ՀԱՅԿ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Թուրքիայի միջնակարգ կրթութեան (դպրոցի) 10-րդ դասարանի պատմութեան դասագրքի` Ա. Համաշխարհային պատերազմին նուիրուած հատուածի մէջ յատուկ անդրադարձ կայ հայերին եւ Հայկական հարցին: Անդրադարձը վերնագրուած է «Հայկական հարցը Համաշխարհային պատերազմի տարիներին»: Ուշագրաւ է, որ դասագրքի հեղինակները այստեղ եւս պարբերաբար յիշեցնում են, որ եւրոպական որոշ տէրութիւններ եւ առաւելապէս Ռուսաստանը, իրենց շահերը առաջ տանելու նպատակով մշտապէս սադրել եւ օգտագործել են հայերին ընդդէմ թուրքերի: Այս է պատճառը, որ հայերը շարունակաբար անհնազանդ են եղել` այդպիսով դաւաճանելով թուրքերին, որոնց հետ ապրում էին միեւնոյն հայրենիքում:
Հայերին վերաբերող հատուածում կարող ենք կարդալ. «Ռուսաստանը, օգտագործելով հայերին` փորձում էր տիրել Անատոլիային: Այս է պատճառը, որ ռուսները, գրաւելով Էրզրումը, Երզնկան, Մուշը եւ Պիթլիսը, այս տարածքներում ապրող հայերին հրահրեցին նոր ապստամբութիւններ կազմակերպել: Հայերը, որոնց զինում էին ռուսները, յարձակուելով թուրքական գիւղերի վրայ, կորոտածներ էին իրականացնում»: Պէտք է արձանագրել, որ սա առաջին դէպքն է, երբ թուրքական դասագրքում պնդում է կատարւում, թէ հայերը կոտորել են թուրքերին: Շարունակելով հայերի մասին թեման` հեղինակները գրում են. «Հայերը մի շարք ապստամբութիւններ են կազմակերպել արեւելեան եւ հարաւ-արեւելեան Անատոլիայում: 1915թ փետրուարին ապստամբութիւն կազմակերպուեց Վանում: Ռուսները, հայերի օգնութեամբ, զաւթեցին Վանը եւ այստեղ հայ նահանգապետ նշանակեցին: Ժամանակի Օսմանեան կայսրութեան կողմից նշանակուած նահագապետ Ճեւտեթ պէյը կազմակերպեց թուրք ժողովրդի գաղթը դէպի Դատուան, Պիթլիս եւ Տիարպեքիր (Տիգրանակերտ), որպէսզի փրկի թուրք բնակչութեանը հայկական կոտորածներից: Գաղթի ճանապարհը բռնած թուրքերը աւազակային յարձակումների էին ենթարկւում հայ աւազակախմբերի կողմից: Հայերին աջակցում էր ոչ միայն Ռուսաստանը, այլեւ` Անգլիան եւ Ֆրանսիան»: Այս հատուածից անմիջապէս յետոյ անդրադարձ է կատարւում 1915թ. ապրիլի 24-ին. «Տեսնելով, որ հայկական կոմիտէների աջակցութեամբ կազմակերպուող ապստամբութիւնները մեծ չափերի են հասնում` օսմանեան պետութիւնը 1915թ. ապրիլի 24-ին մի շրջաբերական հրապարակեց: Այս շրջաբերականով կայսրութեան կենտրոններին հրահանգաւորւում էր փակել հայկական կոմիտէների օճախները եւ ձերբակալել նրանց ղեկավարներին»: Ուշագրաւ է, որ դասագրքի այդ հատուածում ոչ մի անդրադարձ չկայ տեղի ունեցած զանգուածային սպանութիւններին եւ խոշտանգումներին, որոնց ենթարկուեցին հայերը:
Նշուած դասագրքի այս հատուածում ապրիլի 24-ին տեղի ունեցած դէպքերից անմիջապէս յետոյ անդրադարձ է կատարուած 1915թ. մայիսի 27-ին հրապարակուած «Բռնի գաղթի մասին օրէնքին» (Zorunlu Goc kanunu): Ահա այսպէս է ներկայացուած հայ ժողովրդի Մեծ գաղթը. «Օսմանեան կայսրութեան` նախկինում ձեռք առած միջոցները արդիւնք չտուեցին, ինչի պատճառով էլ 1915թ. մայիսի 27-ին հրապարակուեց «Բռնի գաղթի» մասին օրէնքը: Օրէնքի նպատակը միայն այն էր, որ ապստամբութիւնների մէջ ներգրաւուած հայերին հեռացնեն պատերազմական շրջաններից եւ տեղափոխեն երկրի աւելի ապահով շրջանները: Հայերին բնակեցրին այսօրուայ Սիրիայի եւ հարաւ-արեւելեան Անատոլիայի միջեւ ընկած տարածքներում: «Բռնի գաղթի» օրէնքով հայ աւազակախմբերի ճիրաններից փրկուեցին այն հայերը եւ ապահովուեց նրանց անվտանգութիւնը, որոնք հրաժարւում էին մասնակցել ապստամբութիւններին եւ այլ ահաբեկչական գործողութիւններին: Օսմանեան կայսրութեան Ներքին գործերի նախարարութիւնը (Osmanli Dahiliye Nezareti) կանոնակարգ էր հրապարակել, որը ամենայն մանրամասնութեամբ կարգաւորում էր գաղթի ամբողջ գործընթացը: Ուշադրութիւն է դարձուել նոր բնակեցուելիք վայրերում գիւղատնտեսական հողերի բերրի լինելուն, հայերի անվտանգութիւնը ապահովելու համար հիմնուել են ոստիկանատներ: Նոյնիսկ հնարաւորութիւն է տրուել նոր բնակեցուած վայրերում զբաղուել իրենց նախկին մասնագիտութեամբ»:
Թուրքիայի 10-րդ դասարանի պատմութեան դասագրքի` Համաշխարհային Ա. պատերազմի ընթացքում հայերին կատարուած անդրադարձի վերոնշեալ այս հատուածը խայտառակութեան ամենաշնական դրսեւորումն է: Որեւէ աղերս չունենալով գիտական եւ մարդկային հասարակ տրամաբանութեան հետ, վերոնշեալ մէջբերումը ոչ միայն ակնյայտ զրպարտանք է` ուղղուած հայ ժողովրդին, այլեւ` խիստ անյաջող եւ անփոյթ փորձ, որը միտուած է դահճին ներկայացնել զոհի կերպարանքով եւ հակառակը: Հարկ չենք համարում որեւէ փաստ ներկայացնել` այս մէջբերման մէջ տեղ գտած միտքը հերքելու համար, որովհետեւ վերոնշեալ հատուածի բովանդակութիւնը դուրս է գիտական բանավէճի հարթութիւնից եւ ոչ այլ ինչ է, քան` խեղաթիւրանքն ու շնականութիւնը իրականութեան տեղ մատուցելու անյաջող փորձ:
Թուրքական պատմագրութիւնը, ամփոփելով «բռնի գաղթի» օրէնքին վերաբերող թեման, նշում է. «հայերի գաղթը ամբողջովին աւարտուել է 1916թ. հոկտեմբերին: Գաղթի ընթացքում ենթարկուելով աւազակային յարձակումների, զոհուել է շուրջ 10.000 հազար եւ համաճարակների պատճառով` շուրջ 30.000 հայ: Անկողմնակալ հետազօտողների անցկացրած ուսումնասիրութիւնները փաստում են, որ Ա. Համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած բոլոր ապստամբութիւնների, ռազմական գործողութիւնների եւ գաղթի հետեւանքով զոհուել է շուրջ 300.000 հայ: Ի հակադրութիւն դրան, հայերը կոտորել են շուրջ 600.000 թուրք եւ շուրջ 500.000-ն էլ ստիպուած է եղել դիմել գաղթի»:
Շրջանցելով թուային տուեալների բացայայտ կեղծ լինելու փաստը` ուշադրութեան ենք արժանացնում այս մէջբերման ձեւակերպումը: Թուրքիայի միջնակարգ կրթութեան (դպրոցի) 10-րդ դասարանի պատմութեան դասագրքի համաձայն, ամբողջ պատերազմի ընթացքում հայերը տարբեր պատճառներով ունեցել են 300.000 զոհ, իսկ, ի հակադրութիւն սրան` նշւում է, որ շուրջ 600.000 թուրք սպաննուել է բացառապէս հայերի ձեռքով, իսկ 500.000-ն էլ, ենթարկուելով հայերի ճնշումներին, գաղթի ճանապարհն է բռնել: Հարկ եմ համարում մէջբերել վիճակագրական մի տուեալ, որը արտայայտում է թուրքական պատմագրութեան պաշտօնական տեսակէտը. «Ա. Համաշխարհային պատերազմի ընթացքում տարբեր ռազմաճակատներում կռուել է 2.850.000 թուրք զինուոր, որոնցից 325.000-ը սպաննուել է, 400.000 վիրաւորուել է, 250.000-ը համարւում է անհետ կորած»: Ստացւում է, որ ըստ թուրքական դպրոցական պատմագիտութեան, Ա. Համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի կողմից սպաննուած թուրքերի թիւը շուրջ երկու անգամ գերազանցում է այդ պատերազմի ընթացքում բոլոր ռազմաճակատներում սպաննուած թուրք զինուորների թուին:
Դասագրքերում ներկայացուած են այն պայմանագրերը, որոնք կնքուեցին Ա. Համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ: Հարկ ենք համարում անդրադառնալ այդ պայմանագրերի` մեզ առաւել հետաքրքրող հատուածներին: 1918թ. հոկտեմբերի 30-ին Մուտրոսի զինադադարի մասին ասւում է. «Պատերազմից դաշնակիցների դուրս գալուց յետոյ, պաղեստինասիրիական ռազմաճակատում կրած պարտութիւնների հետեւանքով երիտթուրքական կառավարութիւնը հրաժարական տուեց (երիտթուրքերի ղեկավարներ Էնվեր փաշան, Թալէաթ փաշան եւ Ճեմալ փաշան լքեցին երկիրը), որին փոխարինեց Ահմեթ Իզզեթ փաշան: Օսմանեան կայսրութիւնը հրադադար խնդրեց Անթանթի (դաշնակից) երկրներից: Հաշտութեան բանակցութիւնները տեղի ունեցան Լեմնոս կղզու Մուտրոսի նաւահանգստում: 1918թ. հոկտեմբերի 30-ին կնքուեց զինադադարը: Մուտրոսի զինադադարը վերջ դրեց Օսմանեան կայսրութեանը եւ իւրօրինակ սկիզբ հանդիսացաւ Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման համար: Զինադադարի 24-րդ յօդուածը, որը անհանգստութիւն էր առաջացրել թուրքերի շրջանում, նախատեսում էր, որ դաշնակից երկրները կարող են ներխուժել արեւելեան Անատոլիայի 6 վիլայեթներ (Էրզրում, Վան, Խարբերդ, Սեբաստիա, Պիթլիս, Տիգրանակերտ): Այս յօդուածը հիմք էր նախապատրաստում տեսանելի ապագայում հայկական պետութեան ստեղծման համար: Զինադադարի մէկ այլ տեղում նշւում էր, որ պատերազմի ընթացքում գերեվարուած Դաշնակից երկրների քաղաքացիները եւ հայերը վերադարձուելու են Դաշնակիցին»:
Թուրքիայի 11-րդ դասարանի պատմութեան դասագրքի միւս ուշագրաւ անդրադարձը տեղ է գտել 1919թ. յունուարի 18-ին Փարիզում բացուած Խաղաղութեան վեհաժողովին (վեհաժողովը աւարտուել է 1920թ. յունուարի 21-ին) նուիրուած հատուածում. «Փարիզի Խաղաղութեան վեհաժողովը հրաւիրուեց տեւական խաղաղութեան հաստատման, իսկ իրականում` Օսմանեան կայսրութեան վերաբաժանումը իրականացնելու ծրագրերը եւս մէկ անգամ ճշտելու նպատակով: 1919թ. յունուարի 18-ին հրաւիրուեց Փարիզի խաղաղութեան վեհաժողովը, որին մասնակցում էին 32 երկրներ: Ժողովին մասնակցելու էին հրաւիրուել նաեւ յոյների, հայերի եւ արաբների պատուիրակութիւնները… Վեհաժողովը ընդունեց արեւելեան Անատոլիայում հովանաւորութեան դրութեամբ գործող հայկական պետութիւն հիմնադրելու գաղափարը»: Ինչպէս տեսնում ենք, հայկական պետութեան հիմնադրման, հայ ժողովրդի անկախութեան վերաբերեալ թեմաները դասագրքում ներկայացուած են ընդամէնը մի քանի նախադասութիւններով:
Ուշադրութեան է արժանի նաեւ անդրադարձը Միացեալ Նահանգների 28-րդ նախագահ Վուտրօ Ուիլսընին: Թուրքական դասագրքերում զգալի չափով անդրադարձ է կատարւում Միացեալ Նահանգների նախագահին, նրա հրապարակած յայտնի 14 սկզբունքներին եւ տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումներին, սակայն դասագրքերում նրբանկատօրէն գրեթէ շրջանցուած են Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերող նրա մօտեցումները: Չի շրջանցուել նաեւ Միացեալ Նահանգների նախագահ Ուիլսընի անուան հետ անմիջական կապ ունեցող` 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սեւր արուարձանի համանուն պայմանագիրը: Քաջ յայտնի 1920թ. Սեւրի պայմանագրի թուրքական պատմագրութեան ներկայացրած տարբերակը սա է. «Դաշնակից պետութիւնները վերջնական խաղաղութեան հաստատմանը եւ այլ հարցերի լուծմանը հասնելու համար Օսմանեան կայսրութեան հետ մի պայմանագիր կնքեցին: Պայմանագրի` ազգային փոքրամասնութիւններին վերաբերող հատուածում նշւում է, որ օսմանեան տարածքներում ապրողները ունեն կրօնական, լեզուական ազատութիւն եւ հաւասար իրաւունքներ: Սահմաններին եւ քաղաքական որոշումներին վերաբերող հատուածում նշւում է, որ արեւելեան Անատոլիայում Հայաստան եւ քրտստան անուններով հիմադրուելու են երկու նոր պետութիւններ»: Դասագրքում նշւում է նաեւ, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը (խորհրդարան) 1920թ. օգոստոսի 19-ին կայացրել է մի պատմական որոշում, ըստ որի, մեճլիսը (խորհրդարան) «հայրենիքի դաւաճան» է որակում «թուրք ժողովրդի ապրելու իրաւունքը ոտնահարած» Սեւրի պայմանագիրը ստորագրողներին եւ վաւերացնողներին:
Թուրքիայի 11-րդ դասարանի պատմութեան դասագրքի 3-րդ գլուխը նուիրուած է Մուսթաֆա Քեմալի գլխաւորած ազգայնամոլական շարժմանը (kurtulus savasi) եւ այդ շարժման ռազմաճակատներին: Յայտնի է, որ այս շարժման ընթացքում թուրքերը բազմաթիւ ճակատամարտեր եւ կռիւներ են մղել գլխաւորապէս յոյների եւ հայերի դէմ, իրականացրել են բազմաթիւ կոտորածներ: Թուրքիայի դպրոցական վերոնշեալ դասագրքում, սակայն, ազգայնամոլական շարժումը ներկայացուած է որպէս հերոսական շարժում, որի ժամանակ էլ դրուել է այսօրուայ Թուրքիայի Հանրապետութեան հիմքը: Դասագրքի այն հատուածում, որը անդրադառնում է այդ շարժման պատերազմներին եւ Քեմալի զինակիցների մղած կռիւներին ու պատերազմներին, ասւում է. «Մուսթաֆա Քեմալի առաջնորդութեամբ թուրք ժողովուրդը համախմբուեց միակողմանի նուաճումներ իրականացնող Դաշնակից երկրների դէմ` այդպիսով ամբողջովին ներգրաւուելու ազգային ազատագրական պայքարի մէջ: Ազգային ազատագրական շարժման ընթացքում արեւելքում պատերազմներ են մղուել հայերի, հարաւում` ֆրանսացիների, արեւմուտքում` յոյների դէմ»: Սրանից յետոյ մանրամասն խօսւում է ամէն ռազմաճակատի մասին առանձին: Մեզ առաւել հետաքրքրող արեւելեան ռազմաճակատի մասին անդրադարձը հետեւեալն է. «Քեազիմ Քարապեքիր փաշան, չնայած Մուտրոսի զինադադարի պահանջներին, հայկական սպառնալիքների առկայութեան պարագայում, չզինաթափեց իր գլխաւորած 15-րդ կորպուսը: ԹԱՄԺ (Թուրքիայի Ազգային մեծ ժողով)-ը Քարապեքիր փաշային նշանակեց Արեւելեան ռազմաճակատի հրամանատար, որին տրուեց անսահման լիազօրութիւններ: Հայերի դէմ ուղղուած Արեւելեան ռազմաճակատը ազգային ազատագրական շարժման ընթացքում բացուած առաջին ռազմաճակատն էր: Պոլշեւիքները, որոնք Ռուսաստանում տապալեցին ցարական վարչակարգը, 1918թ. Պրեսթ-Լիթովսկի պայմանագրով Թուրքիային յանձնեցին 1878թ. Պերլինի խորհրդաժողովով իրենց անցած Կարսը, Արտահանը եւ Պաթումը: Թուրքական բանակը, չբաւարարուելով այսքանով, Պաթումից առաջխաղացում կատարեց մինչեւ Պաքու: Քանի որ Ռուսաստանը նահանջեց, այդ տարածքներում հիմնադրուեցին ազատ եւ անկախ Հայաստան, Վրաստան եւ Ազրպէյճան պետութիւնները: Չնայած Միացեալ Նահանգների նախագահ Ուիլսընի կողմից ուղարկուած զօրավար Հարպորտի գլխաւորած պատուիրակութեան հերքումներին, Ուիլսընի սկզբունքներով ոգեւորուած հայ ժողովուրդը, պնդելով, որ կազմում է արեւելեան Անատոլիայի բնակչութեան մեծամասնութիւնը, սկսեց յաւակնութիւններ ներկայացնել Անատոլիայի հանդէպ: Դաշնակից երկրների կողմից հայերի` Փարիզի վեհաժողովին հրաւիրուելը հայերի շրջանում բորբոքեց մեծ Հայաստան ունենալու երազանքը: Հայերը, օգտուելով Անգլիայի աջակցութիւնից, որն ուզում էր իր ենթակայութեան տակ պահել յատկապէս արեւելեան Անատոլիայի եւ Կովկասի բնակչութեանը, Վանում, Պիթլիսում, Էրզրումում, Նախիջեւանում, Գիւմրիում, Իգտիրում, Օլթիում յարձակումներ գործելով` սպաննեցին թուրք շատ քաղաքացիների: Քեազիմ Քարապեքիր փաշայի հրամանատարութեամբ թուրքական բանակը հայերի դէմ յարձակումներ սկսեց գործել 1920թ. սեպտեմբերի 28-ին: 1920թ. սեպտեմբերի 29-ին ազատագրուեց Սարիղամիշը, սեպտեմբերի 30-ին` Կարսը, իսկ հոկտեմբերի 7-ին` Գիւմրին: Հայերը, հասկանալով, որ անզօր են դիմակայել թուրքական բանակին, ստիպուած էին հաշտութիւն խնդրել: Օսմանեան կայսրութիւնից մնացած այս կանոնաւոր բանակի յաղթանակը առաջինն էր, որը տարուեց ԹԱՄԺ-ի անունից: 1920թ. դեկտեմբերի 3-ին հայերի եւ ԹԱՄԺ-ի միջեւ ստորագրուեց Գիւմրիի (Ալեքսանդրապոլ) պայմանագիրը: Այս պայմանագրով Կարսում, Սարիղամիշում, Իգտիրում փրկուած հայերը հրաժարուեցին Սեւրի պայմանագրից մնացած Անատոլիայի հանդէպ պնդումներից»: Ըստ էութեան, այս հատուածը եւ նրա բովանդակութիւնը ոչնչով չի շեղւում Թուրքիայի դպրոցական դասագրքերի ընդհանուր տրամաբանութիւնից:
Թուրքիայի պատմութեան 11-րդ դասարանի դասագրքի մէջ ներկայացուած Մոսկուայի պայամանագրի մասին հատուածում բաւական քիչ անդրադարձ է կատարուած հայերին: Վերոնշեալում նշւում է, որ «Պաթումը մնում էր Վրաստանին, իսկ Սովետների (խորհրդայինների) իշխանութիւնը ճանաչում էր ԹԱՄԺ-ի եւ Հայաստանի ու Վրաստանի միջեւ կնքուած պայմանագրերը»:
Այս պայմանագրի անդրադարձով էլ հիմնականում աւարտւում են հայ-թուրքական յարաբերութիւնների եւ առհասարակ հայերին վերաբերուող հատուածները: Հարեւան երկրի պատմագրութեան պատկերացումները ահա այսպիսին են այն ամենադաժան եւ սարսռազդու ժամանակահատուածի մասին, որի ընթացքում մեր ժողովրդի շուրջ մէկուկէս միլիոն զաւակները ենթարկուեցին ցեղասպանութեան:
ՀԱՅԿ ԴԱՐԲԻՆԵԱՆ, թուրքագէտ
«Թուրքագիտական փորթալ»
(Վերջ)