ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ առկայ քաղաքական միւս խնդիրն առնչւում է Թայուանի խնդրին: Չինաստանը Թուրքիային զգուշացրել է Թայուանի հետ յարաբերութիւններ չզարգացնելու համար: Չնայած դրան` 2015թ. մարտի վերջին «Թուրքական աւիաուղիները» (THY) չուերթ բացեց դէպի Թայփէյ, որը դարձաւ նրա 265-րդ չուերթը (109 երկիր), եւ որը «կրճատեց» Թուրքիայի ու Թայուանի միջեւ մեծ հեռաւորութիւնը: Թուրքիան այն 57 երկրներից մէկն է, որ ներկայացուցչութիւն ունի Թայուանում, սակայն դեսպանատուն չունի: Թուրքիան թէեւ պաշտօնապէս յայտարարում է, որ աջակցում է Չինաստանի տարածքային ամբողջականութեանը, սակայն դա չի խանգարում նրան կատարել դրան հակասող ոչ պաշտօնական ու ընդյատակեայ քայլեր: Թուրքիայի նման քաղաքականութեանն ականատես ենք եղել Վրաստանի եւ Աբխազիայի պարագայում, ինչը յանգեցրել է նրան, որ Վրաստանը քանիցս բողոք է յղել Թուրքիային (Աբխազիայի հետ թուրքական նաւերի առեւտուր, աբխազ առաջնորդների այցեր Թուրքիա եւ այլն): Այժմ էլ Թուրքիան նոյն կերպ վարւում է Ուքրանիայի եւ Խրիմի պարագայում. թէեւ յայտարարել է, թէ ճանաչում է Ուքրանիայի տարածքային ամբողջականութիւնը, սակայն նրա առեւտրանաւերը շարունակում են այցելել Խրիմ, իսկ թուրք գործարարները պատրաստւում են 12.5 միլիառ տոլար ներդնել թերակղզում` յայտարարելով, որ Թուրքիայի իշխանութիւններն իրենց չեն արգելել անել դա:
Չինաստանին կարող է նեարդայնացնել նաեւ Մոնկոլիայի հանդէպ Թուրքիայի քաղաքականութիւնը, ինչը մասամբ ուղղուած է այդ երկրում Չինաստանի ազդեցութեան նուազեցմանը: Թուրք փորձագէտ Սելճուք Չոլաքօղլուն ուշադրութիւն է հրաւիրում այն բանին, որ Մոնկոլիան, Ռուսաստանից ու Չինաստանից բացի, չունի այլ հարեւաններ, ինչպէս նաեւ չունի ելք դէպի բաց ծով, ինչը յանգեցրել է նրան, որ Մոնկոլիան երկար ժամանակ գտնուել է միայնակ, մեկուսացուած վիճակում. «Իրավիճակը փոխուեց Պաղ պատերազմի աւարտից յետոյ, երբ երկիրն սկսեց վարել աւելի անկախ արտաքին քաղաքականութիւն, զարգացնել «երրորդ հարեւանի քաղաքականութիւնը»` առաջնորդուելով 3 չափանիշով` ժողովրդավարական քաղաքական համակարգով երկիր, տնտեսապէս զարգացած երկիր եւ իր շահերը յարգող երկիր: Այդպիսով, Մոնկոլիայի «երրորդ հարեւանների» թւում յայտնուել են Միացեալ Նահանգները, Ճափոնը, Հարաւային Քորէան, Հնդկաստանը, Աւստրալիան եւ Թուրքիան: Թուրքական եւ չինական ընկերութիւնները մրցակցում են միմեանց հետ` Մոնկոլիայում ենթակառուցուածքային խոշոր նախագծեր իրականացնելու համար: 2012թ. բացուեց Պոլիս-Ուլան Պաթոր չուերթը: 2015թ. մայիսին Անգարայում անցկացուեց «Թուրքիան եւ Մոնկոլիան. անցեալից դէպի ապագայ» խորհրդաժողովը, որը կազմակերպել էին Թուրքիայի Ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնը եւ Մոնկոլիայի ԱԱԽ Ռազմավարական հետազօտութիւնների հիմնարկը: Քննարկուեցին Մոնկոլիայի արտաքին քաղաքականութիւնն ու Թուրքիայի եւ Մոնկոլիայի փոխյարաբերութիւնները: 2015թ. սկսած` Ուլան Պաթորում Թուրքիայի դեսպանատունը ստացաւ ՕԹԱՆ-ի կապի ներկայացուցչութեան կարգավիճակ (Մոնկոլիան ՕԹԱՆ «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ծրագրի մասնակից է)»:
Թուրքիայի այս քայլերը չեն կարող չմտահոգել Մոնկոլիայի հարեւան Չինաստանին: Աւելի՛ն. 2013թ. յունուարին Թուրքիայի ոստիկան-զօրաց գլխաւոր հրամանատարութիւնը յայտնեց «Թ.Ա.Ք.Մ.»-ի ստեղծման մասին: Խօսքը ռազմուժի կարգավիճակ ունեցող Եւրասիական ոստիկանութեան մասին է, որում ընդգրկուել էին Թուրքիայի, Ազրպէյճանի, Խըրխըզիստանի եւ Մոնկոլիայի զինծառայողները, եւ որը թուրքական մամուլը հասցրել էր որակել «Թուրանի բանակ»: Հէնց այդ պետութիւնների անուանման սկզբնատառերով էլ այն կոչուել է «Թ.Ա.Ք.Մ.», որի սպայակոյտը գտնուելու է Անգարայում, եւ որի խորհրդանիշ ընտրուեց ձին: Ընդգծուել էր, որ «Թ.Ա.Ք.Մ.»-ը չի ստեղծուել որեւէ երկրի կամ կառոյցի դէմ, որ դրա ստեղծման նպատակը մասնակից երկրների միջեւ իրաւապահ ոլորտում տեղեկատուութեան եւ փորձի փոխանակումն է: Սակայն 2014թ. յուլիսին հաղորդուեց, որ Մոնկոլիան լքել է «Թ.Ա.Ք.Մ.»-ը, որ նրան փոխարինելու է Ղազախստանը: Մոնկոլական մամուլի համաձայն, պատճառը Մոնկոլիայում տնտեսական, քաղաքական եւ ռազմական կայունութեան հաստատումն է: 2015թ. ապրիլին Մեւլիւթ Չաւուշօղլուն յայտարարեց, որ Մոնկոլիան շատ կարեւոր երկիր է թուրքական պատմութեան համար, քանի որ այստեղ են գտնւում առաջին տապանագրերը: Նա ընդգծել էր, որ իրենք Մոնկոլիայում ունենալու են թանգարան, որի բացումը կատարելու է Էրտողանը. «Այդ տապանագրերին հասնելու համար մենք ենք ասֆալթապատել հողային ճանապարհները: 10.000 քիլոմեթր ճանապարհ ենք պատրաստել»:
2011թ. «Արաբական գարունը» յանգեցրեց նրան, որ Թուրքիան եւ Չինաստանը, մասնաւորապէս` Սիրիայի հարցում, յայտնուեցին հակադիր բեւեռներում: Չինաստանը շարունակում է աջակցել Սիրիայի նախագահ Պաշշար Ասատին, որին Էրտողանը մեղադրել է «Սեփական ժողովրդին զուլումի ենթարկելու համար»: Ռուսաստանն ու Չինաստանը քանիցս ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդում վեթօ են դրել Սիրիային առնչուող բանաձեւերի վրայ, որոնց ընդունումը փափաքում էր Ասատի գահընկէցութեանն ամէն գնով հասնելուն միտուած Թուրքիան: Բացի այդ, Չինաստանը լաւ յարաբերութիւնների մէջ է Եգիպտոսի նախագահ Ապտել Ֆաթթահ Սիսիի հետ, որին հրաժարւում է ճանաչել Էրտողանը` զինուորական յեղաշրջման միջոցով նախագահի պաշտօնից իսլամական Մոհամետ Մուրսիին գահընկէց անելու համար: Ի դէպ, Սիսին նախորդ տարեվերջին քառօրեայ այցով մեկնեց Չինաստան, հանդիպեց Չինաստանի նախագահ Զի Ճինփինկի հետ, ստորագրեց առեւտրատնտեսական բնոյթի մի շարք համաձայնագրեր, եւ Չինաստանն ու Եգիպտոսը դարձան ռազմավարական գործընկերներ:
Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ որոշակի խնդիրներ կան ռազմական ոլորտում: 2013թ. սեպտեմբերին յայտնի դարձան հեռահար գործունէութեան հակահրթիռային պաշտպանութեան (ՀՀՊ) համակարգեր ձեռք բերելու` Թուրքիայի յայտարարած մրցոյթի արդիւնքները: Մասնակցում էին ամերիկեան Ռէյթէոն/լոքհիտ մարթին ընկերութիւնների համախմբումը, (Փաթրիոթ համակարգեր), ռուսական Ռոսոպորոնեքսփորմ ընկերութիւնը (S-300 համակարգեր), չինական China Precision Machinery Export-Import Corporation (CPMIEC) ընկերութիւնը (HQ-9 (FD-2000) համակարգեր) եւ եւրոպական EuroSam ընկերութիւնների համախմբումը (Samp-T համակարգեր): Մրցոյթի արդիւնքներով յաղթող ճանաչուեց CPMIEC-ը:
2014թ. փետրուարին Թուրքիայի այդ ժամանակուայ արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն թուրքական կողմի ընտրութիւնը պատճառաբանեց 3 հիմնական չափանիշներով. չինական կողմը համաձայնել է այդ hամակարգերի համատեղ արտադրութեանը, առաջարկել է ամենաէժան գինը (3.44 միլիառ տոլար, ինչը գրեթէ մէկ միլիառով պակաս է միւս տարբերակներից) եւ համակարգերը թուրքական կողմին յանձնելու ամենայարմար ժամկէտը:
Սակայն չինական ընկերութիւնն ընդգրկուած էր Միացեալ Նահանգների «սեւ ցուցակում», եւ այդ ընտրութիւնից յետոյ Միացեալ Նահանգներն ու ՕԹԱՆ-ն սկսեցին ճնշում գործադրել Թուրքիայի վրայ, որպէսզի նա վերանայի մրցոյթի արդիւնքները: Մի շարք փորձագէտներ նաեւ վստահ են, որ ՕԹԱՆ հակահրթիռային պաշտպանութեան համակարգում չինական սպառազինութեան համարկումը վտանգներ կ՛առաջացնի` կապուած համացանցային հետ: Եւ Թուրքիան յայտարարեց, թէ մրցոյթի արդիւնքները վերջնական չեն եւ սպասելու են նոր առաջարկների: Թուրքական մամուլն անգամ տարեսկզբին գրեց, որ Թուրքիան սպասելու է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ Միացեալ Նահանգների եւ Ֆրանսայի պահուածքին, ինչը հաշուի է առնուելու մրցոյթի վերջնական արդիւնքների ժամանակ:
Բնականաբար, թուրքական կողմի համար կարեւորը համատեղ արտադրութեան առաջարկ ստանալն է, ինչը կ՛օգնի իւրացնել տուեալ համակարգերի արտադրման արհեստագիտութիւնը եւ սկսել դրանց սեփական արտադրութիւնը: Միւս կողմից` Թուրքիայում հազիւ թէ տեղեակ չէին, որ CPMIEC-ը Միացեալ Նահանգների «սեւ ցուցակում» է, ինչի համար Միացեալ Նահանգների կողմից լինելու է հակազդեցութիւն: Հետեւաբար Թուրքիան միտումնաւոր է գնացել այդ քայլին` նախապէս իմանալով, որ դա առաջացնելու է Միացեալ Նահանգների դժգոհութիւնը: Դա նշանակում է, որ Թուրքիան նախ Միացեալ Նահանգներին փորձել է ցոյց տալ, որ ունի այլընտրանք, երբ Միացեալ Նահանգները չի համաձայնում թուրքական կողմի հետ Patriot-ների համատեղ արտադրութեան հարցում, ինչպէս նաեւ ստեղծել այնպիսի տպաւորութիւն, որ այդ պատճառով «հարկադրուած» է եղել ընտրել չինական տարբերակը: Թուրքիան քանիցս յայտարարել է, որ սպասում է նոր առաջարկների, ինչը նշանակում է, որ ենթադրաբար առաջին հերթին սպասում է ամերիկեան կողմի` համատեղ արտադրութեան առաջարկին: Կարելի է ենթադրել, որ չինական կողմը հետագայում Թուրքիայի հետ ռազմական համագործակցութիւնում հաշուի կ՛առնի նրա այս պահուածքը, որ նա Թուրքիայի կողմից օգտագործուեց որպէս միջոց` Միացեալ Նահանգներին շանթաժի ենթարկելու եւ այլընտրանքի հնարաւորութիւն ունենալը ցուցադրելու համար:
Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, ապա 2014թ. սեպտեմբերի վերջին թուրքական մամուլը յայտնեց, որ Չինաստանը Թուրքիային առաջարկել է ստորագրել ազատ առեւտրի գօտու ստեղծման համաձայնագիր: Առաջարկն արուել էր Նիւ Եորքում ՄԱԿ-ի 69-րդ ընդհանուր ժողովի նստաշրջանի շրջանակներում` Չինաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ուանկ Եիի ու Մեւլիւթ Չաւուշօղլուի հանդիպման ժամանակ: Ուանգ Եին յայտարարել էր, որ այդ համաձայնագիրն օգտակար կը լինի երկու կողմի համար էլ: Մեզ չյաջողուեց թուրքական մամուլում գտնել Թուրքիայի պատասխանը կամ դիրքորոշումը:
Հարկ է նշել, որ Չինաստանը Թուրքիայի 3-րդ խոշոր առեւտրային գործընկերն է Գերմանիայից եւ Ռուսաստանից յետոյ: 2014թ. Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալը կազմել է աւելի քան 27 միլիառ ամ. տոլար: Թուրքիայից Չինաստան արտահանման ծաւալը կազմել է 2.86 միլիառ ամ. տոլար, որով եւ Չինաստանը Թուրքիայի արտահանման շուկաներում զբաղեցրել է 19-րդ տեղը: Իսկ Չինաստանից Թուրքիա ներկրման ծաւալը կազմել է 24.91 միլիառ ամ. տոլար (2-րդ տեղ Ռուսաստանից յետոյ): Չինաստանին է բաժին ընկել Թուրքիայի ողջ ներկրման 10.3 առ հարիւրը եւ ողջ արտահանման 1.8 առ հարիւրը:
Ելնելով այս տուեալներից` կարելի է եզրակացնել, որ ազատ առեւտրի գօտու ստեղծումն աւելի շահաւէտ կը լինի Չինաստանի համար, քանի որ չինական արտահանումը գրեթէ 10 անգամ աւելին է` թուրքական արտահանման համեմատ, եւ որ Թուրքիան խոշոր գումարներ կը կորցնի, եթէ չինական ապրանքները զրոյական մաքսատուրքով մուտք գործեն երկիր: Բացի այդ, չինական էժան ապրանքների մեծ ներհոսքը կարող է Թուրքիայում լուրջ խնդիրներ ստեղծել տեղական արտադրողների համար: Թուրքիան արդէն ունեցել է նման դառը փորձ. այն բանից յետոյ, ինչ Չինաստանը 2001թ. դարձաւ Առեւտուրի համաշխարհային կազմակերպութեան անդամ, դա նպաստեց նրան, որ արտահանման ենթակայ չինական ապրանքներն աւելի հեշտօրէն մուտք գործեն Թուրքիա: Արդիւնքում` դրանք զգալիօրէն հեղեղեցին թուրքական շուկան եւ մեծ խնդիրներ առաջացրին տեղական արտադրողների համար:
Ուշագրաւ է 2014թ. նոյեմբերին Թուրքիայի` Եւրամիութեան հարցերով նախարար Վոլքան Պոզքըրի յայտարարութիւնը, որ եթէ Միացեալ Նահանգների ու Եւրոպական Միութեան միջեւ ստորագրուի ազատ առեւտրի համաձայնագիր, ապա կարեւոր է, որ զերոյական մաքսատուրքով Միացեալ Նահանգներ ապրանքներ արտահանելն առնչուի նաեւ (1995-ից) ԵՄ Մաքսային միութեան անդամ Թուրքիային, քանի որ հակառակ դէպքում, եթէ ամերիկեան ապրանքները զրոյական մաքսատուրքով մուտք գործեն Թուրքիա, ապա Թուրքիան դրանից տարեկան կը կորցնի 2.5-3 միլիառ ամ. տոլար: Պոզքըրը սպառնացել էր, որ Թուրքիան տուեալ դէպքում կը սառեցնի Եւրոպական Միութեան Մաքսային միութեանն իր անդամակցութիւնը: Յատկանշական է, որ 2014թ. Միացեալ Նահանգներից Թուրքիա ներկրման ծաւալը կազմել է 12.72 միլիառ ամ. տոլար (ողջ ներկրման 5.3 առ հարիւրը, 4-րդ տեղ), ինչը կրկնակի զիջում է Չինաստանից Թուրքիա ներկրմանը: Թուրքիայից Միացեալ Նահանգների արտահանման ծաւալը կազմել է 6.34 միլիառ ամ. տոլար (4 առ հարիւրը, 6-րդ տեղ): Ի դէպ, 2010թ. սեպտեմբերին Չինաստանի վարչապետ Ուէն Ճիապաուի թուրքական այցի արդիւնքներով ստորագրուած պայմանագրերը երկու երկրների միջեւ յարաբերութիւնները հասցրին ռազմավարական մակարդակի: Այն ժամանակ ծրագրուել էր երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալը 5 տարում (2015թ.) հասցնել մինչեւ 50 տոլար, իսկ 10 տարում` 100 միլիառ ամ. տոլարի: Բացի այդ, կողմերը պայմանաւորուել էին, որ թուրքական եւ չինական ընկերութիւնները պէտք է համատեղ իրագործեն Կարս-Էտիրնէ ճեպընթաց գնացքների նախագիծը (Անգարա-Պոլիս ճեպընթացը բացուեց 2014թ. յուլիսին): Չինաստանի առաջ քաշած «ժամանակակից Մետաքսէ ճանապարհ» նախագիծը Թուրքիայի համար նոյնպէս կարեւոր է Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Չինաստանի հետ առեւտրի զարգացման տեսանկիւնից: Բացի այդ, Թուրքիան եւ Չինաստանը տնտեսական առումով մրցակցում են Ափրիկէյում, Մերձաւոր Արեւելքում եւ այլ տարածաշրջաններում:
Թուրք-չինական ներկայ լարուածութիւնը հարուածելու է Թուրքիայի զբօսաշրջային եկամուտներին (Թուրքիան 2004-2013թթ. զբօսաշրջութիւնից վաստակել է 241.7 միլիառ ամ. տոլար): Բանն այն է, որ 2015թ. մարտին Չաւուշօղլուն յայտարարել էր, թէ իրենք դիւրացրել են Չինաստանի հետ մուտքի արտօնագիրի դրութիւնը եւ ակնկալում են, որ այս տարի կը գրանցուի չինացի զբօսաշրջիկների խոշոր ներհոսք, ինչը կը փոխհատուցի Սիրիայից, Իրաքից եւ Ռուսաստանից զբօսաշրջիկների հոսքի կրճատումը: Չաւուշօղլուի խօսքերով, ներկայումս տարեկան ճամբորդում է աւելի քան 135 միլիոն չին, որոնցից Թուրքիային բաժին է ընկնում միայն 130.000-ը: Դրանից մօտ մէկ ամիս անց Չաւուշօղլուն յայտարարեց, որ Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ մուտքի արտօնագիրի դրութիւնը փոխադարձաբար վերացուելու է 2016թ., ինչը շահաւէտ կը լինի նաեւ երկու երկրների գործարարների համար:
Տնտեսական ոլորտում յիշատակութեան արժանի է նաեւ այն, որ Սիրիայի հարցում Չինաստանի դիրքորոշումը (2012-2014թթ. վեթոներ դնելը) կարող է իր ազդեցութիւնն ունեցած լինել Սինոփում Թուրքիայի երկրորդ հիւլէական կայանը կառուցելու շուրջ յայտարարուած մրցոյթի արդիւնքների վրայ: Դրանց համաձայն, Սինոփի հիւլէական կայանի կառուցման իրաւունքը յանձնուեց ճափոնական Միթսուպիշի ընկերութեանը, որը դա պէտք է իրականացնի ֆրանսական Areva ընկերութեան հետ համատեղ: Պէտք է ընդգծել, որ 2011թ. Ճափոնի «Ֆուքուշիմա-1» հիւլէական կայանի վթարից յետոյ առաջին դէպքն էր, որ ճափոնական ընկերութիւնը յաղթում է նման մրցոյթում: Թուրքիայի եւ Ճափոնի վարչապետներ Ռեճեփ Էրտողանն ու Շինզօ Ապեն Սինոփի հիւլէական կայանի կառուցման մասին պայմանագիրը ստորագրեցին 2013թ. մայիսի սկզբին, ինչից օրեր անց Թուրքիայի ուժանիւթի եւ բնական պաշարների նախարար Թաներ Եըլտըզը յայտարարեց, որ երկրի երկրորդ հիւլէական կայանում կատարուելիք ֆրանսական ներդրումները կարող են իրենց ազդեցութիւնն ունենալ Հայոց ցեղասպանութեան հարցում Ֆրանսայի դիրքորոշման վրայ, եւ որ Ֆրանսան արդէն աւելի ուշադիր կը լինի Հայոց ցեղասպանութեան մասին իր յայտարարութիւններում: Աւելի վաղ Թաներ Եըլտըզը յայտարարել էր, որ Սինոփի հիւլէական կայանի կառուցման իրաւունքի համար, Ճափոնից բացի, պայքարում են նաեւ Չինաստանը, Քանատան եւ Հարաւային Քորէան: Փաստօրէն, Սինոփի հիւլէական կայանի եւ չինական ՀՀՊ համակարգի դէպքերը վկայում են, որ Հայոց ցեղասպանութեան թեման որոշակի գործօն է դառնում տնտեսական ու ռազմական ոլորտներում Թուրքիայի յայտարարած մրցոյթներում:
Այսպիսով, երկու երկրների յարաբերութիւններում Թուրքիան շարունակ նախայարձակ է լինում, իսկ Չինաստանը միայն պատասխանում ու հակահարուածներ է տալիս: Չինաստանը տարէցտարի աւելի է զօրեղանում քաղաքական, տնտեսական եւ ռազմական առումով եւ հետագայում կարող է չհանդուրժել Թուրքիայի նման պահուածքը` շատ աւելի խիստ արձագանգելով դրան: Այդ գործընթացը կարող է սկսուել Էրտողանի չինական այցից: Եւ այնուամենայնիւ, երկու երկրների տնտեսական շահերը կը լինեն շատ աւելի ծանրակշիռ գործօն, կը գերակայեն քաղաքական տարաձայնութիւններից` թոյլ չտալու համար, որ վնասուեն տնտեսական յարաբերութիւնները, ինչը չի բխում կողմերից եւ ոչ մէկի շահերից:
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
(Թուրքագէտ)
«Նորավանք»
(Վերջ)