«ՆԻՈՒԶ. ԱՄ»
Թուրքիայում քրտերի հանդէպ խտրականութիւնը շարունակւում է, եւ այդ երեւոյթը կանխելու ուղղութեամբ ձեռնարկուած միջոցները դեռեւս բաւարար չեն: Այս մասին
«Թուտէյզ Զաման» հրապարակուած յօդուածում գրել է թուրք վերլուծաբան Կիւնալ Քուրշունը:
Նրա խօսքով, Թուրքիայում դեռեւս գերիշխող ազգեր կան. թուրքերը` քրտերի դէմ, մահմետականները` ոչ մահմետականների դէմ, սիւննիները` ալեւիների դէմ: Օսմանեան կայսրութեան վերջին տարիներին երկիրը կառավարող երիտթուրքերի կուսակցութիւնն ազգային բոլոր փոքրամասնութիւններին որպէս պետութեան գոյութեան դէմ սպառնալիք էր դիտարկում: «Այդպիսի մտածելակերպի արդիւնքը եղաւ 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը, որը նաեւ ազդեցութիւն ունեցաւ նոր հանրապետութեան վրայ` սպառնալիքի հսկայական զգացողութեամբ», գրել է Քուրշունը:
Նրա կարծիքով, թուրքերն ինքնավստահութեան հետ կապուած մեծ խնդիրներ ունեն եւ կարծում են, որ քրտերը կը հարուածեն մէջքից: «Փաստացի մենք ոչ ոքի չենք վստահում: Դպրոցներում սովորեցնում են, որ` «թուրքերն ընկերներ չունեն` բացի թուրքերից»: Չեմ կարծում, որ աշխարհում որեւէ այլ տեղ նման հոգեբանութիւն գոյութիւն ունի», նշում է յօդուածի հեղինակը:
Հէնց այդ հոգեբանութիւնն էլ, ըստ վերլուծաբանի, յանգեցրեց քրտատեացութեան, ինչն իր հերթին քրտերի կողմից նոյնպիսի ատելութիւն ծնեց: «Ինքնութեան արտայայտման արգելքը, խոշտանգումներն ու պետական ծառայողների կողմից դաժան վերաբերմունքն էլ ծնեցին ահաբեկչական կազմակերպութիւնը: Բազմաթիւ դիտորդներ կիսում են տեսակէտը, որ քրտական շարժման ներկայ ձեռքբերումները, ինչպիսիք են քրտերէնի արգելքը, մշակութային խորհրդանիշերը` քրտական երաժշտութիւնը եւ քրտերէնով հեռուստատեսութիւնը, Քրտական աշխատաւորական կուսակցութեան (ՔԱԿ) յաջողութիւններն են: Հնարաւոր է` դա ճիշդ է, հնարաւոր է` ոչ, բայց շարքային քրտերն այսօր ՔԱԿ-ին սատարում են, քանի որ կարծում են, որ կառավարութիւնն իրենց ոչինչ չի տուել, իսկ կազմակերպութեան ստեղծումից յետոյ, երբ նրա գործողութիւնները տեսանելի դարձան, իրենք աւելի շատ իրաւունքներ ստացան», գրել է հեղինակը: