Քիրվայի աւանդոյթը մինչեւ 1915թ. հայ-քրտական յարաբերութիւնների քիչ յայտնի երեւոյթներից է: Տիգրանակերտի շրջանում Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ հանրային յիշողութեան հետքերն ուսումնասիրող «Հարիւրամեայ ցաւ, Տիարպեքիր 1915» գրքի համահեղինակ Նամըք Քեմալ Տինճը (միւս համահեղինակն Ատնան Չելիքն է) բացատրում է քիրվայի աւանդոյթի նշանակութիւնը, նրա ընկերային գործառոյթը եւ նրա տեղը քրտերի ու հայերի յիշողութիւններում:
«Վերանորոգել ապագան»
ՀԱՐՑՈՒՄ.- Քիրվայութիւնը քիչ յայտնի երեւոյթ է: Թուրքիայի արեւմուտքում այն մի բան է նշանակում, իսկ քրտական շրջաններում` մէկ այլ բան: Ի՞նչ է քիրվայութիւնը, կը պատմէ՞ք մի քիչ:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Տղաների թլփատումը իսլամական օրէնք է, որը խորհրդանշում է երեխայի մուտքը կրօնական կեանք: Քիրվա է կոչւում այն անձը, որը մասնակից է լինում թլփատման արարողութեանը: Ծիսակատարութեան ընթացքում քիրվան երեխային իր գիրկն է առնում, նրան սփոփում, որպէսզի նա չվախենայ. իր ձեռքերով փակում է նրա աչքերը, եւ այդպիսով վիրահատութիւնը տեղի է ունենում: Այս ծիսակատարութեամբ միայն նոր է սկսւում քիրվայի դերակատարութիւնը: Մի տեսակ ազգակցական կապ է հաստատւում քիրվայի ու երեխայի ընտանիքների միջեւ: Այս բարեկամութիւնն ու մերձեցումը ամրապնդւում են շատ կարեւոր մի կանոնով` երկու ընտանիքների անդամների միջեւ ամուսնութեան արգելքով:
Երբ նոր էի սկսել ուսումնասիրել այս թեման, կարծում էի, որ այն ողջ Թուրքիայով մէկ է տարածուած: Ինձ նոյնիսկ թւում էր, թէ այն գոյութիւն ունէր ամբողջ իսլամական աշխարհում: Ալեւի համայնքին պատկանելով` այդ իրականութեան մէջ եմ մեծացել: Ալեւիների մօտ քիրվայութիւնը «մուսահիպ»ութիւնից (ալեւիական սովորութիւն, ուր կրօնապետի հանդիսապետութեամբ երկու տղամարդ կը խոստանան իրարու նեցուկ եւ հաւատարիմ ընկեր դառնալ) յետոյ եկող մեծագոյն արժէք է, այդ իսկ պատճառով կարծում էի, որ տարածուած է ամբողջ Թուրքիայում: Հետազօտութեանս սկզբում Տիարպեքիրի (Տիգրանակերտի- Ա.) քրտերը պատմում էին, որ հայերի հետ մշտապէս քիրվա են եղել: Սակայն հետազօտութեանս ընթացքում նկատեցի, որ Սեբաստիայից արեւմուտք ընկած հատուածում քիրվայութիւնն այնքան էլ տարածուած չէ: Շատերն այդ մասին չգիտեն:
Հ.- Արեւմուտքում ի՞նչ գիտեն քիրվայութեան մասին:
Պ.- Ըստ Այշէ Քուտաթի` այս աւանդոյթի շուրջ կատարուած միակ հետազօտութեան հեղինակի, արեւմտեան Թուրքիայի բնակչութիւնը քիրվա հասկացութիւնը սովորել է արեւելքից գաղթածների միջոցով: Այդ իսկ պատճառով Թուրքիայի արեւմուտքում քիրվան թլփատման արարողութեան ընթացքում երեխային գրկող եւ նրա աչքերը փակող, այդ ծիսակատարութեանը մասնակից եղող անձն է: Արեւմուտքում նրա դերակատարութիւնն այդքանով աւարտւում է: Բայց, Սեբաստիայից արեւելք, այդ պահից սկսած նա դառնում է այդ երեխայի ու նրա ընտանիքի անդամ: Եւ հէնց այդպէս չէ` ուժեղ ազգականներ են դառնում, երկու ընտանիքները միմեանց հետ սերտ ազգակցական յարաբերութիւնների մէջ են մտնում: Հարց է առաջանում` ինչո՞ւ այդ հաստատութիւնը չկայ երկրի արեւմուտքում: Իմ կարծիքով, դա պայմանաւորուած է նրանով, որ երկրի արեւելեան մասում ազգային ու կրօնական տարբերութիւններով աւելի մեծ թուով մարդիկ են համատեղ ապրում: Ես չեմ խօսում միայն քրիստոնեաների ու մահմետականների բազմազանութեան մասին. կան նաեւ այլ տարբեր խմբեր: Կան եզիտիները, ալեւիները, բազմաթիւ տարբեր դաւանական խմբեր, ազգային խմբեր, որոնց անունները հիմա չեմ յիշում: Օրինակ` Տիարպեքիրում հրեաները, յոյները, հայերը, ասորիները, ալեւիները, եզիտիները, շեմսիները, շատ ու շատ խմբեր իրար հետ են ապրել: Բազմաթիւ այլ վայրերում առկայ է այս համատեղ գոյակցութիւնը: Իրականում, ըստ իս, ընկերային այս խառը կառուցուածքը երկրի արեւելքում քիրվայութեան համար լաւ հիմք հանդիսացող մի ընկերային իրողութիւն է: Արեւմուտքում էլ, ի հարկէ, կան ընկերային տարբերութիւններ, բայց դրանք այդքան խառը եւ միահիւսուած հանրութիւններ չեն:
Հ.- Քիրվայութիւնն ի՞նչ նշանակութիւն ունի քրտաբնակ շրջաններում: Ի՞նչ է ընդգրկում այդ անշօշափելի ազգակցական կապը:
Պ.- Յաւելեմ նաեւ, որ քիրվայութիւնը միայն քրիստոնեաների ու մահմետականների միջեւ չի լինում, այդ կապն այսօր գոյատեւում է յատկապէս ալեւիների ու եզիտիների միջեւ:
Հ.- Ալեւիներն ի՞նչ նշանակութիւն են տալիս քիրվայութեանը:
Պ.- Հասարակութեան ստորին շերտերը, ճնշուած, կեղեքուած հանրութիւններն աւելի յաճախ են քիրվայական յարաբերութիւնների մէջ մտնում: Եզիտիներն ու ալեւիներն այսօր փոքրամասնութիւն են եւ աւելի մեծ ճնշումների են ենթակայ: Հետեւաբար, կարծում եմ, որ փոքրամասնութեան մաս կազմելու հոգեվիճակն է, որ նրանց մղում է այս մեքանիզմին դիմել` այլ հանրութիւնների հետ յարաբերութիւն հաստատելու համար: Օրինակ, որոշ սիւննի հոգեւորականներ մեր հանդիպումների ընթացքում յայտնեցին, որ քիրվայութեանն այդքան էլ կարեւորութիւն չեն տալիս: Իսլամական ծէս ենք ասում, բայց շէյխն այդքան էլ չի կարեւորում այդ ծէսը: Իսկ ալեւին կամ եզիտին շատ են կարեւորում այն: Կարծում եմ, որ սա հաւատքից հեռու գնացող, առաւելապէս ընկերային խնդիր է: Դա աւելի շատ կապուած է փոքրամասնութիւն լինելու եւ ինքնապաշտպանութեան ձգտելու հետ:
Գալով նրա նշանակութեանը` ասենք, որ քիրվայութիւնը երկակի գործառոյթ ունի: Առաջինը` քիրվայութեամբ ստեղծուած ընտանիքում արգելւում են ամուսնական յարաբերութիւնները: Այսինքն քիրվայական յարաբերութիւնների մէջ մտած ընտանիքի ոեւէ անդամի հետ ամուսնանալը այնուհետեւ ամբողջութեամբ արգելւում է` առանց բացառութիւնների: Այնպէս որ, չկայ այդպիսի բան, որ եօթ պորտ, հինգ պորտ հեռաւորութեան հարազատների ամուսնութիւնները թոյլատրելի լինեն: Այդ արգելքը վերաբերում է ընտանիքի բոլոր անդամներին, ընդմիշտ: Ըստ էութեան, արգելքը յարաբերութիւնների մէջ կարգ ու կանոն մտցնելու նպատակ է հետապնդում:
Հ.- Ուշագրաւ է, որ քիրվայութեան լայն տարածում գտած վայրերում ազգականների միջեւ ամուսնութիւններն արգելուած չեն: Ընդհակառակը, որոշ ընտանիքներում այն գերադասելի է:
Պ.- Այո՛, ներամուսնութիւնը շատ տարածուած է: Սակայն ընտանիքի կորիզում, քոյրերի եւ եղբայրների միջեւ ամուսնութիւնն արգելուած է: Այդ առումով, քիրվայութիւնն այդ արգելքը դնում է ոչ թէ հօրեղբօր կամ մօրաքրոջ որդու մակարդակով, այլ` եղբայրների ու քոյրերի: Այլապէս ներամուսնութիւնը շատ տարածուած երեւոյթ է: Օրինակ, մեր ընտանիքում հօրեղբօր զաւակների միջեւ ամուսնութիւնը գրեթէ աւանդոյթ է, նոր-նոր է սկսում կոտրուել: Քանի որ քիրվայութիւնն արգելում է ամուսնութիւնը, մեզ թւում է, թէ այն մի շարք սահմանափակումներ է մտցնում, բայց իրականում յարաբերութիւնները եղբայրական մակարդակի բերելով` իւրօրինակ դեր է կատարում սահմանափակումները վերացնելու առումով:
Հ.- Երեւի այն պէտք է ընկալել ազգական-ոչ ազգական հասկացութեան շրջանակում` արգիլեալ (մահրեմ) եւ արտօնեալ (նամահրեմ) հասկացութիւններով: Օրինակ` երբ օտար տղամարդ է մտնում տուն, կանանց այնտեղ չերեւալու անհրաժեշտութիւնն էլ վերանում է:
Պ.- Այո, այդ ամէնը վերանում է, կարծես բոլորը նոյն ընտանիքից լինեն: Երբ գիտես, որ տուեալ ընտանիքի անդամի հետ ամուսնութիւնն արգելուած է, մերձեցումն աւելի հեշտ է լինում: Գիտես, որ չես կարող ամուսնանալ. դա օրէնք է, որ չես կարող խախտել: Այդ մասին բազմաթիւ պատմութիւններ, երգեր եւ առասպելներ կան: Մուրաթհան Մունկանի «Մահմուտն ու Եզիտան» էլ դրանցից է: Շիւանի երգած «Քիրիվոն» կամ էլ Կիւլիստանի երգած «Սինանէ Քիրիվ» հատուածը նոյն բաների մասին են պատմում: Այսինքն, եթէ մի ընտանիքի քիրվան ես, չես կարող այդ ընտանիքի աղջկայ կամ տղայի հետ ամուսնանալ: Կարող ես սիրահարուել, բայց դա անյոյս, անապագայ մի սիրոյ կը յանգեցնի:
Հ.- Գիտենք, որ մահմետական եւ քրիստոնէական հանրոյթները լաւ չեն վերաբերւում այլադաւանների հետ ամուսնանալուն, սակայն, ըստ էութեան, այդ արգելքը խախտողներ կան: Կարծես քիրվայութիւնն այդ արգելքներից այն կողմ գնացող իմաստ է ձեռք բերում:
Պ.- Անդրաշխարհիկ, կրօնական հարթութիւն է տալիս դրան: Տարբեր դաւանանքների պատկանող մարդկանց համատեղ ապրելու, շփուելու մի վայր է հանդիսանում: Յատկանշական է, որ փոքրամասնութիւններն իրենց քիրվաներին ընտրում են այլ փոքրամասնութիւններից:
Հ.- Ալեւիները, հայերը, ասորիները, նեստորականներն իրենց քիրվաներին այլ խմբերից են ընտրում, այդպէս չէ՞:
Պ.- Իրենից այլ խմբի հետ քիրվայութիւն հաստատելու անհրաժեշտութեան նման կարգ գոյութիւն չունի: Քանի որ վերջին հարիւր տարիներում տարուող միատարրացման քաղաքականութեան պատճառով այս հարցում խնդիրներ են առաջանում: Օրինակ` հայ քիրվա գտնելն այնքան էլ դիւրին չէ, բայց եզիտիներն ու ալեւիները դեռեւս շարունակում են իրենց քիրվաներին փնտռել սիւննիների մէջ: Օրինակ` Շենկալում (Սինճար) տեղի ունեցած եզիտիների կոտորածի մասին եզիտիների իսկ «Այս ԻԼԻՊ-ը մե՛ր քիրվաների բերածն է» արտայայտութիւնը խօսում է արաբների ու սիւննի քրտերի հետ նրանց հաստատած քիրվայական յարաբերութիւնների մասին: Իմ ընտանիքում, օրինակ, մեր քիրվաները Պինկէօլի շաֆիի յարանուանութեան քրտերից են: Այդ աւանդոյթը տակաւին նոյնութեամբ շարունակւում է:
Հ.- Ըստ էութեան, ալեւիներին ամենաշատը շաֆիիներն են խրտնեցնում:
Պ.- Այո՛, մանկութիւնից ի վեր չեմ հասկացել այս պատմութիւնը: Հիմա, այս հետազօտութեամբ նոր եմ սկսում հասկանալ:
Հ.- Սա պաշտպանութեան կարիքի՞ց է առաջանում, աւելի պաշտպանուած լինելու համա՞ր է արւում:
Պ.- Երեւի թէ դա իրավիճակից է կախուած: Կարելի է ասել, որ փոխադարձ հովանաւորչութիւնը, մերձեցումն ապահովող մի կառոյց է այն: Որոշ դէպքերում` լարուածութեան, հնարաւոր խնդիրների, հաւատքի հողի վրայ ծագող բախումների ժամանակ, քիրվայութիւնը մեղմացնող եւ յարաբերութիւններն ամրացնող առանձնայատկութիւն ունի: Ամուսնութիւնն արգելւում է, բայց միւս կողմից եղբայրացումն է խրախուսւում: Օրինակ, աղջիկ փախցնելու դէմն է առնւում: Այդ տունն ազատօրէն ելք ու մուտք անելը, ընտանիքի բոլոր անդամների հետ համերաշխ ապրելը շատ կարեւոր բաներ են: Անգամ այսօր հանրութիւնների միջեւ անհաւատալի պատնէշներ կան: Թուրքիայի հասարակութեան մէջ ոչ իւրային խմբերի նկատմամբ չափից աւելի անվստահութիւն կայ: Իրականում քիրվայութիւնն անվստահութեան այդ պատնէշը քանդելուն ուղղուած կրօնական մի շատ կարեւոր գործառոյթ ունի: Կրօնական ծէս լինելով հանդերձ, այն պէտք է դիտարկել ընկերային յարաբերութիւնների զարգացման տեսանկիւնից:
Հ.- Տարբեր հանրութիւններ ու տարբեր իրավիճակներ են, բայց կա՞ն արդեօք նմանութիւններ կնքահայրութեան հետ:
Պ.- Իրականում շատ նման է: Խիստ հաւանական է, որ դրա նման մի բանից էլ առաջացած լինի: Սակայն կնքամայրութեան եւ կնքահայրութեան գործընթացում ներգրաւուած են թէ՛ տղամարդիկ եւ թէ՛ կանայք: Քիրվայութիւնում միայն տղամարդիկ դերակատարութիւն ունեն: Բայց այդ տղամարդու միջոցով ամբողջ ընտանիքի հետ քիրվայական յարաբերութիւն է ստեղծւում: Հետեւեալ նմանութիւնն էլ կայ կնքահայրութեան հետ. թլփատման ծիսակատարութեանը մասնակից եղողները պարտաւորւում են թլփատուող երեխայի հետ մշտապէս կապի մէջ լինել, նրան աջակցել, թիկունք կանգնել:
Հ.- Ի՞նչ է մտնում այդ պարտաւորութիւնների մէջ:
Պ.- Նա պէտք է թլփատման արարողութեան ժամանակ երեխայի հագուկապի եւ այլ ծախսերը հոգայ, դպրոցից մինչեւ ամուսնութիւն ընկած ժամանակահատուածում երեխային ամէն տեսակի օգնութիւն ցուցաբերի: Մշտապէս նրա թիկունքում կանգնած լինի: Կապը պէտք է շարունակական լինի:
Հ.- Մենք գիտենք, որ քրտական որոշ աշիրեթական համադաշնութիւնների մէջ քրիստոնեայ խմբեր էլ են ներգրաւուած: Դա յատկապէս Միտիաթում տարածուած երեւոյթ է: Կարելի՞ է ենթադրել, որ քիրվայութիւնը նմանատիպ աշիրեթական համադաշնութեան մէջ տեղ չգտած քրիստոնեաներին ուղղուած ընկերային մի հաստատութիւն է: Քանի որ աշիրեթի անդամներն արդէն իսկ այդ աշիրեթի պաշտպանութեան տակ են…
Պ.- Խնդրոյ առարկայ համադաշնութիւնները 1860-ականներից յետոյ են ստեղծուել: Մինչ այդ հիմնականում պէյութիւնների համակարգն է տիրապետող եղել: Պէյութիւնների վերացումից յետոյ մի խառնաշփոթ ժամանակաշրջան է սկսուել, երբ իրար մերձաւոր աշիրեթները, պաշտպանութեան նպատակով համադաշնութիւններ են ստեղծել: Օրինակ, Միլլի աշիրեթի մաս են կազմել ասորիներ, եզիտիներ, արաբներ: Իսկ, մինչեւ 1860-ականները, քրիստոնեաների պաշտպանութեան գործը Միրն իր վրայ էր վերցրել: Այդ ժամանակահատուածում քրիստոնեաները եւ մահմետականները, Հանս Լուքաս Քայզերի (Hans Lukas Kieser) խօսքերով` «տանելի գոյակցութեան» մէջ են եղել: Դա ոչ միայն պաշտպանութեան հովանի էր, այլեւ իր հետ բերում էր ինքնութիւնների բազմակիացում, բազմամշակութայնութիւն, միմեանց հետ մերձեցում:
Այդ առումով, աշիրեթի անդամներն էլ սկսեցին քիրվայութիւն անել: Քանի որ դա յարաբերութիւնները սերտացնելու, ընկերային լարուածութիւնները վերացնելու միջոց էր նաեւ: Այս բանը պէտք է դիտարկել նաեւ տնտեսական հարթութիւնում: Այս տարածաշրջանում քրիստոնեաների ու մուսուլմանների միջեւ աշխատանքի բաժանում գոյութիւն ունէր: Այդ բաժանումը քիրվայութեան հաստատութեան տեսակէտից էլ է շատ կարեւոր: Ցեղասպանութեան պատումներում յաճախ կը նկատէք` «նրանց գնալուց յետոյ այստեղ ամայացաւ»: Մինչեւ Մեշրութիյեթի` սահմանադրական միապետութեան հռչակումը քրիստոնեաներին արգելւում էր զէնք կրել, ձի հեծնել, բանակում ծառայել: Այնպէս որ, քրիստոնեաներն զբաղւում էին արհեստներով, առեւտրով, գիւղատնտեսութեամբ: Քիւրտ պէյերը վերահսկում էին ամբողջ տարածաշրջանն ու տարբեր հանրութիւնների: Աշիրեթներով ապրող քրտերն անասնապահութեամբ ու գիւղատնտեսութեամբ էին զբաղւում: Այլ արհեստներով զբաղուելու մասին վկայութիւններ չկան. այդ գործերը քրիստոնեաներն էին անում: Նման աշխատանքները քրտերի կողմից նուաստացուցիչ էին համարւում: Քիւրտ աշիրեթների վերահսկողութեան տակ գտնուող տարածքներում քրիստոնեաների թիւը շատ մեծ էր: Քիրվայութիւնն այս երկու խմբերի միմեանց նկատմամբ ունեցած կարիքից, կապից էր առաջանում: Նրանք տնտեսական ամուր կապեր էին ստեղծում, իսկ այդ կապերը աւելի հաստատուն դարձնելու ձեւն էլ քիրվայութիւնն էր: Այդպիսով, նրանք կարողանում էին մտնել քրիստոնեայի կամ հրեայի խանութ եւ հանգիստ առեւտուր անում, ձիու պայտը, մուրճն ու մանգաղը նրանց էին սարքել տալիս: Այդ յարաբերութիւնները քիրվայութեան միջոցով էին ամրապնդւում:
Հ.- Իսկ այսօր ինչպիսի՞ն է վիճակը, քիրվայութիւնը որտե՞ղ եւ ինչպէ՞ս է շարունակւում:
Պ.- Փոքրամասնութիւն կազմող եւ աւելի շատ պաշտպանութեան կարիք ունեցող խմբերն են քիրվայական յարաբերութիւնների մէջ մտնում: Այն յատկապէս ալեւիների մօտ է տարածուած: Եզիտիների մօտ էլ է բաւականին տարածուած: Ալեւիական հաւատալիքների մէջ քիրվայութիւնը առաջնային տեղ չի գրաւում, բայց նրանց կեանքում դա կարեւոր դեր է խաղում: Թլփատման արարողութեանն անպայման մէկ քիրվա պէ՛տք է լինի: Բայց մեր օրերում ալեւիները քիրվաներին իրենց մէջից են ընտրում: Եզիտիների մօտ էլ է նկատւում նոյն բանը:
Հ.- Իսկ թրքահայերի մօտ դեռեւս շարունակւո՞ւմ է քիրվայութիւնը:
Պ.- Երբեք չեմ լսել: Չգիտեմ` ինչ յիշողութիւններ ունեն այդ մասին Թուրքիայի հայերը: Որքանով որ տեղեակ եմ, նրանք այսօր հնարաւորինս հեռու են մնում, խուսափում են մուսուլմաններից: Իսմայիլ Պեշիքճին 1968թ. հրապարակուած «Արեւելեան Անատոլիայի հասարակարգը» վերնագրով իր աշխատութիւնում պնդում է, որ ասորիների ու քրտերի միջեւ այդ յարաբերութիւնները շարունակւում են: Սակայն չգիտենք` դրանք այսօր ինչքանո՛վ են շարունակւում:
Հ.- Յայտնի է, որ սփիւռքահայութեան մէջ նման յիշողութիւն գոյութիւն չունի: Դա ինչպէ՞ս կը մեկնաբանէք: Ինչո՞ւ քիրվայութեան մասին յիշողութիւններ չեն փոխանցուել:
Պ.- Յիշողութիւնը շատ ընտրովի է: Դա պատմութիւնն այսօրուայ իրողութեան պրիսմակով դիտելու նման մի բան է: Ինչո՞ւ են քրտերն այսքան շատ յիշում քիրվայութիւնը: Քանի որ իրենք էլ տուժած լինելով` հայերի նկատմամբ կարեկցանք են տածում: Քրտերի յիշողութիւններում հայերի նկատմամբ վերաբերմունքը մշտապէս դրական է` համարեա իտէալականացուած: Կարօտախտային տրամադրութիւնները շատ են, կան նաեւ մարդիկ, որոնք 1915թ. նախորդող անցեալը մի տեսակ վարդագոյն են նկարագրում: Սրանք յիշողութեան խաղերն են: Անարդարութեան մատնուած լինելով, ուրիշի տառապանքները իրենցը համարելով` որոշ բաներ չտեսնելու են տալիս: Իսկ հայերի այդ ընտրովի յիշողութեան մէջ դրական բաների բացակայութիւնը կապուած է իրենց փոխանցուած հոգեխոցի եւ նրա մէջ քրտերի բացասական ընկալման հետ: Ինչպէս քրտերն այսօր հայերի մասին միայն դրական յիշողութիւններ ունեն, հայերն էլ, ցաւօք, քրտերին միայն բացասական կերպով են ընկալում: Քանի որ հայերը` «Մեր ջարդերում քրտերը դերակատարութիւն են ունեցել» տեսանկիւնից են մօտենում եւ մտածում են, որ` «Պետութեան հետ ձեռք ձեռքի տալով` մեր պապերին սպաննել են», նրանք այդ բանը մի փոքր մոռացել են:
Հ.- Կարծես թէ այդ ընկալման մէջ քիրվայութեան նման դրական բան չկայ:
Պ.- Չկայ, բայց երբ, առանց բացառութեան, քրտերի 90 տոկոսը «մենք հայերի հետ լաւ էինք» են ասում ու մատնանշում քիրվայութիւնը, որպէս այդ գեղեցիկ կապի խորհրդանիշ` քիրվայութեան շեշտադրումն էլ ուշադրութեան արժանի է:
Հ.- Կարծում եմ` այդ ժամանակ հայերի ու քրտերի միջեւ քիրվա չեղողներն անգամ միմեանց քիրվա էին ասում, այդպէս չէ՞:
Պ.- Այո՛, դա արդէն աւանդոյթ էր դարձել: Ինչպէս քրտերէնում «ընկեր» իմաստով «հեւալ» են ասում, նոյն կերպ իրար «քիրվա» են ասել: Իրար դիմելու այս ձեւն աւելի շատ Տէրսիմում է տարածուած. տէրսիմցիները միմեանց «քիրվա» են ասում: Ոչ թէ հայերին, այլ իրար «քիրվա»-ով են դիմում: Սա էլ մտածելու տեղիք է տալիս: Ընդ որում, դա իր արտացոլումն է գտել քաղաքական կազմակերպութիւններում: Տէրսիմեան ծագում ունեցող «Թիքքօ»-ի նման քաղաքական կազմակերպութիւններում միմեանց «քիրվա»-ով են դիմում, ինչպէս ՔԱԿ-ի ներսում իրար «հեւալ»-ով են դիմում: Սա էլ, թերեւս, ուսումնասիրման կարօտ խնդիրներից է:

