ՎԱՀՐԱՄ ՀՈՎԵԱՆ
2015թ. յունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ, որոնց կարեւոր նշանակութիւն էր վերապահուած ինչպէս քաղաքական ուժերի յարաբերակցութեան, այնպէս էլ այդ երկրի քաղաքական համակարգի ապագայ բնութագրի առումով: Ինչպէս ցանկացած ընտրութիւն Թուրքիայում, այս խորհրդարանական ընտրութիւնները նոյնպէս կարեւոր նշանակութիւն ունեն այդ երկրի ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների, այդ թւում նաեւ հայերի համար:
Այս ընտրութիւններն իրենց արդիւնքներով էապէս տարբերւում են նախորդ ընտրութիւններից, ինչի արդիւնքում համեմատաբար նոր իրավիճակ է ստեղծւում ինչպէս ողջ թուրքական հասարակութեան, այնպէս էլ այդ երկրի ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների համար:
Առաջին էական տարբերութիւնն այն է, որ սոյն ընտրութիւններում խորհրդարան անցած կուսակցութիւններից ոչ մէկը չկարողացաւ ստանալ պատգամաւորական լիազօրութիւնների բացարձակ մեծամասնութիւնը, որը նրան հնարաւորութիւն կը տար միանձնեայ ձեւաւորել կառավարութիւն: Թէեւ Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքները բազմիցս ներկայացուել են մամուլում (այդ թւում` նաեւ հայկական), այնուամենայնիւ, աւելորդ չենք համարում մեր վերլուծութիւնում ներկայացնել դրանք: Այսպէս, 2015թ. յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով Թուրքիայի օրէնսդիր մարմին անցաւ չորս կուսակցութիւն.
1. Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը (ԱԲԿ)
2. Հանրապետական ժողովուրդի կուսակցութիւնը (ՀԺԿ)
3. Ազգայնական շարժում կուսակցութիւնը (ԱՇԿ)
4. Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնը (ԺԺԿ):
Ընտրութիւնների արդիւնքները նշանակում են, որ իշխող ԱԲԿ-ն չի կարող միայնակ ձեւաւորել կառավարութիւն, ինչը վերջինիս թոյլ կը տար միանձնեայ կառավարել երկիրը` հաշուի առնելով, որ Թուրքիայի նախագահի պաշտօնը նոյնպէս ներկայումս զբաղեցնում է այդ կուսակցութեան` թէկուզ ոչ պաշտօնական առաջնորդը: Այս հանգամանքներում կամ ԱԲԿ-ն ստիպուած է քոալիցիոն կառավարութիւն կազմել միւս կուսակցութիւններից որեւէ մէկի հետ, կամ այդ բեմագրութիւն ձախողման դէպքում պէտք է անցկացուեն նոր խորհրդարանական ընտրութիւններ:
Ինչպէս ցոյց է տալիս Թուրքիայի ներքաղաքական պատմութեան փորձը, քոալիսիոն կառավարութիւններն այդ երկիրը տանում են դէպի ճգնաժամ: Հաշուի առնելով այդ հանգամանքը` կարելի է ակնկալել, որ քոալիսիոն կառավարութեան ձեւաւորման պարագայում Թուրքիայի ներքաղաքական կեանքում առկայ կը լինի եթէ ոչ ճգնաժամ կամ անկայունութիւն, ապա` նուազագոյնը լարուածութիւն: Նման իրավիճակ կարելի է ակնկալել նաեւ քոալիսիոն կառավարութեան ձեւաւորման հարցում ձախողման եւ նոր խորհրդարանական ընտրութիւնների անցկացման պարագայում, ինչի հեռանկարը ժամանակի հետ աւելի իրական է դառնում:
Այս ամէնն անմիջական ազդեցութիւն չի կարող ունենալ հայ համայնքի վրայ, քանի որ այն ուղղակիօրէն ներգրաւուած չէ Թուրքիայի ներքաղաքական գործընթացներում եւ իշխանութեան համար պայքարում: Անուղղակի կերպով, սակայն, որոշակի ազդեցութիւն կարող է լինել: Բանն այն է, որ Թուրքիայի իշխանութիւնները (առաջին հերթին` ԱԲԿ-ն), տեւական ժամանակ զբաղուած լինելով ներքաղաքական խնդիրներով եւ իշխանութեան համար պայքարով, ժամանակ եւ միջոցներ չեն ունենայ իրենց ուշադրութեան կենտրոնում պահելու երկրի ազգային եւ կրօնական փոքրամասնութիւններին` նրանց հանդէպ Թուրքիայի աւանդական հալածական կամ սահմանափակումների քաղաքականութիւնը վարելու համար: Հետեւաբար, Թուրքիայի ներքաղաքական լարուածութեան պահպանման պարագայում կարելի է ակնկալել ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ կիրառուող ճնշումների որոշակի թուլացում:
Երկրորդ կարեւոր գործօնը, որով այս ընտրութիւնները տարբերւում են նախորդներից, առաջին անգամ ազգային հիմքով կամ սկզբունքով կուսակցութեան յայտնուելն էր Թուրքիայի խորհրդարանում: Խօսքը քրտական կամ քրտամէտ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան մասին է, որը, յաղթահարելով ընտրական շեմը (10%), կարողացաւ մուտք գործել Թուրքիայի խորհրդարան եւ ստանալ 80 պատգամաւորական աթոռ:
Չնայած ԺԺԿ-ն համարւում է քրտական կամ քրտամէտ կուսակցութիւն, սակայն, ինչպէս նշում են փորձագէտները (Ռուբէն Մելքոնեան, Վահրամ Տէր Մաթեւոսեան), այն իրականում Թուրքիայի բոլոր ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների շահերն արտայայտող եւ պաշտպանող քաղաքական ուժ է:
Հարկ է նշել, որ յիշեալ հանգամանքն առարկայական հիմքեր ունի: Բանն այն է, որ Թուրքիայում ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների խնդիրները բնոյթով յաճախ համընկնում են: Դրանց արդիւնաւէտ լուծման հրամայականն էլ հրատապ է դարձնում համագործակցութիւնը նրանց միջեւ: Այդ է պատճառը, որ յաճախ մէկ համայնքի առջեւ ծառացած մարտահրաւէրները միւսների կողմից ընկալւում են որպէս սեփական խնդիրներ, քանի որ միասնական ջանքերով դրանց յաղթահարումն աւելի իրատեսական է թւում: Այս պարունակում, օրինակ, բարձր գնահատելով Թուրքիայի այլ ազգային եւ կրօնական համայնքների ներկայացուցիչների` քրտերի, հրեաների, յոյների, ասորիների, ալեւիների, զրադաշտների, համշենցիների, զազաների եւ անգամ թուրքերի աջակցութիւնը հայերին «Քեմփ Արմէն» ճամբարի վերադարձման համար պայքարում, Կարօտ Խաչիկօղլուն այդ կապակցութեամբ Պոլսի «Ակօս» պարբերականում գրում է. «Տեսնելով այս զանազան ազգութիւններու եւ կրօններու պատկանող մարդոց «Քեմփ Արմէն»-ի համար ցուցաբերած զօրակցութիւնը, հասկցայ, որ այս մէկը միայն հայկական խնդիր մը չէ, այլ` համամարդկային: Կարծես հասարակութեան մէջ «միւսը» համարուողները կողք կողքի եկած, նոյն բանը կ՛ուզէին»:
Հայ համայնքի համար ԺԺԿ մուտքը Թուրքիայի խորհրդարան նշանակում է, որ այդ երկրի օրէնսդիր իշխանութիւնում յայտնուել է նաեւ իր շահերն արտայայտող քաղաքական ուժ:
Երրորդ կարեւոր հանգամանքը հայ համայնքի համար այս ընտրութիւններում այն է, որ դրանց արդիւնքում Թուրքիայի խորհրդարան անցաւ ազգութեամբ հայ երեք պատգամաւոր, ինչը նոյնպէս աննախադէպ երեւոյթ է Թուրքիայի վերջին շրջանի պատմութեան մէջ: Վերջին անգամ ազգութեամբ հայ պատգամաւոր Թուրքիայի խորհրդարանում եղել էր 1960-ական թթ.: Տեւական դադարից յետոյ միանգամից երեք հայի ընտրութիւնը Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր կարելի է դասել փոքրիկ զգայայոյզ դէպքերի շարքին: «Ակօս»-ն այս առնչութեամբ գրում է. «Երկար տարիներու բացակայութենէ ետք երեք հայ պատգամաւորներու Թուրքիոյ խորհրդարանի անդամակցութիւնը որոշ հետաքրքրութիւն յառաջացուցած է զանազան շրջանակներէ ներս»:
Թուրքիայի խորհրդարան անցած երեք հայ պատգամաւորներն են.
1. Մարգար Եսայեան` իշխող ԱԲԿ-ից
2. Սելինա Տողան` ՀԺԿ-ից
3. Կարօ Փայլան` ԺԺԿ-ից:
Առաջին երկուսը, ինչպէս նշում է թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը, երբեք աչքի չեն ընկել հայ համայնքում եւ առաւելապէս ընկալւում են որպէս կուսակցական գործիչներ` համապատասխանաբար ԱԲԿ-ում եւ ՀԺԿ-ում: Այնուամենայնիւ, ըստ թուրքագէտի, նրանց յայտնուելը Թուրքիայի խորհրդարանում աւելի շատ դրական երեւոյթ է, քան բացասական, քանի որ վերջիններս կարող են խողովակի դեր խաղալ հայկական խնդիրները թուրքական իշխանութիւնների առջեւ բարձրացնելու տեսանկիւնից: Ընդ որում, դա կարող է արուել ինչպէս ուղղակիօրէն, այնպէս էլ անուղղակիօրէն: Օրինակ` ինչպէս գրում է «Ակօս»-ը յուլիսի 3-ին, Հանրապետական ժողովուրդի կուսակցութեան հայ պատգամաւոր Սելինա Տողանը Թուրքիայի խորհրդարանում հանդէս է եկել վարչապետին ուղղուած տասը հարցով, որոնք վերաբերում են «Իսլամական պետութեան» գործողութիւններին Սիրիայում եւ Թուրքիայի առնչութեանը վերջինիս հետ: Հաշուի առնելով, որ Սիրիայի հայ համայնքը տուժում է այդ երկրում վերջին տարիներին ծաւալուող քաղաքացիական պատերազմից, իսկ «Իսլամական պետութեան» ահաբեկչական գործողութիւններն ունեն տարածաշրջանային ընդգրկում, կարելի է ասել, որ հայազգի պատգամաւորի բարձրացրած հարցերն անուղղակիօրէն վերաբերում էին հայկական խնդիրներին, մասնաւորապէս` Մերձաւոր Արեւելքի հայ համայնքների անվտանգութեանը:
Այլ է վիճակը Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնից ընտրուած պատգամաւոր Կարօ Փայլանի պարագայում: Լինելով Թուրքիայի ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնների շահերն արտայայտող կուսակցութեան անդամ եւ ազգութեամբ հայ` ակնկալւում է, որ նա նախանձախնդիր պէտք է լինի այդ երկրի օրէնսդիր բարձրագոյն իշխանութիւնում հայկական խնդիրները բարձրաձայնելու հարցում, ինչի ականատեսն ենք մենք արդէն այսօր:
Թուրքիայի հայ համայնքի համար խորհրդարանական վերջին ընտրութիւններից յետոյ նկատուած նպաստաւոր տեղաշարժը սոսկ ենթադրութիւն չէ: Այն ամրագրւում է փաստերով, որոնք վերաբերում են հայ համայնքի կեանքին: Մեր դատողութիւններն աւելի հիմնաւոր դարձնելու նպատակով ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Թուրքիայի հայ համայնքի համար առաւել հրատապ է երկու խնդիր, որոնց շուրջ էլ տեղի են ունենում խմորումներն ու զարգացումները համայնքային կեանքում: Խնդիրներից մէկը վերաբերում է թուրքական իշխանութիւնների կողմից բռնագրաւուած հայկական աւետարանական ճամբարի` «Քեմփ Արմեն»-ի ճակատագրին, որի քանդման դէմ եւ հայերին վերադարձնելու համար էլ ներկայումս պայքարում է հայ համայնքը: Միւս խնդիրը կապուած է ազգային դպրոցներում ազգային խտրականութեան վերացման եւ այդ դպրոցների ինքնուրոյնութեան աստիճանի բարձրացման հետ:
Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան կողմից հայ համայնքի շահերը պաշտպանելու դրսեւորում է նրա աջակցութիւնը հայերի ջանքերին` «Քեմփ Արմեն»-ը հայ համայնքին վերադարձնելու գործում: Ինչպէս գրում է Պէյրութի «Ազդակ» օրաթերթը յուլիսի 8-ին, «Քեմփ Արմեն»-ը վերադարձնելու պահանջով հայերի կազմակերպած երթին ու դրան յաջորդած ցոյցին մասնակցել է նաեւ ԺԺԿ երկու պատգամաւոր` Պարըշ Եարքատաշը եւ Օնուրսալ Ատըքիւզելը: Իր ելոյթում Պարըշ Եարքատաշը, ընդգծելով իր կուսակցութեան աջակցութիւնը հայ համայնքին, քննադատել է իշխող ԱԲԿ-ին նախընտրական շրջանում ճամբարը հայերին վերադարձնելու պատրանք ստեղծելու, իսկ այնուհետեւ խոստումը դրժելու համար:
Ինչ վերաբերում է ազգութեամբ հայ պատգամաւորներին, ապա այս առնչութեամբ մեծ է Կարօ Փայլանի դերակատարութիւնը, որը նախանձախնդրօրէն պաշտպանում է հայ համայնքի շահերը:
Դա առաւել ցայտուն դրսեւորուեց ազգային դպրոցների խնդրի լուծման հարցում: Բանն այն է, որ նախկինում քաղաքային իշխանութիւններից ազգային դպրոցների կախուածութեան, ինչպէս նաեւ աշակերտների ազգային պատկանելութեան (ցեղային գաղտնագրի) կարեւորման պայմաններում Թուրքիայի հայութեան շատ ներկայացուցիչներ, յատկապէս նախկինում հանգամանքների բերումով կրօնափոխ եղած հայեր, իրենց երեխաներին չէին կարողանում ընդունել տալ հայկական դպրոցներ: Իրենց այդ իրաւունքն իրականացնելու համար հայերը յաճախ դատական գործընթացի մէջ էին մտնում թուրքական իշխանութիւնների հետ:
Ներկայումս, ինչպէս գրում է «Ակօս»-ը, ԺԺԿ կուսակցութիւնից հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի գործուն ջանքերի շնորհիւ այդ հարցը լուծուել է: Հայազգի պատգամաւորը, բանակցելով Թուրքիայի կրթութեան նախարար Նապի Աւճըի հետ, հասել է նրան, որ հարցը լուծուի շրջաբերականի միջոցով: Այնուհետեւ, համագործակցելով նախարարութեան պաշտօնեաների հետ, մասնակցել է այդ շրջաբերականի պատրաստմանը, որն ընդունուել է նախարարի կողմից:
Համաձայն այդ շրջաբերականի, աշակերտներին դպրոցներ ընդունելու լիազօրութիւնը քաղաքային իշխանութիւններից անցնում է ազգային դպրոցների տնօրինութեանը: Այդ կերպ վերանում է ազգային պատկանելութեան պատրուակով բազմաթիւ հայ երեխաների, յատկապէս կրօնափոխ հայերի երեխաների` հայկական դպրոցներում կրթութիւն ստանալու արգելքը: Բացի այդ, ազգային դպրոցների տնօրինութեանը տրւում են նաեւ այլ լիազօրութիւններ, մասնաւորապէս` թուրքերէն լեզուով դասաւանդուող առարկաների ուսուցիչների պաշտօնավարման ժամկէտների որոշման հարցում:
Նկատի ունենալով ազգային դպրոցների կարեւոր նշանակութիւնը սփիւռքում, մասնաւորապէս` Թուրքիայի հայ համայնքում ազգային ինքնութեան պահպանման եւ վերակերտման (հայադարձութեան) գործում, կարելի է ասել, որ Կարօ Փայլան քաղաքական գործիչն իր պաշտօնում անգնահատելի ծառայութիւն է մատուցել հայ համայնքին:
Եւ վերջապէս, ի՞նչը կարող է լինել Թուրքիայի խորհրդարանի երեք հայազգի պատգամաւորների ազգանպաստ գործունէութեան վկայութիւն, եթէ ոչ այն, որ իրենց քաղաքական գործողութիւնների համար նրանք արժանանում են այդ երկրի յետադէմ շրջանակների սպառնալիքներին ու պարսաւանքներին: «Նոր Մարմարա» օրաթերթի յուլիսի 8-ի հաղորդմամբ, վերջերս հայազգի պատգամաւորների հասցէին ծաղրական, վիրաւորական, հայհոյախօսական արտայայտութիւններով է հանդէս եկել Ատանայի քաղաքապետ Հիւսէյն Սէօզլիւն «խորհրդարանում Ցեղասպանութեան մասին խօսելու եւ թուրքերի դէմ թշնամութիւն սերմանելու» համար:
Ամփոփելով` նշենք, որ եթէ նախկինում Թուրքիայի հայ համայնքը, չունենալով գործուն մեքանիզմներ այդ երկրի իշխանական համակարգում, տուեալ դէպքում` օրէնսդիր մարմնում, ստիպուած էր զուտ համայնքային խողովակների միջոցով յարաբերուել իշխանութիւնների հետ, ապա 2015թ. խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքներով այն, ի դէմս Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութեան եւ երեք հայազգի պատգամաւորների, ձեռք է բերել այդպիսի լծակ, ինչը թոյլ է տալիս արդէն իշխանական կառոյցների մակարդակով եւ, հետեւաբար, աւելի արդիւնաւէտ կերպով բարձրացնել իրեն յուզող հարցերը եւ փորձել գտնել դրանց լուծումները:
«Նորավանք»