Ուիլիըմ Սարոյեան
Ինք Իր Մասին
Թէեւ ես գրում եմ անգլերէն եւ թէեւ ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող:
Իմ գործածած բառերը անգլերէն են:
Միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկեան է:
Ոգին, սակայն, որ մղում է ինձ գրելու, հայկական է:
Ուստի ես հայ գրող եմ:
Ես խորապէս սիրում եմ հայ գրողների մեծ ընտանիքին պատկանելու պատիւը:
Ես հպարտ եմ հայ ժողովրդի ազնուականութեամբ, արիութեամբ, իմացականութեամբ, ուժով, պարզութեամբ, սրամտութեամբ, նրա հանճարով ու խիզախութեամբ:
Այս բարեմասնութիւնները ժառանգութիւնն են բոլոր ճշմարիտ հայերի:
Նրանք սնուցել են իմ հոգին հԷնց սկզբից, եւ ես երախտապարտ եմ:
Աշխարհ երբեք չի կարող պարտութեան մատնել մի ազնիւ ժողովուրդ:
Եթէ մենք զրկուած ենք մայրենի հողից, աշխարհը կը լինի մեզ մայրենի հող:
Եթէ մենք զրկուած ենք մեր կառավարութիւնից, հայ ոգին կը դառնայ մեր կառավարութիւնը:
Ու մի քաղաքական ուժ չի կարող դաւաճանել մեզ:
Վաստակաւոր կեանքով ապրելու տենչը հզօր է հայի մէջ: Հայաստանի ուժը թուերի մէջ չէ, այլ` մարդ անհատի սրտի մէջ: Սա է միակ իրական ուժը, որ մարդիկ, իբրեւ անհատներ, կարող են ունենալ:
Թուերի մէջ եղած ուժը ստորադաս է եւ անարժէք: Անասնական ուժ է, անարժան` քաղաքակիրթ մարդ էակի համար: Ինչ որ նա անում է, անարժէք է մարդու վայելուչ ու բարի զարգացման պատմութեան մէջ:
Գալիք տարիներին, նոյնիսկ երբ աշխարհ վայրագանայ, հայը պիտի լինի հաւատարիմ հոգեկան այն օրէնքներին, որոնք նրա ժառանգութիւնն են կազմում:
Մենք պիտի աճինք: Ոչ թէ աշխարհը անիմաստ կերպով լեցնող մարդկային էակներով: Այլ իրենք իրենց, իրենց ցեղը, իրենց ժառանգութիւնը, ազնուական ու բեղուն կեանքով ապրելու իրենց պարտականութիւնը գիտակցող անհատներով: Մենք պիտի աճինք մարդկանցով, որոնք ժամանակի վատնում չեն աշխարհի համար:
Ազնիւ ծնած մարդիկ արժանի են աւելի լաւ աշխարհի, քան թէ` այս աշխարհը:
Լաւ աշխարհը սակայն պէտք է ստեղծուի մարդկանց ձեռքով:
Հայ ոգին հզօր ոգի է: Նա չի պարտուած չար աշխարհից: Ընդհակառակը, նա պարտութեան է մատնում չար աշխարհին: Նա այդպէս է անում յայտնաբերելով այդ աշխարհը իրեն համար եւ մնալով անեղծ նրանից:
Ես հաւատում եմ մարդու բարութեան: Ես հաւատում եմ, որ մարդու ճակատագիրը ազնուական ճակատագիր է: Ես ատում եմ այն ուժերը, որոնք ձգտում են կործանել մարդու ազնուութիւնը:
Ես հայ եմ:
Ես գրող եմ:
Աշխարհի ապականուած ուժերի դէմ իմ զէնքերն են անաղարտ աչքը, պարկեշտ միտքը, մաքուր սիրտը, խանդակաթ ոգին, որոնք մղում են ինձ գրելու:
5 Սեպտ. 1939