ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Վերջին օրերին հայ-ազրպէյճանական շփման գծում լարուածութեան թուլացման միտումներ են դրսեւորւում: Եթէ հոկտեմբերի 16-ին ԼՂՀ պաշտպանութեան բանակն տեղեկացնում էր հակառակորդի կողմից հրադադարը 120 անգամ խախտելու, հայկական դիրքերի ուղղութեամբ 2600 կրակոց, 60 մմ եւ 82 մմ ականանետներից 20 արկ արձակելու մասին, ապա արդէն հոկտեմբերի 22-ի տուեալներով, խօսքը գնում էր 60 խախտման, 900 կրակոցի եւ 60 մմ ականետներից 3 ռումբի արձակելու մասին:
Վերջին օրերին տեղեկութիւններ չկան նաեւ սահմանամերձ բնակավայրերի սաստիկ գնդակոծութեան եւ ռմբակոծութեան մասին: Որքան էլ այս միտումներն ուրախացնող լինեն, այնուամենայնիւ, հարց է առաջանում` ինչո՞վ է պայմանաւորուած հակառակորդի այս «տեղատուութիւնը»:
Հոկտեմբերի 26-ին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսքի խմբի (ՄԽ) համանախագահները: Աւելի վաղ ՄԽ ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիքը նշել էր, որ այցի հիմնական նպատակն այս տարուայ ընթացքում նախատեսուած` Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպման նախապատրաստումն է, որի շուրջ պայմանաւորուածութիւններ են ձեռք բերուել սեպտեմբերի վերջին Նիւ Եորքում կայացած` արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում: Սակայն նախօրէին Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամետեարովը յայտարարել է, թէ յստակ չէ համանախագահների այցի օրակարգը, եւ պէտք չէ շտապել նախագահների հանդիպման օրը եւ վայրը որոշելու հարցում: Պաքուն դրանով հասկացնում է, թէ չի բացառում նաեւ այս անգամ Սարգսեան-Ալիեւ հանդիպման տապալումը:
Դատելով Հայաստանից հնչող ազդակներից` այդ հանդիպման հետ կապուած մեծ յոյսեր չեն կապում նաեւ Երեւանում:
Հայաստանի Հանրապետութեան փոխ արտաքին գործերի նախարար Շաւարշ Քոչարեանն այսօր լրագրողներին ասել է, թէ բանակցութիւնները որեւէ արդիւնք չեն տալու, քանի դեռ Ազրպէյճանը չի փոխել իր ապակառուցողական քաղաքականութիւնը եւ «խելքը գլուխը չի հաւաքել»: Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական հիմնարկի շրջանաւարտների` Երեւանում անցկացուող միջազգային համաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանն իր հերթին է սուր քննադատութեան ենթարկել Ազրպէյճանի իշխանութեանը համանախագահների կոչերն անտեսելու, ԼՂ հիմնահարցի պատմաիրաւական հիմքերն աղաւաղելու եւ ԼՂ հարցով ՄԱԿ-ի 4 բանաձեւերը խախտելու համար: Նախագահների հանդիպումից անգամ տեսականօրէն դրական ակնկալիքներ ունենալու դէպքում դժուար թէ համանախագահների այցի նախօրէին Երեւանն այսքան կոշտացնէր հռետորութիւնը:
Այսպիսի արձագանգները մշտապէս ուղեկցուել են Ազրպէյճանի կողմից սահմանային լարուածութեան կտրուկ մեծացմամբ, առաւել եւս` համանախագահների տարածաշրջանային այցերին ընդառաջ: Եւ այն հանգամանքը, որ Պաքուի վարքագիծն այս անգամ կտրուկ տարբերւում է նախկինում կիրառուող մարտավարութիւնից, յուշում է, որ իրավիճակի համեմատական կայունացման պատճառներն այլ են:
Ըստ ամենայնի, դա պայմանաւորուած է ներքաղաքական երեք իրողութեամբ: Առաջինը նոյեմբերին Ազրպէյճանում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններն են: Արեւմուտքի կողմից այդ ընտրութիւնների փաստացի պոյքոթումն Ալիեւի վարչակազմին ստիպում է աւելի զգուշ լինել եւ աւելի ուշադրութիւն դարձնել ընտրութիւնների կազմակերպմանը` դրանք գոնէ յարաբերականօրէն հանգիստ անցկացնելու նպատակով: Որովհետեւ, անկախ նրանից` դրսից դիտորդներ կը լինե՞ն Ազրպէյճանում, թէ՞ ոչ, բոլորի ուշադրութիւնը սեւեռուած է լինելու Պաքուի վրայ, եւ այդ ընտրութիւնները վճռորոշ նշանակութիւն կարող են ունենալ, ընդհուպ` Պաքուի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կամ չկիրառելու որոշում կայացնելու համար: Քանի դեռ ընդդիմութիւնը բաւականաչափ վերահսկելի է ալիեւեան վարչակազմի համար, Պաքուն, թերեւս, զերծ կը մնայ սահմանի ապակայունացման փորձերից: Սակայն եթէ Ալիեւը իրավիճակն իր վերահսկողութիւնից դուրս թողնելու անգամ չնչին մտավախութիւն ունենայ, ինչի հնարաւորութիւնը յատկապէս կարող է մեծանալ քուէարկութեան եւ դրան յաջորդող մի քանի օրերին, որեւէ կասկած լինել չի կարող, որ դիմելու է պատերազմի սպառնալիքի ստեղծման ձեռնածութեանը` փորձելով դրանով հոգեբանօրէն ճնշել սեփական հասարակութեանը:
Երկրորդ պատճառն այն է, որ ընտրութիւններին զուգահեռ, Ազրպէյճանում, կարծես, տեղի են ունենում չափազանց լուրջ, մերթ ընդ մերթ ցնցումներով ուղեկցուող ներիշխանական վերադասաւորումներ, որոնք տպաւորութիւն են ստեղծում, թէ այդ երկրում անյաջող յեղաշրջման փորձեր են կատարւում: Դիւանագիտական անձնակազմի մի մասի պոյքոթին, որի պատճառով լուրջ քատրային փոփոխութիւններ տեղի ունեցան արտաքին գործերի նախարարութիւնում, յաջորդեց Ազրպէյճանի ազգային անվտանգութեան նախարար Էլտար Մահմուտովի պաշտօնանկութիւնն ու կալանաւորումը, որին էլ յաջորդեցին զանգուածային ձերբակալութիւններն այդ համակարգի միջին եւ ստորին օղակներում: Այս զարգացումները տեղի ունեցան Ալիեւի կողմից ազգային անվտանգութեան խորհրդի նիստի անցկացումից յետոյ, ինչն անթաքոյց ակնարկ էր, որ տեղի ունեցողն ուղղակիօրէն առնչւում է երկրի ներքին անվտանգութեանը:
Թէ ո՞ւր են տանում այս խմորումներն Ազրպէյճանին, յայտնի չէ: Սակայն չի կարելի բացառել, որ Ալիեւը հիմա բանակի օժանդակութեան կարիքն աւելի շատ երկրի ներսում է տեսնում, քան` Հայաստանի ու Արցախի հետ հակամարտութեան պարունակում: Ի դէպ, թէ՛ ընտրութիւնները եւ թէ՛ ներիշխանական այս ցնցումները կարող են Ալիեւի համար Սարգսեանի հետ հանդիպումից խուսափելու պատճառ հանդիսանալ:
Եւ վերջապէս երրորդը` կարծես իրականանում են այն կանխատեսումները, որ Ազրպէյճանը կարող է դառնալ ռուսական ռմբակոծութիւններից ու սիրիական բանակի յարձակողական գործողութիւններից Սիրիայից ու Իրաքից ճողոպրող իսլամական ծայրայեղականների հանգրուաններից մէկը: Նախօրէին ազրպէյճանա-վրացական սահմանին ձերբակալուել էր Ազրպէյճան մուտք գործելու փորձ կատարող` ՏԱՀԵՇ-ի մարտիկներից մէկը: Ապա յայտնի դարձաւ, որ յատուկ ծառայութիւնների կողմից իրականացուած գործողութեան արդիւնքում Պաքւում մօտ 40 հոգանոց ծայրայեղականների խումբ է ձերբակալուել: Եթէ այս կշռոյթով շարունակուի, ապա չի բացառւում, որ Ազրպէյճանը վերածուի ոչ թէ միայն իսլամ ծայրայեղականների որջի, այլեւ` պատերազմի նոր թատերաբեմի: Եւ սա առաւել քան լուրջ պատճառ է Ալիեւի համար` գլուխն աւելի շատ բոլոր կողմերից սրուող ներքին խնդիրներում թաղելու համար:
«Երկիր»