ԱՐՄԻՆԷ ՍԻՄՈՆԵԱՆ
Ստորեւ կու տանք հայրենի «Հայոց Աշխարհ» օրաթերթի կատարած հարցազրոյցը Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծուիկ Մինասեանի հետ` սահմանադրական փոփոխութիւններու նախագիծին մասին:
ՀԱՐՑՈՒՄ.- Ըստ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի, բարեփոխուող սահմանադրութեամբ երկիրը կը գլորուի խիստ վտանգաւոր միակուսակցական համակարգ` դէպի քաղաքական մենաշնորհ: ՀՅԴ-ում չկա՞յ նման մտավախութիւն:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Նախ, ես ոչ միայն որպէս ՀՅԴ պատգամաւոր, այլեւ որպէս հայ քաղաքացի վստահաբար կարող եմ ասել, որ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը մեր երկրի զարգացման գործում ունեցել է իր աւանդն ու ներդրումը: Սակայն յարգելով նրա վաստակը, նաեւ` տեսակէտը, չեմ ընդունում նրա բերած հիմնաւորումները:
Նախ` նշում է, թէ գործող սահմանադրութիւնը որեւէ կերպ չի խոչընդոտում Հայաստանի առաջ ծառացած բոլոր խնդիրների ու մարտահրաւէրների յաղթահարմանը: Ես համամիտ չեմ այս տեսակէտին, քանի որ կեանքը ցոյց է տուել հակառակը` սահմանադրական զարգացումների ներքոյ մեր բոլոր խնդիրները չեն յաղթահարուել, իսկ դա նշանակում է, որ սահմանադրական կանոնները եղել են թերի, ոչ ամբողջական:
Երկրորդ` Ռոպերթ Քոչարեանը, ցաւօք, 2005-ին փոփոխուած սահմանադրութեամբ չի հասցրել երկիրը լիարժէքօրէն կառավարել, որովհետեւ 2005-ին փոփոխուածը, ըստ էութեան, ամբողջ ծաւալով ուժի մէջ մտաւ 2007-ի Ազգային ժողովի ընտրութիւններից յետոյ, իսկ դրանից անմիջապէս յետոյ տրուեց յաջորդ տարում սպասուելիք նախագահական ընտրութիւնների մեկնարկը:
Այսինքն 2005թ. փոփոխուած սահմանադրութիւնը Ռոպերթ Քոչարեանը չկարողացաւ իրացնել իր ղեկավարման տարիներին: Հակառակ դէպքում, վստահ եմ, որ նա կը տեսնէր այն բացերը, որոնք արձանագրուած են ներկայիս փոփոխութիւնները հիմնաւորող հայեցակարգում:
Երրորդ` Ռոպերթ Քոչարեանը մատնանշել է Խորհրդային Միութեան սահմանադրութեան 6-րդ յօդուածը, որը ոչ միայն Համայնավար կուսակցութեան էր վերապահում միակ ճշմարիտը լինելու դերակատարումը, այլեւ արգելում էր որեւէ այլ քաղաքական կազմաւորման գոյութիւնը այդ միութեան մէջ:
Ասել է թէ` Խորհրդային Միութիւնը սահմանադրօրէն արգելում էր մրցակցութիւնը քաղաքական կեանքում: Սա որեւէ աղերս չունի ու չի կարող ունենալ այն փոփոխութիւնների հետ, որոնք այսօր առաջարկւում են, այն պարզ պատճառով, որ սահմանադրական փոփոխութիւնների կենտրոնական հարցերից մէկը բազմակուսակցական համակարգի ստեղծումն է:
Եւ ցանկացած կազմակերպութիւն, քաղաքական կուսակցութիւն, հասարակական կազմակերպութիւն, անձ կամ անձանց խումբ, եթէ փորձեն այդ նպատակը վերափոխել, ապա նրանց քայլը կը համարուի յանցագործութիւն, իշխանազանցութիւն, ինչը կ՛ենթարկուի պատասխանատուութեան օրէնքի ողջ խստութեամբ:
Վերջապէս, իրաւական համակարգն ի սկզբանէ որեւէ քաղաքական ուժի հնարաւորութիւն չի տալիս ունենալ այնպիսի առաւելութիւն, ինչպիսին կայ այսօր:
Երկրորդ նախագահն իր նախկին հարցազրոյցներում յաճախ է շեշտել, որ քաղաքական համակարգում կարեւորը հաւասարակշռութիւնն է: Սահմանադրական այս փոփոխութիւններով դա է նաեւ ապահովուում, մասնաւորաբար ընդդիմութեանը վերապահւում է ազդեցութեան հսկայական հնարաւորութիւն:
Պարզ է, որ իշխանութիւնը յետայսու չի կարող այնպիսի հանգիստ կեանք վայելել, որպիսին ունեցել է 1995-ի եւ 2005-ի սահմանադրական փոփոխութիւնների արդիւնքում: Այլ կերպ ասած` «ամէն ինչ յաղթողինն է» սկզբունքը, որ գործել է նախորդ ժամանակահատուածում, փոխարինւում է հաւասարակշռուած ու փոխադարձ զսպումներով քաղաքական համակարգի:
Այս ամէնը, կարծում եմ, կը փարատեն երկրորդ նախագահի` որպէս երկրի վաղուայ օրով մտահոգ մարդու անհանգստութիւնները: Իսկ եթէ կան այնպիսի յօդուածներ, որոնք ցոյց կը տան, որ առաջարկուող համակարգը վնասում է պետութեանը, ապա խորհրդարանը իրաւասու է առանց ժողովրդական հանրաքուէի փոփոխութեան ենթարկել դրանք, այդ թւում եւ 89-րդ յօդուածը, ինչի մասին խօսել է Ռոպերթ Քոչարեանը:
Սա եւս ցոյց է տալիս, որ ունենում ենք իրական հնարաւորութիւն, ի դէմս այդ փոփոխութիւնների, երկիրը էլ աւելի ժողովրդավարական դարձնելու եւ առաջ գնալու` յստակ ամրագրելով ազգային, պետական նպատակները:
Հ.- Դառնանք ներքին դաշտում նշմարուող խլրտումներին. չնայած «ոչ»-ի այդպէս էլ չձեւաւորուած ճակատում խառնաշփոթ է, բայց կան ուժեր, գուցէեւ անձինք, որոնց նպատակն է սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրուակ դարձրած` երկրում ծաւալել ապակայունացնող գործընթացներ: Նման խմորումները չե՞ն մտահոգում Դաշնակցութեանը:
Պ.- «Ոչ»-ի այսպէս կոչուած, ճակատում բոլորը չէ, որ միատեսակ են մտածում: Ինչպէս այլ հարցերում կան լուսանցքայնացուածից մինչեւ առողջ ուժեր, այստեղ եւս նոյն երեւոյթի ականատեսն ենք:
Սակայն, ի տարբերութիւն նախկին դրսեւորումների, ես այստեղ վտանգաւոր երկու երեւոյթ եմ տեսնում: Առաջին` կան անձինք, ովքեր «ոչ» են ասում ոչ թէ սահմանադրական փոփոխութիւնների նախագծում ամրագրուած այս կամ այն դրոյթով մտահոգուած, այլ «ոչ» են ասում երկրում ապակայունացում մտցնելու նպատակով: Այսպիսիների նպատակը ոչ թէ իշխանափոխութիւնն է, այլ պարզապէս մարդափոխութիւնը:
Սրանց ամենեւին չի հետաքրքրում, թէ երկիրն ինչ կառավարման համակարգ կ՛ունենայ, քանի որ նրանց համար կարեւորն այն է, որ իրենք լինեն երկրում հարցեր լուծողը: Հետեւաբար եթէ անգամ նրանց ցանկութիւններն ամրագրուէին այս նախագծում, միեւնոյն է, նրանք դարձեալ հակադրուելու էին, որովհետեւ, ինչպէս ասացի, նպատակներն այլ են:
«Ոչ»-ի մէջ կայ նաեւ մի խումբ, որն ակնյայտօրէն ուղղորդւում է դրսից, յատկապէս` այն ուժային կենտրոններից, որոնք ուզում են Հայաստանում գործ ունենալ ոչ թէ մի ամբողջ ժողովրդի, նրա քուէն ստացած մի ամբողջ խորհրդարանի, այլ մէկ անձի հետ, որին այս կամ այն հարցը կարող են պարտադրել, թելադրել: Պարզ է, որ այդ ուժերը ամէն գնով փորձելու են գտնել իրենց աջակիցներին, ովքեր պատրաստ կը լինեն այդ ծառայութիւնը մատուցելու:
Հ.- Պարո՛ն Մինասեան, փաստօրէն խորհրդարանի քուէարկութեանը ներկայացուեց սահմանադրական բարեփոխումների մի նախագիծ, որը նախնական տարբերակի համեմատութեամբ լաւ մշակուած մի փաստաթուղթ է: Անակնկալի են եկել անգամ հասարակական հատուածի այն ներկայացուցիչները, որոնք մինչեւ երէկ «ոչ»-ի շարքերում էին, ու ամիսներ շարունակ ահազանգում էին նախագծում տեղ գտած մեր ինքնութիւնը վտանգող դրոյթների մասին:
Պ.- Իսկապէս, յաջողուած նախագիծ ստացուեց, եւ ոչ միայն այն պատճառով, որ մասնագիտական յանձնաժողովը աշխատեց զօր ու գիշեր, ականջալուր եղաւ հանրութեան տարբեր հատուածների կողմից ներկայացուող մտահոգութիւններին, դիտողութիւններին: Նաեւ այն պատճառով, որ նախագծում յստակ ուրուագծւում է սահմանադրական այն ուղղուածութիւնը, որը մեր ժողովուրդը պէտք է համարի իր զարգացման հիմնական գիծը:
Մեր պատմութեան ընթացքը բազմիցս է ապացուցել, որ հայ ժողովուրդը կարեւորում է մի քանի յենասիւնային հաստատութիւններ. առաջինը ընտանիքն է, որը «Սահմանադրական կարգի հիմունքներ» բաժնում ամրագրուեց որպէս հիմնական` պետութեան, բնակչութեան զարգացման առանցքային օղակ, վերարտադրութեան հիմնական մեքանիզմ:
Երկրորդը` սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրուեց պետութեան պարտաւորութիւնը, այն է` սփիւռքի հետ միասնաբար իրականացնել հայապահպանութեան ու հայրենադարձութեան ծրագիր: Մինչ այժմ որեւէ սահմանադրութեան մէջ այս խնդիրը պետութիւնն իր առաջ այսպէս յստակ ձեւակերպուած չէր դրել: Իսկ այսուհետ հայրենադարձութիւնը դառնում է պետութեան քաղաքականութիւնը: Եւ դա ամրագրուած է 19-րդ յօդուածի առաջին կէտում:
Միւսը վերաբերում է երկրի տնտեսական զարգացման մոտելին, ըստ էութեան, ամրագրւում է` երկրի զարգացում ընկերային-ժողովրդավարական արժէքների հիմքի վրայ: Ձեւաւորւում է հետեւեալ մօտեցումը` սեփականութեան իրաւունքը իր սեփականատիրոջից զատ պէտք է ծառայի նաեւ հանրութեանը ու գտնուի պետութեան պաշտպանութեան ներքոյ:
Յաջորդը. ամրագրուեց, որ տնտեսական զարգացումը յենւում է կայուն զարգացման սկզբունքի վրայ, իսկ դա նշանակում է` երեք բաղադրիչների միաժամանակեայ գոյութիւն. ընկերային կեանք, տնտեսական արդիւնաւէտութիւն եւ բնապահպանական միջավայր: Այլ կերպ ասած, մեր պետական քաղաքականութեան տնտեսական հենքը լինելու է կայուն զարգացումը:
Շահեկանօրէն փոփոխուել է մարդու իրաւունքներին վերաբերող բաժինը: Այն սահմանադրութեան մէջ այլեւս ոչ թէ հռչակագրային բնոյթ կ՛ունենայ, այլ սահմանուած է յստակ մեքանիզմ: Իրաւունքի գերակայութեան սկզբունքը համարւում է հիմնարար սկզբունք, այն չի կարող սահմանափակուել ո՛չ որեւէ օրէնքով, ո՛չ էլ օրէնսդիրը կարող է սահմանափակել իր ցանկութեամբ: Խօսքը ե՛ւ քաղաքական իրաւունքների մասին է, ինչպիսին է հաւաքների ազատութեան իրաւունքը, ե՛ւ ընկերային- տնտեսական բնոյթի իրաւունքների:
Հ.- Նախագծի մի շարք դրոյթներ միտումնաւոր աղաւաղուեցին բարեփոխումները մերժողների կողմից:
Պ.- Այո՛, միտումնաւոր աղաւաղեցին ընտանիքի հաստատութեան, նաեւ երկրի պաշտպանական համակարգին վերաբերող դրոյթները: Այդ անձինք չխորշեցին ահաբեկել մեր հանրութեանը` ներկայացնելով կեղծ տեղեկատուութիւն, թէ իբր հայոց պաշտպանական համակարգը, յատկապէս բանակը, արտաքին անվտանգութիւնը կը տուժեն ու կը թուլանան, եթէ կատարուեն այս բարեփոխումները: Մինչդեռ կը լինի ճիշդ հակառակը, այս փոփոխութիւններով աւելի կ՛ամրապնդուի Հայաստանի արտաքին անվտանգութեան համակարգը:
Զինուած ուժերը, որ համարւում է Հայաստանի արտաքին անվտանգութեան երաշխաւորը, կը գտնուի եռակի վերահսկողութեան ներքոյ, նախ` կառավարութեան ենթակայութեան տակ, զինուած ուժերը կը ղեկավարի արհեստավարժ զինուորականը` զինուորական շտաբի պետը, ոչ պատերազմական իրավիճակում բանակի կառավարումը կ՛իրականացնի պաշտպանութեան նախարարը, իսկ պատերազմի ժամանակ վարչապետը կը լինի գերագոյն հրամանատարը:
Եւ այս բոլոր գործողութիւնները, ի վերջոյ, կը հաստատուեն խորհրդարանի կողմից. պատերազմ յայտարարելը կամ խաղաղութիւն հաստատելը բացառապէս խորհրդարանի գործառոյթն է, ոչ թէ մէկ անձի: Սա փաստում է, որ մենք է՛լ աւելի պաշտպանուած համակարգ ենք ունենալու: Մեր զինուած ուժերը կ՛ունենան էլ աւելի յստակ դերակատարում երկրի անվտանգութեան ապահովման գործում:
Այնպէս որ, մեր այն քաղաքացիները, ովքեր մտահոգուած են այս հարցերով, թող հանգիստ լինեն: Եւ «ոչ»-ի «ճամբարի» այն հատուածը, որը փորձում է մեր ժողովրդի անհանգստութիւնը օգտագործել, նրան ահաբեկել կամ նրա մէջ կասկածներ մտցնել, ապագայ չունի:
Դրսից ֆինանսաւորուող ու ներսում խժդժութիւններ հրահրողներին խորհուրդ կը տամ` չզբաղուել այդ անպատուաբեր գործով, չծառայել սատանային ու մտածել սեփական երկրի, ժողովրդի բարեկեցութեան բարձրացման ուղղութեամբ:
«Հայոց Աշխարհ»