ՎԱՐԵՑ` ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարուայ` «Մեր տունը» խորագրով դրամահաւաքի հանգանակութիւնները կ՛ուղղուեն Արցախի բազմազաւակ ընտանիքների համար բնակարանների կառուցմանը: Նոյեմբերի 26-ին, Միացեալ Նահանգների Արեւմտեան ափում առաւօտեան ժամը 10:00-ին կը մեկնարկի հիմնադրամի ամենամեայ միջազգային հեռուստամարաթոնը, որի ընթացքում աշխարհասփիւռ հայութիւնը հնարաւորութիւն կ՛ունենայ իր լուման ներդնելու աւելի քան երկու հարիւր հայ ընտանիքների ընկերային-կենցաղային պայմանների բարելաւման գործում:
«Հիմա է ժամանակը զօրացնելու եւ զարգացնելու մեր հայրենիքը: Հայաստանից դուրս բնակուող իւրաքանչիւր հայ իր կարելիութեան սահմաններում պէտք է իր բաժինը տայ մեր երկրին», կոչով հայրենակիցներին է դիմում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացեալ Նահանգներու Արեւմտեան շրջանի տեղական մարմնի նախագահը` համայնքում յայտնի բարերար Անդրանիկ Պաղտասարեանը: Հիմնադրամի Կլենտէյլում գործող գրասենեակում հեռուստամարաթոնի նախապատրաստման վերջին փուլն է. աշխատանքներ են տարւում կամաւորների` հանրային դպրոցներից հայ աշակերտների հետ, ովքեր նոյեմբերի 26-ին 12 ժամ շարունակ ուղիղ եթերում ընդունելու են հանրութեան նուիրատուութիւնները, միաժամանակ հեռախօսազանգերով յորդորելու են համայնքին` մաս կազմելու համահայկական այս նախաձեռնութեանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացեալ Նահանգներու Արեւմտեան շրջանի տեղական մարմինի նախագահ Անդրանիկ Պաղտասարեանն ու գործադիր տնօրէն Սարգիս Քոթանճեանը մանրամասներ են ներկայացնում 2015թ. դրամահաւաքի եւ կազմակերպութեան գործունէութեան մասին:
ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ.- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն-2015-ի գլխաւոր նպատակն է բնակարաններով ապահովել Արցախում հինգ եւ աւելի երեխայ ունեցող ընտանիքներին: Ուսումնասիրութիւնների արդիւնքում պարզուել է, որ բազմազաւակ ընտանիքների թիւը 466 է, սակայն բնակարանի կարիք ունի 211-ը: Այս ընտանիքները բնակւում են փոքր բնակմակերես ունեցող, կիսախարխուլ տներում: Դրամահաւաքի գումարներով կառուցուելու են սեփական տներ, որոնք բնակիչներին կը յանձնուեն կահաւորուած, կից` յատկացուելու է հազար քառակուսի մեթր տարածքով հող, որտեղ կարելի է զբաղուել հողագործութեամբ եւ անասնապահութեամբ: Նորակառոյցները կը լինեն նոյն վայրում, որտեղ բնակւում է տուեալ ընտանիքը: Ներկայում Արցախում մէկ քառ. քիլոմեթրի վրայ 12 մարդ է ապրում, այնինչ Երեւանում` շուրջ 112: Ցանկանում ենք փոխել նաեւ այս վիճակագրութիւնը: Մեր ծրագրի արդիւնքում թէ՛ գիւղը կը զարգանայ թէ՛ կեանքի որակը կը բարելաւուի, եւ միաժամանակ ժողովրդագրական առումով խթան կը լինի բնակչութեան աճին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպիսի՞ առաջնահերթութեամբ կը տրուեն նոր բնակարանները:
ՍԱՐԳԻՍ ՔՈԹԱՆՃԵԱՆ.- Առաջնահերթութիւնը կը տրուի ընկերային-տնտեսական առաւել ծանր վիճակում գտնուող ընտանիքներին, երկրորդը` ԼՂՀ բանակում, սահմանի առաջնային գծում ծառայող սպաների ընտանիքներն են, ովքեր չունեն իրենց սեփական տունը եւ բնակւում են Պաշտպանութեան բանակի տրամադրած կացարաններում: Ցանկանում ենք, որ մեր սպաները մտահոգութիւն չունենան իրենց բազմազաւակ ընտանիքների համար տան հարցում: Առաջնային կարգով առանձնատներ կը տրուեն զոհուած ազատամարտիկների ժառանգներին, ովքեր այժմ իրենց անձնական բազմազաւակ ընտանիքն ունեն, եւ անշուշտ` արցախեան պատերազմի մասնակից ազատամարտիկներին: Խօսքը Ստեփանակերտում, Շուշիում եւ Արցախի գիւղերում բնակուող ընտանիքների մասին է, որոնց շարքում են 5-ից մինչեւ 11 զաւակ ունեցողներ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դրամահաւաքի եւ հեռուստամարաթոնի անցկացման գործընթացում փոփոխութիւններ կա՞ն:
ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ.- Վերջին երկու տարում հիմնադրամի դրամահաւաքը տեղի է ունենում ոչ միայն հեռուստամարաթոնի, այլ` ամբողջ տարուայ ընթացքում: Մարաթոնի ժամանակ յայտարարում ենք, թէ կազմակերպութիւններն ու անհատ նուիրատուները որքան գումար են յատկացրել եւ ինչ նպատակների համար: Իւրաքանչիւր տարուայ համար հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատուած ռազմավարական հիմնական ծրագրից բացի, հիմնադրամն իրականացնում է նաեւ տարբեր ոլորտներում նպատակային ծրագրեր, որոնք առաջարկում եւ հովանաւորում են անհատ բարերարները: Հեռուստամարաթոնի ժամանակ յայտարարւում է, թէ ո՛ր գումարներն են յատկացւում հիմնական ծրագրին, եւ որո՛նք են խոշոր բարերարների կամ տեղական համայնքների ցանկութեամբ յատկացւում յատուկ ծրագրերի իրականացմանը: Օրինակ, ռազմավարական` Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման ծրագրին զուգահեռ, վերջին երկու տարում նպատակային յատկացումներով իրականացուել են այլ խոշոր նախագծեր` Եզնիկ Մոզեանի անուան նորակառոյց արհեստագործական ուսումնարանը (Շուշի), Աշոցքի նորակառոյց միջնակարգ դպրոցը (Շիրակի մարզ), Չայքովսքու անուան երաժշտական դպրոցի (Երեւան) վերակառուցումը եւ այլ ծրագրեր:
ՍԱՐԳԻՍ ՔՈԹԱՆՃԵԱՆ.- Կը ցանկանայի անդրադառնալ նաեւ հիմնադրամի մէկ այլ` համեմատաբար նոր ծրագրին. 2014 թուականին մեկնարկեց միայն Հարաւային Քալիֆորնիայում անցկացուող եւս մէկ հեռուստամարաթոն, որի նպատակն է օգնել Գիւմրիի անապահով ընտանիքներին: Աղէտալի երկրաշարժից յետոյ անցել է 27 տարի, սակայն հազարաւոր ընտանիքներ շարունակում են ապրել տնակներում: Հիմնադրամում որոշուեց բնակարաններ նուիրել այն գիւմրեցիներին, ովքեր դուրս են մնացել պետական ծրագրից եւ տուն ստանալու յոյս չունեն: Տեղական հեռուստամարաթոնի միջոցով հաւաքուած գումարով մենք կարողացանք վերանորոգուած եւ կահաւորուած բնակարաններ անհատոյց տրամադրել շուրջ 20 գիւմրեցի ընտանիքների: Այս ծրագիրը շարունակական է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքների մասին առկայ տեղեկատուութիւնն, այդուհանդերձ, բաւարար չէր փարատելու կազմակերպութեան գործունէութեան մասին մասնաւորապէս Քալիֆորնիայի հայ համայնքի մի շրջանում առկայ անվստահութիւնը:
ՍԱՐԳԻՍ ՔՈԹԱՆՃԵԱՆ.- Ցաւօք, երբեմն քաղաքականութիւնը խառնւում է բարեգործութեան հետ, եւ դա արւում է արհեստականօրէն: «Հայաստան» հիմնադրամը մի կառոյց է, որը բարձր է քաղաքական հարցերից, անհատներից: Երբ 1992 թուականին ստեղծուեց հիմնադրամը, բուն նպատակն էր, որ այս կազմակերպութիւնը լինի ապաքաղաքական: Հոգաբարձուների խորհրդի կառուցուածքի ձեւաւորման ժամանակ առաջարկուել էր ներառել խորհրդի կազմում այն ժամանակ իշխող քաղաքական ուժին` ՀՀՇ-ին: Սակայն այդ առաջարկը քննարկուեց, եւ մերժուեց երբեւէ ընդհանրապէս որեւէ քաղաքական ուժի ներառումը Հոգաբարձուների խորհրդում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ պետական պաշտօնեաները ներկայացնում են պետութիւնը, նրանք այդտեղ են ի պաշտօնէ: Աւելի՛ն. խորհրդի կառուցուածքն ու քուէարկութեան մեքանիզմներն այնպիսին են, որ պետական բոլոր ներկայացուցիչները փոքրամասնութիւն են. քուէարկութեանը մասնակցում են ոչ միայն հոգաբարձուները, այլեւ` աշխարհում գործող 25 տեղական մարմինների ներկայացուցիչները, եւ արդիւնքում` պետական այրերի ձայնը ընդհանուր որոշում կայացման գործընթացում շատ փոքր է: Միաժամանակ խորհրդում ներգրաւուած են աշխարհի տարբեր երկրներից յայտնի անհատներ, ովքեր անկաշկանդ արտայայտում են իրենց միտքը, խնդրի դէպքում անմիջապէս բարձրաձայնում են եւ կարող են մերժել իւրաքանչիւր առաջարկ, ինչպէս եղել են նման դէպքեր, երբ չեն ընդունուել պետական պաշտօնեաների առաջարկներ:
Հայաստան հիմնադրամը Հայաստանի եւ սփիւռքի միջեւ գործող ամենահանրային կառոյցն է, եւ երբ մարդիկ բողոք են ունենում մեր երկրի նկատմամբ, նրանք դա յայտնում են հիմնադրամի միջոցով: Հասկանում ենք, թէ ինչո՛ւ կարող են այդպէս վարուել, բայց միւս կողմից էլ մէկը միւսի հետ կապ չունեցող երեւոյթներ են: Հիմնադրամը ստեղծուել է հայոց պետականութեան կայացմանն ու զարգացմանը սատարելու առաքելութեամբ, եւ առաջին օրուանից մինչ այսօր ոչինչ չի փոխուել: Իշխանութիւնները, նախագահները, քաղաքական ուժերը փոխւում են, սակայն հիմնադրամի նպատակները, աշխատաոճն ու ծրագրերը նոյնն են: Ի հարկէ, փորձեր կը լինեն հիմնադրամը կապելու իշխանութիւնների հետ, ներքաշելու քաղաքական հարցերում, դա բնական է, եւ այս մի տարուայ ընթացքում եղան նման փորձեր, փորձ եղաւ ժողովրդին ոտքի հանել, սակայն դա դրամահաւաքի վրայ ազդեցութիւն չունեցաւ, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ մեր գործն արդար է: Մեր աշխատանքների մասին տեղեկատուութիւնը հանրութեանը մատուցւում է թափանցիկ եւ ամէնօրեայ սկզբունքով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք աշխատում նուիրատուների հետ:
ՍԱՐԳԻՍ ՔՈԹԱՆՃԵԱՆ.- Մենք մշտական կապի մէջ ենք մեր նուիրատուների հետ, պատրաստ` տրամադրելու ցանկացած տեղեկութիւն: Ամէն ամիս նրանք մեզանից ստանում են տեղեկագիր, որտեղ ներկայացւում են հիմնադրամի ընթացիկ եւ նախատեսուող ծրագրերի մասին նորութիւններ, ինչպէս նաեւ` հաշուետուութիւն: Միաժամանակ Հարաւային Քալիֆորնիայում հիմնադրամն ունի ամէնշաբաթեայ հաղորդաշար, նաեւ պարբերաբար հանդէս ենք գալիս տարբեր հեռուստաալիքներով, որոնց ընթացքում նաեւ տեսանիւթերի միջոցով ներկայացնում ենք մեր գործունէութեան տուեալ փուլը:
Հիմնադրամի կատարած աշխատանքներին անմիջականօրէն ծանօթանալու համար ամէն տարի առնուազն 65 բարերարների տանում ենք Հայաստան եւ Արցախ: Այդպիսով, նրանք հնարաւորութիւն են ունենում իրենց աչքով տեսնելու կատարուած աշխատանքն ու եզրակացութիւններ անելու: Արդիւնքում, ժողովրդի կողմից տարբեր չափերի հասնող նուիրատուութիւնների աճ է նկատւում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը համահայկական միակ կազմակերպութիւնն է, որ գործում է ամէնօրեայ սկզբունքով, մեծածաւալ աշխատանք է կատարում, ինչն առարկայական է. մինչ այսօր հիմնադրամի միջոցով շուրջ 300 միլիոն տոլարի ներդրում է եղել Հայաստանում եւ Արցախում: Այս առիթով եւս մէկ անգամ կոչ ենք անում մեր համայնքին` չքաղաքականացնել հիմնադրամի գործունէութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ համարժէ՞ք է արդեօք ձեր նշած ներդրումը ստեղծուածին, կառուցուածին:
ՍԱՐԳԻՍ ՔՈԹԱՆՃԵԱՆ.- Շատ ճիշդ նկատեցիք. ամենակարեւորն այն է, որ աշխատանքի ծաւալը համապատասխանի ներդրուած ֆինանսական միջոցներին: Այս հարցը հիմնադրամի գործունէութեան ամենակարեւոր կէտերից է, մենք մեծ տեղ ենք յատկացնում ստուգումներին, ինչի համար բաւական ժամանակ եւ գումար է ծախսւում: Քաջատեղեակ ենք շուկայական գներին եւ աշխատաշուկային, ու երբ յայտարարւում է շինարարական մրցոյթ, ուսումնասիրում ենք յայտերը` նախապէս ունենալով ընդհանուր աշխատանքի արժէքի մասին համապարփակ տեղեկութիւն: Օրինակ, եթէ դիտարկենք ճանապարհների կառուցումը, շինարարների եկամուտը շատ չի եղել, քանի որ շինարարական մրցոյթի պայմաններից է եղել շահոյթի սահմանուած չափը, որն անքննարկելի է, որովհետեւ մեր ռազմավարական ծրագրերում բոլորս մեր չափով պէտք է ներդրում կատարենք:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Աշխատանքների վերահսկման ինչպիսի՞ մեքանիզմներ են գործում:
ՍԱՐԳԻՍ ՔՈԹԱՆՃԵԱՆ.- Նոյն ճանապարհաշինութեան առումով, օրինակ, գործում է հինգ տարուայ յետաւարտական երաշխիք, ինչը նշանակում է, որ եթէ որեւէ խնդիր առաջանայ, պատասխանատուութիւնը կրում է շինարարը: Նրան ի սկզբանէ առաջարկւում են այնպիսի պայմաններ, որ հինգ տարի խնդիր չունենայ, եւ շինարարը ստիպուած է լինում որակով կատարել աշխատանքը, քանզի ապագայում իւրաքանչիւր խնդիր պէտք է կարգաւորի իր հաշուին, ինչը չափազանց թանկ է:
ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ.- «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշուեքննութիւնն իրականացնում է միջազգային ճանաչում ունեցող «Կրանտ Թոռնթոն» հաշուապահական կազմակերպութիւնը: Միաժամանակ, վերահսկողութեան կամ արդիւնքների գնահատման մասին խօսելիս, կը ցանկանայի ընդգծել իւրաքանչիւր աշխատանքում առկայ բարձր որակը: Ես ինքս այցելել եմ հիմնադրամի նուիրատուութիւններով կառուցուած բազմաթիւ հաստատութիւններ եւ հիացած եմ որակով: Ինձ համար յատկապէս տպաւորիչ էին մտաւոր եւ ֆիզիքական հաշմանդամութիւն ունեցող երեխաների համար Գիւմրիի «Երեխաների տուն» մանկատան վերանորոգուած մասնաշէնքերը, որոնք աչքի էին ընկնում միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ կառուցուածքով եւ յագեցած էին գերժամանակակից սարքերով: Նոյնը կարելի է ասել հիմնադրամի ֆինանսներով վերակառուցուած այլ կրթօճախների, այդ թւում` Ստեփանակերտի Սայաթ Նովայի անուան երաժշտական քոլեճի մասին, որը դարձել է իւրատեսակ մշակութային կենտրոն: Մանրամասն ծանօթանալով իրականացուած աշխատանքներին` բոլոր կասկածները փարատւում են:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վերադառնալով 2015 թուականի դրամահաւաքին` արդէն իսկ կան խոշոր նուիրատուութիւններ: Ե՞րբ է նախատեսւում սկսել այս տարուայ ծրագրի իրականացումը:
ՍԱՐԳԻՍ ՔՈԹԱՆՃԵԱՆ.- Արցախում նախատեսուած առանձնատների նախագծերն արդէն պատրաստ են, ըստ առաջնահերթութիւնների, ԼՂՀ կառավարութեան օգնութեամբ ընտրել ենք նաեւ ընտանիքներին: Դրամահաւաքի ընթացքում խոստացուած գումարների հաւաքագրումից անմիջապէս յետոյ կը սկսուեն շինարարական աշխատանքները: Օրեր առաջ ռուսաստանաբնակ Սամուէլ Կարապետեանը 1 միլիոն տոլարի նուիրատուութիւն կատարեց, որը մեզ հնարաւորութիւն կը տայ արդէն սկսել տների կառուցումը մօտ 20 ընտանիքի համար: Մեր հաշուարկով, իւրաքանչիւր առանձնատուն կ՛արժենայ միջինում 50 հազար տոլար եւ յոյս ունենք, որ 2016թ.ին կը յանձնենք առաջին բնակարանները: Ցանկանում եմ եւս մէկ անգամ ընդգծել, որ այս ծրագրով մենք կիսում ենք մեր բազմազաւակ ընտանիքների ծնողների հոգսը, նաեւ բարոյական աջակցութիւն ենք ցուցաբերում եւ խթանում ենք ծնելիութիւնն Արցախում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պրն. Պաղտասարեան, դուք «Հայաստան» հիմնադրամի երկարամեայ բարերարներից էք, վերջին երկու տարիներին էլ ձեր նուիրումն արտայայտում էք նաեւ որպէս կազմակերպութեան տեղական մարմինի նախագահ: Ո՞րն է ձեր ուղերձը համայնքին:
ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆ.- Նախկինում ես միայն գումար էի նուիրաբերում եւ շատ երջանիկ էի, սակայն երբ աւելի մանրամասն ծանօթացայ հիմնադրամի գործունէութեան տարողութեանը, Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կեանքում այդ աշխատանքի ունեցած ազդեցութեանը, որոշեցի ստանձնել այս պատասխանատու պաշտօնը: Իմ փափաքն է, որ աշխարհասփիւռ հայերն իրենց կարելիութեան սահմաններում բաժինը տան հայրենիքին: Համայն հայութեան ջանքերով մենք կարող ենք փոփոխութիւն բերել` օգնել զարգացնելու մեր հայրենիքը, ինչի համար ժամանակ չունենք կորցնելու: Մեր առաքելութիւնը սահմաններ չունի, եւ ամէնօրեայ աշխատանքով է, որ կը յաջողենք: Ցանկանում եմ, որ մեծ նուիրատուների հետ մէկտեղ, համահայկական այս ձեռնարկին մասնակցի իւրաքանչիւր հայ, եւ օրինակ հանդիսանանք նաեւ մեր երեխաների համար` սերմանելով պատասխանատուութիւն հայրենիքի հանդէպ: Իմ նպատակը Հայաստանի ու Արցախի զօրացումն է, քանզի սփիւռքը չի կարող գոյատեւել առանց հայրենիքի:
Յ. Գ.- Հայաստան հիմնադրամի հեռուստամարաթոնը կը մեկնարկի նոյեմբերի 26-ին, առաւօտեան ժամը 10-ին եւ կը շարունակուի մինչեւ երեկոյեան ժամը 10-ը: Տարուայ գլխաւոր դրամահաւաք-միջոցառումը կը հեռարձակուի հայկական մի շարք հեռուստալիքներով եւ համացանցով` www.himnadram.org եւ www.armeniafund.org կայքերի միջոցով:
Տեղեկանք.- Հիմնադրամի աշխատանքներում աշխուժ մասնակցութիւն եւ մեծ ներդրում ունեն 25 տեղական մարմինները, որ գործում են աշխարհի 22 երկրներում: «Հայաստան» հիմնադրամը Լոս Անճելըսում հիմնադրուել է 1993 թ. օգոստոսին եւ հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արեւմտեան շրջանի տեղական մարմինը:
Տեղական մարմինները սերտօրէն համագործակցում են իրենց երկրների հայ համայնքի եկեղեցական, հասարակական եւ բարեգործական կազմակերպութիւնների ներկայացուցիչների, ինչպէս նաեւ սփիւռքահայ ճանաչուած բարերարների եւ գործիչների հետ: Հիմնադրամի` Երեւանում գործող գործադիր վարչութիւնը եւ աշխարհասփիւռ տեղական մարմինները հաշուետու են Հոգաբարձուների խորհրդին: Հիմնադրամի դրամական միջոցները գոյանում են տարեկան հեռուստամարաթոնի, տարբեր երկրներում կազմակերպուող հեռախօսամարաթոնների, ռատիոմարաթոնների, հեծանուարշաւների, ճաշկերոյթների հանգանակութիւններից, բարեգործական համերգների ու ցուցահանդէսների հասոյթներից, փոստային եւ SMS նուիրատուութիւններից, ինչպէս նաեւ` անհատների թողած կտակներից եւ նպատակային յատկացումներից: 1996 թ. սկսած ամէն տարի Լոս Անճելըսից հեռարձակուող ամէնամեայ հեռուստամարաթոնը հանրագումարի է բերում տարուայ ընթացքում Հայաստանում, Արցախում ու սփիւռքում հաւաքուած գումարները, հաշուետուութիւն է ներկայացնում նուիրատուներին եւ հայութեանը համախմբում հայրենիքի համար կենսական կարեւորութեան ձեռնարկի շուրջ:


