ՍԷՎ
Իմ ապրելու ձեւն իմ գործերն են:
Ստեղծագործող մարդը թերի մարդն է, ով ուզում է ամբողջականանալ: Կիսատպռատութիւնը մարդուն աւելի ստեղծագործ է դարձնում: Աշխարհը մեր մարմինն է, եւ փոխադարձ կապի ու կատարելագործման ցանկութիւնից էլ ստեղծւում է արուեստի պահանջը:
Վառել եմ գրածներս, երեսուն տարեկանում` ծննդեանս օրը:
Ինը տարեկանում որոշել էի դառնալ ֆանտաստ գրող: Մեծ գրքեր էի կարդում ու առաջին կարդացածս գիտական ֆանտաստիկա էր, եւ որոշել էի դառնալ յայտնի ֆանտաստ գրող: Գրելով ապրում էի, գոյութիւնս պահպանելու համար տարբեր պատահական աշխատանք էի անում: Գրում էի փոքր բաներ ու շարունակում կարդալ… ամէն ինչ, մի շրջան հնարաւորինս խորացուած, համեմատական լեզուաբանութեան վրայ էի գլուխ կոտրում… եւ հասկացայ` ի՛նչ է գրականութիւնը: Եզրակացութիւնս այն էր, որ լեզուն ինձ աւելի շատ խանգարում է, քան` օգնում գրելուն:
Մարդը վստահում է ոչ թէ իր զգացողութիւններին ու մտքին, այլ` կարծրատիպերին:
Որպէսզի գոյնը իսկապէս ընկալուի, պէտք է հասկանալ գոյնի ու լոյսի բացակայութիւնը: Մենք մեծ մասամբ համեմատելով ենք այս աշխարհը ընկալում, բայց համեմատելով` ընկալուածը աշխարհի շատ փոքր մասն է: Մենք հիմնականում ընկալում ենք անմիջապէս եւ ընկալում ենք այնպէս, ինչպէս մենք կանք: Հետեւաբար, աշխարհի ճանաչումը անխուսափելիօրէն կապակցւում է ինքնաճանաչողութեան հետ… վատ գիտես ինքդ քեզ, հետեւաբար վատ գիտես քեզ շրջապատող աշխարհը:
Վստահի՛ր ինտուիցիային (յայտ-նատեսութիւն-Խմբ):
Մենք անընդհատ ենթադրութիւններ ենք անում կամ, մեր կարծիքով, մտածում ենք եւ ըստ դրանց որոշումներ ընդունում, բայց չենք ունկնդրում մեր մարմնին, նրանից եկող անընդմէջ ազդանշաններին: Մեր ինտուիցիան կարող է աւելի շատ բան յուշել, քան` մեր ենթադրութիւն-կարծիքները:
Հիւանդանում ենք` մարմնի ու մտքի ֆունկցիաների (պաշտօնների-Խմբ.) անհաւասարաչափ բաշխման հետեւանքով: Եթէ մենք լսենք մեր «ներսի» ազդանշանները, ապա մարմնի վիճակը աւելի կարգաւորուած կը լինի, իսկ միտքը` աւելի խաղաղ:
Մարմին ասելով` միայն մեր անձնական մարմինը նկատի չունեմ… բնութիւնը մեր մարմնի շարունակութիւնն է:
Ես իրապաշտ եմ:
Ես վերացապաշտական արուեստի հետեւորդ չեմ: Ինձ հետաքրքրում է շատ որոշակի բան` նիւթը: Բայց նիւթը ոչ միայն որպէս նիւթականութիւն, այլ` նաեւ որպէս որոշակիութիւն, անհատական փորձով ստուգել-հաստատելու հնարաւորութեամբ… այս իմաստով ես անհաւատ եմ, գերադասում եմ գիտելիքը, հաւաստին, հաստատուողը… յարգում եմ, հիմնականում, բոլոր հեղինակութիւններին, բայց հարիւր տոկոսով ոչ ոքի չեմ վստահում…
Իմ գործերում ծանօթ, ճանաչելի պատկերի բացակայութիւնը յաճախ շփոթում են վերացապաշտութեան հետ:
Իմ արուեստում, ինչպէս երեխաների մօտ է, նմանակելու խնդիր չկայ:
Մարդու ստեղծագործական գործունէութիւնը վելուծող-մեկնաբանողների մեծամասնութիւնը հիմնականում ելնում են մեր այն տեսակէտից, որ իբր մեր գիտակցութիւնը հայելու պէս անդրադարձնելու ունակութիւն է, գործիք: Սա շատ պարզունակ մօտեցում է, այնքան պարզունակ, որ աւելի շատ կեղծ եզրայանգումներ է բերում, քան դոյզն ինչ մօտենում է այդ երեւոյթի մեկնաբանմանը…
Երեխան խաղալիս ոչ թէ նմանակում է, այլ փորձում է հասկանալ իրեն շրջապատող իրականութիւնը` ներդաշնակ յարաբերուել կարողանալու համար… ուսում-ճանաչողութիւնը հիմնականում լրացրած անհատը, աշխարհը ոչ թէ բացատրում, մեկնաբանում, փոխում է, այլ գիտակցում եւ ինքնարտայայտւում… որն էլ մեր կեանքն է…
Սէվ անուանս հեղինակն է իմ լաւ բարեկամը եւ ուսուցիչը` Քիքին (Գրիգոր Միքայէլեանը):
Սակայն սեւն ինձ համար գոյն չէ: Սեւն անյայտն է: Հիմա գիտութիւնն էլ է պարզել, որ տիեզերքի իննսունհինգ տոկոսը սեւ էներգիա է եւ սեւ նիւթ: Թէկուզ այսօրուայ գիտութիւնը հիմնուած է լոյսի ու լուսապաշտութեան վրայ` զրադաշտութիւնը դրա առաջին ձեւակերպումներից մէկն է` լոյսի եւ խաւարի:
Հարցը այն է, որ երեւացող, անմիջապէս ընկալուող լոյսը ամենակարեւորը չէ, եւ լոյսի հակառակն էլ մութը չէ:
Իմ ակնարկած սեւը ոչինչն է: Պուտիզմի բերած շունիաթայի` զերոյի գաղափարը: Շունիաթան դատարկութեան սկզբունքն է: Այսինքն դատարկութեան ամէն ինչն է, եւ դրանում յայտնուող ամէն ինչ պատրանք է: Գոյնը լոյսի ինտերֆերենցիայի` ներխուժման ու փոխյարաբերման հետեւանքում առաջացած արդիւնքն է: Եւ այն բոլոր մակերեւոյթները, որոնք կլանում են լոյսը, սեւ են:
Սակայն միակ իրական լոյսը Սեւ Լոյսն է…
Աշխարհը միշտ ստեղծւում է:
Կայ հիմնական երկու պատկերացում.
Աշխարհը ստեղծուե՛լ է, աշխարհը ստեղծւո՛ւմ է:
Առաջին մօտեցումը շատ է պարզունակացնում աշխարհի ինչ լինելը, քանզի այն մարդակենտրոն (anthropocentric) է…
Քանզի, եթէ աշխարհն ամէն պահ է ստեղծւում, հետեւաբար մենք այդ ստեղծման անմիջական մասնակիցն ենք. կարեւոր էլ չէ մենք ակտիւ ենք այդ պահին թէ կրաւորական… միեւնոյն է, պատասխանատուութիւնը իւրաքանչիւրինս է, նոր ապա` բոլորինս:
Իսկ մարդիկ, հիմնականում, խուսափում են ազատութիւնից, քանի որ պատասխանատուութեան խնդիր կայ իր եւ աշխարհի համար:
Ազատութիւնը ամենապատասխանատու բանն է:
«Ի՞նչ է մնում անել բանտարկեալին, եթէ ոչ ազատ լինել». Ժան Փոլ Սարթր:
Ոչինչը ազատութիւնն է: Եւ ոչնչից, ազատութիւնից է ստեղծւում ամէն ինչ: Եւ ոչինչը դատարկը, փուչը կամ սնամէջը չէ՛, քանի որ այն դուրս է ժամանակից ու տարածութիւնից… դատարկը պարզապէս վիճակ է, անցողիկ վիճակ: Տարածաժամանակային դատարկութիւնը անմիջապէս լցւում է…
Մենք բառեր ենք օգտագործում, սակայն օգտագործելուց պէտք է վստահ լինենք, որ այդ բառերի համադրութիւնը գոնէ մօտենում է իրականութեանը: Եթէ ամէն ինչ չէ, որ ասւում է, գոնէ պիտի վստահ լինենք, որ ասւում է հիմնականը, եթէ ասածը ամբողջապէս չի բացատրում, գոնէ ճանաչել է տալիս:
Մենակ մարդը միշտ մտածում է, որ ինքը սխալ կէտում է յայտնուել:
Սակայն միջավայրը ինձ օգնեց հասկանալ, թէ ո՛վ եմ ես:
Քսանչորս տարեկան էի, երբ հանդիպեցի մի խումբ մարդկանց, ովքեր ապրում էին շատ իւրօրինակ կեանքով, աշխուժօրէն շփւում էին միջավայրի հետ, բայց` մեծ կարեւորութիւն չտալով այդ միջավայրը կառավարել փորձող համակարգին: Քանզի համակարգը չէ՛, որ որոշում է մեր ինչ եւ ով լինելը, ցանկացած համակարգ ընդամէնը միջավայրի մտային կառոյց է… ամենաակնյայտ համակարգը մշակոյթն է` գիտութիւն, տնտեսութիւն, քաղաքականութիւն, աւանդութիւններ:
… Արուեստը գերխնդիր չունի, այն ինքնաբուխ ու ազատ դրսեւորում է, որ յարաբերուելով միջավայրի` հասարակութեան հետ, օգնում է մարդկանց շփուել, համագործակցել եւ արարել: Արուեստագէտի ապրելու ձեւերից մէկը իր արածը ցուցադրելն է կամ վաճառելը: Արուեստագէտը ցուցադրւում է այն դէպքում, երբ արդէն ասելիք ունի: Ինձ միշտ հետաքրքիր է մարդուն, հետեւաբար` ինքս ինձ ճանաչելը:
Ստեղծագործութեան ընկալումը դիտողի կողմից շատ բան է ասում դիտողի մասին: Իմ գործերի օգնութեամբ ես ճանաչում եմ մարդկանց: Արուեստի գործը ներազդեցիկ ուժ է` կախուած որոշակի մարդու վերաբերմունքից, օգնում է ե՛ւ դիտորդին, ե՛ւ ինձ` բացայայտելու մեր ներքին, թաքուն` «մութ անկիւնները»:
Մարդ-անհատի առաջին եւ հիմնական խնդիրն է հանգուցալուծել ձանձրոյթի թնճուկը:
Կեանքի շարժիչը անհրաժեշտութիւնն է:
Կեանքի շարժիչը անխուսափելին է:
Այս պարագայում` կեանքի շարժիչը ձանձրոյթն է:
Երբ հասուն տարիքում, վերջապէս, անհրաժեշտի ու անխուսափելիի խնդրում որոշակիութիւն է առաջանում, յայտնւում է ձանձրոյթը` Weltschmerz-ի, Տիեզերական Թախծի տեսքով, որը կարող է յաղթահարուել միայն ստեղծագործելով…
Հիմնական անխուսափելին մահն է… ու ի՜նչ տառապանք է, անընդհատ մահուան վախի մէջ լինելը, մահուան սպասումը… Լիարժէք, յագեցած կեանքը հնարաւոր է միայն յաղթահարուած մահուան վախի պարագայում:
Սպասել մահուան, նոյնն է, թէ սպասել կեանքին` ապրելուն… Եթէ անգամ կայ սկիզբ ու վերջ, ապա կեանքն ու մահը յարափոփոխ զոյգ են` փոխլրացնող երկուորեակներ… սա նման է շնչառութեանը` շնչել-արտաշնչելու կերպով. մէկն առանց միւսի անհնար է…
… Եթէ արժանապատիւ չես ապրում, կեանքդ իմաստ չունի: Եթէ մարդը իր գոյութիւնը գիտակցող արարած է, ուրեմն իր անգիտակից լինելը անհեթեթութիւն է: Ինչպէս կարող է մարդ համարի, որ գիտակցութիւն ունի եւ չօգտագործի այն: Այնինչ մարդիկ իրենց գիտակցական կեանքում շատ անգիտակից բաներ են անում: Մեղք գոյութիւն չունի` կայ կա՛մ գիտակցութիւն, կա՛մ տգիտութիւն:
Արուեստն ինքնաճանաչողութեան ձեւ է: Եւ ինձ համար շատ կարեւոր է, որ կամքիս հակառակ չգնամ, չսահմանափակեմ ու չարգելակեմ ե՛ւ իմ, ե՛ւ միւսների ազատ հոսքը` կեանքը, որպէսզի ինձ հետ ապրող մարդիկ շատ չնեղուեն ու ստիպուած չանեն բաներ, որ իրենց սրտով եւ կամքով չէ: Ես խաղաղապաշտ չեմ, բայց դէմ եմ ցանկացած բռնութեան…
Իմ միակ նպատակն է տառացիօրէն ամէն վարկեան փորձել հասկանալ ու գիտակցել, թէ ո՛վ եմ եւ ինչո՛ւ եմ ապրում:
ՍԷՎ (Հենրիկ Խաչատրեան) Աւանգարդիստ, Արուեստագէտ
Տեղեկանք
Ֆանտաստ գրող դառնալու նրա պատանեկան ձգտումը տարանցուեց ինքնարտայայտման մէկ այլ ասպարէզ, ուր Սէվը կարողանում է նիւթը` մաթերիան վերակերպել գեղագիտականի ու այն օժտել գաղափարով, ինքնութեամբ եւ իմաստով:
Աշխատանքային գործիքը կրակն է, որին կառավարելու մէջ Սէվը վարպետացել է անցած երեսուն տարիների ընթացքում:
Սէվի անհանգիստ խառնուածքի արտայայտման կերպն է նրա կեանքը: Ութսունականների կէսերից ներգրաւուել է Երեւանի արդի արուեստի մէջ շօշափելի շարժում բերած աւանգարդիստական շրջանակներում: Երրորդ յարկ աւանգարդիստական խմբի արուեստագէտներից է, նոյն ժամանակ հրատարակուող «Այսօր» ամսագրի համահիմնադիրն ու համախմբագիրը: Նաեւ նրա ջանքերով է հիմնադրուել Գիւմրիի ժամանակակից արուեստի կենտրոնը, կազմակերպուել Գիւմրիի միջազգային պիենալեն (Վազգէն Պահլաւունի Թադեւոսեանի եւ Ազատ Սարգսեանի հետ):
Սեփական մտածողութեան նոր շերտեր բացայայտելու մղումը նրան ժամանակին դրդել է անգամ կուսակցութիւն հիմնադրել («Հայաստանի անիշխանականների կուսակցութիւն»):
Ինքն իրեն հաւատարիմ լինելը ու իր ներքին մղումներին հետեւելը Սէվին բնութագրող գծերից են, իսկ լիարժէք ինքնարտայայտումն էլ ներքին ներդաշնակութիւն գտնելու նրա միակ ճանապարհն է:
Բազմաթիւ ցուցադրութիւնների հեղինակ է: Վերջին ամիսների ընթացքում նրա աշխատանքները ներկայացուեցին Պեվըրլի Հիլզի «Կարպուշեան» ցուցասրահում եւ Երեւանի ժամանակակից արուեստի թանգարանում:
1999-ի վերջերից բնակւում է Միացեալ Նահանգներում:
Սէվը ներդաշնակ ընտանիք ունի, եւ նրա երկու դուստրերը ժառանգել են նրա անբռնազբօս երեւակայութիւնն ու անկաշկանդ մտածելու կարողութիւնը:
Սէվը սիրում է սուրճ ու ծխախոտ, մտածել, բանավիճել, շփուել բարեկամների ու ընկերների հետ, իր իւրայատուկ հումորով կատակել, ստեղծագործել:
Պատրաստեց` ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ