ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Յունիսի 7-ին Թուրքիայում վճռորոշ ընտրութիւններ էին, որոնց արդիւնքները մեր արեւմտեան հարեւանի համար ստեղծեցին վերջին 13 տարիների համար աննախադէպ իրավիճակ` իշխող, չափաւոր իսլամամէտ Արդարութիւն եւ բարգաւաճում (համախոհական) կուսակցութիւնը ստիպուած է մտածել քոալիսիոն կառավարութիւն կազմելու մասին, իսկ հիմնադրումից ի վեր բոլոր ընտրութիւններում շարունակաբար յաջողութիւններ գրանցող այս քաղաքական ուժը երբեւէ նման խնդրի առաջ չի կանգնել` մշտապէս ձեւաւորելով միակուսակցական կառավարութիւններ: Իսկ տէ ֆաքթօ Էրտողանի եւ տէ ժիւրէ Տաւութօղլուի գլխաւորած ԱԲԿ-ի համար ձախողուած ընտրութեան (զարմանալի է, բայց ԱԲԿ-ի հաւաքած 40 տոկոս ձայնը Թուրքիայի ընտրական բարդ հաշուարկի արդիւնքում ձախողում է դիտարկւում) պատճառը ոչ թէ իր գլխաւոր ընդդիմադիր ուժն էր` քեմալական Հանրապետական ժողովուրդի կուսակցութիւնը (այս ուժը հաւաքեց իր համար աւանդական դարձած 25 տոկոսը), այլ… քրտերը, աւելի յստակ` քրտական/քրտամէտ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցութիւնը:
Այո՛, այո՛, քրտերը, որոնք այս անգամ որոշեցին ընտրութիւններին մասնակցել համամասնական ցուցակով: Քրտական քաղաքական ուժի թիւ մէկ խնդիրը Թուրքիայի խորհրդարանի 10 տոկոսանոց անցողիկ շեմի յաղթահարումն էր, սակայն Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնն աւելի համարձակ գտնուեց` հաւաքելով ձայների 13 տոկոսը եւ ապահովելով 80 պատգամաւորական լիազօրութիւն` 550 հոգանոց մեճլիսում (խորհրդարան): Եւ հազարաւոր քրտեր, որոնք նախկինում ձայն էին տալիս Էրտողանին, այս անգամ իրենց քուէն տուեցին ԺԺԿ-ին:
Քրտական ուժն էլ ընտրարշաւի ընթացքում շեշտը դրեց ազգային ու կրօնական փոքրամասնութիւնների, ձախթեւեան կողմնորոշում ունեցող քաղաքացիների վրայ, ինչն էլ դարձաւ նրա յաջողութեան գրաւականներից մէկը: Քրտական կուսակցութեան շարքերից 55 տարի ընդմիջումից յետոյ խորհրդարան անցաւ հայ պատգամաւոր Կարօ Փայլանը (եւս 2 հայ պատգամաւոր անցան ԱԲԿ-ի եւ ՀԺԿ-ի ցուցակներով):
Եւ այս 13 տոկոսը վճռորոշ դարձաւ իշխող ԱԲԿ-ի համար, որպէսզի ոչ միայն յետաձգի սահմանադրական փոփոխութիւններ անցկացնելու նպատակները, այլեւ, ոչ աւել, ոչ պակաս, մտածի քոալիսիոն կառավարութեան մասին:
Չկենտրոնանալով միայն ընտրութիւնների արդիւնքների եւ իշխող ու ընդդիմադիր ուժերի ձայների բաշխման վրայ` ընդգծենք հայերի եւ Հայաստանի համար կարեւորութիւն ներկայացնող մի զարգացում, որի «մեղաւորն» այս ընտրութիւններն ու քրտերն էին:
Ընտրութիւնների արդիւնքներով քրտերը ցոյց տուեցին, որ եւս մէկ քայլ են կատարել քաղաքական ինքնագիտակցութեան աճի ճանապարհին: Մեզ համար կարեւոր է նաեւ այն, որ Հայաստանին սահմանակից ներկայիս Թուրքիայի Կարսի, Արտահանի եւ Իգտիրի նահանգներում քրտերը վստահ յաղթանակներ տօնեցին, իսկ անցեալ ընտրութիւններին այս հատուածում ԱԲԿ-ն էր դեռ մրցունակ:
Այստեղ պէտք է վերադառնալ այն իրողութեանը, որ Հայաստանի Հանրապետութեան սահմանակից շրջաններում, այսինքն մեր պատմական հայրենիքի զգալի հատուածում բնակուող քրտերն այս ընտրութիւններով առաջընթաց ունեցան քաղաքական ինքնակազմակերպման հարցում, ինչը, իմ կարծիքով, նրանց մէկ քայլ մօտեցնում է Թուրքիայի Հանրապետութեան կազմում ինքնավարութեան տեսլականին, իսկ աւելի ուշ հեռանկարի համար` նաեւ հնարաւոր անկախացմանը: Իսկ սրանք այն զարգացումներն են, որոնց հետ մենք պէտք է հաշուի նստենք, որոնք ուղղակիօրէն մեզ էլ են առնչւում` թէ՛ պատմական տեսանկիւնից, թէ՛ ռէալ փոլիթիքի: Թուրքիայի մի շարք արեւելեան եւ հարաւարեւելեան նահանգներում քրտերի յաղթանակը ոչ միայն արտայայտում է քաղաքական միասնականութեան եւ կազմակերպման ընդհանուր աճը, այլ նաեւ այդ վայրերի ժողովրդագրական պատկերը: Այս տարածքների զգալի հատուածում մեծամասնութիւն կազմող քրտերը շարունակում են պահպանել ծնելիութեան բարձր աճը, ինչի մասին վկայում են Թուրքիայի վիճակագրական ծառայութեան տուեալները: Համառօտ ձեւակերպելով` պատմական Հայաստանում ժողովրդագրական ցուցասլաքը շարունակաբար ձգտում է դէպի միատարր քրտական բնակչութիւն:
Հայ հասարակութիւնը եւ հայկական պետութիւնը պէտք է հասկանան, որ որքան էլ սահմանից այն կողմ թուրքական պետութիւնն է, սակայն այդ հատուածում ներկայիս բնակիչները քրտերն են, որոնք շարունակում են ոչ միայն բնական աճը, այլ նաեւ նրանց մօտ աճում է քաղաքական ինքնագիտակցութիւնը, ուստի պէտք է պատրաստ լինել տարատիպ զարգացումների:
Ժամանակն է կողմնորոշուել եւ հասկանալ, թէ արդեօք քրտերին պէտք է դիտարկել, որոշ վերապահումներով, դաշնակի՞ց, թէ՞, այնուամենայնիւ, որպէս հակառակորդ, որը ոչ միայն մասնակից է եղել Հայոց ցեղասպանութեան իրագործմանը, այլեւ այսօր էլ ապրում է մեր հայրենիքում…
Չէ՞ որ այս ընտրութեան հարցը մեզ համար եւս մէկ անգամ օրակարգ է գալիս յունիսեօթեան զարգացումներից յետոյ: Ի հարկէ ներկայում բաւական բարդ է պատասխան տալ, թէ ինչպէս պէտք է կառուցել յարաբերութիւնները քրտերի հետ: Նման պատասխան ստանալու համար պէտք են խորը փորձագիտական, պատմագիտական, քաղաքագիտական ուսումնասիրութիւններ, վերլուծութիւններ, հանրային քննարկումներ` հասարակութեան տարբեր շերտերից սկսած եւ վերջացրած պետական մակարդակով:
Սակայն ակնյայտ է, որ այս ամէնը պէտք է արդէն սկսել, պատրաստ լինելը օրուայ հրամայական է, այն էլ` փոփոխուող եւ անկանխատեսելի Մերձաւոր Արեւելքում:
ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ
թուրքագէտ
«Թուրքագիտական փորթալ»