասկանաք, թէ ինչ նկատի ունեմ: Այս փաստաթղթերը հրատարակուել են Գլխաւոր սպայակոյտի 8 հատորից բաղկացած աշխատութիւններում: Սակայն հաւանաբար ոչ ոք չի կարդացել… Օրինակ` Զէյթունի դէպքը, որը հայկական ապստամբութիւն է որակւում, լոկ զինուորական ծառայութիւնից խուսափած երիտասարդների ընդվզում է… Զէյթունի բնակչութիւնը եւս հաւանութիւն չէր տալիս երիտասարդների դիրքորոշմանը: Պիթլիսում դաշնակցական ներկայացուցիչը գործում էր զինուորական հրամանատարի հետ միասին: Այս ամէնի մասին կարելի է կարդալ շրջանի զինուորականների զեկոյցներում:
Եթէ հակիրճ ներկայացնելու լինենք, ապա այն, ինչ տեղի է ունեցել յատկապէս 1915 թ. փետրուար-մարտ ամիսներին, որը կոչում են «ապստամբութիւն» եւ փորձում են ուժով խցկել մեր երիտասարդների մտայնութեան, մեր երիտասարդների գլխի մէջ, ըստ էութեան, դասալիքների հետ որոշ բախումներ են:
«Սարիղամիշի Պարտութիւնից Յետոյ Հրապարակ Եկաւ Ապստամբութիւն Կոչուածը»
Այս ամէնը Սարիղամիշի պարտութիւնից յետոյ մի մեծ ապստամբութեան մասին անհիմն խօսակցութեան վերածուեց, որը ցայսօր շարունակւում է:
Մէկ այլ օրինակ բերեմ. Թուրքիայում շատ տարածուած մէկ այլ քարոզչութիւն կայ, այնպէս չէ՞. թէ իբր հայերը բանակից փախել են, ռազմաճակատի հեռագրալարերը կտրել են, յարձակուել են հեռագրատնի մեքենաների վրայ եւ այլն… Այո՛, փախել են, սակայն բոլորն են փախել` հայը, յոյնը, քիւրտը, թուրքը, մուսուլմանը… Օրինակ` մի տեղ հեռագրատնի մեքենայի վրայ յարձակում են գործում, Ներքին գործերի նախարար Թալէաթ փաշան հարցնում է, թէ յարձակում գործածներից քանի՛ հոգին է թուրք, քանիսը չերքեզ, քանիսը հայ եւ քանիսը յոյն… Պատասխանում էլ ասւում է, թէ այսքանը յոյն, այսքանը մուսուլման են եւ այլն, որովհետեւ սրանք դասալիքներ են… ուտելիք հայթայթելու խնդիր ունէին, այդ իսկ պատճառով էլ աջ ու ձախ յարձակւում էին:
«Բնաջնջման Մասին Լսած Կառավարութեան Անդամները Հետագայում Ցանկացան Գլուխներն Ազատել` Ասելով, Թէ` «Մենք Տեղեակ Չենք Եղել»
– Թալէաթ փաշայից բացի` կառավարութեան անդամները տեղեա՞կ էին: Ասում են, թէ կառավարութեան որոշ անդամներ կատարուածի մասին հետագայում են լսել: Անգամ հետագայում իմացածների եւ դէպքերի մասին տեղեակ եղածների միջեւ վիճաբանութիւններ են եղել:
– Ճիշդ էք լսել, այս մասին այդ մարդիկ հետագայում են ասում: Ցեղասպանութիւնն, ըստ էութեան, Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կենտրոնական կոմիտէի հրամանով է կատարուել: Խօսք չի կարող լինել կառավարութեան անդամների` բնաջնջման մասին որոշմանը մասնակցելուց, սակայն այս ոչնչացման մասին լսել են ու ձայն չեն հանել: Յետոյ էլ փորձել են գլուխներն ազատել` ասելով, թէ` «տեղեակ չենք եղել»: Բնականաբար տեղեակ են եղել, հակառակը լինել չի կարող, քանի որ այս լուրերը հասնում էին Պոլիս, բացի այդ` Գերմանիան եւ Ամերիկան կանոնաւոր կերպով կառավարութեան անդամներից բացատրութիւն էին պահանջում եւ այլն: Այս առումով Սայիտ Հալիմ փաշան շատ հետաքրքիր օրինակ է. «Մեզ ասացին, որ տեղահանութեան համար զինուորներ են անհրաժեշտ, մենք, որպէս ռազմական նախազգուշական միջոց, որոշում կայացրեցինք, սակայն երբ բնաջնջման մասին լուրեր սկսեցին պտտուել, ես այդ մասին հարցրեցի Թալէաթին: Թալէաթն էլ ինձ պատասխանեց, որ ոչ մի բան չկայ»: Իրեն պաշտպանելու համար ասում է. «Շրջաններ պատուիրակութիւններ ենք ուղարկել, սակայն նրանց զեկոյցները Թալէաթը մեզանից թաքցրել է»:
Կարո՞ղ էք պատկերացնել, որ կառավարութեան ղեկավարը տնայարդարման ծաղիկի պէս է, ոչ ոք լուրջ չի վերաբերւում … Սակայն գիտի, թէ ինչ է եղել, բայց անգամ չի մտածում խոստովանել: Իսկ 1918 թ. յետոյ փորձում են իրենց արդարացնել:
Գերմանացի պատմաբան Կիւնթըր Լիուին ասում է, որ 620-640 հազար հայ է սպաննուել: Ինձ Կիւնթըր Լիուին վերաբերեալ հարց ուղղելն է անգամ սխալ: Թող ինձ ների, սակայն շարքային տգէտի մէկն է: Ասենք, թէ թուրքերէն չիմանալը խնդիր չէ, սակայն գրում է, թէ 1916 թ. Դիարբեքիրը (Տիգրանակերտ) բռնազաւթել են, եւ կարծում, թէ 1919-1921 թթ. դատավարութիւններից Տրապիզոնի եւ Եոզղատի դատավարութիւնները տեղի են ունեցել Տրապիզոնում եւ Եոզղատում… Իսկ Պոլսի դատավարութիւնների վերաբերեալ օգտագործել է ժամանակին գերմաներէն հրապարակած փաստաթղթերը, որոնք խնդրել էր ինձանից, ես էլ տուել էի: Մի կողմ թողնենք Լիուին:
Պաշտօնական վիճակագրութիւնը հետեւեալն է. 1918 թ. նոյեմբերին օսմանեան նոր կառավարութիւնը պատերազմական կորուստները քննող յանձնաժողով է ստեղծում, որը վիճակագրութիւնը ներկայացնում է 1919 թ. մայիսին: Համաձայն այդ տուեալների, Ա. Համաշխարհային պատերազմի տարիներին սպաննուած հայերի թիւը 800 հազար է: 1928 թ. թուրքական Գլխաւոր սպայակոյտի հրամանատարութիւնը Ա. Համաշխարհային պատերազմի կորուստների վերաբերեալ գիրք է հրապարակել, որտեղ 800 հազար թիւն է նշուած: Գրքում Գլխաւոր սպայակոյտի տողատակում նշում է` «մեզ մօտ եղած թուերը հետեւեալներն են»: Սա միայն մինչեւ 1918 թ. գրանցուած մահացութիւնների թիւն է: Եթէ սրան գումարէք նաեւ հետագայում Կովկասում մահացած հայերին, ապա մէկ միլիոն կը ստանաք:
1918-1920 թթ. մշտապէս այս թուերն էին շրջանառւում: Մուսթաֆա Քեմալը եւս բազմիցս այս թիւն է օգտագործել: Օրինակ` ամերիկացի զօրավար Հարպորը 1918 թ. սեպտեմբերին իր զեկոյցում եւս այս թիւն է նշում: Հետեւաբար, ասել, թէ պարոն Կ. Լիուին այս թիւն է նշում, «Պրիթանիքա» հանրագիտարանը այս թիւը, Ք. Կիւրիւնը, Հալաճօղլուն` այս, պարապ խօսքեր են:
Վրէժխնդրութեան Հողի Վրայ Յարձակումներ Եղե՞լ Են
– Այս դէպքերից յետոյ հայերը փորձե՞լ են վրէժխնդիր լինել:
– Երկու տեսակ վրէժխնդրութեան դէպք է եղել: Առաջին` արդարութիւն փնտռող հին յունական աստուածուհի Նեմեսիսի անուամբ ստեղծուած կազմակերպութեան վրէժխնդրութեան գործողութիւնները: Որոշումը կայացուել է 1919 թ. Դաշնակցութեան համագումարում: 4 կարեւոր իթթիհատական առաջնորդ է սպաննուել: 1921 թ. մարտին Թալէաթ փաշան սպաննուել է Պերլինում, Սայիտ Հալիմ փաշան` 1921 թ. Հռոմում, Պեհաէտտին Շաքիրը եւ Ճեմալ Ազմին (Տրապիզոնի վալին)` 1922 թ. ապրիլին եւ Ճեմալ փաշան` 1922 թ. յուլիսին Թիֆլիսում: Այս խմբի կողմից սպաննուած որոշ հայեր եւս կան:
Երկրորդ` 1918 թ. յունուարի վերջին վրէժխնդրութեան գործողութիւններ են կատարուել: Պոլշեւիկեան յեղաշրջումից յետոյ ռուսական զինուորները լքում են Արեւելեան Հայաստանը: Այնտեղ Անդրանիկի հրամանատարութեամբ հայկական բանակ կար: Հայկական բանակը, որը յետ էր մղել Վեհիպ փաշայի հրամանատարութեան տակ եղած երրորդ բանակի բռնազաւթման նպատակով առաջխաղացումը դէպի Երզնկա եւ Էրզրում, որոշ վայրերում մուսուլմաններին կոտորում է: Թեմայի վերաբերեալ հրապարակած մեր Գլխաւոր սպայակոյտի բոլոր փաստաթղթերը մէկ առ մէկ կարդացել եմ` հաւաքելով թուերը: Համաձայն այս թուերի, սպաննուել է 5000-ից աւելի մուսուլման, սակայն սրան պէտք է գումարենք Կովկասում 1919-1920 թթ. սպաննուած մուսուլմանների թիւը եւս: Դժուար կարողանամ յստակ թիւ նշել, սակայն կարծում եմ` սխալ չի լինի ենթադրել, որ այդ թիւը մօտաւորապէս 10 հազարի չափ է:
«Հայերը 20-Ականներից Սկսած Խօսում Են: Նրանց Ահաբեկչական Արարքներից Յետոյ Հարցը Թուրքիայի Օրակարգ Մտաւ»
– Երբուանի՞ց են Թուրքիայում արծարծում հայկական խնդիրը կամ էլ Հայոց ցեղասպանութիւնը: 1921 թ. սկսա՞ծ, թէ՞ երբ առաջին անգամ ցեղասպանութիւն եզրը ի յայտ եկաւ: Թէ՞ նրանց ահաբեկչական արարքներից յետոյ սկսեցին խօսել:
– Գոյութիւն ունեն տարբեր փուլեր: Բնականաբար բնաջնջումը հայերի համար միշտ էլ եղել է թեմա, որի մասին իմացել, խօսել եւ գրել են: Դեռեւս 1920-1930-ական թթ. անընդհատ գրել, խօսել եւ գրքեր են հրապարակել: Այս ամէնը հայերէն լեզուով կայ: Երբ 1948 թ. ցեղասպանութիւն եզրը գործածութեան մէջ դրուեց, անմիջապէս սկսեցին օգտագործել: Ըստ էութեան, Լեմքինը մի հայ ընկեր ունէր, որն օգնում էր իրեն: Լեմքինը յայտարարութիւն է տալիս հայկական թերթերին, յօդուած գրում: Իսկ հայերը միջազգային ոգեկոչման միջոցառումներ սկսել են կատարել 1965 թուականից: Ե՛ւ Պէյրութում, ե՛ւ Հայաստանում Ցեղասպանութեան 50-րդ տարելիցին սկսեցին ոգեկոչման միջոցառումներ կազմակերպել: Եւ հէնց այդ ժամանակ էլ հայերը շարունակաբար գործածում էին ցեղասպանութիւն բառը: Այսինքն 1965 թ. շրջադարձային նշանակութիւն ունէր:
Միւս շրջադարձային պահն էլ, ինչպէս իրաւամբ նշեցիք, նրանց ահաբեկչական արարքներն էր: Նրանց ահաբեկչական արարքների գործողութիւններով այս թեման մտաւ օրակարգ եւ դարձաւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան կարեւոր խնդիրներից մէկը: Եթէ չհաշուենք 1950-ականներին լոյս տեսած Էսատ Ուրասի գիրքը, ապա պատահական չէ, որ Թուրքիայում Ցեղասպանութեան վերաբերեալ առաջին գրքերը հէնց դիւանագէտներն են սկսում գրել: Երանի թէ այս ոճրագործութիւնները չլինէին, եւ խնդիրը օրակարգ բարձրանար առանց այս ոճրագործութիւնների կարիքն զգալու:
Մէկ այլ կարեւոր թուական էլ 1991 թ. էր: Այս թուականին Հայաստանը դարձաւ անկախ երկիր, եւ Թուրքիան ստիպուած եղաւ հետաքրքրուել այս թեմայով: Այս թուականից սկսած` Ցեղասպանութեան հարցը սկսում է դառնալ կարեւոր միջազգային խնդիր: Յաւելելու արժանի այլ փուլեր եւս կան: Կարծում եմ` այս թեման գնալով օրակարգում հաստատուեց այնպիսի արտաքին պատճառներով, ինչպիսիք են մեր` գիտնականներիս կողմից հրատարակուած թուրքերէն գրքերը, Հրանդ Տինքի լոյս ընծայած «Ակօս» շաբաթաթերթը, համացանցային հեռուստատեսութիւնը, Ամերիկայի եւ Ֆրանսայի ծերակոյտների` Ցեղասպանութեան վերաբերեալ որոշումներ կայացնելու նախաձեռնութիւնները, Ֆրանսայում օրէնք ընդունումը եւ այլն: Այսուհետ այս պատճառներն էլ աւելի շատ են լինելու… Այդպէս է երեւում, քանզի այլեւս Թուրքիայում թուով մեծացող քաղաքացիական հասարակութիւն կայ, եւ այդ մարդիկ հասկանում են, որ այս հարցի հետ անհրաժեշտ է առերեսուել:
«Եթէ Կառավարութիւնը Մի Կողմ Թողնի Ուղեղների Լուացումը, Ապա Ամենաուշը 6 Ամսուայ Ընթացքում Լուծում Կը Գտնուի»
– Ինչպէ՞ս պէտք է այս հարցը բացատրել նրանց, ովքեր մեծացել են «Ի՜նչ երջանիկ է նա, ով ասում է` թուրք եմ», «Թուրքիան երեք կողմից շրջապատուած է ծովերով, չորս կողմից` թշնամիներով» կարգախօսներով:
– Աստուած վկայ, դա բնականաբար հնարաւոր կը լինի միայն այն ժամանակ, երբ կառավարութիւնը վերացնի հարցը բացատրելու, պատմելու առջեւ ծառացած խոչընդոտները: Մի օրինակ բերեմ, որը ցոյց կը տայ, թէ ի՛նչ դժուար է գործը: Այսօր դեռեւս թուրքական դասագրքերում հայը համարւում է մեր ազգային անվտանգութեան համար սպառնալիք. այդպէս են սովորեցնում:
Մի երկրում, որտեղ հային ներկայացնում են որպէս ազգային անվտանգութեանը սպառնալիք եւ այդպէս կրթում երեխաներին, բնականաբար հարցի կարգաւորման ուղղութեամբ դրական քայլ չի կարող կատարուել: Առաջինը գործը, որ պէտք է անել, կառավարութեան` ատելութեամբ լեցուն եւ ցեղապաշտ մօտեցմամբ այս գրքերը պէտք է կիրառութիւնից հանել: Ես հաւատում եմ, որ եթէ համապատասխան մթնոլորտ ստեղծուի, Թուրքիան իր մարդկանց կարող է հեշտութեամբ պատմել անցեալում կատարուած ոճրագործութիւնների մասին: Արեւը տիղմով չես կարող ծածկել… Քրտական շրջաններում քրտերը շատ լաւ գիտեն, թէ իրենց շրջանում ինչ է կատարուել: Եթէ այսօր կառավարութիւնը վերջ դնի ուղեղի միակողմանի լուացմանը, ապա 6 ամսում իրական լուծում կարելի է գտնել:
Կարծում եմ` իրականում մարդիկ գիտեն, թէ ի՛նչ է կատարուել: Հրանդի մահուանից յետոյ այլեւս այս երկրում նրանք, ովքեր ասում են «Հաւանաբար այս երկրում վատ բաներ են կատարուել», մեծամասնութիւն են դարձել: Խօսում եմ մեծամասնութիւնից, ով ասում է. «Դե՛հ, եթէ այս պետութիւնը չկարողացաւ դիմանալ մի լրագրողի, սպաննեց նրան, Աստուած գիտի, թէ պատմութեան ընթացքում ինչե՜ր են կատարուել»: Հրանդի սպանութիւնից յետոյ թուրք մարդու սիրտն այլեւս մեզ պէս մտածող մարդկանց կողմնակից է: Այլեւս սրտերը լի են մտքերով, որ 1915 թ. վատ, շատ վատ բաներ են կատարուել: Ժխտողականները կորցրել են սրտերի պատերազմը: Պաշտպանուողներն այլեւս նրանք են: Տեսէ՜ք, անցեալ շաբաթ անգամ Թայիփ Էրտողանն էր գոռում, թէ` «Ինչո՞ւ ենք մենք պաշտպանուողները»:
Թայիփ Էրտողանը դեռ զարմանալու է, որ այս երկրում իրենց թուրք, ազգայնական համարող շատ մարդիկ եւս միանալու են այս մեծամասնութեանը, որովհետեւ հարցը կապուած չէ աջակողմեան, ձախակողմեան, ազգայնական, կրօնական կամ աշխարհիկ լինելու հետ: Նաեւ ալեւիական, քրտական, թուրքական հարց էլ չէ: Ողջ հարցը կայանում է նրանում, որ ազգայնականը, աջակողմեանը, ձախակողմեանը, կրօնականն ու աշխարհիկը, ալեւին, քիւրտը, թուրքն ու չերքեզը` բոլորս, մեր պատմութեան վերաբերեալ ունեցած կարծիքի հետ նորից ենք ծանօթանալու:
Հետեւաբար կարծում եմ, որ Թուրքիայում գլխաւոր խնդիրն այն չէ, թէ մարդիկ դեռեւս չգիտեն, այլ այն, որ պետութիւնը դեռեւս այս հարցին դիմադրում է: Եւ դրա համար էլ, իրօք, ինչպէս քրտերը, ալեւիներն ու ձախակողմեանները կարողացան պայքարել եւ իրենց մասին կեղծիքներն ու ստերը յօդս ցնդեցնել, այնպէս էլ պէտք է գործել Հայոց ցեղասպանութեան շուրջ եղած ստի ու կեղծիքի դէպքում: Այս երկրում պայքարելու համար բաւականաչափ հայ չկայ այլեւս: Եւ սա նրանց նկատմամբ մեր պարտքն ու պարտականութիւնն է:
ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄ
«ԹԷ. 24»
Թարգմ.` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆ
«Ակունք»
(Վերջ)