ԱՐՄԻՆԷ ՍԱՆՈՍԵԱՆ
«Քոնի համշէնցին գայ, Համշէնի լիզուն գոյսըվիլ չի: Քոնի դըհա լիզուն գայ, համշէնցին գաբռի….»,- այս մասին մեզ հետ զրոյցում փաստեցին Մայքոփում բնակուող համշէնցիները:
Վերջին շրջանում յատկապէս շատ է կարեւորւում լեզուի դերը` իբրեւ ինքնութեան, ազգային գիտակցութեան, մշակութային տարրերի պահպանման հիմնական գործօնի:
ԵՈՒՆԵՍՔՕ-ի «աշխարհի վտանգուած լեզուների ինթերաքթիվ ատլասը» փաստագրում է մահացած կամ վտանգուած լեզուները` 1950թ.-ից ի վեր: Արուած ուսումնասիրութիւնների արդիւնքում հրապարակուած եւ աւելի ուշ` ՄԱԿ-ի կողմից թարմացուած քարտէզում բացայայտ վտանգուած լեզուների շարքում է նաեւ արեւմտահայերէնը եւ նրա «կը» ճիւղին պատկանող, հնագոյն եւ ինքնատիպ Համշէնի բարբառը` համշէցնակը, որը ներկայացուած է որպէս առանձին լեզու` համալրելով վերացող լեզուների շարքը:
Լեզուի պահպանմանն ուղղուած հարցերի շուրջ ցանկացանք զրուցել համշէնահայ մեր հայրենակիցների հետ:
Ուղեւորութիւնը դէպի Ռուսաստան էր` Ատիկէայի կենտրոն Մայքոփ քաղաքը, որտեղ համշէնցիները բնակւում են հոծ խմբերով:
Մեր հետաքրքրութեան գլխաւոր թեման լեզուի պահպանման ու սերունդներին փոխանցման խնդիրն էր, ինչպէս նաեւ` ակունքների իմացութեան հարցը. ո՛վ որտեղի՞ց, ե՞րբ է եկել, հաստատուել այս շրջանում, կապը միմեանց եւ այլ տարածքներում բնակուող համշէնցիների հետ, մշակութային առանձնայատկութիւնների պահպանման գործում արուող քայլերն ու ինքնութեանն առնչուող հարցերը:
Համշէնցիները Մայքոփում
Քրասնոտարի (նախկինում` Եկատերինոտար) երկրամասում համշէնահայերը հաստատուել են ԺԹ. դարի վերջին եւ Ի. դարի սկզբներին` Տրապիզոն քաղաքի շրջակայքերից, թուրքական Սեւ ծովի ափին գտնուող Օրտու, Սամսոն (Ճանիկ) քաղաքներից:
Քրիստոնեայ համշէնահայերը Ռուսաստանի կողմից ցանկալի բնակիչներ էին, քանի որ հաստատուելով սեւծովեան մերձափնեայ շրջաններում` մեծապէս շէնացնում էին այդ տարածքները, ինչպէս նաեւ դրանով լուծւում էր այդ շրջանները բնակեցնելու խնդիրը:
Քուպանի, Պելորեչենսքի, Ապշերոնի շրջաններում եւ Մայքոփի արուարձաններում հիմնելով փոքր բնակավայրեր` համշէնցիները զբաղւում էին հիմնականում անասնապահութեամբ, գիւղատնտեսութեամբ եւ, ըստ տարածաշրջանի աւանդոյթի, ծխախոտի աճեցմամբ:
Սեւ ծովի ռուսական ափերին ընկած տարածքները բնակլիմայական պայմաններով շատ նման էին պոնտական ափին: Ուստի, ծանօթ լինելով ճահճային կլիմային, համշէնահայերին հեշտութեամբ է յաջողւում այստեղ զարգացնել ծխախոտագործութիւնը:
Համշէնցիները մեծ թիւ են կազմում Քրասնոտարի երկրամասում, Ատիկէայում եւ Աբխազիայում: Նրանց ընդհանուր թիւը կազմում է աւելի քան 200 հազար մարդ: Համշէնահայերի հիմնական մասը` թուով 150 հազար մարդ, ապրում են Քրասնոտարի երկրամասում: Ատիկէայի Ինքնավար Հանրապետութեան Մայքոփի շրջանում ներկայում ապրում են մօտ 10 հազար հայեր:
Մայքոփում բնակուող համշէնցիները հայկական համայնքի հնագոյն շերտն են, ովքեր սերտօրէն կապուած են միմեանց, պահպանում են իրենց լեզուն` Համշէնի բարբառը, համշէնական ինքնատիպ մշակոյթին բնորոշ տարրերը:
– Ես ինքս ազգասէր եմ եւ հայրենասէր,- մեզ հետ զրոյցում նշում է Մայքոփում բնակուող համշէնահայ Եղիշէ Թահմազեանը,- եւ իմ ազգասիրութիւնն ինձ ստիպում է նաեւ մարդասէր լինել ու յարգել միւս բոլոր ազգերին: Մենք, օրինակ, ապրելով ատիկէացիների (ինքնանուանումը` ատըղէ) մէջ, պահպանում ենք մեր լեզուն, կրօնն ու սովորոյթները, միեւնոյն ժամանակ` յարգելով նրանց կրօնն ու ազգային աւանդոյթները:
Ակունքների մասին յիշողութիւնները, գաղթի ճանապարհի, Ռուսաստանում հաստատուելու մասին պատմութիւնները
«Մեծերից յետոյ դժուար է ամէնը պահպանել, եթէ գրառուած չի եղել», փաստում են մայքոփաբնակ համշէնցիները:
Մեր զրուցակից Եղիշէ Թահմազեանը, դեռ տատիկի` Սրբուհու պատմածներից շատ լաւ յիշում էր իր գերդաստանի պատմութիւնը ակունքներից: Պատմեց, թէ ինչպէս էին տատն ու պապը 1800-ականների վերջերին դէպի Ռուսաստան գաղթել` Կրասնոդարի երկրամասի Լոոյ ծովափնեայ գիւղ, իսկ հայրն արդէն ծնուել էր այնտեղ: Ակունքներով` Տրապիզոնի նահանգի Ունիէ գաւառից են:
«Մոմս ըմըն ինչ գասէր, ըմըն պոն կիդեր», մեզ հետ զրուցում էր, ինչպէս ինքն է ասում, «Համշէնի հայգագան բարբառի Ճանիկի խօսուածքով», ինչպէս նաեւ` գրական հայերէնով:
«Մեզ հետ բազմաթիւ համշէնահայ ընտանիքներ են գաղթել: Որը ցամաքով է հասել Պաթումի կողմերը, որը նաւ է վարձել… եկել, հասել են Ռուսաստան, Աբխազիա: Գալով` հաստատուել են Լոո, Սոչի, Մայքոփ` Քրասնոտարի, այն ժամանակուայ Եկատերինոտարի երկրամասում, Աբխազիայում… Սկզբում բոլոր ընտանիքներն էլ եկել են ծովափ, յետոյ սփռուել են ամբողջ ափով: Այստեղ նրանց անտառներ էին տալիս եւ նրանք, ինչպէս Թուրքիայում, զբաղւում էին հողագործութեամբ, այգեգործութեամբ»:
Ռուսաստանում եւ Միջին Ասիայում կան նաեւ մահմետական համշէնահայեր, որոնց ընդհանուր թիւը հասնում է մօտ 3000-4000: Նրանք պահպանել են մայրենի բարբառը, համշէնական ծէսերն ու աւանդոյթները:
Որքանո՞վ է նոր սերունդը պահպանել լեզուն
Մեր զրոյցին միացաւ նաեւ համշէնահայ Սարգիս Զեյթունեանը, ով պատմեց գաղթի իր պատմութիւնը: ԺԹ. դարի վերջերին պապի ընտանիքը եկել է նաւով` Տրապիզոնի նահանգի Աքչէապատի գաւառակի Առղալիա գիւղից:
Սկզբում հաստատուել են Նիժնի Լոո գիւղում, իսկ 1979-ին տեղափոխուել են Մայքոփ:
«Այն ժամանակ, երբ տատս, հայրս, մայրս ողջ էին, մենք մեր տանը մեր բարբառով էինք խօսում, իսկ հիմա մեր երեխաները ռուսական դպրոց, համալսարան են յաճախում, եւ նրանց համար հիմնական շփման լեզուն, ցաւօք, ռուսերէնն է», պատմում է Սերգեյ Զեյթունեանը, ով մեզ հետ խօսում էր բացառապէս Համշէնի բարբառով` միայն տեղ-տեղ ռուսերէն գործածելով:
«Միր դըղաքը հասգընանգու, ամա բադասխանը ռուսերէն գուդան, շադը ռուսերէն խօսինգու…», ասում է նա` շեշտելով մի կարեւոր հանգամանք եւս, որ լեզուի պահպանման հիմնական օճախը եղել եւ մնում է գիւղը, իսկ քաղաքներում այն աստիճանաբար իր տեղը զիջում է ռուսերէնին:
Մեզ հետ զրոյցում մէկ այլ համշէնահայ` Արտաւազդ Օգանեսեանը, յիշում էր, թէ ինչպէս էին իր նախնիները գաղթել Տրապիզոնի նահանգի Աքչէապատի գաւառակի Մալա գիւղից, որտեղի բարբառը չէր մոռացուել, եւ որով խօսում էր իր հարեւանների հետ մինչեւ օրս:
Համշէնի բարբառով էր զրուցում նաեւ Թամարա Գագռիմանեանը` պատմելով տատիկից լսածները, «ջարդէն առաջ» Տրապիզոնից գաղթելու եւ Մայքոփում հաստատուելու մասին, բայց պատմութեան շատ մանրամասներ ջնջուել էին յիշողութիւնից:
«Ես բիջիգ վախտըս գաբրէի Ատիգէա, որդեղ կազակներ գաբրէին ու համշէնցիներ: Տուսը կազակնիյուն լիզուն խօսէինքգու, դոնը մէկ մեզի` հայերէն, միր Համշէնի լիզուն», պատմում է նա` շեշտելով, որ տան մէջ, մտերիմների շրջանում միտումնաւոր խօսելով բացառապէս մայրենի բարբառով, այն կարելի է փրկել մոռացութիւնից:
Լեզուի պահպանման հարցում համշէնցիները, ընդհանուր առմամբ, լաւատես էին` հիմնուելով այն փաստի վրայ, որ Համշէնի բարբառն իր խօսուածքներով գոյատեւել է եւ հիմա էլ չի կորչի` մատնանշելով Թուրքիայում` Արտուինի նահանգում, բնակուող իրենց հայրենակիցներին:
«Հիմի Տաճկաստանին մէջը (Թուրքիա) մահմետական հայերը (համշէնահայերը) բիթուն հայերէն խօսինգու, լիզուն բայաձ են ընէր. մնինեյը Համշէնի լաֆով գասին: Մէկ իրար հեդ խօսինքանայ, իրար հասգընանքգու, իրարու հեդ գաբը ըլլիանայ, լիզունա մընագու…»:
Որպէս լեզուի պահպանման, ինչպէս նաեւ փոխանցման կարեւորագոյն միջոց են Համշէնի մնիները:
Ռուսաստանում, հիւսիսային համշէնցիների մօտ, մնիները գրառւում են հիմնականում ռուսերէն տառադարձումով` Համշէնի բարբառով, նոյնը` ինչպէս Թուրքիայի տարածքում, արեւելեան` Արտուինի շրջանում ապրող համշէնցիների մօտ, Համշէնի բարբառով` թուրքերէն տառադարձումով:
Համշէնի մնիներն այսօր էլ հնչում են համշէնական հաւաքոյթներին, հարսանիքներին:
Համշէնցիների կապը միմեանց հետ
Համշէնցիները փաստեցին, որ կապը միմեանց հետ շատ սերտ է. ապրում են մէկ ընտանիքի նման` միմեանց հոգսերով եւ ուրախութեամբ:
Իսկ հեռւում բնակուող իրենց հայրենակիցների հետ կապը հիմա, առաւել քան երբեւէ, աւելի դիւրին է դարձել` ընկերային ցանցերում շփման միջոցով: Այսկերպ հնարաւոր է բարբառի խօսուածքային առանձնայատկութիւնների, եղած տարբերութիւնների մասին տեղեկանալ միմեանց հետ նամակագրութեամբ:
Ինչպէս նշեցին զրուցակիցներս, այս առումով առաւել մեծ է շփուելու ցանկութիւնը Թուրքիայի տարածքում ապրող համշէնահայերի հետ: Թէեւ այստեղ վերագտել էին իրենց երկրորդ հայրենիքը, բայց ակունքների, մայր հողի հանդէպ կարօտն ու հետաքրքրութիւնը մեծ է: Այստեղ էին հաւաքուել տարբեր շրջաններից, եւ դեռ «ով որտեղից էր եկել պատմութիւնները» մնայուն են յիշողութիւնների մէջ:
Զրոյցի ընթացքում ներկայացրեցինք, որ ինչպէս Հայաստանում հրատարակւում է «Ձայն համշէնական» ամսաթերթը, Մոսկուայում «Համշէն» ամսագիրը, այնպէս էլ Թուրքիայում ապրող համշէցիներն արդէն ունեն իրենց հանդէսը` «Գոր»-ը: Վերջինս լայն տարածում ունի եւ կոչուած է համշէնցիների լեզուի, մշակոյթի, պատմութեանն ուղղուած հարցերի լուսաբանմանը, քննարկմանն ու պահպանմանը: Այս փաստին իմ զրուցակիցներն արձագանգեցին մեծ խանդավառութեամբ` ինչպէս սեփական մշակոյթի պահպանմանն ուղղուած մեծ եւ կարեւոր քայլի:
«Համշէնի լիզուն գոյսըվող չա»
Ազգային ինքնութեան պահպանման եւ գոյատեւման առաջին պատասխանատուն լեզուն է, ուստի մեր հարցադրումներն ուղղուած էին պարզելու, թէ համշենահայ մեր հայրենակիցները, կապուած բնակութեան վայրից, որքանո՞վ են պահպանել լեզուն եւ աւանդոյթները:
Մայրենին, ինչպէս ազգի ձեւաւորման սկզբնափուլում` նրան զուգահեռ զարգացող ինքնաարտայայտման միջոց, այնպէս էլ հետագայում, փաստացիօրէն հանդէս է գալիս իբրեւ ազգի գոյատեւման գործօն: Եթէ լեզուն ոչնչացուի, ազգն էլ կ՛ոչնչանայ: Եթէ մէկը չունի իր սեփական լեզուն, ուրեմն ձուլուած է:
«Աստեղոնկ վով հայերէն կիդայ, ան Համշէնի լաֆը խօսիգու. մէկ մեզի, միր դըղոցը հեդը միր լիզուն խօսինքգու», փաստում են մեր զրուցակից համշէնցիները:
Համշէնցին արդէն քանի դար պահպանել ու սերունդներին է փոխանցել իր լեզուն` տատից թոռ, շուրթից շուրթ:
Լեզուն այսօր էլ կենսունակ է ու ճկուն, համշէնցիները նրանով խօսում են, շփւում միմեանց հետ, մնիներ երգում, հիւսում նոր խաղիկներ եւ պատմութիւններ:
Մայքոփում կատարուած հարցադրումները մէկտեղելով` կարող ենք փաստել, որ համշէնցիները հակուած են լեզուի, մշակութային առանձնայատկութիւնների պահպանմանն ու անպայմանօրէն փոխանցմանը սերունդներին` ինչպէս նախկինում, նոյնպէս եւ հիմա:
Ասուածը հաստատենք մեր զրուցակից համշէնահայ Եղիշէ Թահմազեանի` լեզուի պահպանման գործօնի ուժի մասին փաստող մի պատմութեամբ.
«Մաշտ մը, դըղա մը, ընու օնունը Սուրէն էր, պանագեն նոր էգաձ էր, հայերէնը մոռցաձ էր: Գըրագը գալբարիճով խառնիլն իքեն, գալբարիճը (կրակխառնիչը) բոչեն քաշաձ ունի, քաշելուն բես մեգըն միտքը պերուշա հայերէնը, ըմուն ցաւիգու, հայերէնը միտքը գուկայ… Լիզուն մոռցուիլ չի, մոռցուիանա, օր մը ասմուն միտքըդ էգողա… էդծեվ պոն…», կատակում է նա, բայց ձայնի մէջ վստահութիւն է ու հաւատ, որ «Համշէնի լիզուն գոյսըվող չա»:
«Ակունք»