ԶԱՆԱ ԱՔՍՈՒ
Անցեալում հայերով հոծ բնակեցուած քաղաքներից մէկում` Սղերդում այժմ, մշակութային ժառանգութիւնից բացի, ոչինչ աչք չի զարնում: Թուրքական միութիւնները կամ էլ որոշ քրտական զինեալներ հայերին սպաննեցին կամ էլ բռնի իսլամացրեցին: Որոշ աղբիւրներում Սղերդը յիշատակւում է որպէս «Սեերդ (երեք վայր)»: Շեմսէտտին Սամիի բառարանում նշուած է նաեւ «Տիղրակերտ» ձեւը: Որքան էլ որ ասեն, թէ Սամի արմատից է, կարծիք կայ, որ հայերէն Տիղրակերտը ժողովրդախօսակցական լեզւում դարձել է Սիգրակերտ, Սիգիրդ եւ վերջապէս Սիիրդ: ԺԸ. դարում քաղաքում 5600 հայկական տուն կար, սակայն ԺԹ. դարում այս թիւը հասել է 2500-ի: 1800-1830 թթ. քաղաքի 17 հազար բնակչութիւնից 6000-ը հայեր էին: Մինչ Ա. համաշխարհային պատերազմը 13 հազարի հասնող բնակչութիւնից 6 հազարը հայեր էին, մնացածը` թուրքեր, արաբներ, քրտեր ու ասորիներ:
Եկեղեցիներն Աւերւում, Իսկ Գրքերը
Վառւում Են Քարանձաւներում…
Համաձայն ԺԹ. դարի առաջին կէսին Սիիրդ այցելած եւրոպացի ճանապարհորդների եւ միսիոնարների յուշագրութիւնների` Սիիրդի կենտրոնի բնակչութեան մէկ երրորդը կազմում էին մուսուլմանները, երկու երրորդը` ոչ մուսուլմանները (հայ, նեստորական եւ հրեայ), եւ ապրում էին միասին, առանց որեւէ խնդրի: Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ 1915 թ. յուլիսին ռուսերը գրաւեցին Պիթլիսը, Սիիրդի վալին ռուսերի զաւթողական ծրագրերը կասեցնելու նպատակով Սիիրդում եւ շրջակայքում բնակուող ոչ մուսուլմանների դէմ գործողութիւններ է սկսում, որի արդիւնքում թալանւում եւ աւերւում են յատկապէս կենտրոնական Հոլանիէ, Հանդեցիս գիւղերն ու Տէյրի եկեղեցիները եւ վանքերը: Անգամ ասում են, թէ Տէյր վայրի Սուրբ Յակոբ (Mor Yakup) վանքի 30 հազար գրքերը վառել են: Յաճախ ասում են, թէ զինուորները հետապնդել են կոտորածից փրկուած Սուրբ Յակոբ վանքի արքեպիսկոպոս Ատտէյ Շերին եւ սպաննել ներկայիս Էրուհի Թանզըհ (Քաւաքեոզու) գիւղի քարանձաւում, որտեղ թաքնուել էր: Գրող -բանաստեղծ, գիտնական Ատտէյ Շերը յայտնի է նրանով, որ 1905 թ. Եւրոպայից բերած օգնութիւնը առանց խտրութեան հաւասար բաժանել է Սիիրդի աղքատ մուսուլմաններին եւ քրիստոնեաներին: Բազմաթիւ հայ եւ նեստորական ընտանիքներ կա՛մ աքսորուել, կա՛մ սպաննուել, կա՛մ բռնի իսլամացուել են:
Ներկայում Սիիրդում եւ շրջակայքում մօտ 30 եկեղեցու եւ վանքի աւերակներ կան: Սիիրդում Սուրբ Յակոբ եկեղեցին, ըստ էութեան, Ի. դարի սկզբին աւերուել էր: Իսկ քաղաքի երեք եկեղեցիները մինչ Ա. Համաշխարհային պատերազմը գործում էին: Ողջ վիլայեթում 30 եկեղեցի կար: ԺԹ.-Ի. դարերի ընթացքում աղջիկների եւ տղաների համար երկու առանձին հայկական դպրոց կար: Մինչեւ հիմա քաղաքը շրջապատող աւերակների վերածուած հայկական ամրոցների մնացորդներ կան: Իսկ շրջապատող ժայռերի վրայ հայերէն արձանագրութիւններ կան:
Ծառայութեան Համար 100
Արհեստաւոր Են Կենդանի Թողել
1895 թ. կոտորածի ժամանակ թուրքական պետութիւնն հրի է մատնել այստեղ գտնուող եկեղեցին եւ հայկական դպրոցը: Հայ բնակչութեան մեծ մասն էլ բռնի իսլամացուել է: Սպաննել են հոգեւորականներին: Թէեւ 1915 թ. հայկական միաւորումներն ու ռուսական ուժերը Սիիրդը վերցրել են թուրքերից եւ քրտական զինուած միաւորումներից, բայց երբ ռուսերը յետ են քաշուել, թուրքերն ու որոշ քրտական զինեալներ քաղաքը մաքրել են հայերից: Թուրքական պետութիւնն ու քրտական զինեալները այստեղի հայ բնակչութեանը ոչնչացրել են` կենդանի թողելով լոկ 100 արհեստաւոր, որպէսզի վերջիններս իրենց ծառայեն:
Հայերի Աղբիւրն Ու Ուտելիքները
Թաղամասը, որ այսօր յայտնի է որպէս Ինէօնիւյի թաղամաս, նախկինում հայերով է բնակեցուած եղել: Յայտնի է, որ այն վայրում, որտեղ գտնւում է Սիիրդի ոստիկանական բաժանմունքը, եղել է հայկական եկեղեցին եւ հայերի կառուցած մի աղբիւր: Բացի այդ` արաբների մօտ` որպէս «քիթել», քրտերի մօտ` որպէս «քութիլիք» յայտնի իչլի քէօֆթա ուտեստը շրջանին բնորոշ այն ուտելիքներից է, որը հայերն են թողել Սիիրդի բնակչութեանը:
Սըղերդ (Սիիրդ) սանճաքի (գաւառ) հարաւարեւելեան լեռնային հատուածում գտնուող երվարի Քազայի (գաւառով) (յայտնի է իր մեղրով) ղեկավար կենտրոնը Խոխաթ/Խասյէ/Խասիլ աւանն է, որտեղ բնակուել է 180 հայ (20 տուն, մէկ դպրոց, 22 աշակերտ): Քազայի 15 գիւղում ապրել է 2 538 հայ (282 տուն): Այս համայնքն ունեցել է 7 եկեղեցի եւ 2 դպրոց, որտեղ սովորելիս է եղել 72 աշակերտ:
Վելաս – 270 հայ (30 տուն), 1եկեղեցի
Մալիք (Մելիք) – 225 հայ (25 տուն), Սուրբ Գէորգ եկեղեցի
Բալիջան/Փանիչան/Բենիջոն – 162 հայ (18 տուն)
Սանօ/Սանու/Սանի – 27 հայ (3 տուն)
Էլքէֆ – 72 հայ (տուն), 1 եկեղեցի
Դեշտիկ – 70 հայ (8 տուն), 1 եկեղեցի
օզիմ (Ուզում) – 1080 հայ (120 տուն), Սուրբ Ստեփանոս եկեղեցի, 1 դպրոց (50 աշակերտ)
աքուգ/Յագուգ/Ուրքուք – 182 հայ (20 տուն), 1 եկեղեցի
Շեքամեր – 75 հայ (8 տուն),
Սիմ – 51 հայ (6 տուն)
Սերհալ – 27 հայ (3 տուն),
Ռաբանոքան (Ռաբանոգ) – 45 հայ (5 տուն), 1 եկեղեցի
Ադել-72 հայ (8 տուն),
Հաշեդ-Ադուս-72 հայ
Էրուհ (Արօ/Բոհան) Քազան
Էրուհ գաւառն այն վայրերից է, որը հոծ բնակեցուած է եղել հայերով: 1915 թ. Անատոլիայում բազմաթիւ հայեր ողջ մնալու համար ստիպուած էին իսլամութիւնն ընդունել: Այս հողերում նախկինում եւս վտանգի պայմաններում կրօնափոխութիւն եղել է, սակայն այդ սեւ տարիներին շատ աւելի մարդ ընդունեց իսլամութիւնն: Էրուհում «միսիլմենիները» 1915 թ. մահուան վախով իսլամացան:
Ըստ պատրիարքարանի տուեալների, 1915 թ. Քազայում բնակուող հայերի թիւը նուազել էր` հասնելով 3 393-ի: Դեհում հայերն ունէին Սուրբ Յարութիւն եւ Սուրբ Աստուածածին եկեղեցիները, դպրոց, որտեղ սովորում էր 95 աշակերտ: Մինչ 1915 թ. հայերի թիւը ներկայացնում էր հետեւեալ պատկերը`
Գիրդարէ – 16 հայ (2 տուն),
Իքաքա – 29 հայ (3 տուն),
Լիրդէ (Լոդէ) – 45 հայ (5 տուն),
Գովեշեր – 47 հայ (5 տուն),
Ֆինդիք – 225 հայ (25 տուն)
Էրուհցի Մի Հայ. «Անդնդից Ցած Նետեցին»
«Լռութեան ձայնը. խօսում են թուրքիացի հայերը» գրքում Էրուհի բռնի իսլամացման մասին էրուհցի մի մարդ (անունը չի նշւում. X տղամարդ, 1961 թ., Էրուհ-Սիիրդ) պատմում է. «Մեզ բռնի իսլամացրեցին: 7 գիւղից վռնդուել ենք: Իւրաքանչիւրում ստեղծել էինք մեր կարգն ու կանոնը: Մէկը եկաւ ու ասաց` դուրս եկէք այստեղից, մենք էլ փախել ենք: 7 անգամ ստեղծել էինք մեր կարգն ու կանոնը, 8-րդ անգամ գնել էինք մեր տունը: Մեր տունը գնել էինք մէկ ուրիշից, դաշտը` մէկ ուրիշից: Քրտերն ասում էին. «Այս անհաւատներին չոր քարի վրայ դրէք, մի կտոր բուրդ տուէք, էլի կ՛ապրեն», սակայն մենք չկարողացանք ապրել: Մենք ջուլհակ էինք, մեզ ձեռք չտուեցին, որպէսզի գլխարկ, շալ գործենք իրենց համար, սակայն բռնի իսլամացրեցին: Մեր անձնագրում «Տէօնմէ» են գրել: Յետոյ ասել են. «Կանչէք այդ կեաւուրներին, տէօնմէի փոխարէն մուսուլման ենք գրելուէ: Եւ՛ տէօնմէ, եւ՛ իսլամ գրելիս մեզ չեն հարցրել:
Հայրս ասում էր. «Քեզ կեաւուր են ասելու, միւսներին էլ են ասում, սակայն ձայն չեն կարողանում հանել: Քեզ չեն սպաննի, ծեծ կեր, սակայն ծպտուն չհանես, արի տուն»: Սա հօրս տուած խրատն է: Այդպէս, ծեծ ուտելով էլ մեծացայ: 7-8 տարեկան էի, մեծ մարդիկ, ականջներիցս քաշելով, գետնին էին քցում ասելով` կեաւուր է, ոսկորները չեն ջարդուի: Մենք այնտեղ մի անդունդ (Թեհթամեթերխանէ) ունէինք: Այնտեղից մեր մարդկանց նետում էին, ոսկորները իրար վրայ էին դասուել: Ինձ տանում էին այդ անդունդի մօտ եւ սպառնում` «պապիդ ոսկորներն այնտեղ են, քեզ էլ ենք այնտեղ նետելու…»:
Այս հատուածին կոչում են «միսլիմինէ», քանի որ յետագայում են իսլամ ընդունել: Այս գաւառում բազմաթիւ եկեղեցիներ ու ծիսական վայրեր կան: Սիիրդ-Էրուհ ճանապարհին ակնյայտօրէն աչքի են զարնում նաեւ գերեզմաններն ու դամբարանները: Այս տարի Էրուհ-Սիիրդ ճանապարհի շինարարութեան ժամանակ գերեզմաններն աւերուել են: Հողաբարձ քարշակներով ճանապարհը փորելիս մօտ 100 գերեզման է յայտնաբերուել:
Գերեզմանների ոսկորները սփռուել են շրջապատով մէկ: Երբ գիւղացիները ոսկորները հաւաքել ու իրենց տեղն են դրել, պարզուել է, որ իրաւասուներն այս գերեզմանի վերաբերեալ որեւէ աշխատանք չեն կատարել: Այն վայրերը, որտեղ փորել են, ոսկորները դրսից երեւում են: Այսինքն կիսաբաց վիճակում են: Շրջակայքում ապրող բոլորը գիտեն, որ գերեզմանոցը հայերին է պատկանում: Գերեզմանոցից վերեւ գտնւում է Տերշըմշ եկեղեցին: Տարիներ առաջ այնտեղ հայեր էին բնակւում: Այժմ ոչ մի հայ չի ապրում այդ գիւղում:
Սիիրդի տարեցները, ովքեր տեղեակ են Սիիրդի հայերի մասին, կամ էլ երկար տարիներ լրագրութեամբ զբաղուած անձինք այս մասին խուսափում են խօսել:
Դեռեւս գաղտնիք է, թէ ի՛նչ է եղել Սիիրդի հայերի հետ, որտեղ են աքսորուել, ովքեր են նրանց կոտորել, Նեւելա աւանում քանի հայի դի է յայտնաբերուել:
«Սիիրդնոթ» կայքէջ
Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»