ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Թուրք-չինական յարաբերութիւնների ներկայ դրութիւնն ու խնդիրները լաւ ըմբռնելու համար անհրաժեշտ է անցկացնել պատմական ճանապարհորդութիւն: Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները հաստատուել են 1971թ., սակայն դրանք որոշակի զարգացում ապրել են միայն 1980-ական թուականներից: 1980թ. ռազմական յեղաշրջումը Թուրքիայում ճանապարհ հարթեց Եւրոպական տնտեսական ընկերակցութեան եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների սառեցման համար, ինչը վերջինին հարկադրեց նոր գործընկերներ փնտռել, եւ նրա տեսադաշտում յայտնուեց Չինաստանը:
1991թ. Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Թուրքիան սկսեց աշխուժութիւն ցուցաբերել Կենտրոնական Ասիայում` դրանով մտահոգելով Չինաստանին: Միւս կողմից էլ Հարաւային Կովկասի պետութիւնները յայտնուեցին Չինաստանի արտաքին քաղաքական տեսադաշտում: 1990-ական թթ. սկզբներին թուրք պաշտօնեաները սերտ կապերի մէջ էին ոյղուրական ընդդիմութեան առաջնորդների հետ. 1991թ. նոյեմբերին` Թուրքիայի վարչապետի պաշտօնը ստանձնելուց մէկ շաբաթ առաջ, ույղուր առաջնորդ Իսա Եուսուֆ Ալփթեքինի հետ հանդիպեց Սիւլէյման Տեմիրելը, իսկ 1992թ.` Թուրքիայի նախագահ Թուրկիւթ Էօզալը: Ուշագրաւ է, որ 1991-2000թթ. Չինաստանից Թուրքիա չի իրականացուել նախարարի մակարդակով որեւէ այց:
Արդէն 1990-ական թթ. կէսերից Չինաստանը Թուրքիայի համար սկսեց կարեւորուել երեք տեսանկիւնից` քաղաքական, տնտեսական եւ ռազմական: Քաղաքական տեսանկիւնից հաշուի էր առնւում այն, որ Չինաստանը ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի 5 մշտական անդամներից մէկն է, տնտեսական առումով` այն, որ արագ զարգացող ու ընդլայնուող շուկայ է, իսկ ռազմական առումով` այն, որ էժան զէնք արտադրող երկիր է եւ այլընտրանք է Արեւմուտքին: Չինաստանի եւրասիական քաղաքականութիւնում Թուրքիան կարեւորուեց իր աշխարհաքաղաքական դիրքով` Հիւսիսային Ափրիկէին, Մերձաւոր Արեւելքին եւ Պալքաններին մօտ գտնուելու համար: 1990-ական թթ. երկրորդ կէսին Թուրքիան յայտարարեց, թէ պաշտպանում է Չինաստանի տարածքային ամբողջականութիւնը, որ ույղուրների հարցը Չինաստանի ներքին գործն է, եւ որ` ույղուրները կարող են բարեկամութեան կամուրջ ծառայել երկու երկրների միջեւ: Դրան զուգահեռ, Թուրքիան լքեցին եւ Միացեալ Նահանգներ ու Եւրոպա տեղափոխուեցին ույղուրական բազմաթիւ կազմակերպութիւններ, որոնք մինչ այդ հանգիստ գործում էին Թուրքիայում:
Այս ամէնը յանգեցրեց նրան, որ թուրք-չինական յարաբերութիւնները զարգացում ապրեցին յատկապէս 2000-ական թթ., երբ 2000թ. ապրիլին Թուրքիա այցելեց Չինաստանի նախագահ Ճիանկ Զեմինը, որը Թուրքիայի նախագահ Սիւլէյման Տեմիրելի (նրա պաշտօնավարութեան աւարտից մօտ մէկ ամիս առաջ) քննարկեց նաեւ ույղուրների հարցը եւ խոստացաւ բարելաւել ույղուրների կենսապայմանները: 2011թ. Չինաստանը եւ Թուրքիան նշեցին դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 40-ամեակը: 2012թ. Թուրքիայում յայտարարուեց Չինաստանի, իսկ 2013թ. Չինաստանում յայտարարուեց Թուրքիայի տարի:
Չնայած 2000-ական թթ. երկու երկրների միջեւ բարձրաստիճան բազմաթիւ այցերին` Թուրքիան Չինաստանից որեւէ աջակցութիւն չստացաւ Եգէական հակամարտութեան, Կիպրոսի, Պոսնիայի, Քոսովոյի, Լեռնային Ղարաբաղի, Քրտական աշխատաւորական կուսակցութեան (ՔԱԿ) հարցերում: Ի յաւելումն` 2003թ. Իրաքում Սատտամ Հիւսէյնի վարչակարգի տապալումից յետոյ Չինաստանը սերտ կապեր հաստատեց հիւսիսային Իրաքի քրտական ինքնավարութեան (ՀԻՔԻ) հետ, իսկ 2007թ. դէմ արտայայտուեց ՀԻՔԻ-ում Թուրքիայի ռազմական միջամտութեանը: 2000-ական թթ. կէսերին Չինաստանը նաեւ դէմ արտայայտուեց Շանկհայի համագործակցութեան կազմակերպութիւնում (ՇՀԿ) Թուրքիային դիտորդի կարգավիճակ տրամադրելուն (Թուրքիան Շանկհայի Համագործակցութեան Կազմակերպութիւնում երկխօսութեան գործընկերոջ (դիտորդ երկրից ցածր) կարգավիճակ ստացաւ 2013թ. ապրիլին): Պէտք է նշել, որ դա Թուրքիայի հերթական պըլըֆն էր` Եւրոպական Միութեան ցոյց տալու համար, որ «ունի» այլընտրանք` ի դէմս ՇՀԿ-ի (2010թ. աշնանը Թուրքիայի նախագահ Ապտիւլլա Կիւլը չէր բացառել, որ Թուրքիան կարող է անդամակցել ՊՐԻՔՍ-ին):
Եւ այնուամենայնիւ, 2000-ական թթ. Թուրքիան մոռացութեան չմատնեց ույղուրներին: Արդէն 2003թ. յունուարին Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան (ԱԲԿ) նախագահի կարգավիճակով Չինաստան այցելեց Ռ. Էրտողանը (նա Թուրքիայի վարչապետ դարձաւ 2003թ. մարտին), ինչը քննադատութիւններ առաջացրեց չինական մամուլում, որը յիշեցրեց, որ Էրտողանը ժամանակին չինական կողմին մեղադրել է ույղուրների հանդէպ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար (1995թ. օգոստոսին Անգարայում Չինաստանի դեսպան Վու Քոմինկը բողոք էր յայտնել թուրքական կողմին` կապուած Պոլսի քաղաքապետ (1994-1998թթ.) Էրտողանի կողմից քաղաքի զբօսայգիներից մէկն Իսա Եուսուֆ Ալփթեքինի անունով կոչելու հետ):
2009թ. յունիսին Չինաստանի Զինճիանկ-Ույղուրական ինքնավար շրջան (Զուիշ, որը թուրքական կողմն անուանում է Արեւելեան Թուրքեստան) այցելեց Թուրքիայի նախագահ Ապտիւլլա Կիւլը, որը Զուիշի կենտրոն Ուրումչիում յայտարարեց. «Մենք 1500 տարի առաջ ապրել ենք այս տարածքներում, եղել ենք հարեւան ու ազգական: Ույղուրները կարող են մեր եւ Չինաստանի միջեւ խաղալ բարեկամութեան կամրջի դեր»: Ի դէպ, Կիւլը դարձաւ Զուիշ այցելած Թուրքիայի առաջին նախագահը (Թուրքիայի նախագահներից առաջինը Չինաստան այցելել է Քենան Էւրենը 1982թ. դեկտեմբերին): Մինչ այդ Զուիշ այցելած թուրք բարձրաստիճան պաշտօնեան Թուրքիայի փոխվարչապետ Տեւլեթ Պահչելին էր (2002թ. մայիսի վերջ):
2009թ. յուլիսին Ուրումչիի յայտնի դէպքերից յետոյ Թուրքիայի վարչապետ Ռեճեփ Էրտողանն այդ դէպքերը որակեց «ցեղասպանութիւն», որով դարձաւ դրանք ամենախիստ ձեւով դատապարտած պետական գործիչն աշխարհում, իսկ Թուրքիան` դրանք պետական մակարդակով ամենախիստ դատապարտած երկիրը: Չինաստանի արտաքին գործերի նախարարութեան Էրտողանի խօսքերը որակեց որպէս անպատասխանատու յայտարարութիւն եւ Թուրքիային մեղադրեց իր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի համար: Թուրքիան մնաց միայնակ, քանի որ որեւէ այլ երկիր չցանկացաւ յարաբերութիւնները փչացնել Չինաստանի հետ, եւ նա ստիպուած էր արդէն նոյն թուականի սեպտեմբերին պետական նախարար Զաֆեր Չաղլայանի մակարդակով յայտարարել, թէ Թուրքիան մշտապէս հետեւել է «Մէկ Չինաստան» ճանաչելու քաղաքականութեանը եւ չմիջամտելու Չինաստանի ներքին գործերին (Չաղլայանը 2009թ. Չինաստան այցելել է 3 անգամ):
Արդէն 2009-2011թթ. Հայոց ցեղասպանութեան հարցը դարձաւ Չինաստանի գիտական շրջանակների ուսումնասիրութեան առարկայ, ինչում զգալի դեր ունէր Ուրումչիի դէպքերին Էրտողանի արձագանգը: Չինաստանի կենտրոնական մամուլում աճեց Հայոց ցեղասպանութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւններին առնչուող հաղորդագրութիւնների թիւը, որոնցում կիրառւում էր «ցեղասպանութիւն» եզրոյթը: Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Չինաստանի մօտեցումը նոր որակ ձեռք բերեց 2011թ. փետրուարին, երբ այդ երկրի արտաքին գործերի նախարար Եանկ Ճիէչին այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ յարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Այդպիսով, Հայոց ցեղասպանութեան թեման գտնւում է Չինաստանի զինանոցում, եւ այդ խաղաքարտը կարող է անհրաժեշտութեան դէպքում գործի դրուել:
2015թ. յունիսի վերջին Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը դատապարտեց Զուիշում ույղուրների ճնշումները: Յայտարարութեան մէջ նշուած էր, որ թուրք հասարակութիւնը ցաւով է ընդունել Ռամատանի կրօնական ծէսերը (պահք պահել եւ այլն) պահպանելու հարցում Չինաստանի իշխանութիւնների կողմից ույղուրների վրայ արգելք դնելու մասին տեղեկութիւնը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամլոյ քարտուղար Իպրահիմ Քալընը յայտարարեց, որ դրա հետ կապուած` թուրքական կողմը յայտնում է իր մտահոգութիւնը, եւ որ Անգարայում Չինաստանի դեսպանը պարզաբանումներ տալու նպատակով կանչուել է Թուրքիայի ԱԳՆ: Չինաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Հուա Չունինը մտահոգութիւն յայտնեց Թուրքիայի ԱԳՆ յայտարարութեան համար` ընդգծելով, որ Զուիշում գոյութիւն չունի ազգային խնդիր, որ` ույղուրներն օգտւում են կրօնական ազատութիւններից, եւ Չինաստանը պարզաբանում է պահանջում Թուրքիայից:
Զուիշի դէպքերի կապակցութեամբ Թուրքիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցան հակաչինական ցոյցեր, որոնց ժամանակ այրեցին Չինաստանի դրօշը, յարձակման ենթարկուեցին Պոլսում գտնուող չինական ճաշարանները, ինչպէս նաեւ սխալմամբ ծեծի ենթարկուեցին քորէացիները, որոնց դրել էին չիների տեղ: Չինաստանի ԱԳՆ-ն Անգարայում իր դեսպանատան միջոցով Թուրքիայում գտնուող չիներին կոչ արեց զգուշութիւն ցուցաբերել, չմօտենալ բողոքի ձեռնարկների վայերին եւ չշրջել միայնակ` յարձակման չենթարկուելու համար: Չինաստանի քաղաքացիներին խորհուրդ չտրուեց մեկնել Թուրքիա:
Թուրքիայի եւ Չինաստանի միջեւ նման իրավիճակ էր ստեղծուել նաեւ 2014թ. նոյեմբերին, երբ Թայլանտի իշխանութիւնները ցանկութիւն յայտնեցին Փեքինի պահանջով վերադարձնել 200 ույղուր ապօրինի ներգաղթեալի: Թուրքիան փորձել էր միջամտել այդ հարցին, սակայն Հուա Ճունինը յայտարարել էր, թէ ույղուր փախստականների հարցը Չինաստանի եւ Թայլանտի հարցն է, եւ որ երրորդ երկիրը պէտք է դադարեցնի միջամտութիւնը: Թէեւ Հուա Ճունինն այդպէս էլ չէր նշել երրորդ երկրի անունը, սակայն ույղուրների մասին Անգարայի վերջին յայտարարութիւնները հիմք են տուել կարծելու, որ խօսքը հէնց Թուրքիայի մասին է: Թայլանտի ԱԳՆ-ը նոյնպէս չէր թաքցրել հարցին Թուրքիայի միջամտութիւնը: Այդ երկրի արտաքին գործերի նախարարը յայտարարել էր, որ հարցն անձամբ քննարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլիւթ Չաւուշօղլուի հետ:
2015թ. յուլիսին հաղորդուեց, որ Թայլանտի իշխանութիւնները որոշել են 97 ույղուր ապօրինի ներգաղթեալի արտաքսել Չինաստան: Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտեց այդ որոշումը, իսկ Պոլսում Թայլանտի հիւպատոսութեան շէնքը ենթարկուեց յարձակման: Զարմանալին այն էր, որ թէեւ զայրացած ամբոխը կոտրել էր հիւպատոսութեան շէնքի ապակիները եւ շէնքի ներսում դէն էր նետել հիւպատոսութեան աշխատակիցների իրերը, սակայն ոեւէ աշխատակից չէր տուժել: Դրանից յետոյ Թայլանտը որոշեց ժամանակաւորապէս փակել Անգարայում իր դեսպանատունն ու Պոլսում իր հիւպատոսութիւնը:
Ույղուրների Հարցում Թուրքիայի Այս Քայլերի
Դրդապատճառները Հետեւեալն Են.
ա) Թուրքիայի ներկայ իշխանութիւններն աւելի վաղ նոյնպէս աչքի են ընկել ույղուրներին աջակցող եւ չինական կողմին դատապարտող յայտարարութիւններով եւ քայլերով: Հետեւողական գտնուելու համար նրանք, փաստօրէն, «դատապարտուած» են ամէն անգամ արձագանգել Զուիշ զարգացումներին: Ի դէպ, «դատապարտուած» լինելու գործօնն առկայ է նաեւ այլ երկրների պարագայում: Օրինակ, Թուրքիան ամէն անգամ «դատապարտուած» է քննադատել Իսրայէլին, երբ վերջինս զինուած հակամարտութեան մէջ է մտնում Կազայի հատուածի հետ:
բ) Թուրքիայի իշխանութիւնները փորձում են միջազգային հանրութեան աչքում ձեռք բերել «մարդու իրաւունքների, ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների համար պայքարողի» կերպար եւ ստուեր նետել Չինաստանի իշխանութիւնների վրայ: Հարկ է նշել, որ Կրօնական ազատութիւնների մասին Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան տարեկան զեկոյցում մշտապէս տեղ են գտնում Թուրքիայում կրօնական ազատութիւնների խախտման դէպքեր (հոգեւոր սպասաւորների պատրաստում, կրօնական կրթութիւն, ալեւիների աղօթատեղիների օրինականութեան չճանաչում, կրօնական խմբերի գրանցման սահմանափակումներ, պատրիարքարանների` որպէս իրաւաբանական անձի, չճանաչում, ինչը նրանց զրկում է անշարժ գոյք գնելու եւ պահելու կամ դատարանում պահանջներ ներկայացնելու իրաւունքից): Ըստ ամերիկեան «Փիու» հետազօտական կենտրոնի, 2013թ. կառավարութեան կողմից կրօնական ամենաշատ սահմանափակումներ կիրառող երկրների թւում Թուրքիան զբաղեցրել է 12-րդ տեղն աշխարհում:
գ) Թուրքիայի իշխանութիւններն այդպիսով փորձում են Չինաստանից կորզել տարաբնոյթ արտօնութիւններ: Խօսքը միայն ույղուրների կենսապայմանների բարելաւման մասին չէ. Թուրքիան յուսով է հէնց իր համար Չինաստանից ստանալ տնտեսական բնոյթի շահաւէտ պայմանագրեր` ույղուրների հարցում Չինաստանին (գոնէ ժամանակաւորապէս) չանհանգստացնելու համար: Թուրք-չինական յարաբերութիւնների վերջին 25 տարիների փորձը (1990-ականների առաջին կէսի եւ 2009թ. Ուրումչիի դէպքերի լարուածութիւնը) ցոյց է տալիս, որ դրանցում ույղուրական խնդրի պատճառով ժամանակ առ ժամանակ ծագած լարուածութեանը յաջորդել են բարձրաստիճան պաշտօնեաների այցեր եւ տնտեսական խոշոր համաձայնագրերի ստորագրում: Թուրքիան քաջ գիտակցում է Չինաստանի համար Զուիշ ռազմավարական, աշխարհաքաղաքական կարեւորութիւնը եւ շեշտը դնում է նրա վրայ, որ Չինաստանին հարկադրի լաւ յարաբերութիւններ ունենալ իր հետ:
դ) Ույղուրներին «տէր կանգնելու» Թուրքիայի փորձերը տեղաւորւում են իսլամական եւ թուրքական աշխարհի առաջնորդի դերը ստանձնելու թուրքական նկրտումներում: Դեռեւս 2009թ. պետնախարար Զաֆեր Չաղլայանը Չինաստանի արտաքին գործերի նախարար Եանկ Ճիեչիի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է. «Թուրքիայի համար ույղուրները կարեւորութիւն են ներկայացնում երկու տեսանկիւնից. նրանք թէ՛ թուրք են, թէ՛ մուսուլման»: Թուրքիայի համաթուրանական նկրտումները խորապէս մտահոգում են Չինաստանի իշխանութիւններին:
Այժմ յայտնի է, որ Թուրքիայի նախագահ Ռեճեփ Էրտողանը անակնկալ այցով մեկնելու է Չինաստան եւ նրա ղեկավարութեան հետ քննարկելու է նաեւ ույղուրների հարցը: 2012թ. Էրտողանն այցելել էր Զուիշ, որով եւ դարձել էր Ուրումչի այցելած Թուրքիայի առաջին վարչապետը: Այժմ Էրտողանը կը դառնայ Չինաստան այցելած Թուրքիայի երկրորդ նախագահը (1985թ. Չինաստան այցելել է Թուրքիայի վարչապետ Թուրկիւթ Էօզալը): Էրտողանի այս այցը մասամբ յիշեցնում է այս տարուայ գարնանը նրա Իրան այցելութիւնը, երբ նախ քննադատեց Իրանին, ապա մեկնեց այդ երկիր:
Վերջին շրջանում Չինաստանը սկսել է մեծ տեղ տալ քարիւղի խոշոր պաշարներ ունեցող ՀԻՔԻ-ի հետ յարաբերութիւններին: 2014թ. սեպտեմբերին յայտնի դարձաւ, որ Չինաստանը երկու ամսուայ ընթացքում գլխաւոր հիւպատոսութիւն է բացելու ՀԻՔԻ կենտրոն Իրպիլում, որի շուրջ պայմանաւորուածութիւնը ձեռք է բերուել ՀԻՔԻ ղեկավար Մասուտ Պարզանիի եւ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Թան Պանկլինի հանդիպման ժամանակ: Պանկլինը, որը յետոյ դարձաւ Իրպիլում Չինաստանի առաջին գլխաւոր հիւպատոսը, յոյս է յայտնել, որ հիւպատոսութեան բացումը սկիզբ կը դնի Չինաստանի եւ ՀԻՔԻ-ի միջեւ յարաբերութիւնների զարգացմանը: Իրպիլում Չինաստանի գլխաւոր հիւպատոսութիւնը բացուեց 2014թ. դեկտեմբերին: ՀԻՔԻ վարչապետ Նեչիրվան Պարզանին յայտարարեց, որ դա սկիզբ կը դնի կողմերի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային յարաբերութիւնների զարգացմանը:
Թուրք փորձագէտ Եուճել Թանայի կարծիքով, Իրպիլում գլխաւոր հիւպատոսութիւն բացելը վկայում է, որ Չինաստանը վերջին շրջանում սկսել է զարգացնել իր քրտական քաղաքականութիւնը: Նրա խօսքերով, Չինական միջազգային ձայնասփիւռի կայանը (նախկինում` Փեքինի ռատիօ) պատրաստւում է առաջիկայում հեռարձակումներ սկսել նաեւ քրտերէնով, եւ որ քրտական թեման տեղ է գտնում չինական բազմաթիւ գիտական յօդուածներում: Դրանցում «Քրտական հարցը» ներկայացւում է որպէս քիւրտ ժողովրդի անկախութեան պայքար եւ ազգային խնդիր: Թանայն ընդգծել է, որ Չինաստանը նմանեցնում է ույղուրներին ու քրտերին եւ գտնում է, որ եթէ Թուրքիան աջակցի ույղուրներին, ապա ինքն էլ կ՛աջակցի քրտերի անջատողական ձգտումներին:
(Շարունակելի)
ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
(Թուրքագէտ)
«Նորավանք»