Զրուցեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
«Ակունք» կայքը հետեւեալ հարցազրոյցը կատարած է Միացեալ Նահանգներու Քլարք համալսարանին մէջ Քառնեկի հետազօտական կրթաթոշակային ծրագրի ծիրին մէջ Հայոց ցեղասպանութեան ժխտողականութեան թեմայով ուսումնասիրութիւններ կատարող Մարի Յովհաննիսեանի հետ:
ՀԱՐՑՈՒՄ.- Խնդրեմ` ներկայացէք: Որտե՞ղ էք ուսանել եւ աշխատել, ներկայում որտե՞ղ էք սովորում:
ՄԱՐԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Սովորել եմ Երեւանի պետական համալսարանի լրագրութեան բաժանմունքում: Ապա ուսումս շարունակել եմ Կենտրոնական եւրոպական համալսարանի քաղաքագիտութեան լրագրութեան բաժանմունքում (Պուտափեշտ, Հունգարիա) եւ ստացել մագիստրոսի կոչում: Ցեղասպանագիտութեամբ սկսեցի հետաքրքրուել մագիստրոսականում ուսանելիս: «Զանգուածային լրատուութեան միջոցները եւ ազգասիրութիւնըէ (Nationalism and the media) առարկայի շրջանակում, դասախօսի խորհրդով, աւարտական աշխատանքս գրեցի Հրանդ Տինքի եւ թուրքական ազգայնամոլութեան մասին (2010 թուական): Հետազօտութիւնը կատարելիս բացայայտեցի Հայոց ցեղասպանութեան թուրքական ժխտողականութեան անսահմանութիւնն ու դրա վնասակար հետեւանքները: Շատ մեծ ազդեցութիւն ունեցաւ յատկապէս թուրք ուսանողների հետ շփումս: Մէկ բան է կարդալ ժխտողականութեան մասին, մէկ այլ բան է` առերեսուել դրան Եւրոպայի սրտում գտնուող համալսարանի պատերից ներս: Ուստի եւ մագիստրոսական թեզը որոշեցի գրել Հայոց ցեղասպանութեան հաւաքական յիշողութեան եւ թուրքական ժխտողականութեան թեմայով:
Եւրոպայում ուսումս աւարտելուց յետոյ վերադարձայ Հայաստան եւ աշխատանքի անցայ ՀՀ ԱԱ Հայոց ցեղասպանութեան թագարան-հիմնարկում որպէս գիտաշխատող, ապա որոշ ժամանակ անց հաստատուեցի որպէս նոյն հաստատութեան հայցորդ (2010-2012թթ): Այժմ Քառնեկի հետազօտական (կրթաթոշակային) ծրագրով ուսումնասիրութիւններ եմ կատարում Քլարք համալսարանի Ողջակիզման եւ ցեղասպանագիտութեան ուսումնասիրութեան կենտրոնում:
Հ.- Ի՞նչ տպաւորութիւններ էք ստացել Քլարք համալսարանում մատուցուող ցեղասպանագիտութեան դասընթացից:
Մ. Յ.- Ես Քլարք համալսարանում չեմ ուսանում: Ես այստեղ հետազօտութիւններ եմ կատարում իմ թեմայով: Որպէս ազատ ունկնդիր` մասնակցեցի միայն փրոֆ. Թաներ Աքչամի դասընթացին (Կոտորածներ, ցեղասպանութիւն, մարդասիրական միջամտութիւն: Արեւմտեան ուժերը Պալքաններում եւ Մերձաւոր Արեւելքում): Այս իսկ պատճառով զերծ կը մնամ որեւէ կարծիք կամ տպաւորութիւն արտայայտելուց:
Հ.- Ի՞նչ գիտական աշխատանք էք կատարել մինչ այժմ եւ հետագայում ո՞ր ուղղութեամբ էք ուզում շարունակել ձեր ուսումնասիրութիւնները:
Պ.- Այն, ինչ կատարել եմ մինչեւ այժմ, կ՛անուանէի առաջին քայլեր դէպի գիտութիւն: Դեռ շատ բան ունեմ սովորելու եւ կատարելու, որ կարողանամ ձեր հարցին լիարժէք պատասխանել: Հայաստան վերադառնալուց յետոյ աշխատեցի մագիստրոսական թեզիս վրայ, որի ընդլայնուած եւ վերամշակուած տարբերակը 2012 թուականին անգլերէնով տպագրուեց Գերմանիայում (Մարի Յովհաննիսեանի «Անցեալի եւ ներկայի բախում. Հայոց ցեղասպանութեան հաւաքական յիշողութիւնը եւ թուրքական ժխտողականութիւնը» (Collision of Past and Present: The Collective Memory of the Armenian Genocide and the Turkish Denial) մենագրութեան մասին մանրամասն տես` http://akunq.net/am/?p=29324, «Ակունք»-ի խմբ.): Այս պահին հետագայ հնարաւոր ուսումնասիրութիւնների մասին չէի ցանկանայ խօսել այն պարզ պատճառով, որ նախ ուզում եմ այս աշխատանքն աւարտին հասցնել: Ժխտողականութեան ուսումնասիրութեան իմ նախագիծը բաւականին ծաւալուն է եւ ժամանակատար: Մտքեր եւ գաղափարներ շատ կան, բայց նախ կ՛աւարտեմ սկսածս աշխատանքը:
Հ.- Ի՞նչ նախապատմութիւն ունի Հայոց ցեղասպանութեան ժխտողականութիւնը Թուրքիայում եւ ինչպիսի՞ փուլերով է այն ընթացել:
Մ. Յ.- Հայոց ցեղասպանութեան ժխտողականութիւնը շատ խորը արմատներ ունի Թուրքիայում: Թուրք ժողովրդին հոգեբանօրէն պատրաստել են հայերի եւ քրիստոնեայ այլ ազգերի ցեղասպանութեանը տասնամեակների, եթէ չասենք, դարերի ընթացքում: Ժխտողականութիւն հասկացութիւնը բաւականին բազմաբեւեռ եւ բարդ է: Ժխտել չի նշանակում միայն հերքել որեւէ փաստ. ժխտողականութեան մի շարք տարբերակներ, ձեւեր եւ միջոցներ կան: Ժխտողականութիւնը որեւէ յանցաւոր արարք կատարելու նախապատրաստական աշխատանքների անբաժան մասն է կազմում: Պետութեան կողմից կատարուող յանցագործութեան պարագայում, իսկ այս դէպքում` մի ողջ ազգ բնաջնջելու յանցաւոր ծրագրի նախապատրաստման ժամանակ, ժխտողականութիւնը մշակուել եւ որպէս յանցագործութեան անքակտելի մաս իրականացուել է ոճրագործութիւնից առաջ, ընթացքում եւ յետոյ: Գուցէ փոքր-ինչ փարատոքսալ թուայ, թէ ինչպէս է հնարաւոր ժխտել մի բան, որը դեռ տեղի չի ունեցել: Տեսէք, ինչպէս ասացի, ժխտելու տարբեր ձեւեր կան: Յանցագործութիւնից առաջ ժխտել նշանակում է` համոզել մարդանց, որ այն, ինչ տեղի է ունենալու, լինելու է յօգուտ այդ մարդկանց: Այսինքն պարարտ հող են նախապատրաստում յանցագործութեան համար եւ միաժամանակ ժխտում` գալիք իրականութիւնը: Յանցագործութիւնը կատարելիս իրադարձութիւնները մեկնաբանում են համաձայն նախապէս մշակուած ծրագրի` արդարացնելով իրենց յանցաւոր գործողութիւններն ու ներկայացնելով դրանք որպէս պետութեան եւ ցեղասպանութեան ենթարկուող ազգի անվտանգութեան ապահովման եւ պահպանման համար իրականացուող նախազգուշական քայլեր: Ինչ վերաբերում է ցեղասպանութիւնից յետոյ իրականացուող ժխտողականութեանը, ապա այն շատ աւելի բազմաճիւղ է եւ ենթարկուել է մի շարք փոփոխութիւնների` Թուրքիայում, Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող քաղաքական եւ հասարակական զարգացումներին համահունչ:
Հայոց ցեղասպանութեան թուրքական ժխտողականութիւնը կարելի է բաժանել հետեւեալ փուլերի` ժխտողական քաղաքականութեան մշակում դեռեւս համիտեան կոտորածների ժամանակ, ապա Ցեղասպանութեան ընթացքում (1915-1923թթ) եւ դրանից յետոյ: Ժխտողական քաղաքականութիւնը նոր թափ առաւ եւ մի շարք փոփոխութիւնների ենթարկուեց յատկապէս 1965 թուականից յետոյ, երբ ՀԽՍՀ նախարարների խորհուրդը Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող կոթող կառուցելու որոշում կայացրեց: Նոյն թուականի ապրիլ 24-ին Խորհրդային Հայաստանում նշուեց Ցեղասպանութեան 50-ամեայ տարելիցը` աննախադէպ իրադարձութիւն խորհրդային իշխանութեան օրօք, որն, անշուշտ, թուրքերին լրջօրէն մտահոգուելու առիթ տուեց: Թուրքական ժխտողական քաղաքականութիւնը մեծապէս փոփոխուեց յատկապէս Հայաստանի անկախացումից յետոյ: Եւ քանի մօտենում ենք Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին, ժխտողականութեան նոր ու աւելի խորամանկ ձեւերի ենք հանդիպում:
Հ.- Ինչպէ՞ս էք գնահատում Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի ապրիլքսանչորսեան ուղերձը, որով նա հանդէս եկաւ Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման օրուայ նախօրէին: Ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիան` նման յայտարարութեամբ հանդէս գալով: Կարելի՞ է այն բնորոշել որպէս ժխտողականութեան նոր փուլի սկիզբ:
Մ. Յ.- Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի յայտարարութիւն-ցաւակցական ուղերձը ոչ այլ ինչ է, քան` թուրքական ժխտողական քաղաքականութեան նոր, աւելի վտանգաւոր եւ խորամանկ դրսեւորում: Ես այն դիտարկում եմ որպէս թուրքական ժխտողական ռազմավարութեան Բ. ծրագրի: Պետականօրէն իրականացուող ժխտողականութեան Ա. ծրագիրը, որով թուրքերը բառացիօրէն ժխտում էին իրենց նախնիների իրագործած յանցագործութիւնը, այլեւս ժամկէտանց է եւ անարդիւնաւէտ: Ուստի այժմ որդեգրել են նոր ռազմավարութիւն, այն է` ընդունել, որ տեղի են ունեցել ցաւալի դէպքեր, որին զոհ են գնացել Օսմանեան կայսրութեան հպատակները, այդ թուում նաեւ` թուրքերը: Պատահական չէ, որ այսօր շատ թուրք ուսանողներ զբաղւում են Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեամբ, ինչպէս իրենք են անուանում` 1915 թուականի դէպքերի անաչառ հետազօտութեամբ: Երբ հետեւում ենք, թէ ո՛ր համալսարաններում եւ ի՛նչ թեմաներով են գիտական հետազօտութիւններ կատարում թուրք ուսանողները, ակնյայտ է դառնում, որ պետական մակարդակով գործի է դրուել նոր ռազմավարութիւն: Թուրքիան ջանք եւ եռանդ չի խնայում ակադեմական մակարդակով աշխարհին համոզելու, որ դարասկիզբին տեղի ունեցած «ցաւալի իրադարձութիւնները» մտահոգում են նաեւ իրենց: Ներկայիս մտահոգիչ միտումներից մէկն էլ գիտնականների կողմից ժխտողականութեան ժխտումն է: Այսօր, յատկապէս Արեւմուտքում, շատ գիտնականներ կարծում են, որ չարժէ ժխտողների վրայ գիտական ներուժ, ժամանակ եւ ջանք վատնել: Իմ կարծիքով` ժխտողականութիւնը ժխտողները նպաստում են դրա տարածմանն ու ընդլայնմանը:
Ես կարծում եմ, որ մենք այլեւս շատ ուշադիր պէտք է լինենք գիտական թեմաներ ընտրելիս եւ աշխատելիս: Այսօր մեր խնդիրը անհերքելի փաստը` Հայոց ցեղասպանութիւնը, ապացուցելը չէ: Մենք չունենք ո՛չ մարդկային, ո՛չ էլ ֆինանսական այնքան մեծ միջոցներ, որ կարողանանք ցանկացած թեմա ընտրել եւ ուսումնասիրել: Մենք նախ եւ առաջ պէտք է մտածենք` ի՞նչ կը տայ մեզ այն, ռազմավարական ի՞նչ նշանակութիւն ունի մեր պետութեան, ազգի եւ պատմութեան համար:
Հ.- Շնորհակալ եմ ձեր մեկնաբանութիւնների եւ կատարած աշխատանքների համար:
Մ. Յ.- Ես եմ ձեզ շնորհակալ հարցազրոյցի եւ ձեր կատարած ազգանուէր գործի համար:
«Ակունք.նեթ»